Վիլյամ Սարոյան․ Պատերազմ

Կարլ Պրուսացին հինգ տարեկան է, հոյակապ տևտոն, որ ռազմական քայլերթով անցնում է իր տան առջևի մայթով։ Նա ի ծնե օժտված է խոսքի կարգապահությամբ, որը հիացնում և թարմացնում է, ասես թե, երեխան հասկանում է մահկանացու մարդու հոդաբաշխության արժանապատվությունը և չի կարողանում չարաշահել այդ շնորհը, լոկ երբեմն բերանը բանալով, որպեսզի տեղին ու հարիր երեք-չորս բառ արտաբերի։ Նա դիմացի տանն է ապրում և հպարտությունն է իր պապի` հիսնամյա բարետես արտաքինով վայելչակազմ մի տղամարդու, որի լուսանկարը մի քանի տարի առաջ հայտնվեց թերթում ինչ-որ քաղաքական արշավի հետ կապված։ Նա սկսեց Կարլին սովորեցնել քայլել, հենց որ մանչուկը սովորեց ոտքի կանգնել, և նրան տեսնում էին կապույտ կոմբինեզոնով խարտյաշ մանչուկի հետ, որը մի կես թաղամաս ետ ու առաջ էր քայլումч մանչուկի ձեռքից բռնած. նա ցույց էր տալիս՝ ինչպես պետք է հստակ և փոքր ինչ հպարտորեն ոտքը դներ՝ կայսերական Գերմանիայի ոգով․ ծնկները չծալել, ամեն քայլը քարացած հարված հիշեցնող։

Ամեն առավոտ մի քանի ամիսների ընթացքում ծերուկն ու փոքրիկ տղան վարժվում էին քայլերթում։ Զննելու համար դա շատ հաճելի տեսարան էր։ Կարլը քայլում էր արագ, բայց չփութալով, և թվում էր՝ հասկանում էր պապի հանդարտ խստությունը, և նույնիսկ փողոցի մյուս կողմից տեսանելի էր, որ նա հավատում է հպարտությամբ քայլելու կարողության կարևորությանը և ուզում է այդ սովորել այնպես, ինչպես նրան ուուցանում է պապը։

Ըստ էության, մանչուկն ու պապը միևնույն բանն էին, լոկ այն տարբերությամբ, որ տարիքն ու կենսափորձը անխուսափելիորեն տարբերվում էին, և Կարլը պապի պարտադրած կարգուկանոնի դեմ ապստամբելու դույզն-ինչ ցանկություն չէր ցուցաբերում։ Որոշ ժամանակ անց մանչուկը մայթով ետ ու առաջ էր քայլում իր տան առաջ, առանց ծերունու օգնության, որը հանգիստ զննում էր նրան՝ իր տան աստիճանների վրա նստած, ծխամորճ ծխելով ու նայելով տղային խիստ արտահայտությամբ, ինչը միաժամանակ հպարտության արտահայտություն էր, և փոքրիկ տղան շատ գեղեցիկ առաջ էր ընթանում։ Քայլամարզանքը, հավանաբար, հնաոճ էր և, հավանաբար, փոքր-ինչ ոչ դեմոկրատական, բայց հարևաննեը սիրում էին Կարլին և նրան շատ համակրելի մարդուկ էին համարում։ Այն բանում, որ մանչուկը կարողանում էր այդպես քայլել, ինչ-որ հուզիչ բան կար։ Ճշմարիտ տևտոնները գնահատում են կարևորությունը այդպիսի հարաբերականորեն մեխանիկական գործառույթների, ինչպես շնչառությունը, քայլքն ու խոսակցությունը, և նրանք կարողանում են արժանավայել և ողջամտորեն հոգ տանել պարզ գործողությունների մասին։ Հավանաբար, նրանց տեսանկյունից, շնչառությունը քայլքն ու խոսքը կապված են կյանքի հետ որպես այդպիսին, և, հետևաբար, այն, որ նրանք այդպիսի գործողությունների շուրջ իրարանցում են ստեղծում, բնավ էլ անհեթեթ չի։

Մարդիկ, որ ապրում էն այդ թաղամասի տներում վերջին վեց-յոթ տարում լավ բազմանում էին, և փողոցում բավական շատ երեխաներ կան, և նրանք բոլորը առողջ և հետաքրքիր են, հատկապես ինձ համար։ Կարլը միայն մեկն է այդ խմբից, և նա առաջինն է հիշատակվում, որովհետև նա, հավանաբար, միակն է, որ վարժեցված է ցեղային գոյության գիտակցական մեթոդին։ Մնացած երեխաները պատկանում էին տարբեր ժողովուրդների, և այնժամ, երբ յուրաքանչյուր ցեղի հիմնական հատկանիշներն ակնհայտորեն դրսևորվում են յուրաքանչյուր երեխայի մեջ, այդ հատկանիշները ոչ մեկի մեջ այնպես չեն շեշտվում և չեն ուժգնանում, ինչպես Կարլի մեջ։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր երեխա պատկանում է իր ցեղին բնականաբար և բնազդաբար, և, հնարավոր է, եթե պապի խրատները չլինեին, Կարլը կլիներ ինչպես և մյուս երեխաները, առավել պարզամիտ, անմիջական, պարզսիրտ ու չճնշված։ Նա քայլելիս ռազմական շենք-շնորհք չէր ունենա, որը նրա և մյուս երեխաների միջև գոյություն ունեցող հիմնական տարբերությունն է, և չէին լինի այն քմահաճությունները, որոնք երբեմն բարկացնում են Յոզեֆին, ներքևի բնակարանի սլովենացի տղային։

Յոզեֆը համարյա մի տարի Կարլից մեծ է , և նա աշխույժ տղա է, որի յուրաքանչյուր արարքը լի է ներքին զվարճանքով։ Նա իր հացթուխ հորից ժառանգել է վառ զվարթ արտաքինը, և նա  այն տղաներից է, որոնք շատ են խոսում, ամեն ինչով հետաքրքրվում են՝ ամեն ինչով և ամենքով, և միշտ հարցեր են տալիս։ Նա ուզում է իմանալ մարդկանց անունները, և նրա սիրած հարցն էր՝ դուք որտե՞ղ էիք։ Նա այդ հարցը տալիս է անպիսի ակնկալիքով, ասես դուք հենց նոր եք վերադարձել ինչ-որ տարօրինակ և զարմանալի վայրից, որը բնավ նման չի այն տեղերին, որտեղ նա եղել է, և, ընդհանրապես, որը նման չէ երկրի երեսին և ոչ մի վայրի, և ես ինքս դրանից մշտապես շվարմունքի մեջ էի, որովհետև ստիպված էի լինում նրան պատասխանել, որ ես ավելի հիանալի վայրից չեմ եկել, քան այն քաղաքը, որ նա տեսել էր նվազագույնը տասնյակ անգամ։

Կարլը երբեք չի վազում, իսկ Յոզեֆը համարյա երբեք չի քայլում, և համարյա միշտ սուրում, թռչկոտում, արշավում է, ասես տեղից տեղ անցնելը նրա համար շատ ավելի կարևոր է, քան մեկնումը մի կետից և ժամանումը՝ մեկ այլ կետ։ Ես ուզում եմ ասել, որ նա ասես ավելի մեծ հաճույք էր ստանում իր շարժումից, քան իր ճամփորդության կոնկրետ նպատակից։ Յոզեֆը խաղում է, իսկ Կարլը ելույթ է ունենում։ Սլավոնացու համար առաջնահերթը՝ ինքնեկ լինելն է, իսկ հետո իր ցեղը, այնինչ տևտոնի համար՝ իր ցեղն է, իսկ իր անձը՝ երկրորդական։ Արդեն մի քանի տարի շարունակ ես ուսումնասիրում եմ  այս թաղամասի երեխաներին, և հուսով եմ՝ ոչ մեկը չի կարծի, ինչ-որ բան հորինում եմ, որպեսզի կարողանամ կարճ պատմվածք գրել, որովհետև ես ոչինչ չեմ հորինում։ Երեկ երեկոյան պատահած փոքրիկ դիպվածն աննշանակալից և անիմաստ կլիներ, եթե ես չհետևեի այս տղաների աճին, և ես ափսոսում եմ միայն այն բանի համար, որ ես շատ քիչ բան գիտեմ Իրվինգի՝ հրեա տղայի մասին, որն այնքան դառը լալիս էր, երբ Կարլն ու Յոզեֆը քոթակում էին իրար։

Իրվինգը ծնողների հետ եկել էր մեր թաղամաս անցած տարվա նոյեմբերին, մի չորս ամիս առաջ, բայց ես սկսեցի նրան նկատել փողոցում լոկ մեկ ամիս անց։ Նա տխուր տղա է, Յոզեֆի հասակակիցը, մեկը նրանցից, որոնց ինքնամփոփ են կոչում, և նա, կարծես թե, իրեն ինքն իր ներսում ավելի ապահով է զգում։ Ես կարծում եմ, որ ծնողներն ուզում են նրան երաժշտական կրթություն տալ, որովհետև , դատելով նրա արտաքինից, նա հիասքանչ ջութակահար կամ դաշնակահար կդառնա՝ մեծ լուրջ գլխով, վտիտ մարմնով և նրբին նյարդային համակարգով։

Մի երեկո՝ մթերային խանութ գնալիս, ես տեսա՝ ինչպես էր Իրվինգը նստել իր տան առջևի աստիճանների վրա, ակնհայտորեն անրջելով այն անասելի գեղեցիկ երազանքի մասին և տարակուսելով լինելության տարօրինակությունից, և ես հույս ունեի նրա հետ հանգիստ խոսել և ջանալ պարզել, եթե հնարավոր է, ինչ էր կատարվում նրա գլխում, բայց երբ նա տեսավ ինձ, սրընթաց ելավ և շատ տագնապած ու վախեցած տեսքով մտավ տուն։ Ես իմ նվագարկիչը կտայի, որպեսզի իմանայի, թե ինչ էր երազվում Իրվինգին այն երեկո, որովհետև ես կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ կբացատրեր նրա լացը նախորդ երեկո։

Կարլը շատ հաստատակամ և վստահ է իր դիրքորոշման մեջ, չափազանց ինքնավստահ է այն պատճառով, որ կարգուկանոնն արգելում է բոլոր իրավիճակին չվերաբերող չհիմնավորված հերյուրվածքները, իսկ Յոզեֆը, մյուս կողմից, թեև պակաս ինքնավստահ չի, այդքան հաստատուն չի․ երկրի երեսին ամեն ինչի հանդեպ նրա աշխույժ հետաքրքրությունը նրան ստիպում է մշտապես շարժման մեջ լինել և գործել, առանց խոհածելու։ Իրվինգի ներկայությունն այս փողոցում բավական էական է, բայց այս ներկայության մեջ ինչ-որ  թե զվարճալի, թե տրտում մի բան էլ կա, կարծես թե նա ինքն այս ամենից գլուխ չի հանում, կարծես թե այստեղ չի։ Իրվինգը բնավ էլ ինքնավստահ չի։ Նա կարգապահ չի, նա պարզապես մելամաղձոտ է։ Ի վերջո, ես կարծում եմ, նա լիովին կհասնի ինքնաճանաչողության և հասու կլինի երկրի երեսին ամեն ինչին, բայց այս պահին նա չափազանց շվարած է, որպեսզի այդ առթիվ  իր տեսակետն ունենա։

Վերջերս Փարիզում անկարգություններ տեղի ունեցան, և շուտով դրանից հետո բռնկվեց քաղաքացիական պատերազմն Ավստրիայում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պատրաստվում է ճապոնական ագրեսիայի դիմակայմանը, և ամենքին հայտնի է Եվրոպայում տիրող նյարդայնությունը, Գերմանիայի այժմյան բռնակալի ազգայնամոլական մտահղացումների պատճառով։

Ես հիշատակում եմ այս փաստերը, որովհետև անմիջականորեն կապված են այս պատմության հետ։ Ինչպես Ջոյսը կասեր, երկրի զավակներն ամենուր են, անցած երեկոյի փոքրիկ իրադարձությունը նույնքան նշանակալից է ինձ համար, ինչպես այդ իրադարձությունները Եվրոպայում մադկանց համար, որոնք տարիքն առել ու վաղուց արդեն երեխա չեն, համենայն դեպս, առաջին հայացքից։

Երեկ օրը սկսվեց թանձր մառախուղով, որին հետևեց հորդառատ անձրևը։ Կեսօրվա երեքի մոտ արևը շողում էր, և երկինքը պարզվեց՝ չհաշված ճերմակ ամպերը, որ լավ եղանակ էին գուշակում, ջինջ եղանակ, մաքուր օդ և այդպես շարունակ։ Սան Ֆրանցիսկոյում եղանակն այդպես է փոխվում։ Տարվա ցանկացած պահին առավոտյան ձմեռային եղանակ է, իսկ կեսօրին այն հանկարծ գարնանայինի է վերածվում։ Քչերն են գլուխ հանում այստեղի եղանակներից։ Մեզ մոտ կլոր տարին տարվա բոլոր եղանկներն էլ պատահում են։

Երբ ես առավոտյան տնից ելա, մեր թաղամասից ոչ մի երեխա փողոցում չկար, բայց երբ ես երեկոյան վերադառնում էի, տեսա՝ ինչպես են Յոզեֆն ու Իրվինգը խոսում Իրվինգի տան առաջ՝ փողոցի իմ կողմում։ Կարլը փողոցի հակառակ կողմում էր՝ իր տան առաջ, շատ հպարտ ու հանդիսավոր զինվորական քայլավարժանք էր անում, ինչի մասին ես արդեն պատմել եմ, և դա զվարճալի էր։ Փողոցով ավելի վար՝ մայթի վրա, հինգ փոքրիկ աղջիկ ցատկախաղով էին զբաղված՝ Յոզեֆի մեծ քույրը, երկու իռլանդացի աղջնակ՝ քույրեր և երկու իտալացի աղջնակ, նույնպես քույրեր։

Անձրևից հետո օդը թարմ է, և դրսում շատ-շատ լավ է։ Եվ, ահա, երեխաներն էլ խաղում էին փողոցում՝ արևի տակ։ Շատ հիասքանչ պահ էր, որպեսզի ողջ լինես և սեր տածես ողջ մնացած ժամանակակիցներիդ հանդեպ, և ես խոսում եմ այդ մասին, որպեսզի ցույց տամ, որ պատահող դիպվածները, մարդկային հոգու այլանդակությունը պարտադիր չէ, որ լինեն բնության մեջ համանման այլանդակության հետևանքը։ Ինչպես հայտնի է , որքան էլ որ գեղատեսիլ լինեն եվրոպական բնապատկերները, այդ ոչ մի կերպ չազդեց վերջին պատերազմի բորբոքման վրա, և մահերի թիվը նույնքան մեծ էր, որքան և վատ եղանակին, և լավ եղանակի միակ հետևանքը հուզիչ պոեզիան էր երիտասարդ զինվորների, որոնք ուզում էին արարել, կին և ընտանեկան օջախ ունենալ և որոնք չէի կամենում մահանալ։

Անցնելով Յոզեֆի ու Իրվինգի կողքով՝ ես լսեցի՝ ինչպես է Յոզեֆը խոսում Կարլի մասին։

-Դրան նայիր։ Նայիր, ինչպես է նա քայլում։ Ինչո՞ւ է նա էդպես քայլում։

Ես արդեն գիտեի, որ Յոզեֆին վրդովեցնում է Կարլի փքուն ինքավստահությունն իր քայլերթում, և այդ պատճառով նրա դիտողություններն ինձ չզարմացրին։ Բացի այդ, ես արդեն ասել եմ, որ նա հետաքրքրություն էր ցուցաբերում այն ամենի հանդեպ, որ իր տեսադաշտում էր հայտնվում, և նա միշտ հարցեր էր տալիս։ Ինձ թվաց, որ նա զուտ գեղագիտական հետաքրքրություն է ցուցաբերում Կարլի քայլքի հանդեպ, և ես նրա խոսքերում որևէ չարակամություն չնշմարեցի և ուղիղ տուն գնացի։ Հարկ էր նամակ գրել, և ես գործի անցա։ Երբ այն պատրաստ էր, ես կանգնեցի պատուհանի մոտ՝ նայելով փողոցին։ Աղջիկները ցրվել էին, բայց Կարլը առաջվա պես  փողոցի մյուս կողմում էր, իսկ Յոզեֆն ու Իրվինգը դեռևս  միասին էին։ Սկսեց մթնել, և փողոցը սսկվեց։

Չգիտեմ, ինչպես այդ տեղի ունեցավ, բայց երբ Յոզեֆն ու Իրվինգը անցնում էին փողոցը Կարլին ընդառաջ, ես տեսա՝ ինչպես ողջ ցեղի բանակը շարժվում է դեպի մյուս ցեղի սահմանները։ Իսկ փոքրիկ տղաները առաջին հայացքից անքան հաճելի ու անմեղ էին թվում, և ողջ ազգեր նույնպիսին էին թվում, ինչպես փոքրիկ տղաները, և ես չկարողացա ծիծաղս զսպել։ Օ՜, մտածեցի ես, երևի թե շուտով նորից պատերազմ կսկսվի, և երեխաները տիեզերական աղմուկ կբարձրացնեն, բայց դա շատ նման է այն բանին, ինչը հիմա-հիմա տեղի կունենա։ Քանզի ես վստահ էի, որ Յոզեֆն ու Կարլը պատրաստվում էին միմյանց վրա թափել իրենց ատելությունը, հիմար, անպետք ատելությունը՝ տգիտության և տհասության հետևանքը, բութ չարությունից կհարվածեն իրար, իչպես ողջ ազգերը, ձգտելով  միմյանց տիրանալ կամ ոնչացնել։

Այդ տեղի ունեցավ փողոցի մյուս կողմոււմ՝ երկու փոքրիկ տղա քոթակում էին իրար, իսկ երրորդը դրանից լալիս էր՝ երկրի երեսին ժողովուրդների պատերազմի պատճառով։ Ես չլսեցի, թե Յոզեֆն ինչ ասաց Կարլին, թե Կարլն ինչ պատասխանեց Յոզեֆին, և ես վստահ չեմ, թե ինչպես կռիվը սկսվեց, բայց ես ենթադրում եմ, որ այն սկսվել էր շատ ավելի վաղուց, որ նրանք սկսեցին իրար քոթակել, գուցե թե մի տարի առաջ, հնարավոր է՝ հարյուր տարի առաջ։ Ես տեսա՝ ինչես Յոզեֆը դիպավ Կարլին։ Այդ հիասքանչ փոքրիկ տղաները․ և ես տեսա՝ ինչպես Կարլը հրեց Յոզեֆին, և ես տեսա փոքրիկ հրեա տղային՝ սարսափած և քարացած,  մունջ նրանց հետևող։ Երբ փոքիկ տևտոնն ու փոքրիկ սլովակը  սկսեցին լրջորեն իրար խփել, փոքրիկ հրեան հեծկլտաց։ Հիասքանչ էր (ոչ կռիվը), այլ փոքրիկ հրեայի արցունքները։ Ողջ ծեծկռտոցը մի երկու րոպե տևեց, բայց դրա ենթատեքստը համապարփակ էր, և դրա ամենաշարունակականն ու ազդեցիկը լացն էր, որ ես լսում էի։ Ինչո՞ւ էր նա լալիս։ Նա կապ չուներ։ Նա ընդամենը ականատես էր, ինչպես և ես։ Ինչո՞ւ էր նա լալիս։

Ես կուզենայի ավելին իմանալ փոքրիկ հրեա տղայի մասին։ Ես լոկ կարող եմ ենթադրել, որ նա լալիս էր այն պատճառով, որ մարդկային հոգու ատելությունն ու այլանդակությունը ճշմարտություն է, և սա ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս տեսության առթիվ։

Անգլերենից թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

453
Մարտ 12, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: