Շիրզադ Հասան. Գրկախառնություն

«Այս գիշեր...»:

 «Չե՞ս ամաչում»։

 «Ո՞նց... վշտերով ու միայնությամբ լի հարյուրավոր գիշերներից հետո ի՞նչ ես սպասում ինձանից»։

 «Ինչո՞ւ ինձ այստեղ քարշ տվեցիր»։

 «Ի վերջո, ես չեմ կարող քեզ սիրել ոխով ու ատելությամբ լի քաղաքում»։

 «Ինչո՞ւ ինձ առևանգեցիր...»:

Ստրուկներով ու գերիներով լի քաղաքի փեսա ու նորահարս... Երկու անօթևան սիրահարներ անտառում՝ ծառի ստվերի տակ, ժայռի մոտ ապաստանած, այսպես էին կիսվում իրենց գաղտնիքներով ու կարիքներով։ Այդ երկու սիրահարներից ներքև՝ բաց երախով ձորն էր։

Փեսան ցանկանում էր, որ գլխավերևի ծառի ճյուղերի չափ ճանկեր աճեին իր ձեռքերի վրա, որպեսզի կարողանար յուրաքանչյուր ճանկով խաղալ հարսի վարսերի հետ։ Նրա ծարավը այլ կերպ չէր կարող հագենալ։

Փեսան սպանեց մի դևի՝ հարսին հասնելու համար։ Ֆարհադի պես տասնյակ Բեհիսթուններից աղբյուրներ և գետեր հոսեցրեց։ Յոթ լեռից անցավ։ Անցավ յոթ անապատ և յոթ ծով։ Յոթ կախարդանք խափանեց։ Երդվել էր, որ երկու վայրի սիրահարներ պետք է հանգստանան միմյանց գրկում՝ կույս բնության գրկում... Ձեռքը օղակեց նրա նիհար իրանին։

«Լսո՞ւմ ես»։

«Ի՞նչը»։

«Հաճելի, կախարդական մի մեղեդի, որը երբեմն ուրախալի է, երբեմն՝ տխուր»։

«Բայց այստեղ ոչ ոք չկա, բացի քեզանից և ինձանից»։

«Դա քո հոգու ձայնն ու երգն է»։

«Վեր կաց, ուզում եմ գրկել քեզ»։

Նա վեր կացավ: Նրանք գրկախառնվեցին։ Երկու պարողներ նրբագեղ պարում էին։

Անսահման երկնքի տակ, երկու ազատ հոգիներ, ոտաբոբիկ պարում էին փշերով ու տատասկներով լի ժայռոտ տարածության մեջ։ Լիաթոք ծիծաղում էին, նրանց ծիծաղը արձագանքում էր ձորում։ Հարսը, ինչպես թեթև ու նուրբ թիթեռնիկ, թռվռում էր փեսայի գրկում և դադարում։ Նրանց ոտքերը լիովին չէին հասնում գետնին։ Տղամարդը «ռանք և չուղա»[1] էր հագել, իսկ նա՝ «վերնաշապիկ ու թիկնոց»։ Գիշերը ավելի ու ավելի էր իր թարթիչների սուրման քսում այդ խիտ անտառի աչքերին։ Երկուսն էլ քրտնաթոր ու թրջված էին։ Ինչպես խելագարը... նրանք հիշատակներ էին թողնում ծառի տակ։ Վերջապես նա դեն նետեց իր վզնոցն ու ականջօղերը, իսկ սա՝ իր ժամացույցն ու փիրուզյա մատանին։

«Ուրախացա, որ դու դեն նետեցիր քո հարսանեկան ականջօղերն ու վզնոցը»։

«Ինչո՞ւ»։

«Դու գիտեիր, որ քո ականջօղերն ու ձեռքի թևնոցները կանանց ստրկության ժամանակներից մնացած նույն ձեռնաշղթան ու վզի օղն են»։

«Ոչ... չգիտեի։ Դու ճիշտ ես... Վզնոցն ու թևնոցները նույնպես մի տեսակ շղթայման կապանք են»։

«Գիտե՞ս, թե որն է տարբերությունը»։

«Ոչ։

«Անցյալում այն ​​պատրաստվում էր պղնձից և երկաթից, այսօր՝ ոսկուց»։

«Թույլ տուր թևնոցներն էլ նետեմ ձորը»։

«Նետիր, դեն նետիր դրանք»։

Մերկ երկնքի տակ... նրանք կպել էին իրար ինչպես երկու որթատունկ, որոնց նույնիսկ սրի հատու շեղբը չէր կարող բաժանել միմյանցից։ Անտեղյակ աշխարհից՝ նրանց աչքերը հառել էին միմյանց։

Յուրաքանչյուրի աչքերը մաքուր լճակներ էին։ Նրանք ամբողջովին սուզվեցին և խեղդվեցին իրար մեջ, ինչը զվարթացուցիչ և արբեցնող էր։ Պարելուց հոգնած՝ նրանք ընկան գետնին։ Սառը և խոնավ հողը ներծծեց նրանց մարմինների ջերմությունը։ Բնությունը թմրած էր, սառը, լուռ և մեռած, իսկ նրանք՝ երանելի և կենսուրախ։

Նրանք ձեռքեր էին փոխառել ծառերի բազմաթիվ ճյուղերից և շուրթեր՝ վայրի ծաղիկներից... Հարյուրավոր ճանկեր և հարյուրավոր շուրթեր... Վերածվել էին հարյուրավոր արուների և հարյուրավոր էգերի... Ախ, այդ կիզիչ ցանկություններն ու գունագեղ կարոտները։ Ախ, այդ վախի կարոտը։ Ախ, ցանկության քաղցր բորբոքումը։ Նրանք գալարվել էին միմյանց, ինչպես երկու սիրահարված օձեր։ Ագահությամբ խրվել էին միմյանց մաշկի մեջ, նրանք ոտքեր ու ճանկեր էին փոխառել ծառերի արմատներից և իրենց բերանների ու շուրթերի խոնավությունը՝ կանաչ դաշտերի տերևների ու ծաղիկների վրայի ցողից։

Կառչել էին միմյանց... պարուրվում էին իրարու։ Ամեն պահ նրանց հայացքի լճակն ավելի էր պարզվում. Լճակ՝ իր մեջ սուզելու համար այդ մերկ գեղեցկության կախարդանքը... Գրկախառնության հաճույք... մի լճակ... երկու լճակ... տասը լճակ՝ միմյանց մեջ ընկղմվելու կարոտով նրանք գլորվում էին ժայռի ու ժայռաբեկորների, փշերի ու մացառուտների եզրով։

Նրանց տաք արյունը կաթում էր վայրի ծաղիկների վրա։ Բույսեր, խոտ և ուռած երակներ։ Անէացած իրենցից, աշխարհից, նրանք թմրել էին գրկախառնության կախարդանքով։  Նրանք գլորվեցին մինչև ձորի բերանը։ Ա՜խ, այդ հուզմունքն ու գալարումը։ Ավելի ու ավելի մոտ... մի գալար, երկու և տասը գալար, նրանք սողացին դեպի ձորի բերանը։  Նրանք թռչում էին ձորի խորության մեջ ու լայնության վրա։ Այստեղ-այնտեղ, ինչպես բարակ ապակու երկու փշուր, ընկնում և կոտրվում էին ժայռերի և ձորի բարձր ծառերի վրա՝ ուղղվելով դեպի մոլեգնող, սարսափելի գետը։

Ա՜խ, այդ սրտաճմլիկ ու գեղեցիկ տեսարանը։   Առաջին անգամն էր, որ այդ ձորամիջի թռչուններն ու վայրի կենդանիները խելագարի պես լացուկոծ էին դրել։ Թռչում էին... այստեղ-այնտեղ՝ լանջի ժայռերի վրա, ծառերի չոր ճյուղերի, ճանկերի ու ակնախոռոչների, աչքերի ու մնացած համբույրների վրա։

Ափսոսանք, սեր և աղերսանք... վերջում միայն... միայն ձախողված երկու սրտեր սահեցին հետևելով միմյանց։ Նրանք խորտակվեցին ձորի հատակում հոսող գետառի աղմկոտ հորձանուտի մեջ։ Այդ գետառը թափվում էր մի գետի մեջ և հոսում գերված քաղաքի ծարավ հարթավայրով։ Քաղաք, որը մոլորաշրջիկ դարձրեց այս սիրահարներին։

[1] Քրդական արացի տարազ (Ծ. թ.)։

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

313
Հունիս 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: