Դանիլ Խարմս․ պատմվածքներ Մաս 1
Հինգ անավարտ պատմություն
Թանկագին Յակով Սեմյոնովիչ,
1․Մի մարդ, թափով վազելով, գլուխը խփեց դարբնոցին այնպիսի ուժով, որ դարբինը, մի կողմ դնելով ձեռքում պահած կռանը, հանեց կաշվե գոգնոցը և, ափով մազերը կոկելով, ելավ փողոց նայելու, թե ինչ է եղել։ 2․ Այդտեղ դարբինը տեսավ գետնին նստած մարդու։ Մարդը նստել գետնին և գլուխը բռնել էր։ 3․ Ի՞նչ է եղել,- հարցրեց դարբինը։ Օյ,- ասաց մարդը։ 4․ Դարբինը ավելի մոտեցավ մարդուն։ 5․ Մենք դադարեցնում ենք դարբինի և անծանոթ մարդու պատմությունը և նոր պատմություն սկսում հարեմի չորս ընկերների մասին։ 6․ Կային-չկային հարեմի չորս սիրահարներ։ Նրանք կարծում էին, որ հաճելի է միանգամից ութ կին ունենալը։ Նրանք երեկոյան հավաքվում և հարեմի կյանքի մասին էին խոսում։ Նրանք գարեջուր էին ըմպում, հարբում, սեղանի տակ գլորվում, փսխում։ Զզվելի էր նրանց նայելը։ Նրանք իրար ոտքերն էին կծում, միմյանց վատ բառեր ասում, փորերի վրա սողում։ 7․ Մենք դադարեցնում ենք նրանց մասին պատմությունը և անցնում գարեջրի մասին պատմությանը։ 8․ Գարեջրով տակառ էր, իսկ կողքին փիլիսոփա էր նստած և դատում էր․ Այս տակառը լի է գարեջրով։ Գարեջուրը խմորվում և պնդանում է։ Եվ ես իմ բանականությամբ դեգերում եմ վերաստղային բարձունքերով և ոգով ամրանում։ Գարեջուրը տարածության մեջ հոսող խմիչք է, իսկ ես ժամանակի մեջ հոսող խմիչք եմ։ 9․ Երբ գարեջուրը տակառի մեջ է, այն հոսելու տեղ չունի։ Ժամանակը կկանգնի, և ես կելնեմ։ 10․ Բայց ժամանակը կանգ չի առնի, և հոսքս անխախտ է։ 11․ Չէ, դե ավելի լավ է գարեջուրն ազատ հոսի, քանզի բնության օրենքներին հակադիր է դրա տեղում կանգնելը։ Եվ այդ բառերով փիլիսոփան բացեց տակառի ծորակը և գարեջուրը թափվեց գետնին։ 12․ Մենք բավական պատմեցինք գարեջրի մասին, հիմա կպատմենք թմբուկի մասին։ 13․ Փիլիսոփան խփում էր թմբուկին և բղավում․ Ես փիլիսոփայական աղմուկ եմ արտադրում։ Այդ աղմուկը ոչ ոքի պետք չէ, այն անգամ խանգարում է բոլորին։ Բայց եթե այն խանգարում է բոլորին, ուրեմն այս աշխարհից չէ։ Իսկ եթե այս աշխարհից չէ, այն աշխարհից է։ Իսկ եթե այն աշխարհից է, ես այն կարտադրեմ։ 14․ Երկար էր աղմկում փիլիսոփան։ Բայց մենք թողնենք այս ամղկալից պատմությունը և անցնենք հաջորդ՝ ծառերի մասին հանդարտ պատմությանը։ 15․ Փիլիսոփան քայլում էր ծառերի տակ և լռում, քանի որ ոգեշնչումը լքել էր նրան։
«Ինձ կապուցին են անվանում․․․»
Ինձ կապուցին են անվանում։ Ես դրա համար, ում ականջները հարկ է, կպոկեմ, իսկ առայժմ ինձ հանգիստ չի տալիս Ժան Ժակ Ռուսոյի փառքը։ Ինչո՞ւ նա ամեն ինչ գիտեր։ Եվ ինչպե՞ս երեխաներին բարուրել, և ինչպե՞ս աղջիկներին ամուսնացնել։ Ես նույնպես կուզեի այդպես ամեն ինչ իմանալ։ Դե ես արդեն ամեն ինչ գիտեմ, բայց միայն թե գիտելիքներումս վստահ չեմ։ Երեխաների մասին հաստատ գիտեմ, որ նրանց առհասարակ չպետք է բարուրել, այլ պետք է վերացնել։ Դրա համար քաղաքում կենտրոնական փոս կփորեի և երեխաներին այնտեղ կգցեի։ Իսկ փոսից նեխահոտ չփչելու համար կարելի է ամեն շաբաթ չհանգած կիր լցնել։ Այդ փոսի մեջ ես կհրեի-կգցեի բոլոր գերմանական գամփռներին։ Հիմա այն մասին, թե ինչպես աղջիկներին ամուսնացնել։ Դա, ըստ իս, էլ ավելի հեշտ է։ Ես հանրային դահլիճ կկազմակերպեի, որտեղ, ասենք, ամիսը մի անգամ կհավաքվեր ամբողջ երիտասարդությունը։ Բոլորը՝ 17-ից 35 տարեկան, պետք է մերկանան և դահլիճով անցնեն։ Իրար հավանած զույգը գնում է անկյուն և այնտեղ արդեն մանրամասն իրեն զննում։ Մոռացա ասել, որ բոլորի վզին պետք է իրենց անունով, ազգանունով և հասցեով քարտ կախված լինի։ Հետո, ով սրտովդ է, նրան կարելի է նամակ ուղարկել և ավելի սերտ ծանոթություն հաստատել։ Իսկ եթե այդ գործերին ծերուկ կամ պառավ խառնվի, առաջարկում եմ նրանց կացնահարել և քարշ տալ հենց այնտեղ, որտեղ և երեխաներին՝ կենտրոնական փոսը։
Ես էլի կգրեի մեջս ամբարված գիտելիքների մասին, բայց, ցավոք, պետք է խանութ գնամ՝ մախորկա գնելու։ Փողոցով գնալիս, ես միշտ ինձ հետ հաստ, կոշտուկավոր ցուպ եմ վերցնում։
Ինձ հետ այն վերցնում եմ, որպեսզի դրանով ծեծեմ ոտքերիս տակ ընկնող երեխաներին։ Հավանաբար դրա համար են ինձ կապուցին անվանել։ Բայց սպասեք, սրիկաներ, ես դեռ ձեր ականջները կքերթեմ։
Ռեաբիլիտացիա
Չպարծենալով, կարող եմ ասել, որ երբ Վոլոդյան հարվածեց ականջիս և թքեց ճակատիս, ես այնպես նրան բռնեցի, որ նա դա երբեք չի մոռանա։ Արդեն հետո ես հարվածեցի նրան պրիմուսով, իսկ արդուկով հարվածեցի նրան երեկոյան։ Այնպես որ նա մահացավ բնավ ոչ միանգամից։ Կեսօրին նրա ոտքը կտրելս ապացույց չէ։ Այդժամ նա դեռ ողջ էր։ Իսկ Անդրյուշային ես սպանեցի պարզապես իներցիայով, և դրանում ես ինձ չեմ կարող մեղադրել։ Ինչո՞ւ Անդրյուշան ու Ելիզավետա Անտոնովնան ձեռքիս տակ ընկան։ Նրանց ո՞վ ասաց դռնից դուրս թռչեն։ Ինձ մեղադրում են արնախմության մեջ, ասում են, որ ես արյուն եմ խմել, բայց դա ճիշտ չէ․ ես լիզել եմ արյան լճակներն ու հետքերը․ իր, թեկուզև չնչին, հանցագործության հետքերը վերացնելը մարդու բնական պահանջն է։ Ինչպես նաև ես չեմ բռնաբարել Ելիզավետա Անտոնովնային։ Նախևառաջ, նա արդեն աղջիկ չէր, իսկ երկրորդ, ես գործ ունեի դիակի հետ, և նա ստիպված չի լինի բողոքել։ Ի՞նչ նրանից, որ նա ահա-ահա պետք է ծներ։ Ես էլ երեխային դուրս քաշեցի։ Իսկ այն, որ նա առհասարակ համարյա մեռել էր, դա հո իմ մեղքը չէ։ Նրա գլուխը ես չպոկեցի, դրա պատճառը նրա բարակ վիզն էր։ Նա ստեղծված էր ոչ այս կյանքի համար։ Ճիշտ է, որ ես սապոգով ցրիվ տվեցի գետնով մեկ նրանց շնիկին։ Բայց դա արդեն լկտիություն է ինձ շան սպանության մեջ մեղադրելը, երբ այդժամ կողքը, կարելի է ասել, երեք մարդկային կյանք է ոչնչացված։ Երեխային ես չեմ հաշվում։ Դե լավ, այս ամենում (ես կարող եմ համաձայնվել) կարելի է իմ կողմից որոշակի դաժանություն տեսնել։ Բայց հանցագործություն համարել այն, որ ես նստել և կղկղել եմ զոհերիս վրա, արդեն, կներեք, անհեթեթություն է։ Կղկղելը՝ բնական պահանջմունք է, և, հետևաբար, ամենևին ոչ հանցագործ։ Այսպիսով, ես հասկանում եմ պաշտպանիս անհանգստությունը, բայց այդուհանդերձ լիակատար արդարացման հույս ունեմ։
Վագրը փողոցում
Ես երկար մտածում էի, թե որտեղից փողոցում վագր հայտնվեց։ Մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում էի․․․ Այդժամ քամի փչեց, և ես մոռացա, թե ինչի մասին էի մտածում։ Այդպես էլ չգիտեմ, թե որտեղից փողոցում վագր հայտնվեց։
Խորհրդավոր դեպք
Դա անհավանական է։ Ով ինձ կբացատրի՝ ի՞նչ է կատարվել։ Ահա արդեն երրորդ օրն է պառկած եմ թախտին և ահից դողում եմ։ Ես ոչինչ չեմ հասկանում։
Պատահել է դա այսպես։
Սենյակումս, պատին, կախված է ընկերոջս՝ Կառլ Իվանովիչ Շուստերլինգի դիմանկարը։ Երեք օր առաջ, երբ հավաքում էի սենյակս, ես հանեցի նկարը պատից, մաքրեցի վրայից փոշին և այն ետ կախեցի։ Հետո կողմ քաշվեցի՝ հեռվից նայելու՝ արդյոք թեք չի այն կախված։ Բայց երբ նայեցի, ոտքերս սառան, իսկ մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Կառլ Իվանովիչ Շուստերլինգի փոխարեն պատից ինձ նայեց հիմար գլխարկով, սարսափելի, մորուքավոր ծերուկ։ Ես բղավոցով դուրս թռա սենյակից։
Ինչպե՞ս կարող էր Կարլ Շուստերլինգը մի ակնթարթում վերածվել այդ սարսափելի մորուքավորին։ Ինձ ոչ ոք չի կարող դա բացատրել։ Այդժամ ես լուսանկարեցի այդ դիմանկարը և այն ուղարկեցի «Չիժ» ամսագրին։ Ինձ ասում էին, որ «Չիժի» ընթերցողները շատ խելացի են։
Գուցե դուք կասեք ինձ՝ ո՞ւր է անհետացել իմ թանկագին Կառլ Իվանովիչը։
Տրակտատ քիչ թե շատ ըստ Էմերսոնի կոնսպեկտի
I. Նվերների մասին
Անկատար նվերներն ահա ինչպիսին են՝ օրինակ, մենք հոբելյարին տալիս ենք թանաքամանի կափարիչ։ Իսկ ո՞ւր է հենց թանաքամանը։ Կամ տալիս ենք կափարիչով թանաքաման։ Իսկ ո՞ւր է սեղանը, որի վրա այն կդնի։ Եթե արդեն սեղան ունի՝ թանաքամանը կատարյալ նվեր կլինի։ Այդժամ, եթե հոբելյարը թանաքաման ունի՝ նրան պետք է նվիրել մի կափարիչ և դա կատարյալ նվեր կլինի։ Միշտ կատարյալ նվեր կլինեն մեր մարմնի զարդերը՝ մատանիներ, ապարանջաններ, մանյակներ և այլն ( իհարկե, եթե հոբելյարը հաշմանդամ չէ) կամ էլ այնպիսի նվերներ, ինչպիսին օրինակ ձողիկը, որի մի ծայրին փայտե գնդիկ է, մյուսին՝ փայտե խորանարդիկ։ Նման ձողիկը կարելի է ձեռքում պահել կամ, եթե այն դնել՝ լրիվ մեկ է ուր։ Նման ձողիկը ուրիշ ոչնչի համար պիտանի չէ։
.
II. Քեզ իրերով ճիշտ շրջապատումը
Ենթադրենք, որ ինչ-որ լրիվ մերկ լիազոր վճռել է տունը կահավորել և իրեն իրերով շրջապատել։
Եթե նա սկսի աթոռից, աթոռին կպահանջվի սեղան, սեղանին՝ լամպ, հետո՝ թախտ, վերմակ, սավան, կոմոդ, սպիտակեղեն, զգեստապահարան, հետո՝ այդ ամենի համար սենյակ և այլն։ Այդժամ այս համակարգի ամեն կետում կարող է ծագել կողմնակի փոքր համակարգ-ճյուղիկ՝ կլոր սեղանին կուզես անձեռոցիկ դնել, անձեռոցիկի վրա՝ սկահակ, սկահակի մեջ ծաղիկ խոթել։
Քեզ իրերով շրջապատելու այդպիսի համակարգը, որտեղ մի իրը կառչում է մյուսից, սխալ է, քանզի, եթե ծաղկամանում ծաղիկ չկա՝ դառնում է անմիտ, իսկ եթե ծաղկամանը հանել՝ կլոր սեղանն է դառնում անմիտ, ճիշտ է, դրա վրա կարելի է ջրաման դնել, բայց եթե ջուր չլցնել՝ ծաղկամանի մասին դատողությունը մնում է ուժի մեջ։
Մի իրի ոչնչացումը խախտում է ողջ համակարգը։ Իսկ եթե այդ մերկ լիազորը մատանիներ և ապարանջաններ կրեր և շրջապատեր իրեն գնդերով և ցելյուլոիդային մողեսներով, մի կամ քսան իրերի կորուստը էապես բան չէր փոխի։ Քեզ իրերով շրջապատելու այդպիսի համակարգը ճիշտ է։
III. Շրջակա իրերի ճիշտ ոչնչացումը
Մի, ինչպես սովորաբար, մեծ թռիչք չունեցող ֆրանսիացի գրող՝ հենց Ալֆոնս Դոդեն, անհետաքրքիր միտք է արտահայտել, որ մենք իրերին կապվում ենք, իսկ դրանք մեզ՝ ոչ։
Նույնիսկ ամենաանշահախնդիր մարդը ժամացույցը, վերարկուն և բուֆետը կորցնելով՝ կափսոսա։ Բայց նույնիսկ, եթե մի կողմ դնենք կապվածությունն իրերին, ապա ամեն մարդ թախտը և բարձը, և նույնիսկ շատ թե քիչ հարմար քարերը կորցնելով, և անհավանական անքնությանը ծանոթանալով, կսկսի ափսոսալ իրերի և դրա հետ կապված հարմարությունների կորուստի համար։
Ուստի քեզ իրերով շրջապատելու սխալ համակարգով հավաքված իրերի ոչնչացումը շրջակա իրերի սխալ ոչնչացում է։ Իսկ շրջակա միշտ կատարյալ նվերների ՝ փայտե գնդիկների, ցելյուլոիդային մողեսների և այլնի ոչնչացման համար, շատ թե քիչ անշահախնդիր մարդը դույզն իսկ չի ափսոսա։ Ճիշտ ոչնչացնելով շրջակա իրերը՝ կորցնում ենք հակումն առ ամենայն ձեռբերումը։
IV. Անմահությանը մերձենալու մասին
Ամեն մարդու հատուկ է ձգտումն առ հաճույքը, որը միշտ կամ սեռական բավարվածությունն է, կամ հագեցումը, կամ ձեռքբերումը։ Բայց անմահության է տանում լոկ այն, ինչ ընկած չէ առ հաճույքը ճանապարհին։ Անմահության տանող բոլոր համակարգերն ի վերջո հանգում են մի օրենքի՝ միշտ արա այն, ինչ չես ուզում, քանզի ամեն մարդ անընդհատ ուզում է կամ ուտել, կամ բավարարել իր սեռական զգացումները, կամ ինչ-որ բան ձեռք բերել, կամ ամենը, շատ թե քիչ, մեկեն։ Հետաքրքիր է, որ անմահությունը միշտ կապված է մահվան հետ և տարբեր կրոնական համակարգեր մեկնաբանում են այն կամ իբրև հավերժական հաճույք, կամ իբրև հավերժական տառապանք, կամ իբրև այդ երկուսի հավերժական բացակայություն։
V. Անմահության մասին
Ճիշտ է նա, ում Աստված պարգևել է կյանքն իբրև կատարյալ ընծա։
«Բառերում ներդրված ուժը պետք է ազատագրվի…»
Բառերում ներդրված ուժը պետք է ազատագրվի։ Կան բառերի այնպիսի համադրումներ, որոնց դեպքում ավելի տեսանելի է դառնում ուժի ազդեցությունը։ Լավ չէ մտածելը, որ այդ ուժը կստիպի իրերին շարժվել։ Ես վստահ եմ, որ բառերի ուժն այդ էլ կարող է անել։ Բայց ուժի ամենաարժեքավոր ազդեցությունը գրեթե անորոշելի է։Կոպիտ պատկերացումն այդ ուժի մենք ստանում ենք տաղաչափական բանաստեղծությունների ռիթմերից։ Այդ բարդ ճանապարհները, իբրև օգնություն տաղաչափական բանաստեղծություններին մարմնի որևէ մաս շարժելիս, նույնպես չպետք է հորինվածք համարվեն։ Դա բառային ուժի կոպտագույն և միևնույն ժամանակ ամենաթույլ դրսևորում է։ Այդ ուժի հետագա ազդեցությունը հազիվ թե հասու է մեր դատողական ըմբռնմանը։ Եթե կարելի է մտածել այդ ուժերի ուսումնասիրման եղանակի մասին, ապա այդ եղանակը պետք է միանգամայն այլ լինի, քան մինչև օրս գիտության մեջ կիրառվող եղանակները։ Այստեղ, ամենից առաջ, ապացույց չեն կարող ծառայել փաստը կամ փորձը։ Ես դժվարանում եմ ասել, ինչով ստիպված կլինեմ ապացուցել և ստուգել ասածս։ Դեռ ինձ հայտնի է բառային մեքենաների չորս տեսակ՝ բանաստեղծություններ, աղոթքներ, երգեր և հմայություններ։ Այդ մեքենաները ոչ հաշվարկման կամ դատողության, այլ ուրիշ ճանապարհով են կազմված, որի անունն է ԱՅԲՈՒԲԵՆ։
«Ջուրը ներքևում արտացոլեց այն ամենը, ինչ վերևում էր…»
Ջուրը ներքևում արտացոլեց այն ամենը, ինչ վերևում էր։
Մուտքը փակ է։ Լոկ նրան, ով ելել է ջրից և մաքուր է, կբացվի մուտքը։
Ճամփորդը գնում է կանաչ այգով։ Ծառերը, խոտը և ծաղիկներն անում են իրենց գործը։
Եվ ամեն ինչում բնությունն է։
Ահա խորանարդաձև վիթխարի քար։
Իսկ քարի վրա մարդ է նստած և կառավարում է բնությունը։
Ո՞վ այդ մարդուց ավելին գիտի։
«Ինչպես հայտնի է, Բեզիմենսկին շատ բութ դունչ ունի․․․»
Ինչպես հայտնի է, Բեզիմենսկին շատ բութ դունչ ունի։
Ահա մի անգամ, Բեզիմենսկին դնչով հագավ աթոռակին։
Դրանից հետո բանաստեղծ Բեզիմենսկու դունչը լրիվ անպետք դարձավ։
«Մի վանական մտավ դամաբարան հանգուցյալների մոտ …»
Մի վանական մտավ դամբարան հանգուցյալների մոտ և բացականչեց․ «Քրիստոս հարյավ», իսկ նրանք խմբով․ «Հիրավի հարյավ»։
«Ես մենակ եմ։ Ամեն երեկո Ալեքսանդր Իվանովիչը…»
Ես մենակ եմ։ Ամեն երեկո Ալեքսանդր Իվանովիչը ինչ-որ տեղ է գնում, և ես մենակ եմ մնում։ Տանտիկինը վաղ պառկում է քնելու և փակում իր սենյակը։ Հարևանները քնում են, և լոկ ես եմ մենակ նստում փոքրիկ սենյակումս և նավթի լամպ վառում։ Ոչինչ չեմ անում․ սաստիկ վախ է վրա հասնում։ Այս օրերին ես նստում եմ տանը, քանի որ մրսել ու գրիպ եմ վարակվել, ահա արդեն մի շաբաթ է թույլ ջերմում եմ և գոտկատեղս ցավում է։
Բայց ինչու՞ է գոտկատեղս ցավում, ինչու՞ եմ մի շաբաթ ջերմում, ի՞նչ հիվանդություն է, և ի՞նչ պեստք է անեմ։ Ես մտածում եմ այդ մասին, ունկ դնելով սեփական մարմնիս և սկսում եմ վախենալ։ Վախից սիրտս սկսում է դողալ, ոտքերս սառչում են, և վախը բռնում է ծոծրակս։ Ես միայն հիմա հասկացա, թե ինչ է դա նշանակում։ Ծոծրակդ ներքևից սեղմում են, և թվում է՝ մի քիչ էլ ու վերևից կճզմեն ողջ գլուխդ, այդժամ անկարանում ես վիճակդ գնահատել, ու խելքդ գցում ես։ Ամբողջ մարմնումդ թուլություն է սկսվում, և այն սկսվում է ոտքերից։ Եվ հանկարծ առկայծում է միտքը՝ իսկ ինչ, եթե դա վախից չէ, այլ վախն է դրանից։ Այդժամ էլ ավելի վախենալու է դառնում։ Ինձ չի հաջողվում անգամ մտքերս շեղել։ Փորձում եմ ընթերցել։ Բայց ընթերցածս հանկարծ թափանցիկանում է, և ես նորից տեսնում եմ վախս։ Գոնե Ալեքսանդր Իվանովիչը ավելի շուտ գար։ Բայց, երկու ժամից շուտ, նրան սպասելն անիմաստ է։ Այժմ նա զբոսնում է Ելենա Պետրովնայի հետ և սիրո շուրջ իր հայացքները բացատրում։
«Կուլակովը բազմեց խորը թիկնաթոռին․․․»
Կուլակովը բազմեց խորը թիկնաթոռին և նստելուն պես ակնթարթորեն քնեց։ Նստելուն պես քնեց, իսկ մի քանի ժամից արթնացավ արդեն դագաղում պառկած։
Կուլակովը միանգամից հասկացավ, որ ինքը պառկած է դագաղում։ Ջղացունց վախը կալեց նրան։ Պղտոր աչքերով նա շուրջը նայեց, և ամենուր, ուր հայացք էր նետում, միայն ծաղիկներ էր տեսնում՝ ծաղիկներ կողովների մեջ, ժապավենով փաթաթված ծաղկեփնջեր, ծաղկեսպսակներ և շաղ տված ծաղիկներ։
-Ինձ թաղում են, - սարսափով մտածեց Կուլակովը և հանկարծ հպարտություն զգաց, որ իրեն, այդպիսի աննշան մարդուն, թաղում են այսքան ճոխ, այսչափ ծաղիկներով։
«Ես պնդում եմ, որ երբ մենք նրան մոտեցանք, նա մեզանից հեռվացավ և հետո հեռացավ․․․»
Լեոնիդով․ Ես պնդում եմ, որ երբ մենք նրան մոտեցանք, նա մեզանից հեռվացավ և հետո հեռացավ։
Գրիգորյև․Այո, նա հեռացավ, բայց ոչ հետո։
Լ․ Նա հենց հետո հեռացավ։ Սկզբից հեռվացավ, իսկ հետո հեռացավ։
Գ․ Դե ինչու այդպես ասել, եթե նա բնավ հետո չհեռացավ։
Լ․ Մենք նրան մոտեցա՞նք։
Գ․ Այո։
Լ․ Նա հեռվացա՞վ։
Գ․ Այո։
Լ․ Իսկ հետո հեռացավ։
Г: Դե ահա էլի։ Ոչ հետո։ Ազնիվ խոսք, ոչ հետո։
Լ․ Երդվեք, որքան սիրտներդ կամենա։ Իսկ նա հենց հեռվացավ, իսկ հետո հեռացավ։
Գ․ Ոչ հետո։
Լ․ Հենց հետո։
Գ․ Ոչ հետո, քանի որ հետո նա հեռվացավ, իսկ սկզբից չհեռացավ։
Լ․ Դա ձեր կարծիքն է, իսկ ես կարծում եմ, որ նա հեռացավ։
Գ․․․
-Քացախ խմեք, պարոնայք,- ասաց Շուևը։
-Քացախ խմեք, պարոնայք,- ասաց Շուևը։
Նրան ոչ ոք ոչինչ չպատասխանեց։
-Պարոնայք,- բղավեց Շուևը։- Ես առաջարկում եմ ձեզ քացախ ըմպել։
Թիկնաթոռից ելավ Մակարոնովն ու ասաց․
-Ես ողջունում եմ Շուևի միտքը։ Եկեք քացախ խմենք։
Ռաստոպյակինն ասաց․
-Ես քացախ չեմ խմի։
Այդժամ լռություն տիրեց, և բոլորը սկսեցին նայել Շուևին։ Շուևը նստած էր քարե դեմքով։ Անհասկանալի էր, թե ինչ է նա մտածում։
Մի երեք րոպե անցավ։ Սուչկովը հազաց բռունցքի մեջ։ Ռիվինը քորեց բերանը։ Կալտաևը շտկեց իր փողկապը։ Մակարոնովը շարժում էր քիթն ու ականջները։ Իսկ Ռաստոպյակինը, մեջքը հենելով բազկաթոռի թիկնակին, ասես անտարբեր նայում էր բուխարուն։
Յոթ կամ ութ րոպե էլ անցավ։
Ռիվինը կանգնեց և ոտնամատների վրա ելավ սենյակից։
Կալտաևը նայեց նրա ետքից։
Երբ Ռիվինի հետևից դուռը փակվեց, Շուևն ասաց․
-Այսպես։ Խռովարարարը հեռացավ։ Գրողի ծոցը խռովարարին։
Բոլորը զարմանքով իրար նայեցին, իսկ Ռաստոպյակինը բարձրացրեց գլուխը և աչքերը հառեց Շուևին։
Շուևը խիստ ասաց․
-Ով խռովություն է բարձրացնում՝ նա սրիկա է։
Սուչկովը զգուշորեն, սեղանիկի տակ, ուսերը թոթվեց։
-Ես կողմ եմ քացախ խմելուն,- ցածր ասաց Մակարոնովը և սպասողական նայեց Շուևին։
Ռաստոպյակինը զկրտաց և, ամաչելով, կույսի պես կարմրեց։
-Մահ խռովարարներին,- բղավեց Սուչկովը, ցույց տալով իր սևավուն ատամները։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը