Եվգենի Զամյատին. Քարանձավ

Սառցադաշտեր, մամոնտներ, անապատներ։ Գիշերային, սև, ինչ-որ բանով տներ հիշեցնող ժայռեր, իսկ ժայռերի մեջ՝ քարանձավներ։ Եվ անհայտ է, թե ով է գիշերով փող հնչեցնում ժայռերի միջև ձգվող քարքարոտ արահետի վրա և, արահետը հոտոտելով, օդ է բարձրացնում ճերմակ ձնափոշին. գուցե մոխրագույն կնճիթով մամոնտն է, գուցե քամին, իսկ գուցե քամին էլ հենց ինչ-որ ահռելի մամոնտներից ամենամեծի սառցե մռնչյունն է։ Մի բան պարզ է՝ ձմեռ է։ Եվ պետք է ամուր սեղմել ատամները, որ չկափկափեն. պետք է քարե կացնով փայտ ճեղրտել, պետք է ամեն գիշեր խարույկը մի քարանձավից մյուսը տեղափոխել՝ ավելի ու ավելի խորքը և պետք է ավելի ու ավելի շատ փաթաթվել թավամազ գազանների կոշտ մորթիներով։

Ժայռերի միջև, որտեղ դարեր առաջ եղել էր Պետերբուրգը, գիշերները թափառում էր գորշագույն կնճիթով մամոնտը։ Եվ մորթիների, վերարկուների, ծածկոցների ու ցնցոտիների մեջ փաթաթված քարանձավային մարդիկ նահանջում էին մի քարանձավից մյուսը։ Աստվածածնի Հովանու տոնին Մարտին Մարտինիչն ու Մաշան տախտակներով փակեցին աշխատասենյակը, Կազանյան Աստվածամոր տոնին ելան ճաշասենյակից և պատսպարվեցին ննջասենյակում։ Այլևս նահանջելու տեղ չկար. այստեղ պետք է դիմանային պաշարմանը՝ կամ մեռնեին։

Պետերբուրգյան քարանձավային ննջարանում նույն պատկերն էր, ինչ քիչ առաջ Նոյյան տապանում՝ ջրհեղեղային խառնաշփոթի մեջ իրար խառնված մաքուր ու անմաքուր արարածներ։ Կարմրափայտ գրասեղան, գրքեր, քարեդարյան՝ կավագործի ձեռքով շինված բլիթանման հացեր, Սկրյաբինի 74-րդ օպուսը, արդուկ, սիրով ու փայլեցրած լվացված հինգ կարտոֆիլ, մահճակալների նիկելապատ ճաղավանդակներ, կացին, զգեստապահարան, վառելափայտ։ Եվ այդ ամբողջ տիեզերքի կենտրոնում՝ աստվածը՝ կարճոտն, ժանգոտ կարմրաշեկ, պնդակազմ, ագահ քարանձավային աստվածը՝ թուջե վառարանը։

Աստվածը հզոր դղրդում էր։ Մութ քարանձավում՝ կրակի մեծագույն հրաշք։ Մարդիկ՝ Մարտին Մարտինիչն ու Մաշան, երկյուղած, լուռ, երախտագիտությամբ ձեռքերը պարզել էին առ նա։ Մի ժամով քարանձավում գարուն էր. մի ժամով վայրի գազանների մորթիները, ճանկերն ու ժանիքները թափվում էին, և սառցակալած ուղեղակեղևի միջով ծլում էին կանաչ ընձյուղներ՝ մտքեր։

- Մարտ, իսկ դու մոռացե՞լ ես, որ վաղը... Դե, արդեն տեսնում եմ՝ մոռացել ես։

Հոկտեմբերին, երբ տերևներն արդեն դեղնել, թոշնել, կախվել են, լինում են կապուտաչ օրեր. եթե այդպիսի օրը գլուխդ հետ գցես, որպեսզի հողը չտեսնես, կարելի է հավատալ՝ դեռ ուրախություն կա, դեռ ամառ է։ Այդպես էր նաև Մաշայի հետ. եթե աչքերդ փակես ու լոկ նրա ձայնը լսես, կարելի է հավատալ, թե նա նախկինի պես է, հիմա կծիծաղի, վեր կկենա անկողնուց, կգրկի քեզ, և մեկ ժամ առաջ ապակու վրա դանակ քերծելու նման հնչած ձայնը նրա ձայնը չէր, բոլորովին ինքը չէր...

- Ա՛յ, Մարտ, Մարտ։ Ինչպե՜ս է ամեն ինչ... Առաջ դու չէիր մոռանում։ Քսանինը՝ Մարիամի օրը, իմ տոնը...

- Թուջե աստվածը դեռ շարունակում էր դղրդալ։ Լույս, ինչպես միշտ, չկար. միայն ժամը տասին պիտի տային։ Քարանձավի գզուզ, մութ կամարները մեղմորեն օրորվում էին։ Մարտին Մարտինիչը կքանստած էր, կծկված՝ հանգույցի պես — ավելի պի՛նդ, է՛լ ավելի պի՛նդ — գլուխը հետ գցած, դեռևս նայում էր հոկտեմբերյան երկնքին, որպեսզի չտեսնի դեղնած, կախ ընկած շուրթերը։ Իսկ Մաշան ասում էր.

- Հասկանո՞ւմ ես, Մարտ, եթե վաղը հենց առավոտից վառես, որ ամբողջ օրը հիմիկվա պես տաք լինի։ Հը՞։ Դե, ինչքա՞ն փայտ ունենք։ Դե, աշխատասենյակում դեռ կես սաժեն փայտ կա, չէ՞։

Մաշան վաղուց ի վեր չէր կարողացել հասնել բևեռային աշխատասենյակ և չգիտեր, որ այնտեղ արդեն... Ավելի ու ավելի ձիգ էր հանգույցը, էլ ավելի ձիգ։

- Կես սաժե՞ն։ Ավելի՛ շատ։ Կարծում եմ՝ այնտեղ...

Հանկարծ՝ լույս. ճիշտ տասն էր։ Խոսքը չավարտած՝ Մարտին Մարտինիչը կկոցեց աչքերը, շրջվեց. լույսի տակ ավելի դժվար էր, քան խավարում։ Եվ լույսի տակ պարզ երևում էր՝ նրա դեմքը ճմրթված էր, կավե. հիմա շատերի դեմքերն էին կավե դարձել՝ դարձ առ Ադամը։ Իսկ Մաշան ասաց.

- Եվ գիտե՞ս, Մարտ, ես կփորձեմ... գուցե կարողանամ վեր կենալ... եթե դու առավոտից վառես։

- Դե, Մաշա՛, իհարկե... Այսպիսի օր է... Դե, իհարկե՝ առավոտից։

Քարանձավային աստվածը հանդարտվում էր, կծկվում, լռում․ միայն երբեմն թեթև ճարճատյուն էր լսվում։ Լսվում էր, թե ինչպես ներքևում, Օբերտիշևների մոտ, քարե կացնով ճեղքում էին նավակից մնացած արմատախեղդ փայտերը․ քարե կացնով կտոր-կտոր էին անում Մարտին Մարտինիչին։ Մարտին Մարտինիչի մի կտորը կավե ժպիտով նայում էր Մաշային և սրճաղացով աղում էր չորացրած կարտոֆիլի կեղևը՝ բլիթների համար։ Իսկ Մարտին Մարտինիչի մյուս կտորը, ասես ազատությունից սենյակ թռած մի թռչուն, անիմաստ ու կույր բախվում էր առաստաղին, ապակիներին, պատերին. «Որտեղի՞ց փայտ ճարել... որտեղի՞ց փայտ ճարել... որտեղի՞ց փայտ...»։        

Մարտին Մարտինիչը հագավ վերարկուն, վրայից կաշվե գոտի կապեց (քարանձավային մարդկանց մոտ մի առասպել կա, թե այդպես ավելի տաք է լինում), պահարանի կողքի անկյունում դույլը զրնգացրեց։

- Ո՞ւր ես գնում, Մարտ։

- Հիմա կգամ։ Ներքև՝ ջրի։

Մութ, ջրացայտերից սառցակալած աստիճանների վրա Մարտին Մարտինիչը մի պահ կանգ առավ, ճոճվեց, հառաչեց և, դույլը շղթաների պես զնգզնգացնելով, իջավ ՝ Օբերտիշևների մոտ. նրանց մոտ դեռ ջուր կար։ Դուռը բացեց հենց ինքը՝ Օբերտիշևը՝ պարանով կապած վերարկուով, վաղուց չսափրված։ Նրա դեմքը նման էր ինչ-որ կարմրավուն, փոշու մեջ թաթախված տատասկախոտով ծածկված ամայի հողակտորի։ Տատասկախոտի միջից երևում էին դեղին, քարե ատամները, իսկ քարերի արանքից հանկարծակի մողեսի պոչիկի պես փայլկտաց ժպիտը։

- Ա՜, Մարտին Մարտինիչ։ Ի՞նչ է, ջրի՞ եք եկել։ Համեցեք, համեցեք, համեցեք։

Արտաքին և ներքին դռների միջև եղած նեղ խցիկում դույլով անգամ շրջվել չէր լինում․ այնտեղ Օբերտիշևների վառելափայտն էր։ Կավե Մարտին Մարտինիչը կողքով անցնելիս ցավոտ խփվում էր փայտերին․ կավի վրա խորը փոս էր։ Իսկ ավելի խորը հետք թողեց մութ միջանցքում կոմոդի անկյան վրա։ Նրանք անցան ճաշասենյակով։ Ճաշասենյակում Օբերտիշևի էգն էր և երեք փոքրիկ օբերտիշևներ։ Էգը շտապ ծածկոցով ծածկեց ամանը. այլ քարանձավից մարդ էր եկել, և ո՞վ գիտե, հանկարծ վրա կտա, կխլի։

Խոհանոցում, ծորակը բացելով, Օբերտիշևը քարե ատամներով ժպտում էր.

- Դե ինչ, կինդ ինչպե՞ս է։ Կինդ ինչպե՞ս է։ Կինդ ինչպե՞ս է։

- Ի՞նչ ասեմ, Ալեքսեյ Իվանիչ, նույնն է։ Վատ է։ Եվ ահա վաղը անվանակոչության տոնն  է, իսկ ես վառելու բան չունեմ։

- Իսկ դուք, Մարտին Մարտինիչ, աթոռները, պահարանները... Գրքերն էլ։ Գրքերը հիանալի են այրվում, հիանալի, հիանալի...

- Դե դուք էլ գիտեք՝ այնտեղ ամբողջ կահույքը, ամեն ինչ՝  ուրիշինն է, միայն դաշնամուրն է…

- Այդպես, այդպես, այդպես… ցավալի է, ցավալի է։

Խոհանոցում լսվում է՝ ինչպես է ներս թռած թռչունը ճախրում, թևերով շրշում, աջ ու ձախ նետվում, և հանկարծ՝ հուսահատ, ամբողջ թափով՝ կրծքով՝ պատին.

- Ալեքսեյ Իվանի՛չ, ես ուզում էի… Ալեքսեյ Իվանի՛չ, կարելի՞ է ձեզանից թեկուզ հինգ-վեց գերան…

Դեղին քարե ատամներ՝ մոլախոտերի միջից, դեղին ատամներ՝ աչքերի միջից․ ամբողջ Օբերտիշևը կարծես պատվել էր ատամներով, ու դրանք գնալով ավելի ու ավելի էին երկարում։

- Ի՞նչ եք ասում, Մարտին Մարտինիչ, ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում։ Մենք ինքներս Էլ... Ինքներդ էլ գիտեք, հիմա ինչ վիճակ է, ինքներդ գիտեք, ինքներդ գիտեք...

Ավելի՛ պինդ հանգույցը։ Ավելի՛ պինդ, էլի՛ ավելի պինդ։ Մարտին Մարտինիչը ձիգ կապեց ինքն իրեն, բարձրացրեց դույլը և անցավ խոհանոցով, մութ միջանցքով, ճաշասենյակով։ Ճաշասենյակի շեմքին Օբերտիշևը մի ակնթարթային, մողեսի պես ճարպիկ ձեռքն առաջ մեկնեց.

- Դե՛, հաջող... Միայն թե, Մարտին Մարտինիչ, դուռը չմոռանաք ամուր փակել, չմոռանաք։ Երկու դռներն էլ, երկուսն էլ, երկուսը միասին. թե չէ՝ չես տաքանա։

Մութ, սառույցով պատված միջհարկային հարթակում Մարտին Մարտինիչը դրեց դույլը, շրջվեց և ամուր շրխկացրեց առաջին դուռը։ Ականջ դրեց․ լսվում էր լոկ իր ներսի չոր, ոսկրոտ դողը և իր իսկ դողդոջուն, կետագծի պես՝ ընդհատումներով ընթացող շնչառությունը։ Երկու դռների միջև եղած նեղ խորշում ձեռքը մեկնեց, շոշափեց՝ մի գերան, հետո ևս մեկը, և ևս մեկը… Ո՛չ։ Շտապ իրեն դուրս հրեց դեպի հարթակը, դուռը կիսափակ արեց։ Հիմա մնում էր միայն այն ամուր շխկացնել, որ կողպեքը ճտտար։

Եվ ահա՝ ուժ չկա։ Չկա ուժ՝ փակելու Մաշայի «վաղը»։ Եվ այն սահմանագծի վրա, որ նշված էր հազիվ նկատելի կետագծային շնչառությամբ, իրար մահացու բախվեցին երկու Մարտին Մարտինիչներ՝ այն հինը, որ Սկրյաբինով էր ապրում ու գիտեր՝ չի կարելի, և նորը՝ քարանձավայինը, որ գիտեր՝ պետք է։ Քարանձավայինը՝ ատամները կրճտացնելով, ճնշեց, խեղդեց մյուսին, և Մարտին Մարտինիչը, եղունգները ջարդելով, բացեց դուռը, ձեռքը խրեց վառելափայտի մեջ… մի գերան, չորրորդը, հինգերորդը՝ վերարկուի տակ, գոտու հետևում, դույլի մեջ՝ շխկացրեց դուռը և վեր՝ հսկայական, գազանային թռիչքներով։ Սանդուղքի կեսին՝ ինչ-որ սառցակալած աստիճանի վրա, հանկարծ կանգ առավ, սեղմվեց պատին. ներքևում նորից դռան կտկտոց  լսվեց՝ և փոշոտված Օբերտիշևի ձայնը.

- Ո՞վ է այդտեղ։ Ո՞վ է այդտեղ։ Ո՞վ է այդտեղ։

- Ես եմ, Ալեքսեյ Իվանի՛չ։ Ես… ես դուռը մոռացա… Ես ուզում էի…  վերադարձա՝ դուռը ավելի ամուր փակեմ…

- Դո՞ւք։ Հըմ… Ինչպե՞ս կարող էիք։ Պետք է կարգապահ լինել, պետք է կարգապահ լինել։ Հիմա բոլորը գողանում են, ինքներդ գիտեք, ինքներդ գիտեք։ Ինչպե՞ս կարող էիք։

Քսանինն է։ Առավոտից՝ ցածր, ծակծկված, բամբակե երկինք, և ծակերից սառույցի շունչ է փչում։ Բայց քարանձավի աստվածն առավոտից իր փորը լցրել է, ողորմածորեն դղրդում է, ու թող այնտեղ ծակեր լինեն, թող ատամներով պատված Օբերտիշևը փայտակտորներն է հաշվում՝ թող։ Միևնույն է՝ միայն թե այսօրը լինի։ «Վաղը» քարանձավում անհասկանալի բառ է. միայն դարեր անց մարդիկ կիմանան՝ ինչ է «վաղը», ինչ է «վաղը չէ մյուս օրը»։

Մաշան վեր կացավ և, անտեսանելի քամուց օրորվելով, վարսերը հարդարեց հին ձևով՝ ականջներին իջեցրած, մեջտեղում բաժուկ։ Եվ դա նման էր մերկացած ծառից կախ ընկած վերջին, թոշնած տերևին։

Մարտին Մարտինիչը գրասեղանի միջին դարակից հանեց թղթեր, նամակներ, ջերմաչափ, ինչ-որ կապույտ սրվակ (փութով նորից դրեց տեղը, որպեսզի Մաշան չտեսնի), և վերջապես՝ ամենահեռավոր անկյունից՝ սև լաքապատ տուփիկը. դրա հատակին դեռ իսկական՝ այո՛, այո՛, ամենաիսկական թեյ կար։

Խմեցին իսկական թեյ։

Մարտին Մարտինիչը, գլուխը հետ գցած, լսում էր այդ՝ նախկինին այնքան նման ձայնը.

Մթնշաղ էր։ Հոկտեմբերի քսանինը ծերացել էր։ Անթարթ, պղտոր, ծերունական աչքեր՝ և այդ անթարթ հայացքի տակ ամեն ինչ կծկվում էր, կնճռոտվում, կքվում։ Առաստաղը կարծես նստում էր կամարներով, բազկաթոռները, գրասեղանը, Մարտին Մարտինիչը, մահճակալները տափակվել էին, իսկ մահճակալի վրա Մաշան՝ բոլորովին հարթ, թղթե էր դարձել։

Մթնշաղին եկավ տան կոմիտեի նախագահ Սելիխովը։ Մի ժամանակ նա վեց փութանոց հսկա էր եղել, իսկ հիմա արդեն կիսով չափ հոսել-պակասել էր, բաճկոնի կեղևի մեջ ճոճվում էր, ինչպես ընկույզը՝ զնգզնգոցի մեջ։ Բայց դեռ նախկինի պես թնդում էր նրա ծիծաղը։

- Դե՛, Մարտին Մարտինիչ, նախ և առաջ՝ կնոջդ անվանակոչության տոնի առթիվ շնորհավորում եմ։ Ի՞նչպես չէ, ի՞նչպես չէ։ Օբերտիշևն ասաց ինձ...

Մարտին Մարտինիչն ասես կրակոցից վեր թռավ բազկաթոռից, նետվեց, փութաց՝ խոսել, ինչ-որ բան ասել...

- Թեյ... հիմա... հենց այս րոպեին... Այսօր մեզ մոտ իսկականն է։ Հասկանո՞ւմ եք՝ իսկակա՛ն։ Ես հենց նոր...

- Թե՞յ։ Ես, գիտե՞ք, ավելի շուտ շամպայն կգերադասեի։ Չկա՞։ Է՜, ինչ եք ասում։ Գրա-գրա-գրա՛։ Իսկ մենք, գիտե՞ք, ընկերոջս հետ երեք օր առաջ հոֆմանյան սարքից սպիրտ էինք թորում։ Ի՜նչ զվարճալի էր։ Այնքան էր հարբել... «Ես,— ասում է,— Զինովևն եմ. ծնկի՛ եկ»։ Ի՜նչ ծիծաղելի էր։ Հետո այնտեղից տուն էի գնում, Մարսյան դաշտում դիմացս մի մարդ դուրս եկավ՝ միայն ժիլետով, հավատացնում եմ։ «Այս ի՞նչ վիճակում եք»,- հարցնում եմ։ «Ոչինչ,- ասում է,- հենց նոր մերկացրին, հիմա տուն եմ վազում՝ Վասիլևյան կղզի»։ Ի՜նչ զվարճալի էր։

Թղթե, տափակված Մաշան ծիծաղում էր մահճակալի վրա։ Իր ամբողջ էությունը պինդ հանգույցի մեջ կապած՝ ավելի ու ավելի բարձր էր ծիծաղում Մարտին Մարտինիչը, կարծես ուզում էր նոր փայտեր նետել Սելիխովի մեջ, միայն թե նա չլռեր, միայն թե չլռեր, միայն թե էլի ինչ-որ բանի մասին խոսեր...

Սելիխովը կամաց-կամաց լռեց, դեռ մի փոքր փնթփնթաց, ապա հանդարտվեց։ Բաճկոնի կեղևի մեջ մի քիչ աջ ու ձախ ճոճվեց, վեր կացավ։

- Դե՛, հոբելյարուհի, տվեք ձեր ձեռքը։ Չի՛կ։ Ի՞նչ, չգիտե՞ք։ Իրենց ձևով՝ «պատիվ ունեմ խոնարհվելու»՝ չ.ի.կ.։ Ի՜նչ զվարճալի է։

Նրա քայլերը որոտում էին միջանցքում, նախասրահում։ Վերջին վայրկյանն էր. հիմա դուրս կգա, կամ՝ ...

Հատակը Մարտին Մարտինիչի ոտքերի տակ թեթևակի օրորվում, պտտվում էր։ Կավե ժպիտով Մարտին Մարտինիչը բռնվել էր դռան շրջանակից։ Սելիխովը փնթփնթում էր՝ ոտքերը խոթելով իր հսկայական ճտքակոշիկների մեջ։

Կոշիկներով, մուշտակով, մամոնտի նման հսկա՝ նա ուղղվեց, շունչը տեղը բերեց։ Հետո լուռ բռնեց Մարտին Մարտինիչի թևից, լուռ բացեց բևեռային աշխատասենյակի դուռը, լուռ նստեց բազմոցին։

Աշխատասենյակի հատակը սառցաբեկոր էր. սառցաբեկորը գրեթե անլսելի ճարճատեց, պոկվեց ափից ու տարավ, տարավ, պտտեց Մարտին Մարտինիչին, իսկ այնտեղից՝ բազմոցի հեռավոր ափից, Սելիխովի ձայնը հազիվ էր լսվում։

-Նախ՝ երկրորդ, սիրելի՛ս, պիտի ձեզ ասեմ․ ես այդ Օբերտիշևին, աստված վկա, ոջիլի պես կճզմեի… Բայց ինքներդ էլ հասկանում եք՝ եթե նա պաշտոնապես հայտարարում է, եթե ասում է՝ «վաղը քրեական բաժին կգնամ…»։ Էսպիսի՜ լպրծուն արարած։ Միայն մի բան կարող եմ խորհուրդ տալ․ հենց այսօր, հենց հիմա գնացեք նրա մոտ և այդ նույն գերաններով փակեք նրա բերանը։

Սառցակտորը սլանում էր ավելի ու ավելի արագ։ Փոքրիկ, տափակված, հազիվ նշմարելի՝ ասես փայտի տաշեղ, Մարտին Մարտինիչը պատասխանեց՝ ինքն իրեն, և ոչ թե գերանների մասին… գերաններն ի՞նչ էին որ… ոչ, ուրիշ բանի մասին։

- Լավ։ Հենց այսօր։ Հենց հիմա։

- Ահա՛, հենց այդպես, հենց այդպես։ Էդպիսի՜ լպրծուն արարած է, էդպիսի՜…

Քարանձավում դեռ մութ էր։ Կավից շինված, սառը, կույր Մարտին Մարտինիչը բութ կերպով բախվում էր քարանձավում ջրհեղեղից հետո խառնիխուռն թափված առարկաներին։ Հանկարծ ցնցվեց․ ձայն էր՝ Մաշայի ձայնին նման, նախկին Մաշայի…

-Ի՞նչ էիք խոսում Սելիխովի հետ։ Ի՞նչ։ Քարտե՞ր էին։ Իսկ ես, Մարտ, ամբողջ ժամանակ պառկած մտածում էի՝ եթե միայն ուժ հավաքեի ու գնայի մի տեղ, որտեղ արև կա… Ա՜խ, ինչ աղմուկ ես անում։ Ասես հատուկ։ Չէ՞ որ գիտես՝ ես չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող…

Դանակի ճռինչ՝ ապակու վրա։ Սակայն հիմա արդեն միևնույն էր։ Ձեռքերն ու ոտքերը դարձել էին մեխանիկական։ Դրանք բարձրացնելու ու իջեցնելու համար կարծես շղթաներ ու ճախարակ էր պետք, ինչպես նավի բեռնաբարձ կռունկների դեպքում, իսկ ճախարակը պտտելու համար մեկ մարդը քիչ էր՝ երեքն էին հարկավոր։ Հազիվ ուժ գտնելով՝ շղթաները ձգելով, Մարտին Մարտինիչը դրեց, որ թեյնիկը տաքանա, կաթսան էլ, և վառարանի մեջ գցեց Օբերտիշևի վերջին գերանները։

-Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում քեզ։ Ինչո՞ւ ես լռում։ Լսո՞ւմ ես։

Սա, իհարկե, Մաշան չէր, ոչ, նրա ձայնը չէր։ Մարտին Մարտինիչն ավելի ու ավելի դանդաղ էր շարժվում։ Ոտքերը խրվում էին շարժուն ավազի մեջ, ավելի ու ավելի դժվար էր ճախարակը պտտելը։ Հանկարծ շղթան ինչ-որ ճախարակից պոկվեց, կռունկ-ձեռքը ծանր շրխկաց ցած, անհեթեթորեն դիպավ թեյնիկին, կաթսային՝ դրանք դղրդյունով ընկան հատակին, իսկ քարանձավի աստվածը օձի պես ֆշշում էր։ Եվ այնտեղից՝ հեռավոր ափից, մահճակալից, հնչեց օտար, ծակող մի ձայն.

-Դու դիտմամբ ես անում։ Դո՛ւրս գնա։ Հենց հիմա։ Եվ ինձ ոչ ոք պետք չէ, ոչինչ, ոչինչ պետք չէ, պետք չէ։ Հեռացի՛ր։

Հոկտեմբերի քսանինը մեռավ, և մեռավ անմահ լարախաղաց-երգեհոնիկահարը, և մայրամուտի կարմրաշող ջրի վրա լողացող սառցաբեկորները, և Մաշան։ Եվ դա լավ էր։ Եվ պետք էր, որ չլիներ այդ անհավատալի վաղը, չլինեին Օբերտիշևը, Սելիխովը, Մաշան, ինքը՝ Մարտին Մարտինիչը, որպեսզի ամեն ինչ մեռներ։

Մեխանիկական, հեռացած Մարտին Մարտինիչը դեռ ինչ-որ բան էր անում։ Գուցե նորից էր վառարանը վառում, գուցե հատակից վերցնում էր կաթսան, եռացնում թեյնիկը, և գուցե Մաշան ինչ-որ բան էր ասում, բայց նա չէր լսում։ Միայն ինչ-որ բառերից կավի վրա մնացած բութ ցավող փոսիկներն էր զգում, և պահարանի, աթոռների, գրասեղանի անկյուններից մնացած հարվածների հետքերը։

Մարտին Մարտինիչը դանդաղ գրասեղանի դարակից հանում էր նամակների կապոցները, ջերմաչափը, կնիքի մոմը, թեյի տուփիկը, դարձյալ՝ նամակները։ Եվ վերջապես, ինչ-որ տեղից՝ ամենահատակից, մի մուգ կապույտ սրվակ։

Ժամը տասը խփեց․ լույս տվեցին։ Մերկ, կոշտ, պարզ, սառը՝ ինչպես քարանձավային կյանքն ու մահը՝ էլեկտրական լույսը։ Եվ այդքան պարզ՝ արդուկի, 74-րդ օպուսի, տափակ հացիկների կողքին՝ կապույտ սրվակը։ Թուջե աստվածը ողորմած մռմռաց՝ կլանելով նամակների մագաղաթադեղին, երկնագույն, սպիտակ թղթերը։ Թեյնիկը կամացուկ հիշեց իր մասին՝ կափարիչը թխկթխկացնելով։ Մաշան շրջվեց։

-Թեյը եռա՞ց։ Մարտ, սիրելիս, տո՛ւր ինձ...

Տեսավ։

Մի ակնթարթ՝ ամբողջովին ծակված պարզ, մերկ, դաժան էլեկտրական լույսով. վառարանի առաջ կուչ եկած Մարտին Մարտինիչը, նամակների վրա՝ մայրամուտի ջրի պես վարդագույն շողքը, և այնտեղ՝ կապույտ սրվակը։

- Մա՛րտ։ Դու... դու ուզո՞ւմ ես...

Անմահ, դառը, քնքուշ, դեղին, սպիտակ, երկնագույն բառերը լուռ կլանելով՝ թուջե աստվածը մեղմ մռմռում էր։ Իսկ Մաշան՝ նույնքան պարզ, ինչպես հենց նոր թեյ էր խնդրում.

– Մարտ, սիրելիս։ Մա՛րտ, տո՛ւր դա ինձ։

Մարտին Մարտինիչը հեռվից ժպտաց։

– Բայց չէ՞ որ դու գիտես, Մաշա։ Այնտեղ... միայն մեկի համար է։

– Մարտ, չէ՞ որ ես արդեն չկամ։ Դա այլևս ես չեմ։ Միևնույն է՝ շուտով ես... Մարտ, դու հասկանում ես... Մարտ, խղճա՛ ինձ... Մա՛րտ։

Ա՜խ, հենց այն նույն՝ այն նույն ձայնը... Եվ եթե գլուխդ հետ գցես ու վեր նայես...

– Ես քեզ խաբեցի, Մաշա. մեր աշխատասենյակում այլևս ոչ մի փայտ չկար։ Ես գնացի Օբերտիշևի մոտ, և այնտեղ՝ երկու դռների արանքում... Ես գողացա... Հասկանո՞ւմ ես։ Եվ Սելիխովն ինձ... Ես հիմա պետք է հետ տանեմ, բայց ես ամեն ինչ այրեցի, ամեն ինչ այրեցի, ամեն ինչ... Ես փայտերի մասին չեմ ասում, փայտերը դե ի՞նչ... Դու ինքդ էլ հասկանում ես, չէ՞։

Չուգունե աստվածը անտարբեր ննջում էր։ Մարող կրակի հետ քարանձավի կամարները հազիվ նշմարելի դողում էին, և նույնքան թեթև դողում էին տները, ժայռերը, մամոնտները, Մաշան։

– Մարտ, եթե դեռ սիրում ես ինձ… Դե՛, Մարտ, հիշի՛ր։ Մարտ, սիրելի՛ս, տո՛ւր ինձ։

Անմահ փայտե ձիուկը, երգեհոնիկահարը, սառցաբեկորը։ Եվ այդ ձայնը… Մարտին Մարտինիչը դանդաղ վեր կացավ ծնկներից։ Դանդաղ, ասես դժվարությամբ պտտեցնելով ճախարակը, սեղանից վերցրեց մուգ կապույտ սրվակը և մեկնեց Մաշային։

Նա մի կողմ գցեց վերմակը, նստեց մահճակալի վրա՝ շառագունած, արագաշարժ, անմահ, ինչպես այն ժամանակ  ջուրը մայրամուտին, խլեց սրվակը և ծիծաղեց։

– Ահա տեսնո՞ւմ ես։ Իզուր չէր, որ պառկած մտածում էի՝ այստեղից հեռանալ։ Վառի՛ր նաև մյուս լամպը՝ այն, որ սեղանին է։ Այդպես։ Հիմա էլ մի բան գցիր վառարանի մեջ. ուզում եմ, որ կրակը…

Մարտին Մարտինիչը, առանց նայելու, գրասեղանի դարակից ինչ-որ թղթեր կորզեց և նետեց վառարանը։

– Հիմա… Դու մի քիչ դուրս եկ ու զբոսնիր։ Կարծես լուսին է բարձրացել՝ իմ լուսինը. հիշո՞ւմ ես։ Մի՛ մոռացիր՝ բանալին վերցնես, թե չէ դուռը շրխկոցով կփակվի, իսկ  բացել -…

Ոչ, այնտեղ լուսին չկար։ Ցածր, մութ, խուլ ամպեր՝ կամարներ, և ամեն ինչ՝ մեկ հսկայական, լուռ քարանձավ։ Նեղ, անվերջ անցումներ պատերի միջև, և տներ հիշեցնող մութ, սառցակալած ժայռեր, և ժայռերի մեջ՝ խոր, բոսորագույն լուսավորված խոռոչներ․ այնտեղ, այդ խոռոչներում, կրակի մոտ՝ կքանստած մարդիկ։ Թեթև պաղ քամին սրբում է սպիտակ փոշին ոտքերի տակից, և  բոլորին անլսելի՝ սպիտակ փոշու վրա, քարերի վրա, քարանձավների միջով, կքանստած մարդկանց վրայով՝ մի մամոնտային մամոնտի հսկայական, համաչափ քայլքը։

1921թ

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

203
Հուլիս 20, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: