Շիրզադ Հասան․ Ծուխ

Սկզբում միայն նա էր ողջ աշխարհի խավարի ու լույսի տիրակալը։ Իր սուրբ գահի բարձունքից հազարավոր տարիներ նա հայացքը հառել էր ծովին, անտառներին և հեռու ու մոտ աստղերին։ Չկար ոչինչ, որ խաթարեր այդ գեղեցկությունը։ Բայց այն ամենը, ինչ կար երկնքի յոթ գմբեթների տակ՝ լուսնի ու մոլորակների վրա, լուռ ու անշարժ էր։ Նրա ականջը, որ լավ էր լսում, որսում էր քամու ամենաթեթև շնչառությունը, իսկ անտառում ընկնող մի տերևի ձայնն անգամ ինչպիսի՜ արձագանք էր թողնում։ Մինչև ե՞րբ այս լռությունը։ Շատ գիշերներ նա ապշած, շփոթված ու անհանգիստ հայացքը հառեց երկրին ու մոլորակների խավարին։

«Այս աշխարհին ինչ-որ բան պակասում է»։ Մենակությունը հոգնեցրել էր նրան։

«Բացի ինձնից ու ոտքերիս տակ գտնվող այս ծառերից ու թփերից՝ այս ծովը ու հողը մի տեր է ուզում»։ Հորանջեց ու պառկեց։ «Մի էակ, որը կճանաչի ինձ։ Այդժամ իմ թագավորությունն ու տիեզերքը նրա հետ կբաժանեմ»։

Երկինքը նույն երկինքն էր, իսկ երկիրը՝ նույն երկիրը։ Մի օր, մի տարի, մի դար ու հազարավոր-հազարավոր դարեր անցան։ Նա մեն-մենակ թափ էր տալիս իր վրայից օտարության փոշին ու հանձնում քամուն։ «Մինչև ե՞րբ։ Թող մոլորակներ բնակեցնեմ, իսկ հետո ուրախությունից հրճվեմ այս նորաստեղծ էակով։ Թող իմ իսկ լույսի մի շողը նրանց հոգին դառնա։ Ի՞նչ կա ավելի կախարդական, քան այս լուսաբացի շողը։ Աստվածային սարսափ ու ահ է այն։ Իսկ ի՞նչն է կրակից ավելի մաքուր»։

Նա իր լույսից բուռ-բուռ վերցրեց ու նետեց դեպի ամենահեռավոր մեռյալ մոլորակը։ Նրանցից յուրաքանչյուրն իր հրեղեն բոցով խոնարհվեց հայրական լույսի առաջ։ Բոլորն էլ կրակից հյուսված հանդերձներ ունեին։ Նրանք անպաշտպան ու անօգնական թողնվեցին այդ մոլորակի վրա։ Վերջապես տիեզերքի մյուս ծայրից նա գոչեց. «Զգո՛ն եղեք։ Այն ամենը, ինչ ձեր հրեղեն հոգով կայրեք, աղետ կդառնա։ Այժմ դուք իմ հոգու շողերն եք։ Հանկարծ չփորձեք ավելին ուզել»։

Սկզբում հազար տարի խոնարհվեցին այս իմաստության առաջ։ Նրա ծափի հետ գլուխները բարձրացնում էին։ Ապշած, զարմացած ու այդ հրաշքից հիացած՝ առաջին մոլորակի բնակեցման կախարդանքից ոգևորված՝ նա ուզում էր ևս մի քանի մոլորակ բնակեցնել։ Որպեսզի միայնության վիշտն ու լռության սարսափը իրենից ավելի ու ավելի հեռու վանի։ Որպեսզի լույսի ու ջերմության բոցն ու կայծերը բոցավառեն աշխարհի բոլոր անկյունները։

Առաջին մոլորակի վրա իրարանցում սկսվեց․ ծնունդներ ու բազմացում։ Իր փչելու կախարդանքով երկինքը լցվեց թռչուններով։ Մեկ այլ փչոցով անտառները լցվեցին առյուծներով ու թիթեռներով։ Մի փչոց էլ, ու ծովերը լցվեցին ձկներով։ Մի ճիչով հազարավոր գետեր ու աղբյուրներ հոսեցին։ Նորաստեղծ աշխարհներով արբած՝ նրանք բարձրաձայն ծիծաղեցին՝ քա՜հ-քա՜հ։ Այդ հռհռոցից ջրվեժներ հոսեցին։ «Միայն մեկ մոլորակով ո՞ւր կարելի է հասնել։ Թող միուսներն էլ բնակեցնեմ։ Լռությունը գնալով կխամրի։ Ուրիշ ձայներ ու գույներ կխառնվեն իրար»։ Հոգնած այդքան արարչագործությունից՝ նա մի պահ նիրհեց ու քնեց։

Ի՜նչ աղետ եղավ այն օրը, երբ նա իր հոգու բոցից հանկարծ այրեց մի խիտ անտառ։ Աչք թարթելու չափ ժամանակում իրարանցում սկսվեց։ Արարչի թաքուն գաղտնիքն ու ագահությունը խարույկի մեջ նետված չոր խոտի պես բոցավառվեց։ Մի թուփ, երեք թուփ, չորս թուփ...

Նրա հրեղեն հոգին ավելի ու ավելի ահասարսուռ կերպով բռնկվեց։ Բոլորն իմացան այդ մասին, և յուրաքանչյուրն իր կողմից ավելի բորբոքեց կրակը։ Ամեն ծառ, թուփ ու անտառ, որ հայտնվում էր նրա ճանապարհին, կրակի էր մատնում։ Իրարանցում սկսվեց։

Երկուսի հրեղեն հոգին այստեղ ու այնտեղ դժոխքներ ստեղծեց՝ մեծ ու ավելի մեծ, սարսափելի ու ավելի ահեղ, ավելի արագ ու ավելի բոցավառ։ Խելագար մոլեգնությամբ նրա կայծերը հասնում էին երկինք։ Ոմանք այս ու այն կողմ չհասան ծառերին ու անտառներին։ Այստեղ մի շող, այնտեղ՝ մեկ ուրիշ շող... Նրանք ստիպված մտան իրենցից ավելի մեծ թևերի տակ։ Ավելի այրող։ Նրանց թևերի տակ, ովքեր հասել էին անծայրածիր անտառներին, նրանց, որոնց հոգիները միախառնվում էին անողոք կրակի հետ։

«Ո՞վ է հանգցնելու այս բռնկված աստղը»։

Դեռևս հոգին չէր շնչվել այդ տարօրինակ արարածների մեջ, որոնք ապրում էին ջրում․ միայն մրրիկն ու կրակն էին հարձակվում՝ առանց որևէ արգելքի մոլեգնելով ու սանձարձակ տարածվելով։ Ծուխը թանձր էր։ Պատերի, ամրոցների ու շենքերի ավերումը, անտառների վրա այրվող ճյուղերի ճարճատյունը, ծառերի ճիչերը, այրված թռչունների անկումը... Ծովերի խորքերում ձկների այրվելը, վայրի կենդանիների կործանումը... Բլուրներ, փոշի ու մոխիր՝ մրրիկների հարձակման տակ։ Սևացող լեռներ ու ցամաքող աղբյուրներ։

Հանկարծ սարսափահար վեր թռավ քնից։

Վա՜յ այդ աղետին։ Ի՞նչ էր տեսնում։ Ծուխը հասել էր մինչև գահի տակն ու ամեն ինչ պատել։ Ո՞ւր էր իր սիրելի մոլորակը։ Ո՞ւր էին իր գեղեցիկ արարածները։ Ծուխը թույլ չէր տալիս նրանցից ոչ մեկին տեսնել։ Չհասցրեց իր ողորմության անձրևը տեղալ։ Երկնքի բոլոր յոթ գմբեթներն ու բոլոր աստղերը ծխի մեջ էին խեղդվել։ Անծայրածիր ծովերը գոլորշացել էին։ Ապստամբ լեռները հալվել էին։ Այստեղ ու այնտեղ հրաբուխներ էին ժայթքում, օվկիանոսները խեղդվում էին, մայրցամաքները ավերվել էին։ Կամաց-կամաց նա կորցրեց բոլոր մոլորակները։ Մի սարսուռ տվող բոց իր մեջ կլանեց կրակն ու կայծերը։ Միայնակ մոլորակն էլ դարձել էր անվերջանալի դժոխք։ Ծուխը ամեն ինչ իր մեջ կուլ տվեց... Ամեն ինչ ջնջեց, ամեն ինչ խեղդեց։ Շատ չանցած՝ լույսից հյուսված մի սանդուղք խեղդեց ողջ արևը, լուսինն ու աստղերը։

Շատ ժամանակ չանցած՝ ծուխը պատեց նրա լուսավոր աչքերը։ Նա՝ տխուր ու կույր, արցունքներն աչքերից հոսում էին։ Նա այնքան լաց եղավ իր աչքերի ու այրվող մոլորակի համար, որ երկու աչքերի բիբերն անգամ մարեցին։ Չհասցրեց իր սիրելի մոլորակը փրկել կործանումից։

Կրակի մրրիկից ու կործանումից հետո էլ՝ մինչ օրս, այդ աստղը անդադար այրվում ու ծխում է։ Իսկ նա, առանց տեսնելու, շարունակում է լացել։ Նրա խոշոր արցունքները ոտքերի առաջ գոլորշանում են։ Հիմա էլ այդ աստղը այրվում ու ծխում է։ Ծուխ... ծուխ։

Նա լալիս է ու լալիս։

Ու միայն լալիս է։

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

354
Օգոստոս 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: