Շիրզադ Հասան․ Թվերի ջնջում

Գուցե քսաներորդ անգամն է։ Ոչ ավել, ոչ պակաս... Քսաներորդ անգամը... քսաներորդ հեռախոսագրքի պատռում, հարյուրավոր հեռախոսահամարների ոչնչացում։ Հարյուրավոր մարդկանց ոչնչացում, ընկերների, սիրեցյալների, ընկերների և հարազատների հեռախոսահամարների կորուստ՝ այս քաղաքում և այլ քաղաքներում։ Նրանց, ում դու սիրում էիր, և նրանց, ովքեր սիրում էին քեզ։ Նրանցից ոմանք մահացել են, այլևս չկան։ Գաղթել են։ Մոռացել են քեզ։

Առաջ՝ տարին մեկ կամ երկու անգամ, իսկ հիմա՝ ամեն ամիս, ամեն շաբաթ, և... Ո՜չ, նույնիսկ ամեն օր դու ջնջում ես մեկին քո կյանքից, նրա պատկերը՝ քո մտքից ու սրտից... Եսասիրության ժամանակ է, դու դրան սովոր չես։ Մանկությանդ ընկերներ, դժբախտության ու սովածության օրեր, երիտասարդությանդ ու անփորձությանդ շրջանի  ընկերներ... Անցյալում դու նոր տետր էիր պատրաստում յուրաքանչյուր երեք տարին մեկ, և քո նոր տետրում ջնջում էիր մի քանի հին թվեր, նոր թվեր ու անուններ՝ երբեք... Հիմա դու զզվել ես, այս վերջին վեց տարիների ընթացքում դու պատռում ես քո տետրը յուրաքանչյուր չորս կամ հինգ ամիսը մեկ և ջնջում մի քանի անուն ու թիվ։  Ընկերներիդ ու սիրելիներիդ անունները անհետանում են։ Յուրաքանչյուր թվի ջնջումը տեղափոխության, հրաժեշտի, բաժանման, դավաճանության և ընկերոջ, ազգականի, ընկերոջ, ընկերուհու կորստի նշան է... Թվում է, թե այսուհետ դու ամեն ամիս կփոխես տետրերը։ Գուցե այս տարի պատռես վերջին տետրը, որովհետև վերջին թիվը, որի կարիքը չես ունենա, քո սեփական համարն է... Շատ ես վախենում, որ այն մարդը, որի հետ կտրում ես կապդ, դու կլինես։ Նույն քաղցր հարաբերությունները, որ ունեիր ինքդ քեզ հետ... Ա՜խ ամբողջ կյանքի միայնության տառապանքից, ա՜խ անբարյացակամ աշխարհից... Այս տարի շատ թվեր ջնջեցիր. Աբբաս հորեղբոր թիվը նույնպես հեչ դառավ... Հիմա, երբ նա քեզ տեղը չի բերում, ինչի՞դ է պետք։

«Քեռի ջան... Ալո... Ալո... Ձայնս թույլ է... Այո, ես հեռու եմ... Հարյուրավոր կիլոմետրեր։ Որոշ ժամանակ քեզանից լուր չեմ ստացել։ Կարոտել եմ քեզ։ Ես պարտական ​​եմ քեզ... Այո, պարտական..»։ «Պա՞րտք։ Պարտք ո՞ր խանութին»։ «Ես պարտական ​​եմ քո Նոր Տարվա նվերներին ու համբույրներին, քո անցյալի մխիթարական խոսքերին, քո հալվային ու քաղցրավենիքներին ու կատակներին ու քո մաշված ջութակին, որից երբեք ուրախ մեղեդի չէր լսվում... Ոչ... Ոչ, ես Քյամալն եմ... Քյամալ Բեգն ո՞վ է։ Ես քո տգեղ զարմիկն եմ... Նախագծեր ու կոյուղու փո՞ղ... Հաշվարկումնե՞ր... Ես չեմ հասկանում, թե ինչ ես ասում։ Վարկերն ու տոկոսները քեզ շատ են շփոթեցրել... Դու ինձ տեղը չես բերում... Ինչպե՞ս...։ Լսի՛ր, քեռի ջան... Ես պարտական ​​եմ քո անցյալի բարությանը... Մանկությանս շրջանի... Ես քեզ հետ գործ ունե՞մ...։ Աստված վկա է, էր՝ ոչ։ Ասացի, որ ես Քյամալ Բեգը չեմ․․․ Խլնքոտ Քյամալն եմ․․․ Ոչ, սպասիր... Մի՛ անջատիր... Մոռացիր դա...»:

Անիծվի նզովյալ հեռախոսագիրքը։ Նույնիսկ քո հորեղբայրները, մորաքույրերը, քեռորդիները, զարմիկները, զարմուհիները, քրոջորդիներն ու եղբորորդիները... Քո անունը, քո ձայնը, քո արտաքինը շփոթում են կապալառուների, մաքսանենգների, վաճառականների, վարձով աշխատողների, պարտապանների և երգիչների ձայների ու վարվելակերպի հետ։ Հարազատներդ մեկ առ մեկ մոռանում են քեզ, նրանք քեզ չեն հիշում։ Հնամաշ լաթի կտոր ես դարձել՝ թվերը ջնջելու, մարդկանց կորցնելու, ջնջելու և գունաթափելու, մահվան... մարմնի մահվան, հոգու մահվան համար... Երբ սեր չլինի, էլ ինչի՞ են պետք։ Ջնջել այն աղջիկների համարները, որոնց հետ դու խոսել ես պոեզիայի, վեպերի մասին՝ կրքի մասին խոսելու փոխարեն։ Բոլոր այն գեղեցկուհիների հեռախոսահամարները, որոնք քեզ հետ խոսում էին հանուն սիրո և գուրգուրանքի... «Ա՜խ, քո սիրող աչքերի փայլից ու քո սիրող ձայնի դողից...», որի հետևանքը լինում էր այն, որ ամեն տարի նրանցից մեկը խաբում էր քեզ։ Դու լաց էիր լինում նրանց համար հեռախոսով, տնքում էիր... Ապա անամոթաբար հեծկլտում։ Ամենուրեք՝ ընկերների տներում, որոնց համարները հավաքում էիր դողացող մատներով։ Քո աղերսանքներից և տաք հառաչանքներից լարերը հալվում էին։ Ճանապարհեզրի տաղավարներում։ Ձյան ու անձրևի տակ, ամառային կիզիչ արևի տակ... Նրանց մեկ առ մեկ ասում էիր՝ «Աստված մի արասցե, որ ամեն տարի մեկն ինձ գրավի ու հետո թռչի ու հեռանա... Նազանին, Հելալե, Փերի, Նազդար, Բեֆրին, Աուրանգ, Գոլավիժ, Մարիամ... Հիմա լսի՛ր... Ենթադրիր, որ ես երկրի վրա վերջին շփոթված ու շշմած սիրահարն եմ... Մի՛ կարծիր, թե տկար ու անճար եմ... Դու անարդար ես վարվում... Այդպես չէ՞։ Միայն քնքուշ հոգի ու մաքուր աչքեր և սրտեր ունեցողները կարող են լաց լինել...»:

«Հիմա հասկացար, թե որքան հիմար ես»։ Ահա թե ինչպես նրանք քեզ պատասխանեցին։ Ստորության այս շնաբարո դարաշրջանում հիմարություն է խոսել սիրո և հավատարմության մասին... Անիծվեն քո անթիվ ընկերներն ու սիրեցյալները։ Որքա՜ն անգրագետ ու անձեռուոտ ես դու... Այսօր ոչ ոք չի մնացել, որին կարողանաս պատմել պոեզիայի և այգաբացի, որոտալից գետի, աշնան տխրության, ծովի աղմուկի, աստղերի շողշողման, երաժշտության և մանկության տարիների սառը հառաչանքների մասին... Ո՞վ է մնացել դժբախտ։ Ո՞վ։

Ո՛չ... քո օրերն անցել են... անցան... Աստված պահպանի՝ քեզ ․․․ քո երազանքներն ու ամեն առավոտի և երեկոյի տեսիլքները... Մնաս բարով, ո՛վ անբան ու անմիտ սիրահար... Ո՛վ անտեղյակդ ծրագրերի ու նախագծերի քանակից... Ո՛վ դու ռոմանտիկ մարդ, որ լուսինը համարում էիր թափառող գունատ աղջիկ, որը փնտրում է իր սիրելիին։ Սթափվի՛ր։ Աղջիկներ, որոնց դու շշնջացիր քո ներքին ձայնի՝ քո բարության, քո մաքրության մասին... Հեռախոսալարը լսեց քեզ, բայց ոչ նրանք... Էլեկտրականությունը լսեց քեզ, իսկ նրանց հոգիները՝ ոչ։ Հենց նույն գիշեր քեզանից հետո նրանց հետ խոսում էր մի վաճառական, կապալառու, վաշխառու, որոնց հետ խոսում էին իրենց վերնաշապիկների... կոշիկների... և տաբատների... և դրանց գույնի ու ծաղիկների տեղի մասին։

Հետո՝ քսակի կապի թուլացում... զրընգ-զրընգ... տատիկի լիրաները... ժառանգած լիրաները, որոնք հրաժեշտ տվեցին քեզ... թող չքվեն այդ համարները, երբ քո աչքերի փայլը ոսկու հետ են փոխանակում։ Լացիր քեզ համար, թող նվազի երազանքներիդ թիվը, սիրեցյալների թիվը, ընկերներիդ, այն կանանց թիվը, ովքեր խռովել էին իրենց տղամարդկանց հետ և նետվում էին քո գիրկը... Մոռացիր քո հին և նախկին ընկերուհիներին․․․ Փոխանակ՝ նրանց հետ վերմակի տակ սողալու և ֆրոյդյան ոճով տղամարդկանց և կանանց միջև անհավասարակշիռ հարաբերությունների մասին խոսելու, Կանանց սեռականության ձախողման, անհամատեղելի բնույթի, էդիպյան բարդույթի, Էլեկտրայի ձգողության, սխալ ընտրության, հոգևոր արժեքների փլուզման, տղամարդկանց կողմից ստեղծված օրենքների, արյան եռման, ճնշված կրքի հրաբխի ժայթքման, բանտարկված ցանկությունների մասին խոսելու։ Կանայք, որոնք քեզ էին բերում իրենց բողոքները իրենց հայրերի, եղբայրների, ամուսինների և փեսացուների մասին և գլուխները դնում քո ուսերին ու լաց լինում։ Այնպես որ՝ կարծես քո ուսերը նրա համար էին, որ պարտված կանայք նրանց վրա լաց լինեն..․ Սա քո ո՞ւսն է, թե՞ պարտված կանանց արցունքների անձրևով թրջված պատ։ Ասում էիր․ «Չէ՞ որ ասացի, որ տղամարդիկ սարսափելի արարածներ են։ Չասացի՞»։ Նրանք ասում էին․ «Մենք այդպես չէինք կարծում, մաեստրո... Մենք կարծում էինք, որ դա խանդ է»։ Հիմա վայելիր։ Նրանք լքեցին քեզ... Բոլոր այն աղջիկները, ովքեր ասում էին՝ «Մաեստրո, բարեկամությունը սուրբ է։ Մենք չենք կարող ապրել առանց Ձեզ։ Մենք կամուսնանանք, բայց Աստված վկա է, որ մենք չենք մոռանա Ձեզ։ Նույնիսկ երբ մենք հարաբերություններ ունենանք այլ տղաների հետ, մենք կմտածենք Ձեր մասին... Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Ձեզ։ Ձեր քաղցր խոսքերը, Ձեր կախարդանքը։ Այն բանաստեղծությունները, որոնք Ձերն էին, և տղաները մեզ ուղարկում էին իրենց անուններով...

Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Ձեզ, սիրելի մաեստրո... Ձեր խորամանկություններն ու հումորով բնավորությունը, վա՜յ Ձեր ու Ձեր ծիծաղների ձեռքից»։

Նրանք անհեթեթություններ էին խոսում, մոռացան քեզ, մոռացան քեզ, նրանք, աղջիկները... Այդպիսի ժամանակներ էին... Քաղցր հիշողությունների կախարդանքը հեռացնելու ժամանակն է։

Մեկ թիվ, երկու... տասը... ազդանշանի ձայն, և խռպոտ ձայնով մի տղամարդ վերցնում է հեռախոսը։ Ո՞վ է դա։ Եղբա՞յր, թե՞ հայր, ամուսի՞ն, թե՞ փեսացու, ընկե՞ր, թե՞ դավաճան, զարմի՞կ, թե՞ անբան սրիկա։ «Բարև, պարո՛ն... եթե Շիրինը այնտեղ է... բարև... Նազդար... այո, ես ուզում էի Գոլալեին...  ամուսնացե՞լ է... Ոչ, չեմ կատակում... Փաքիզե... Գոլզար... Փերի... Մահաբադ... խնդրում եմ... պարոն... ասեք ինձ, որ մաեստրո Քյամալը գծի վրա է... Ոչ թե Գեմալ[1], պարո՛ն... Քյամա՛լ... ներողություն... Մի՛ հայհոյեք ինձ... կանջատեմ հեռախոսը... տրեխավո՞ր։ Եղբա՛յրս, նա ինքն է ինձ տվել այս համարը ... Կարոտել եմ նրան… Ուզում էի իմանալ, թե արդյո՞ք նա նույնքան ճարպիկ  և ուշիմ  է տանը... Այո... Միշտ ինքն էր մաքրում գրատախտակը ինձ համար, և ես հեգնանքով ասում էի՝ «Մի՛ թող փոշի նստի քո մարմնի վրա...»:  Վստահ եմ, որ նրան դուր է գալիս լսել իմ ձայնը, ես գիտեմ դա... Երդվում եմ՝ չեմ ծաղրում… Ամուսնացե՞լ է, բարով-խերով… Դա շատ լավ է... Ալո․․․ Ալալեի հետ էի ուզում խոսել… Եղբայր, ես ինչո՞ւ եմ  տմարդ... Եղավ… Կանջատեմ հեռախոսը… Մի՛ գոռա... Իհարկե, ես նաև քույր և մայր ունեմ... Այո... Ոչ... Ես շատ շնորհքին վերաբերմունք ունեմ... ճայտրուկ էլ բաց մի՛ թող... անհարմար է․․․ Այո, վստահ եմ և գիտեմ, թե ինչպես են նրանք ընտրում իրենց ընկերներին։ Ես անբարո վարք ունե՞մ։ Աստված օրհնի քեզ... Ինչևէ, ես այն չեմ, ինչ դու կարծում ես... Նաև խաղատնից չեմ զանգահարում..․Թույլ տվեք Ձեզ տալ իմ հասցեն... Դուք ճիշտ եք... Այո... համար չէ... Կներեք, Փարիզը չէ... Այդպես է...

Դա ձեզ համար լավ չէ... Տղամարդ, որը աղջիկների հետևից է ընկնում... Դուք նույնպես... Ոչինչ...»։

Թող թվերը ոչնչանան... Այն աղջիկների համարները, որոնց դու նվիրեցիր քո հոգին, քո սերը... կարծես մի կառք լինեիր, որից յուրաքանչյուրը իջել է ինչ-որ տեղ, ինչ-որ կայարանում։ Սպասիր... սպասիր... կգա այն օրը, երբ քո մարմնի կտորները կթափվեն... քամին կփչի քո կողոսկրերի միջով, մրջյունները իրենց տունը կկառուցեն քո  աչքերի խոռոչներում։ Ցտեսություն, անցյալի անմեղ քեռիներ, ոչ թե ներկայի... անմեղության և ասպետության ժամանակաշրջան։ Հիմա բոլորը դարձել են մաքսանենգներ, վաշխառուներ, վաճառականներ, թանկ վաճառողներ և քիչ վաճառողներ։ Ցտեսություն, հորեղբայրներ, տղամարդկության օրերի հորեղբայրներ, որոնք հիմա իմ անունը շփոթում են պարտապանների հետ։ Ցտեսություն, քույրերս և եղբայրներս։ Դուք նույնպես թակարդված եք. թակարդված՝ Ձեր որդիների կողմից... նույն տղաների կողմից, որոնք կոտրում են դպրոցների դռները՝ գնալու և անպարկեշտ ֆիլմեր դիտելու համար... Թակարդված՝ Ձեր դուստրերի կողմից, որոնք դեռ տասը տարեկան չդարձած՝ անգիր գիտեն գեղեցկության և հմայելու արվեստը։ Մնաք բարով բոլորդ... Ես վերջինն եմ։ Վերջին հիմարը։ Շփոթված... հիմարը, որը դեռ կարծում է, թե հնարավոր է սիրել միմյանց նույնիսկ դատարկ գրպանով։ Ի՜նչ ժամանակաշրջան է դարձել։ Ամեն ինչ թվեր են ու թվեր... թվեր... թվեր... նախագծեր... գծագրեր... սեղաններ, պաշտոն ու փող... կանանց համարներ... ամուսինների համարներ... խաղաթվեր... խաղաթղթեր... թղթախաղեր... թղթախաղեր... բոլոր տեսակի թաքնված ու բացահայտ թղթախաղեր... Իհարկե, արտաքին աշխարհի համարների աճին զուգընթաց՝ քո տետրում համարները գնալով պակասում են... մինչև վերջապես սպիտակ տետրը դնում ես գրպանում և անտեղյակ քեզնից ու քո շան կյանքից՝ երբեմն նայում ես դրան, մինչև հեռվում հանում ես այն... քաղաքներում, մայթերին ու ծածկերի տակ, կամուրջների տակ գտնվող խցիկներում, փոստային բաժանմունքներում ու հյուրանոցներում՝ ինչ-որ մեկին զանգահարելու համար՝ մի տղամարդու, կնոջ, ազգականի, հարևանի, հին սիրո, ուսանողի, հեռավոր ընկերոջ... Քո սպիտակ տետրում ոչ մի համար չի մնացել։ Քո տետրը դարձել է այնքան սպիտակ, որքան քո սիրտը... այնքան մաքուր, որքան քո հոգին... զզվում ես։ Հիասթափվում ես։ Այն լցնում եք կեղծ համարներով, կեղծ ընկերներով, երևակայական ընկերներով, նրանցով, ովքեր երբեք չեն տեսել քեզ, և դու երբեք չես տեսել նրանց... Ամեն հեռախոսազանգով նրանց համբույրներ ես ուղարկում։ Ձևանում ես բարեկամ և ազգական, նշանած, անվանի մարդ, հավատարիմ եղբայր, տնից հեռու փախած ու հայրենիքից հեռու գտնվող որդի... Բայց նրանք անջատում են հեռախոսը։ Համբույրներ ես ուղարկում, գեղեցիկ խոսքեր, գեղեցիկ բանաստեղծություններ, կախարդական երաժշտություն, մինչդեռ նրանք անողոք թքում են քեզ վրա։ Վիրավորանքներ, նսեմացնող խոսքեր, զայրույթի կրակ, կասկածի ճիչեր... Հետո պատռում ես քո տետրը։ Ի՞նչ կարող ես անել այն տետրով, որ քեզ չի ծանոթացնում ընկերոջ, ինչ-որ մեկի կամ սիրո հետ։ Ջերմ շունչ, թեթևացում, քաղցր խոսք, ռոմանտիկ ժամադրություն, գորովանքով լի սիրտ, ողջույն, որը ցնցի սիրտդ, հրաժեշտի համբույր... Տետր ես գնում և մի այլ տետր պատռում... Վերջապես ստիպված ուզում ես հիշել քո մահացած ընկերների հեռախոսահամարները... Այո... Հիշում ես Մուստաֆայի համարը. Մուստաֆան, որը խեղդվեց Ասքի-քելեք գետում։ Նույն գետը, որը նրան լողալ սովորեցրեց մանկության տարիներին և խեղդեց նրան մեծահասակ տարիքում... Ի՜նչ ժամանակներ են։ Նույնիսկ գետերը, առվակները և ծովերը անհավատարիմ են... Նա ասում էր՝ «Քամու... Ես սիրում եմ այդ գետը, որովհետև ինձ լողալ սովորեցրեց մանկության տարիներին»։ Ասում էիր՝ «Մուստաֆա՛, այս գետը գութ չունի, այն ամեն տարի մեկին խեղդում է...»։

Նա ասում էր՝ «Ես... չէ... նա սիրում է ինձ։ Ես մատի չափ փոքրիկ էի, երբ նա ինձ լողալ սովորեցրեց, հիմա, երբ ես տղամարդ եմ, ինչպե՞ս կարող է նա ինձ դավաճանել... և ես եմ, որ մերկանում եմ նրա համար և լողում նրա սրտում...»։

«Մուստաֆա... Ալո... Մուստաֆա, ջրի տա՞կ ես... Ասա ինձ, դու ձուկ ուտո՞ւմ ես, թե՞ ձկներն են քեզ ուտում։ Մուստաֆա, ես քեզ զանգահարեցի, որովհետև այս քաղաքում ոչ ոք չունեմ... նույնիսկ երկիր մոլորակի վրա։ Ես ուրիշ ելք չունեմ, քան զանգահարել իմ խեղդված ընկերներին, իմ մահացած ընկերներին։ Մուստաֆա, սիրելի՛ս, եթե չես ուզում, տուր հեռախոսը ձկանը... ցանկացած որբ ձկանը... Ուզում եմ խոսել... խոսել... ցանկացած խոսակցություն... Ինչո՞ւ ձայնդ չի լսվում Մուստաֆա... Մուստաֆա ալո... Ալո՛, փողոցի և ճանապարհի եզրի ծառե՛ր... Ալո՛, երկնքի աստղե՛ր... Ալո՛, մայթերին ընկած տերևնե՛ր... Տանիքների և ծառերի վրա նստած անհանգիստ թռչուննե՛ր... Ինչո՞ւ չեք լսում ինձ... Ալո... Ալո ...»:

«Ալո՛. Ամի՛ն... Ոչ, ներողություն... Երբ ես և դու երեխա էինք, այդ թաղամասում նույնիսկ մեկ էլեկտրասյուն չկար... Ոչ, ներողություն... Դու շա՜տ շուտ մահացար, խեղդվեցիր կապույտ հազից։

Մուստաֆային խեղդեց Ասքի-քելեք գետը, և քեզ էլ՝ կապույտ հազը։ Կարծես ե՛ս էլ խեղդվում եմ, ինչպես դուք... Բայց ես խեղդվում եմ միայնությունից, սիրո պակասից։ Ընկերների հեռանալու վշտից, ընկերների կորստից, հարազատների դավաճանությունից, քեռիների վշտից, հորեղբայրների տղամարդկության անհետացումից... Մայրերի հեռավորությունից, երեխաների կորստից, քույրերի վշտից, հայրերի դաժանությունից... Ես էլ եմ խեղդվում... Ո՛չ Մուստաֆան, ո՛չ Ամինը... Օսմանը ողջ է... Նա չի մահացել, բայց ես նրան էլ եմ կորցրել։ Նա գաղթել է։ Ուրիշ ո՞ւմ... Ո՞ւմ ես փնտրում։ Ես շատերին կորցրեցի... Ո՛չ, նրանք լքեցին ինձ։ Մենք խռովեցինք... Ավելի կարևոր բաների համար։ Ո՛չ, ես ստեցի, շատ հիմար և անարժեք բաների համար։ Ո՞ւմ։ Ալիին, Սամադին, Սմկոյին, Ֆարհադին, Խալեդին, Ջամիլին, Սիամանդին... Ո՛չ, ո՛չ, նրանք չեն մահացել, ջրասույզ չեն եղել, բայց նրանք բոլորն էլ խեղդվեցին, մեռան։ Նրանց հեռախոսահամարները նույնպես ոչինչ՝ ջնջեցի։ Ի վերջո, նրանք այստեղ հո չեն։ Գաղթեցին խմբերով, շարքերով, զույգերով և մեկ առ մեկ ինձ մենակ թողեցին։ Այո՛, արտագաղթ... արտագաղթ... Անժամանակ գաղթ, կարմիր գաղթ, անվերադարձ գաղթ, առանց հետ նայելու։ Ալին Լոնդոնում, Մոհամմադը Ստոկհոլմում, Օսմանը... վախկոտ Օսմանը թողեց կնոջն ու երկու երեխաներին։ Նրա կույր, հաշմանդամ հայրը դեռ ունի դանակներ սրելու աշխատանքը և հիմա նա կարծում է, որ կարող է Օսմանի երեխաներին մեծացնել դանակներ սրելու եկամուտով։ Ի՞նչ գիտի նա, որ պողպատե դանակները գրավել են շուկան։  Ես նրան ասացի, որ մի քանի կտոր քաղցրավենիք դնի սկուտեղի վրա և վաճառի դրանք։ Սա ավելի լավ է, քան այդ աշխատանքը։ Աքրամը հիմա Բեռլինում է, իսկ Արևմուտքն ու Արևե՞լքը ինչ կասեք։ Ողջ լինես։ Աշխարհը գլխիվայր է շրջվել քեզանից հետո։ Դժբախտ պատը փլուզվեց, և երկու կողմերն էլ դարձան մեկ։ Գուցե Հիտլերը վերադառնա։ Այո... այո... դա այդքան էլ անհավանական չէ։ Սամադը Դանիայից կնոջը ամուսնալուծության դիմումնագիրն է ուղարկել, նրա կինը նույնպես իրեն ազատ է թողել՝ վրեժ լուծելու նրանից և... զբաղված է։ Այո, նա զբաղված է։ Ինչո՞վ է զբաղված։ Դո՛ւ ողջ լինես, չխոսե՛նք այդ մասին։ Ի՞նչ գործ ունես, ուզո՞ւմ ես անպատվենք ողջերին։ Ջամի՞լը։ Ջամիլը հիմա Սիդնեյում է, Ֆարհադը՝ Փարիզում, ոնց-որ՝ կինոյի բնագավառում է ուսանում։  Նա ուզում է վերադառնալ և քրդական ֆիլմեր նկարահանել։ Այո... այո... ֆիլմեր, ֆիլմեր, ֆիլմեր՝ մեր թաղամասի կռիվների մասին, բայց այդ քոսոտ այծը, նախկինի պես պարզապես Գուդմեն[2] լինելու համար, քեզ, ինձ, նույնիսկ թաղամասի երեխաներին վախկոտների տեսք է տալիս, որոնց ֆիլմի հերոսը կջախջախի։ Նա չգիտի, որ դու և ես մահացել ենք... շատ վաղուց. մենք մահացել ենք, և ոչ ոք չգիտի։

Հետո դու ցնցվում ես. գծի մյուս ծայրից ցածր ձայն է լսվում՝ «Խելագարվե՞լ ես։ Ի՞նչ ֆիլմ։ Ի՞նչ հերոս։ Երդվում եմ պատվովս, ամբողջ կյանքումս երբեք այսպիսի հիանալի զառանցանք չէի լսել։ Դադարեցրու, հիմա՛ր, բայց ոչ... Քեզ ծաղրելը հաճելի է...»։ Անիծյալ լինեն ստախոս հեռախոսագրքերը, կեղծ համարները։ Ինչպե՞ս է նվաստացնում քեզ։ Ի՞նչ է անում։ Աստված իմ, գոռա... Ո՞ւմ հետ խոսեմ։ Դու մահանալու ես այս խեղդուկից... Խեղդվելու ես այս միայնակությունից ու օտարությունից... Ախ, ընկերների ու սիրեցյալների համարներով լի այս հեռախոսագրքից։ Վերջին գիրքը, որի վերջին համարը դու ջնջել ես։ Քո հեռախոսահամարը, ի՞նչ ես անելու այդ։ Գուցե ինքդ քեզ հետ խոսես, լսես քո կոտրվելու ձայնը, պարզապես ինքդ հետաքրքրվես քո մասին։ Քեֆդ լա՞վ է, թե՞ ոչ։ Ո՞ղջ ես, թե՞ մեռած։ Բայց դու չես կարող լինել երկու մարդ... Երկու կտոր... Մեկը աշխարհի այս կողմում, մյուսը՝ այն կողմում։ Դա անհնար է։ Պետք է դեն նետես քո տետրը... Նետիր այն նրբանցքում կամ կինոթատրոնի, մզկիթի, հնավաճառների շուկայի դիմաց... Իսկ աճուրդներում ինչպե՞ս է։ Սրճարաններում, պանդոկներում... կամ այն ​​շուկաներում և առևտրի կենտրոններում, որոնք երեկոյան լի են աչքը դուրս մարդկանցով, լի են տղաներով ու աղջիկներով, տարեց կանանցով ու այրիներով, ամուրի տղամարդկանցով և այրիացած կանանցով ու տղամարդկանցով, երիտասարդներվ ու զառամյալ ծերունիներով։ Դե՛ն նետիր այն… բայց հնարավո՞ր է, որ քո հեռախոսահամարը չանհետանա՝ այս մարդկանց, անուշադիր անցորդների ու անտեղյակ տղամարդկանց ու կանանց ոտքերի տակ։

Կարծում ես՝ չի՞ ջնջվի։ Ուրեմն դեն նետիր։ Գուցե Աստված կամենա, և ինչ-որ մեկը վերցնի այն.  մի կին, մի տղամարդ, ով էլ որ լինի... Գրքում ընդամենը մեկ թիվը բավական է նրա ուշադրությունը գրավելու և քեզ հետ խոսելու համար։ Գուցե նա կատակել սկսի։ Նույնիսկ եթե ձեռք առնելու նպատակով լինի, արժե այդ հաճույքին։ Լավ է ունենալ մեկին, ով ձեռք կառնի քեզ։ Վատ չէ… Բոլոր սիրելի համարները ջնջելուց հետո... սուզվել... գաղթ, բոլոր ընկերներիդ դաժան մահը, հարազատներիդ և ընկերների կորուստը... հովանավորողներին... Սիրելիներին... Դե դե՛ն նետիր։ Մի՛ տատանվիր։ Այդ անիծյալ հեռախոսագիրքը... Դե դե՛ն նետիր... Դե՛ն նետիր...

Թարգմանությունը անգլերենից՝ Անի Հովսեփյանի

 

[1] Գեմալ․ քրդերեն՝ արու շուն (թրգմնչ):

[2] Good man

292
Հուլիս 22, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: