Վիլյամ Սարոյան. Եվ մարդը

Մի առավոտ, երբ ես տասնհինգ տարեկան էի, ես ելա լուսադեմին, որովհետև ողջ գիշեր չէի կարողանում քնել, անկողնիս մեջ թավալվելով և խորհելով աշխարհի ու գոյության տարօինակությունների մասին, հանկարծ ակնհայտորեն ու հստակ ինձ զգալով դրա մասը: Ողջ գիշեր ես խոհածումների մեջ անցկացրի լոկ այն բանի համար, որպեսզի դարձյալ ելնեմ առավոտյան, տեսնեմ լուսաբացը, շնչեմ ու ապրեմ։ Ես կամացուկ ելա վաղ առավոտյան խավարի մեջ, և հագա հագուստներս՝ բամբակե կապույտ վերնաշապիկս, թավշյա տաբատս, գուլպաներս ու կոշիկներս։ Նոյեմբեր էր, և արդեն սկսել էր ցրտել, բայց ես չէի ուզում ավելի տաք հագնվել։ Ես ինձ բավական տաք էի զգում։ Ես  ինձ գրեթե ջերմին էի զգում, և առավել շատ հագնվելու դեպքում, ինչ-որ բան պիտի չկայանար՝ ինչ-որ արտասովոր բան պիտի տեղի չունենար։ Եվ ես կարծում էի, որ այդ ինչ-որ բանն ինձնից կխուսանավի, և այն, ինչ կմնա ինձ, կլինի հուշն ինչ-որ ցանկալի, բայց կորուսյալ բանի մասին։

Ողջ անքուն գիշերվա ընթացքում ես զգում էի, որ մեծ ու փոքր անիվների նման ինչ-որ բաներ էին պտտվում գլխումս, ասես արտաժամանակյա անպարագրելի խոհեր՝ մկանունքիս թարմ լիությունը, պատանեկան ճկունությունը, շարժման ավելի շնորհաբեր ու ներդաշն կշռույթը, որ բխում էր այդ ամառ մեջս ապրվող արագ աճից։

Այդ տարվա գարնանամուտի հետ ծնվեց անորոշ ու կցկտուր սկիզբն այս մտածման։ Կարծես մտքիս մեջ լսում էի ճարճատյունը նյութասպառ հրի, որ հեղեղի անզսպությամբ սուրում էր արյանս մեջ։ Մինչ այս մտքի գոյավորվելը ես ավելին չէի, քան  փոքր ու տրտմատեսիլ տղա, որ ապրում էր կենաց վայրկյաններն ահով, կասկածով ու դառնությամբ և հուսակտուր փնտրում էր ճշմարտությունը և չէր կարողանում հասու լինել դրան։ Բայց հիմա՝ նոյեմբերին, ֆիզիկապես չափահաս մարդ էի, շատուշատ մարդկանցից ավելի մեծ։ Կարծես թե հեղակարծ ոստյունով տղայական պատյանից ելել և մեկ գիշերվա մեջ չափահաս մարդ էի դարձել։

-Սրան նայիր, - ասում էին ազգականներս, - մարմնի բոլոր մասերն աճում են, հատկապես քիթը։

Խորամանկորեն կատակում էին մարմնիս մասնավոր անդամների մասին` ինձ ամոթահար շիկնեցնելով․

-Ինչպե՞ս է դա, - հարցնում էին նրանք, նույնիսկ կանայք։ Չես երազո՞ւմ մեծ կանանց մասին, դրանցից հարյուրավորների մասի՞ն։

-Ես չեմ հասկանում ինչի՞ մասին եք դուք խոսում, - ասում էի ես։

Բայց ես գիտեի, թե բանն ինչ է, սակայն ամաչում էի։

-Այս քթին նայեք, ա՜յ քեզ քիթ։

Ամռանը ես երբեմն աչք էի նետում հայելուն ու տեսնում էի ինձ և իմ այլանդակությունից խորապես ցնցված՝ նողկանքով ընկրկում էի։ Գլխիս մեջ չէր տեղավորվում, թե ինչպես իմ հասկացածից ու պատկերացրածից  լիապես տարբեր մեկն էի երևում այնտեղ։ իմ պատկերացման մեջ ես այլ, ավելի նրբին դիմագծեր ունեի, դեմքի ավելի վսեմ արտահայտություն, բայց եր տեսա իմ արտացոլանքը, ապա գիտակցեցի, թե ինչ տգեղ եմ, ոսկրոտ ու անտաշ։ Իսկ ես կարծում էի, թե ավելի նրբագեղ էի, ասում էի ես ինքս ինձ։ Նախկինում մտքովս էլ չէր անցնում հայելուն նայել։ Ես կարծում էի, թե հաստատ գիտեմ, թե ինչ տեսք ունեմ։ Ճշմարիտ պատկերը թևաթափ արեց ինձ՝ ստիպելով ամաչել։ Հետո ես դադարեցի մտահոգվել ու ասացի․

-Լավ, տգեղ եմ, գիտեմ որ տգեղ եմ, ինչ արած, լոկ դեմքս է, որ տգեղ է։

Եվ ես կարողացա հավատալ այն բանին, որ դեմքն իմ դեռ ամբողջովին ես չեմ։ Դեմքն իմ՝ լոկ իմ մի մասն է, որ աճում է իմ մյուս մասերի հետ, դա արտաքին կողմն է, և հետևաբար, ոչ այնքան կարևոր, ինչպես իմ ներաշխարհը։ Ճշմարիտ աճն ընթանում է ներսում և իմ ֆիզիկական պատյանով չի սահմանափակվում։ Այն դրսևորվում է  իմ բանականության և երևակայության միջոցով, ցուցանելով ինձ գոյության մեծությունը, գիտակցության և ճանաչողության, զգացողության ու հիշողության անսահմանությունը։

Ես սկսեցի մոռանալ իմ դեմքի տգեղության մասին և, մտքով դառնալով առ դրա պարզությունն ու բարությունը, որոնք, ըստ իս, հոգուս խորքում, մտածողության ճշմարտացիության մեջ, քնի գիշերային լուսավետության մեջ ներհատուկ էին իմ արտաքինին, իմ դեմքին։

Իրոք որ, ասում էի ես, դեմքս կարող է տգեղ թվալ, բայց կարող եմ ասել նաև, որ այն տգեղ չի։ Չէ որ ես գիտեմ, որ այն  տգեղ չի, որովհետև ես այն տեսել եմ հոգուս աչքերով և մտքով դրան ձև ու կերպարանք եմ տվել։ Միտքս պայծառ և մտածումս մաքուր է եղել, ուստի չեմ կարող տգեղ լինել։

Ուրեմն ինչպես մնացյալին հասկացնես իրական ճշմարտությունը։ Ինչպե՞ս պիտի կարողանային տեսնել այն դեմքը, որ ես եմ տեսնում, այն դեմքը, որ ճշգրիտ արտացոլքն է իմ անձի։ Դա ինձ սաստիկ հուզում էր։ Մեր դասարանում կար մի աղջիկ, ում համար ես խենթանում էի և ուզում էի, որպեսզի նա համոզվի այն բանում, որ իր տեսած դեմքն իմ իսկական դեմքը չէր, թե այդ մեջս տեղի ունեցող աճման մեկ մասնիկն էր։ Կամենում էի, որ նա կարողանար տեսնել իմ իսկական դեմքը, քանզի համոզված էի, որ եթե այն տեսներ, անպատճառ կսիրեր ինձ։

Ողջ գիշեր թավալվում էի անկողնուս մեջ, խոհածելով երկրի երեսին իմ կյանքի մասին՝ ինչ-որ բանում ինքնեկ եմ մնում ու միաժամանակ փոփոխական, ամեն պահ աննկատ փոխվում եմ՝ ահա այսպիսին ես մտնում եմ ժամանակի գետը, իսկ ելնում եմ դրանից՝ այլ, և այդպես անընդհատ։ Կուզեի իմանալ, թե ինչն էր մեջս կայուն․ հարատև ու տոկուն, և ինչն էր, որ մեն միայն ինձ չի պատկանում, այլ ողջ մարդկությանը, նրա լեգենդար պատմությանը, մարդու շարժմանը երկրի վրա, պահը պահին, դարը դարին։  Ողջ գիշերվա ընթացքում ինձ այնպես էր թվում, որ ահա-ահա ես կիմանամ, և առավոտյան ես ելա անկողնուց, կանգ առա մթության մեջ, անշարժ, զգալով ձևի, և, ինչպես հուսով էի, իմաստի երանությունը։

Ես կամացուկ ելա տան մթության միջից և մի պահ կանգ առնելով փողոցում՝ ներշնչվեցի մեր երկրի պերճանքից, անծիր տիեզերքի գեղեցկությունից, որ պարուրում էր մեր աննշմար անձերը, մեր տիեզերքի վիթխարի երկնային մարմինների հեռավորությունից, մեր օվկիանոսներից, մեր ձորերից, մեր կառուցած մեծ քաղաքներից, անխորտակ, մաքուր ու հախուռն գործերից, որ կատարել ենք՝ փոքր նավակները, որ սարքել ու հանձնել ենք մոլեգին ջրերի  հորձանքներին, երկաթգծերի դանդաղ ահագնացումը, գիտելիքների աստիճանական կուտակումը, հանդարտավետ, սակայն հարատև որոնումն Աստծո՝ տիեզերքի անսահմանության, երկրի ամրության, մեր փոքր էության փառքի ու մեր սրտերի պարզության մեջ։

Արդեն իսկ կանգնելն ու շնչելն այդ առավոտ հայտնություն էր, անբացատրելի հրաշք։ Այսքան տարիներ անց, մտածում էի ես,- ես ինքս այսպես կեցած մթության մեջ, ի վիճակի եմ շնչելու, և գիտակցելու, որ ապրում եմ, ողջ եմ։ Ես տենչում էի բառերով ինչ-որ բան ասել, դպրոցում սովորած բառերով ինչ-որ բան թոթովել, ինչ-որ հանդիսավոր, վսեմ, բերկրալի մի բան, որպեսզի արտահայտեի երախտագիտությունս Աստծուն։ Բայց ապարդյուն։ Այդպիսի բառեր չգտնվեցին։ Ես զգում էի, թե ինչպես շքեղափառ մի բան թափանցում էր մեջս ընդմեջ թափանցիկ ու զով օդի, հպվելով արյանս ու քշելով այն, բայց բառեր չկային, որոնցով կարելի էր այդ արտահայտել։

Մեր փողոցում մի ջրախողովակ կար, որի վրայով միշտ կամեցել էի ցատկել, բայց վախենում էի։ Խողովակը մետաղից էր, իսկ ես մսից, արյունից ու ոսկորից, և եթե ես ցատկեի դրա վրայով, մարմինս պիտի խփվեր այդ խողովակին, ցավեր ու գուցե սրնքոսկորներիցս մեկը փշրվեր։

Ինձ համար իսկ անսպասելի ես սկսեցի ցատկել ջրախողովակի վրայով և մտածում էի, դե ահա կարողանում եմ, չէ։ Հիմա ես ամեն ինչի ունակ եմ։

Ես մի վեց-յոթ անգամ ցատկեցի ջրախողովակի վրայով` փափուկ էջք կատարելով հոյակապ զգացողությամբ։

Հետո ես քայլեցի՝ ոչ թե անփույթ ու դանդաղ, այլ առույգ ու եռանդուն, երբեմն թռչկոտելով, քանի որ չէի կարողանում ինքս ինձ զսպել։ Ամեն անգամ ծառի մոտով անցնելիս ես ցատկոտում ու բռնվում էի ճյուղից, ճկում այն և օրորվում էի դրա վրա վեր ու վար։ Ես գնացի քաղաք, քայլեցի փողոցների միջով, ուր կառուցել էինք մեր շենքերը և հանկարծ այն զգացումն ունեցա, թե կարծես դրանք առաջին անգամ էի տեսնում։ Ինձ համար իսկ անսպասելի ես սկսեցի դրանք տեսնել, և դրանք հիասքանչ էին։ Քաղաքը համարյա ամայացել էր, և ես՝ նրա միակ քաղաքացին, մենության մեջ հայտնվեցի, նայելով նրան այնպիսին, ինչպիսին որ այն իրականում էր՝ իր ողջ նրբագեղությամբ, ամբողջական իմաստով, լիակատար ճշմարտությամբ, այնպես, ինչպես իմ թաքուն դեմքի իրականությունն ու նրա ներքին շքեղությունը։ Ես դիպչում էի շենքերին՝ ափերս դրանց սեղմելով, ներթափանցվելով դրանց ամրությամբ ու ճշգրտությամբ։ Ես դիպչում էի պատուհանների ապակիներին, աղյուսին, փայտին, ցեմենտին։

Երբ ես տուն դարձա, բոլորն արդեն ոտքի վրա էին ու նախաճաշի նստած։

-Ո՞ւր էիր կորել,- բացատրություններ պահանջեցին նրանք։

- Ինչո՞ւ էիր այսքան վաղ ելել։

Ես նստեցի իմ տեղը սեղանի շուրջ՝ սաստիկ քաղց զգալով։ Ասե՞լ, թե՞ չասել, - մտածում էի ես։ Արժե՞ արդյոք փորձել նրանց բացատրել, թե ինչ է կատարվում։ Արդյոք նրանք ունա՞կ են հասկանալու, թե պիտի վրաս ծիծաղեն։

Հանկարծ մտածեցի, որ ես օտար էի այդ շրջապատում, օտար էի հարազատներիս մեջ։ Գիտեի, որ սիրում եմ նրանց, բայց և համարձակություն չունեի մոտենալու և ինձ հետ կապված որևէ ճշմարտություն հայտնելու իրենց։         Յուրաքանչյոր մարդ մենակ է։ Յուրաքանչյուրը օտար է մյուսին։ Մայրս ինձ իր վաղեմի ցավն է համարում, ծծկեր մանչուկ, տան տղա, տղա, որ դպրոց է գնում, իսկ հիմա տգեղ դեմքով մի երիտասարդ` անհանգիստ ու կիսախելագար դեսուդեն թափառող։

Այն օրերին մենք եգիպտացորենի շիլա էինք ուտում։ Սիիմինդրը էժան էր, և մենք՝ աղքատ։ Մենք փթերով առնում էինք այն։ Նախաճաշն ընդհանրապես սիմինդրից էր բաղկացած։ Իմ առջև դրված էր մեկուկես փթանոց ափսեն, որից բուղ էր ելնում, և ես սկսեցի փթով կլլել այն, զգալով, թե այն ինչպես էր հագեցնում քաղցս, մտնում էր արյանս մեջ, միանում էր ինձ և աճման այն փոփոխմանը, որ տեղի էր ունենում մեջս։

Ոչ, ես չեմ կարող նրանց որևէ բան ասել, մտածում էի ես։ Ոչ մեկին չեմ կարող ասել։ Ամեն ոք ինքը պիտի ըմբռնի, ամեն ոք ինքը միայնակ պիտի քննի ճշմարտությունը, փնտրի ու գտնի այն։ Բայց աղջկան ես կպատմեմ․ նա իմ մի մասն է։ Ես յուրացրել էի նրա անունը, ձևը, ներքինն ու արտաքինը, նա միացած էր ինձ ու ապրում էր իմ մեջ։ Մենք ապրում էինք  նույն խոհերով ու իղձերով։ Նա նույնիսկ իմ քայլվածքի ու քնի մեկ անբաժան մասն էր։ Հարկ էր նրան ամեն ինչ ասել։ Հենց որ ես բացեմ նրան իմ ծածուկ դեմքը, ես կխոսեմ նրա հետ մեր համատեղ գոյության մասին միասնական երկրի երեսին, հավերժության միասնական պահին։ Ես երբեք չէի խոսում նրա հետ։ Ես գաղտուկ սիրում  էի նրան, ծածուկ երկրպագում էի նրան, պաշտում էի այն ամենը, ինչին նա դիպչում էր՝ նրա գրքերը, նստարանը, հողը, որի վրա քայլում էր, օդը, որ շնչում էր, սակայն նրա հետ խոսակցելու քաջությունը չէի ունեցել։ Ես այնպես ուզում էի, որպեսզի խոսքն իմ լցված լիներ իմաստով և կարևորությամբ երկուսիս համար, որ նույնիսկ վախենում էի խախտել լռությունը մեր միջև։

-Գնացել էի փոքրիկ պտույտի,- պատասխանեցի ես։

Բոլորը քրքջացին, նույնիսկ մայրս։

-Քեզ հետ ի՞նչ է կատարվում,  հարցապնդում էին նրանք։- Ինչո՞ւ քունդ չի տանում։ Ի՞նչ է, նորից սիրահարվե՞լ ես։ Այդպես չէ՞։ Աղջկա մասի՞ն ես երազում։

Սեղանի առջև նստած, տաք ճաշը կլլելով ունկնդրում էի նրանց ծիծաղը։ Նրանց ոչինչ պատմել չի կարելի, մտածում էի ես։ Նրանք պիտի ծիծաղեն ինձ վրա։ Նրանք մտածում են, թե եղածը  ծիծաղելի մի բան է կամ անկարևոր մի կատակ, խորհում էի ես։

Խորհելով աղջկա մասին՝ սկսեցի շիկնել՝ մտմտալով ինչ-որ բան ասել, որ կկարողանար բավարարել նրանց և կկասեցներ իրենց ծիծաղը։ Բայց նրանք նախկինից ավելի շատ ծիծաղեցին, և ես ծիծաղեցի նրանց հետ, չկարողանալով ինքս ինձ տիրապետել։

-Հա, - ծիծաղում էին նրանք, հաստատ էստեղ աղջկա մատը խառն է։ Նայեք, թե ինչպես է նա վերափոխվել, հենց աչքի առաջ։

Ես կլլեցի ողջ շիլան ու ելա սեղանի մոտից։ Եթե մտքովս անցնի պատմել նրանց ամենը, ինչպես որ կա, ասացի ես ինքս ինձ, ապա նրանք ընդհանրապես ծիծաղից կպայթեն։

-Ես գնում եմ դպրոց,  ասացի ես ու տնից ելա։

Բայց ես գիտեի, որ այդ օրը դպրոց չէի գնալու։ Այդ որոշմանը հանգել էի կեսգիշերին, երբ քունս չէր տանոմ։ Դպրոցում, այդ մթնոլորտում այդ չէր կարող պատահել։ Դպրոցում ես երբեք չէի հասկանա, թե ինչն էր իմ մեջ վերափոխվել, թե ինչն էր ինձ առ ճշմարտության ուղին բերել։Եվ պահը կկորսվի, գուցե թե, ընդմիշտ։ Ես որոշեցի քաղաքից դուրս գնալ և մտքիս հետ միայնակ մնալ։ Ուզեցի օգնել դրան, որպեսզի այն բնության լռության ու պարզության  մթնոլորտի մեջ հասունանա, իրենից վար թոթափի իմ տագնապները, շփոթմունքն ու անհանգստությունը, մի խոսքով՝ հնարավորություն տամ դրան լիրարժեքություն և լրում ձեռք բերել։

Երբ ես զբոսնում էի գյուղական ճանապարհներով, կամացուկ անցնելով մերկացած որթատունկերի ու թզենիների արանքով, միտքն իմ լիովին հասունացավ, և ես ճանաչեցի ճշմարտությունն իմ մասին, մարդու մասին, երկրի և Աստծո մասին։

Ճիշտ ժամին տուն վերադարձա, ինչպես դասերից հետո կգայի և հետևյալ օրը գնացի դպրոց։ Գիտեի, որ ինձնից բացակայությունս արդարացնող բացատրություն պիտի պահանջվեր, գիտեի նաև, որ չէի ստելու այդ կապակցությամբ։ Ես կարող էի ասել, թե մրսածության պատճառով տանն էի մնացել, բայց չէի կամենում։ Ինձ կպատժեն, բայց դա ինձ չէր հուզում։ Թող պատժեն, եթե ուզում են։ Թող ծերուկ Բրանթոնն ինձ մտրակի։ Ես թափառում էի բնության գրկում, լռության մեջ և գտել էի ճշմարտությունը։ Դրանից ավելին նրանք երբեք չէին կարող ինձ ուսուցանել։ Դա նրանց դասագրքերում չես գտնի։ Թող պատժեն ինձ։ Նաև ես ուզում էի տպավորություն թողնել աղջկա վրա։ Ուզում էի հասկացնել նրան, թե ես զորեղ էի և կարող էի ճշմարտություն ասել ու պատժվել հանուն նրա, թե  մտրակահարումից խուսափելու համար էժանագին ստախոսության չէի գնա։ Ես կարծում էի, իմ ճշմարտացիությունը ինչ-որ բան կնշանակի նրա համար։ Ինձ հոգեհարազատ լինելով, չէ՞ որ նա ունակ էր տեսնելու էությունը մակերեսային դրսևորումներից անդին և հասկանալ, թե ինչ արեցի ես և ինչու։

Ներկա-բացակայի ընթերցումից հետո ուսուցչուհին դիմեց ինձ․

-Երեկ դու դպրոց չէիր եկել։ Դու հարգելի պատճառ ունե՞ս։

Հանկարծ ես ինձ ողջ դասարանի ծանակման առարկան զգացի։ Կարելի էր պատկերացնել, թե ինչ էին բոլորը մտածում՝ այ քեզ տխմար։ Ես նայեցի աղջկան, ում այնպես սիրահարված էի, և տեսա, որ նա էլ է ծիծաղում, բայց աչքերիս չհավատացի։ Այդպիսի բաներ երբեմն պատահում են, երբ մի մարդ մյուսին է տալիս իր ողջ հպարտությունն ու էությունն ու այդ մեկը չարաչար  է գործածում նրա վսահությունը։ Ես տեսնում ու լսում էի, ինչպես է աղջիկը ծիծաղում ինձ վրա, և ես չէի հավատում։ Ես նրան զվարճացնելու մտադրություն չունեի։ Որևէ մեկին զվարճացնելու նպատակ չունեի, և ծիծաղը բարկացրեց ինձ։

-Երեկ ինչո՞ւ դպրոցից բացակայեցիր, - ասաց ուսուցչուհին։ - Որտե՞ղ էիր։

-Ես քաղաքից դուրս էի, - պատասխանեցի ես։ - Գնացել էի զբոսնելու։

Այդ պահին բոլորն անզուսպ ծիծաղեցին, և ես տեսա, որ աղջիկը, ում ես գաղտուկ սիրահարված էի, քրքջում է ամենքի հետ այնպես, ասես ես իր համար ոչինչ չէի նշանակում, ասես ես չէի հոգեհարազատացել նրան։ Իմ մեջ աճում էր նողկանքն ու անհնազանդութունը։ Ափերս տաք քրտնքից կպչուն դարձան։ Ուսուցիչը խոյանում էր իմ գլխավերևում, զայրույթից ցնցվելով։ Երևի թե, հարկ էր ուսուցիչ լինել, որպեսզի չափեիր նրա վրդովմունքի ողջ խորությունը։ Տարիներով նա հարցաքննում էր տղաներին, ինչու էին նրանք դասից բացակայոմ, և տղաները պատասխանում էին, որ տանն էին մնացել, հիվանդ էին։ Նա գիտեր, որ մեծ մասամբ նրանք ստում են, բայց դե այդպիսի ավանդույթ էր հաստատվել, որպեսզի երկրի երեսին ամեն ինչ իր տեղում մնա։ Իսկ այժմ ամեն ինչ փլվել էր, և նա ատամների կրճտոցով կատաղությունից դողում էր։ Ոնց որ թե նա ջանում էր ցնցել ինձ, և ես, տեղում անշարժ մնալով, ընդդիմանում էի նրան։ Ուսուցչուհին մի պահ անզուսպ ատելությամբ ուզեց ինձ հրել և հետո բացականչեց․

-Ա՜խ, դուք հայերդ, դուք, դուք։

Ես կարծում էի նա հիմա կարտասվի։ Ես ափսոսանք զգացի նրա համար, հիսունի սեմը թևակոխած, դպրոցում բազում տարիների դասավանդման փորձառությունից հետո նրա մեջ նստած կարծրացածության համար։

Եվ ես չէի ուզում նրան ցավ պատճառել։ Դա ամենևին իմ ծրագրերի մեջ չէր մտնում։ Ես լոկ պատրաստվում էի ճշմարտությունն ասել։ Կամենում էի աղջկան բանալ իմ իսկական դեմքը, որ կերպավորվել էր մարդկային արժանապատվությամբ և պարզությամբ, և որի ձևավորմանն ինքն էլ էր նպաստել։ Կամենում էի իրեն հայտնել երկրի երեսին գոյություն ունենալու խորհուրդը։ Բայց ավաղ, լսվեց իր քրքջոցը, ճիշտ մյուսների ծիծաղի նման։ Այդ ծիծաղը մեջս ինչ-որ բան փրթեց, և ես կանգնել էի աղմուկի մեջ շվարած, խայտառակված, կոտրված, և սրտիցս արյուն էր կաթում։ Գրողը տանի, մտածում էի ես, լինելու բան չի։ Այս ամենը սուտ է։ Թող նզովյալ լինի։

Բայց ես գիտեի, որ խաբում եմ ինձ։ Գիտեի, որ երբեք պիտի չկարողանայի նրան սեր խոստովանել, պատմել այդ սիրո կարևորության մասին ինձ համար, երկրի, տիեզերքի և մարդկության համար։

Ինձ ուղարկեցին դպրոցի տնօրենի մոտ, և նա մռայլամած պախարակում էր ինձ․

-Դու, - ասաց նա,- խայտառակում ես մեր դպրոցը։ Դու խայտառակում ես քո ցեղակիցներին։ Դու խախտում ես դպրոցի օրենքները, և ապա գալով հպարտանում ես դրանով։ Արարքիդ արդարացման համար ի՞նչ ունես ասելու։

-Ոչինչ, - ասացի ես։

-Ինչո՞ւ դու այդ արեցիր, - հարցապնդում էր նա։

-Ես ուզում էի զբոսնել,- խոստովանեցի ես։

-Կարող էիր սպասել կիրակի օրվան,- ասաց նա։

-Չէի կարող,- առարկեցի ես,- ինձ պետք էր զբոսնել հենց երեկ։

-Կարո՞ղ ես գոնե մի պատճառ բերել, որպեսզի ազատվես պատժից։

-Դա ձեր որոշելիքն է, - ասացի ես։

Բարկացած էի։ Աղջիկը դառնացրել էր ինձ, և ես չէի վախենում ոչ տնօրենից, ոչ էլ ծեծից։ Ամեն բան ավարտված էր։ Պիտի գաղտնիքիս հետ միայնակ դեգերեի։ Պիտի հաշտվեի նողկանքի այն զգացողության հետ, որ հարուցել էր աղջկա ծիծաղը, սակայն ճշմարտությունն անխաթար կմնա և պարտ էի այն ընդմիշտ անեղծ պահել իմ սրտի խորքում։

Կաշեփոկի հարվածները մի պահ ինձ լացացրին, թեպետ հաղթակազմ և ուժեղ էի։ Բայց ես ցավից չէի լալիս․․․ այդտեղ բոլորովին այլ բան էր, այդ ամենուր տիրող անհավատալի կուրությունն էր մարդու։ Ես դառնորեն արտասվեցի, և երբ դասարան վերադարձա, աչքերս կարմրած ու ամոթից ընկճված էին։ Ողջ դասարանը ծիծաղում էր վրաս, նույնիսկ սիրած աղջիկս։

Դպրոցից հետո միայնակ քայլելով, ջանալով բուժել սրտիս վերքը, ես դարձյալ խոհածեցի գոյության սրարշավ ու կուրացուցիչ ճշմարտության մասին, որ ես հայտնաբերել էի՝ միայնակ քայլելով բնության լռության  մեջ և խոհածելով դրա մասին, ես զգում էի, թե ինչպես է վերականգնվում իմ ամբողջականությունը, և ինձ լսվեց իմ սեփական ծիծաղը գաղտնաթաքուր՝ իմ բացած տարածության ընդարձակություններում։

Ճշմարտությունը գաղտնիքն էր։ Ի սկզբանե՝ Աստված, Բանը, Բանն առ Աստված, որ ամենայն ինչից դուրս և ամեն  բանից անդին անսահման ու հավիտենական է։ Այնուհետև դատարկությունը, համր պարապը, անհասանելի մահկանացու մարդու համար, վերացական և կոնկրետ, իրական ու կորուսյալ, էությունը միջոցի մեջ, դարձյալ կոնկրետ ու ծանրակշիռ, ամրակուռ ու ձևավորված, կրակն ու ջուրը։ Քայլելով խաղողի այգիների մեջ՝ ճանաչեցի ողջ տիեզերքը մունջ մարդու մտքում, անշարժ ու մթին, կորուսյալ, մարդու և մարդկային մտքի սպասման մեջ։ Հանկարծ զգացի անկենդան նյութի սասանումը երկրի մեջ, էությանս մեջ ինչպես արագահաս աճը ամռան։ Կյանքը ծնվում է ժամանակից, սերմը մարդու, որ ժայթքում է ժայռից, կրակից, հեղուկից, և ցոլում է մարդու դեմքի, ձևի, շարժման ու մտքի մեջ։ Անսպասելի դատարկության մեջ ծնվում է միտքը մարդու։ Եվ այդ մարդը ես եմ։ Իսկ դա ճշմարտությունն է, որ ես մակաբերեցի դատարկությունից, մենավոր քայլելով խաղողի այգիներում։

Ես գաղտուկ տեսա տիեզերքը՝ պարապի մեջ, գաղտնի, և հայտնաբերել էի այն ինձ համար՝ դրան իմաստ, շնորհ, ձև և ճշմարտություն տալով, որոնք կարող էին ծագել լոկ մարդու մտքից ու էներգիայից։ Եվ ճշմարտությունը մարդն էր, այսինքն ես՝ պահը պահին, և մարդը դարեդար, և մարդը՝ Աստծո պատկերը մարդու մեջ և մարդու ծիծաղի ձայնը գաղտնիքի անսահմանության մեջ, և նրա լացի ձայնն այդ խավարում, և ես ճշմարտությունն էի, և ես մարդ էի։

Անգլերենից թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

418
Մայիս 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: