Դանիլ Խարմս․ պատմվածքներ Մաս 2

«Ես որոշեցի մի ընկերախումբ խառնել» 

1

Մի անգամ ես եկա Պետհրատ և հանդիպեցի այնտեղ Եվգենի Շվարցին, որն, ինչպես միշտ, վատ էր հագնված, բայց ինչ-որ բանի հավակնությամբ։

Ինձ տեսնելով` Շվարցը սկսեց սրամտել, նույնպես, ինչպես միշտ, անհաջող։

Ես անհամեմատ ավելի հաջող էի սրամտում և շուտով մտավոր առումով Շվարցին գետնին տվի։

Շուրջբոլորը նախանձում էին սրամտությանս, բայց  ոչ մի միջոց չէին ձեռնարկում, քանի որ տառացիորեն ծիծաղից սատկում էին։ Իսկ հատկապես ծիծաղից սատկում էին Նինա Վլադիմիրովնա Գերնետը և Դավիդ Եֆիմովիչ Ռախմիլովիչը, որն իրեն բարեհնչության համար Յուժին էր անվանում։ 

Տեսնելով, որ ինձ հետ կատակել չի կարելի, Շվարցը սկսեց տոնն իջեցնել և, ի վերջո, ինձ թունդ հայհոյելով՝ հայտարարեց, որ Թիֆլիսում Զաբոլոցկուն բոլորը գիտեն, իսկ ինձ՝ գրեթե ոչ ոք։

Այդժամ ես կատաղեցի և ասացի, որ ես ավելի պատմական եմ, քան Շվարցն ու Զաբոլոցկին, որ ինձանից պատմության մեջ լուսավոր բիծ կմնա, իսկ նրանք արագորեն կմոռացվեն։ 

Մեծությունս և խոշոր համաշխարհային նշանակությունս զգալով` Շվարցը հետզհետե դողդողաց և ինձ ճաշի հրավիրեց։ 

2

Ես որոշեցի մի ընկերախումբ խառնել, ինչն էլ անում եմ։

Սկսեմ Վալենտինա Եֆիմովնայից։

Այդ անտնտես անձնավորությունը մեզ հրավիրում է իր տուն և ուտելիքի փոխարեն սեղանին ինչ-որ թթու բան է դնում։ Ես ուտել սիրում եմ և կերակրի գիտակ եմ։ Ինձ թթու բանով չես ֆռռացնի։ Ես անգամ երբեմն ռեստորան եմ մտնում և նայում, թե այնտեղ ինչ ուտելիք է։ Եվ տանել չեմ կարողանում, երբ բնավորությանս այդ առանձնահատկության հետ հաշվի չեն նստում։

Հիմա անցնում եմ Լեոնիդ Սավելևիչ Լիպավսկուն։ Նա չամաչեց երեսիս ասել, որ ամսեկան տասը միտք է հորինում։

Նախևառաջ, ստում է։ Ոչ թե տասն է հորինում, այլ ավելի քիչ։

Իսկ երկրորդ, ես ավելի շատ եմ հորինում։ Չեմ հաշվել, թե ամսեկան որքան եմ հորինում, բայց պետք է նրանից շատ լինի․․․

Այ ես, օրինակ, բոլորի աչքը չեմ խոթում, որ, իբրև թե, վիթխարի խելք ունեմ։ Ես ինձ մեծ մարդ համարելու բոլոր նախադրյալներն ունեմ։ Դե, թեև, ինձ այդպիսին էլ համարում եմ։

 Քանի որ ինձ համար և վիրավորական, և ցավալի է գտնվել խելքով, խորաթափանցությամբ և տաղանդով ինձանից ցածր մարդկանց շրջապատում, և իմ հանդեպ պատշաճ հարգանք չզգալ։

Ինչու՞, ինչու՞ եմ ես բոլորից լավը։ 

3

Հիմա ես ամենը հասկացա՝ Լեոնիդ Սավելևիչը գերմանացի է։ Նա նույնիսկ գերմանական հատկություններ ունի։ Նայեք, թե ինչպես է նա ուտում։ Դե մաքուր գերմանացի է, այդքան բան։ Անգամ ոտքերից է երևում, որ գերմանացի է։

Առանց պարծենալու կարող եմ ասել, որ ես շատ դիտունակ և սրամիտ եմ։

Այ, օրինակ, եթե վերցնել Լեոնիդ Սավելևիչին, Յուլյա Բերզինին և Վոլֆ Էրլիխին և նրանց միասին դնել պանելին, կարելի է ասել  «մեկը մեկից փոքր է»։

Ըստ իս՝ սրամիտ է, քանզի չափի մեջ ծիծաղելի է։

Եվ այդուհանդերձ Լենոնիդ Սավելևիչը գերմանացի է։ Անպայման հանդիպելիս կասեմ նրան դա։

Ես ինձ առանձնահատուկ խելացի մարդ չեմ համարում և այդուհանդերձ պետք է ասեմ, որ բոլորից խելացի եմ։ Գուցե Մարսում ինձնից խելացին էլ կա, բայց երկրի երեսին չգիտեմ։

Այ, ասում են, Օլեյնիկովը շատ խելացի է։ Իսկ ըստ իս՝ նա խելացի է, բայց ոչ շատ։ Նա բացահայտել է, օրինակ, որ եթե գրել վեց և շրջել՝ կստացվի ինը։ Իսկ ըստ իս՝ անխոհեմ է։

Լեոնիդ Սավելևիչը միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ մարդու խելքը նրա արժանիքն է։ Իսկ եթե խելք չկա, ուրեմն արժանիք էլ չկա։ Յակով Սեմյոնովիչը առարկում է Լեոնիդ Սավելևիչին և ասում, որ մարդու խելքը նրա թուլությունն է։ Իսկ ըստ իս՝ դա արդեն պարադոքս է։ Իսկ ինչո՞ւ է խելքը թուլություն։ Բնավ ոչ։ Ավելի շուտ ամրոց է։ Ես այդպես եմ կարծում։

Մենք հաճախ ենք հավաքվում Լեոնիդ Սավելևիչի մոտ և խոսում այդ մասին։

Եթե վեճ է ծագում, ապա վեճի հաղթողը մշտապես մնում եմ ես։ Ինքս չգիտեմ ինչու։

Չգիտեմ ինչու բոլորը զարմանքով են նայում ինձ։ Ինչ էլ անեմ՝ բոլորն այդ զարմանալի են կարծում։ Իսկ չէ որ ես նույնիսկ չեմ էլ ջանում։ Ամենն ինքնին ստացվում է։

Զաբոլոցկին մի անգամ ասաց, որ ինձ ներհատուկ է ոլորտներ կառավարելը։ Միգուցե կատակեց։ Մտքումս իսկ որևէ նման բան չկար։ Գրողների միությունում ինձ չգիտես ինչու հրեշտակ են համարում։

Լսեք, ընկերներ։ Չի կարելի իրականում իմ առջև այդպես խոնարհվել։ Ես այնպիսին եմ, ինչպիսին և դուք բոլորդ, միայն ավելի լավը։

 4

Ես այսպիսի արտահայտություն եմ լսել․ «Որսա պահը»։

Հեշտ է ասել,  բայց դժվար է անել։ Ըստ իս, այս արտահայտությունն անիմաստ է։ Եվ իրոք, չի կարելի առ անհնարինը կոչել։

Ես այդ ասում եմ լիակատար համոզվածությամբ, քանի որ ինձ վրա ամեն ինչ փորձել եմ։ Ես որսում էի պահը, բայց չբռնեցի և միայն ժամացույցս կոտրեցի։ Հիմա գիտեմ, որ դա անհնար է։

 Նույնկերպ անհնար է «որսալ դարաշրջանը», քանի որ դա նույնպիսի պահ է, միայն ավելի մեծ։

Ուրիշ բան, եթե ասեք․ «Արձանագրեք այն, ինչ կատարվում է այս պահին»։ Սա լրիվ այլ բան է։

Այ օրինակ․ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։ Ոչինչ չկատարվեց։ Ահա ես արձանագրեցի պահը, որում ոչինչ չկատարվեց։

Ես ասացի այդ  մասին Զաբոլոցկուն։ Նրան սա շատ դուր եկավ, և նա մի ամբողջ օր նստել և հաշվում էր․ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։ Եվ արձանագրում էր, որ ոչինչ չի կատարվում։

Զաբոլոցկուն այդ զբաղմունքի վրա բռնացրեց Շվարցը։ Եվ Շվարցն էլ հետաքրքրվեց մեր դարաշրջանում կատարվողն արձանագրելու այդ  յուրատեսակ ձևով, քանզի չէ որ պահերից է կազմվում դարաշրջանը։ Բայց խնդրում եմ ուշք դարձնել, որ այդ մեթոդի նախահայրը ես եմ։ Նորից ես։ Պարզապես ապշեցուցիչ է։

Այն, ինչ մյուսներին դժվարությամբ է տրվում, ինձ հեշտությամբ է տրվում։

Ես անգամ կարողանում եմ թռչել։ Բայց այդ մասին չեմ պատմի, քանի որ միևնույն է ոչ ոք չի հավատա։

5

Երբ երկու մարդ շախմատ են խաղում, ինձ միշտ թվում է, որ մեկը մյուսին  հիմարացնում է։ Հատկապես եթե նրանք գումարով են խաղում։

Իսկ առհասարակ զզվում եմ ցանկացած գումարով խաղից։ Ես արգելում եմ խաղալ իմ ներկայությամբ։

Իսկ թղթամոլներին ես կկախեի։ Դա մոլեխաղերի դեմ պայքարի ամենաճիշտ միջոցն է։ Թղթախաղի փոխարեն ավելի լավ է հավաքվեին և միմյանց բարոյախոսություն կարդային։

Թեև բարոյախոսությունը տաղտկալի է։ Ավելի հետաքրքիր է կանանց սիրատածելը։

Կանայք ինձ հետաքրքրել են միշտ։ Ինձ միշտ գրգռել են կանացի ոտքերը, հատկապես ծնկից վեր։

Շատերը կանանց համարում են արատավոր էակներ։ Իսկ ես ամենևին։ Ընդհակառակը, նույնիսկ նրանց ինչ-որ շատ հաճելի բան եմ համարում։

Գիրուկ, ջահել կին։ Իսկ ինչո՞վ է նա արատավոր։ Ամենևին արատավոր չէ։ 

Ամենը, ինչ ասում է Լեոնիդ Սավելևիչը, արդեն երբևէ ավելի վաղ ասել եմ ես։

Դե և ոչ միայն Լեոնիդ Սավելևիչը։

Յուրաքանչյուրն ուրախ է թռցնել թեկուզև բեկորներն իմ մտքերի։ Ինձ դա նույնիսկ ծիծաղեցնում է։

Օրինակ՝ երեկ վազեց ինձ մոտ Օլեյնիկովը և ասաց, որ լրիվ մոլորվել է կյանքի հարցերում։ Ես նրան ինչ-որ խորհուրդներ տվեցի և բաց թողեցի։ Նա հեռացավ երջանկացած և իր լավագույն տրամադրությամբ։

Մարդիկ իմ մեջ նեցուկ են տեսնում, կրկնում են բառերս, ապշում են արարքներիցս, իսկ գումար ինձ չեն վճարում։

Հիմար մարդիկ։ Ինձ ավելի շատ փող բերեք, և դուք կտեսնեք ոնց ես դրանից գոհ կլինեմ։

6

Հիմա ես մի քանի բառ կասեմ Ալեքսանդր Իվանովիչի մասին։

Սա դատարկաբան և մոլեխաղերի սիրահար է։ Բայց ինչի համար եմ ես նրան գնահատում՝ որ նա ինձ հնազանդ է։ Զօրուգիշեր հերթապահում է առաջս և միայն սպասում իմ կողմից ինչ-որ հրամանի ակնարկի։ Բավ է այդ ակնարկը տամ, և Ալեքսանդր Իվանովիչը քամու պես սուրում է կամքս կատարելու։ Դրա համար ես նրան կիսակոշիկներ գնեցի և ասացի․ Ա՛ռ, հագիր։ Դե նա դրանք էլ հագնում է։

Երբ Ալեքսանդր Իվանովիչը գալիս է Պետհրատ, բոլորը ծիծաղում և իրար մեջ խոսում են, որ նա եկել է փողերի հետևից։

Կոնստանտին Իգնատևիչ Դրովացկին թաքնվում է սեղանի տակ։ Դա այլաբանորեն եմ ասում։

Ամենաշատը Ալեքսանդր Իվանովիչը մակարոն է սիրում։ Միշտ այն ծեծած չորահացով է ուտում, գրեթե մի կիլոգրամ ուտում է, իսկ գուցեև անհամեմատ շատ։

Մակարոնն ուտելով, Ալեքսանդր Իվանովիչն ասում է, որ սիրտը խառնում է, և պառկում է թախտին։ Երբեմն մակարոնը փսխում է։

Միս Ալեքսանդր Իվանովիչը չի ուտում և կանանց չի սիրում։ Թեև, երբեմն սիրում է։ Կարծես, անգամ շատ հաճախ։

Բայց կանայք, որոնց Ալեքսանդր Իվանովիչը սիրում է, իմ ճաշակով բոլորը տգեղ են, ուստիև համարենք, որ դրանք անգամ կանայք էլ չեն։ 

Եթե ես ինչ-որ բան ասում եմ, ուրեմն ճիշտ է։ Ինձ հետ վիճել ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, միևնույն է նա հիմար դրության մեջ կհայտնվի, քանի որ ես ցանկացածին վեճում կհաղթեմ։

Դե և դուք ինձ հետ ոտք չեք գցի։ Ձեր նմանները չէ, որ փորձել են։ Բոլորին փռել եմ։ Զուր չէ, որ տեսքիցս խոսել էլ չգիտեմ, իսկ երբ տաքանում եմ, այլևս չես կանգնեցնի։

Մի անգամ տաքացա Լիպավսկիների մոտ և գնաց։ Բոլորին խոսելատանջ արեցի։ Հետո մտա Զաբոլոցկիների մոտ և այնտեղ բոլորին խոսելու հերթ չտվեցի։ Հետո գնացի Շվարցների մոտ և այնտեղ բոլորին խոսելու հերթ չտվեցի։ Հետո տուն եկա և տանը կես գիշեր էլ խոսացի։

Մի իմաստուն ծերուկի հիշողությունները

Ես շատ իմաստուն ծերուկ էի։

Այժմ արդեն այն չեմ, համարեք նույնիսկ, որ ես չկամ։ Բայց կար ժամանակ, երբ ձեզանից յուրաքանչյուրը գար մոտս, և ինչ բեռ էլ տոչորեր նրա հոգին, ինչ մեղքեր էլ տանջեին նրա մտքերը, ես կգրկեի նրան և կասեի․ «Տղաս սփոփվիր, քանզի հոգուդ որևէ բեռ չի տոչորի և ոչ մի մեղք չեմ տեսնում մարմնումդ», և նա վազելով կհեռանար երջանիկ և ուրախ։

Ես մեծ էի և ուժեղ։ Մարդիկ, փողոցում ինձ հանդիպելիս, կողմ էին փախչում, և ես, արդուկի պես, անցնում էի ամբոխի միջով։

Հաճախ էին ոտքերս համբուրում, բայց չէի բողոքում, գիտեի, որ արժանի եմ դրան։ Ինչո՞ւ մարդկանց զրկել ինձ մեծարելու բերկրանքից։ Անգամ ես ինքս, շատ ճկուն մարմին ունենալով, փորձեցի սեփական ոտքս համբուրել։ Նստեցի նստարանին, աջ ոտքս ձեռքս առա և մոտեցրի դեմքիս։ Ինձ հաջողվեց համբուրել ոտքիս մեծ մատը։ Ես երջանիկ էի։ Ես հասկացա մյուսների երջանկությունը։

Բոլորը խոնարհվում էին իմ առաջ։ Եվ ոչ միայն մարդիկ, անգամ կենդանիները, անգամ տարբեր միջատները սողում էին իմ առաջ և պոչերն այս ու այն կողմ շարժում։ Իսկ կատուները։ Դրանք պարզապես հոգի էին տալիս ինձ համար, և, ինչ-որ կերպ թաթերն իրար հանգուցելով, վազում էին իմ առաջ, երբ քայլում էի աստիճանով։

Այդժամ ես իսկապես շատ իմաստուն էի և ամեն ինչ հասկանում էի։ Չկար որևէ բան, որ ինձ փակուղու մեջ կգցեր։ Վիթխարի ուղեղիս մի րոպե լարում․ և ամենաբարդ խնդիրը պարզագույնս լուծվում էր։ Ինձ անգամ ուղեղի Համալսարան էին տանում և ցույց տալիս գիտնական պրոֆեսորներին։ Սրանք էլեկտրականությամբ չափում էին ուղեղս և պարզապես բերանները բաց էին մնում․

-Մենք երբեք համանման բան չենք տեսել,- ասացին նրանք։

 Ես ամուսնացած էի, բայց հազվադեպ էի կնոջս տեսնում։ Նա վախենում էր ինձանից․ ուղեղիս վիթխարիությունը ճնշում էր նրան։ Նա ոչ թե ապրում էր, այլ՝ դողում, և եթե ես նայում էի նրան՝ սկսում էր զկրտալ։ Մենք երկար ժամանակ միասին էինք ապրում, բայց հետո, նա, կարծես, ինչ-որ տեղ անհետացավ․ հստակ չեմ հիշում։

Հիշողությունն՝ ընդհանրապես տարօրինակ երևույթ է։ Ի՜նչ դժվար է լինում ինչ-որ բան հիշելը և ի՜նչ հեշտ՝ մոռանալը։ Պատահում է․ ինչ-որ բան մտապահում ես, բայց՝ վերհիշում լրիվ այլ բան։ Կամ, ինչ-որ բան դժվարությամբ ես հիշում, բայց շատ հաստատ, իսկ հետո ոչինչ չես կարողանում հիշել։ Այդպես էլ է պատահում։ Ես բոլորին խորհուրդ կտաի աշխատել իրենց հիշողության վրա։

Ես միշտ արդար եմ եղել և իզուր ոչ ոքի չեմ ծեծել, քանի որ, երբ ինչ-որ մեկին ծեծում ես՝ միշտ ցնդում ես և այդժամ կարելի է չափն անցնել։ Երեխաներին, օրինակ, երբեք չպետք է դանակով կամ առհասարակ երկաթե բանով հարվածել։ Իսկ կանանց, ընդհակառակը՝ երբեք չարժե ոտքով խփել։ Կենդանիները, սրանք, ասում են, ավելի դիմացկուն են։ Բայց ես այդ ուղղությամբ փորձեր եմ կատարել և գիտեմ, որ դա միշտ չէ այդպես։

Ճկունությանս շնորհիվ, ես կարող էի անել այն, ինչը ոչ ոք չէր կարող։ Այդպես, օրինակ, մի անգամ ինձ հաջողվեց շատ ծուռումուռ պոլիմերային խողովակից հանել այնտեղ մտած եղբորս ականջօղը։ Կարող էի, օրինակ, թաքնվել համեմատաբար փոքր կողովի մեջ և հետևիցս կափարիչը ծածկել։

Այո, իհարկե, ես բացառիկ էի։

Եղբայրս լրիվ հակապատկերս էր, նախ՝ ավելի բարձրահասակ էր, երկրորդ՝ ավելի հիմար։

Մենք նրա հետ երբեք ընկերություն չէինք անում։ Թեև, այնուամենայնիվ, ընկերություն անում էինք, և անգամ շատ։ Ես այստեղ ինչ-որ բան խառնեցի․ մենք նրա հետ ընկերություն չէինք անում և միշտ վեճի մեջ էինք։ Իսկ վիճեցինք այսպես։ Ես կանգնած էի․ այնտեղ շաքար էին տալիս, հերթի մեջ էի և ջանում էի չլսել շուրջս ինչ են ասում։ Ատամս փոքր ինչ ցավում էր և տրամադրությունս լավ չէր։ Փողոցում շատ ցուրտ էր, քանի որ բոլորը բամբակե քուրքերով էին ու միևնույն է մրսում էին։ Ես էլ բամբակե քուրքով էի, բայց ինքս այդքան չէի մրսում, բայց ձեռքերս էին սառչում, քանի որ ստիպված էի դրանք գրպանիցս հանել և ուղղել ճամպրուկը, որ պահում էի, ոտքերով սեղմելով, որպեսզի այն չկորչի։ Հանկարծ ինչ-որ մեկը խփեց մեջքիս։ Աննկարագրելիորեն զայրացա և կայծակի արագությամբ սկսեցի մտածել, թե ինչպես նեղացնողին պատժել։ Այդժամ երկրորդ անգամ հարվածեցին մեջքիս։ Ես ամբողջովին տագնապեցի, բայց որոշեցի գլուխս չշրջել և ձևացնել, իբր ոչինչ չեմ նկատել։ Ես միայն համենայնդեպս ճամպրուկը ձեռքս վերցրի։ Մոտ յոթ րոպե անցավ, և երրորդ անգամ մեջքիս խփեցին։ Այդժամ ես շրջվեցի և առջևս տեսա բավական հնամաշ, բայց միևնույն է լավ բամբակե քուրքով բարձրահասակ տարեց մարդու։

-Ի՞նչ եք ինձանից ուզում,- հարցրեցի նրան բավական խիստ և անգամ փոքր ինչ մետաղական ձայնով։

-Իսկ դու ինչո՞ւ չես շրջվում, երբ քեզ կանչում են, - ասաց նա։ 

Ես խորհեցի նրա բառերի իմաստի շուրջ, երբ նա նորից բերանը բացեց և ասաց․ 

-Դե, խոսիր, ինչ է, ինձ չես ճանաչու՞մ։ Չէ որ եղբայրդ եմ։ 

Ես նորից խորհեցի նրա բառերի շուրջ, և նա կրկին բերանը բացեց և ասաց․

-Լսիր, եղբայրս։ Չորս ռուբլի չի հերիքում շաքարի համար, իսկ հերթից դուրս գալն ափսոս է։ Ինձ պարտքով ռինգ ռուբլի տուր, մենք հետո հաշիվը կտեսնենք։

Ես սկսեցի մտածել, թե ինչու եղբորս չորս ռուբլի չի հերիքում, բայց նա թևքիցս բռնեց և ասաց․

-Դե հիմա ինչ, եղբորդ մի քիչ փող պարտքով կտա՞ս։

Եվ այդ բառերով հենց ինքը բամբակե քուրքս արձակեց, մտավ ծոցագրպանս և դրամապանակս հանեց։

-Ահա,- ասաց նա,- ես, եղբայր, քեզանից որոշակի գումար եմ պարտքով վերցնում, իսկ դրամապանակը, տես, նորից ետ քուրքիդ մեջ եմ դնում։

Եվ նա խոթեց դրամապանակը քուրքիս դրսի գրպանը։ Ես, իհարկե, զարմացած էի՝ այդքան անսպասելի եղբորս տեսնելով։ Որոշ ժամանակ լռեցի, հետո հարցրի․

-Իսկ ու՞ր էիր մինչև հիմա։

-Այնտեղ,- ասաց եղբայրս և ձեռքով ինչ-որ տեղ ցույց տվեց։ Ես մտածեցի, թե որտեղ է այդ «այնտեղը», բայց եղբայրս հետևիցս թեթև հրեց և ասաց․

-Տես, սկսեցին թողնել խանութ։

Մինչև խանութի դուռը մենք միասին գնացինք, բայց խանութում մենակ էի, առանց եղբորս։ Ես մի րոպե դուրս եկա հերթից և դռնից նայեցի փողոցին։ Բայց եղբայրս ոչ մի տեղ չկար։

Երբ նորից փորձեցի հերթում տեղ գրավել, չթողեցին և նույնիսկ հետզհետե դուրս շպրտեցին։ Ես զսպելով զայրույթս վատ կարգ ու կանոնի հանդեպ, ուղևորվեցի տուն։ Տանը հայտնաբերեցի, որ եղբայրս դրամապանակիցս ամբողջ գումարը վերցրել է։ Այդժամ սարսափելի բարկացա եղբորս վրա, և դրանից հետո մենք երբեք այլևս իրար հետ չհաշտվեցինք։

Ես մենակ էի ապրում և միայն խորհրդի հետևից եկողներին էի ներս թողնում։ Բայց այդպիսիք շատ էին, և այնպես էր ստացվում, որ ոչ գիշերը, ոչ ցերեկը ես  հանգիստ չունեի։ Երբեմն այն աստիճան էի հոգնում, որ պառկում էի գետնին և հանգստանում։ Պառկում էի գետնին այնքան ժամանակ, որ մրսում էի, այդժամ ցատկում և սկսում էի սենյակով մեկ վազել, որպեսզի տաքանամ։ Հետո նորից նստում էի նստարանին և խորհուրդ տալիս բոլոր կարիք ունեցողներին։

Նրանք մեկը մյուսի հետևից էին ինձ մոտ մտնում, երբեմն անգամ դռները չբացելով։ Հաճույքով էի նայում նրանց տառապալից դեմքերին։ Խոսում էի նրանց հետ, իսկ ինքս հազիվ էի ծիծաղս զսպում։

Մի անգամ չդիմացա և ծիծաղեցի։ Նրանք սարսափով նետվեցին փախչելու՝ ով դռնով, ով պատուհանով, իսկ ով անգամ հենց պատի միջով։

Մենակ մնալով, ես իմ ողջ վիթխարի հասակով կանգնեցի, բերանս բացեցի և ասացի․

-Պրին տիմ պրամ։

Բայց այդժամ մեջս ինչ-որ բան ճռթճռթաց, և այդ ժամանակվանից, կարող եք համարել, որ ես այլևս չկամ։

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը

587
Մայիս 24, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: