Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է՝ մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող, քանի որ նա, ով ամենավերջում ճիշտ դուրս կգա՝ մտնելով քաոսի մեջ, ետ չի դառնա կամ հակառակ դեպքում ստիպված կլինի վերափոխել այն:
Միջանկյալ տարածքներում գոյություն ունի լոկ անճշմարտանմանը:
Սա է կարևորը. անասելին միջբառային դատարկությունն է, իսկ բառերը միշտ երկրորդական բաների մասին են խոսում, ինչի մասին մենք, ըստ ամենայնի, չենք էլ մտածում: Մեր անկեղծ ցանկությունը լավագույն դեպքում լոկ նկարագրվում է, իսկ դա, բառիս բուն իմաստով, նշանակում է պտտվել շուրջը և գրել մասին: Օղակել: Բերել փաստարկներ, որ երբեք չեն արտահայտի մեր անկեղծ ապրումը՝ այդպես էլ չասված. դրանք կարող են սոսկ եզրագծել ապրումի սահմանները, առավելագույնս մոտ ու ճշգրիտ, իսկ անկեղծը՝ անասելին, լավագույն դեպքում իբրև լարվածություն սպրդում է այդ արտահայտությունների արանքից:
Կարելի է ենթադրել, որ մենք ձգտում ենք արտահայտելու այն ամենը, ինչ կարող է արտաբերվել. լեզուն նման է կտրող գործիքի, որ հեռացնում է այն, ինչ գաղտնիք չէ, և ասել նշանակում է կտրել ավելորդը: Մեզ չպետք է դա վախեցնի, որովհետև ցանկացած բան՝ երբևէ բառ դարձած, մի տեսակ կտրված է այլևս: Ասում են այն, ինչ կյանք չէ: Ասում են դա հանուն կյանքի: Լեզուն աշխատում է ինչպես քանդակագործը՝ կտրող գործիքով՝ կտրելով դատարկությունը, մերկացնելով գաղտնիքը, մերկացնելով կյանքը: Միշտ վտանգ կա, որ գաղտնիքը կպսակազերծվի, իսկ մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ ժամանակից շուտ կանգ կառնեն, որ չհասկացվածություն կմնա, որ գաղտնիքը չեն հասկանա, չեն բացահայտի, չեն ազատի անպետք, ավելորդ բաներից, մի խոսքով՝ չեն բարձրացնի վերջին ծածկոցը:
Այդ ծածկոցը, որի տակ է թաքնված ամենը՝ վաղ թե ուշ արտահայտվելիք, պետք է մի ամբողջություն կազմի գաղտնիքի շերտի հետ: Անպտուղ ծածկոց է դա, որ գոյություն ունի միայն հոգևոր ոլորտում, բայց ոչ բնության մեջ, չնայած այնտեղ էլ սահմաններ չկան՝ սարը երկնքից առանձնացնող. միգուցե սա հենց ա՞յն է, ինչ ձև են կոչում:
Մի տեսակ հնչող սահման:
Ռուսերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը
- Hits: 6879