Անդրեյ Բելի․ Լուսային հեքիաթ

1

Վազում են րոպեները։ Փայլկտում են պատկերները։ Ամեն ինչ սլանում է։ Մեծ է կենաց թռիչքը։ Պտտվում են համաստեղությունները՝ պտտվում են անվերջ։ Եվ թռչում են, թռչում…

Սրանք կրակի արցունքներն են: Անսկիզբը մի ժամանակ արտասվեց։ Բոցավառված արցունքների կաթիլները վիթխարի տարածության մեջ այրվում են՝ պաղելով։ Եվ համաստեղությունների ակորդները հոգու մեջ արթնացնում են լացի մոռացված երաժշտությունը։

Սրանք աստղերն են՝ հրակարմիր կայծերը հավերժական հրթիռի, որն անցել է կողքանց։ Այրվում են՝ պաղելով։ Տիեզերքների քաոսի միջով նրանք միմյանց են ուղարկում ոսկե խրձեր՝ կրակի դրոշները թիռանցած հայրենիքի։

Եվ ահա, մարելով, նրանք անդունդի միջով նետում են ոսկեշող-օդային լույսեր։ Սառչող գիրկը սեղմում է ձյունե-դողդոջուն ջերմության ու ճերմակ ոսկու թրթռուն շոյանքները։ Եվ ճերմակ-ոսկեշող, ատլասե-օդային ու տաք տենչանքներից՝ ճառագայթներից հյուսված էակներ են ծնվում սառչող աստղերի մակերեսին։

Արևների մասին երգում են արևների զավակները, միմյանց աչքերում փնտրում են անժամանակության արևային նշանները և այդ լույսերի որոնումներն անվանում են կյանք։

Իսկ ոսկեշող-օդային հոսանքները թռչում են ու թռչում առ նրանց՝ շոյելով և քնքշորեն համբուրելով, դարերի քաոսի միջով, հոսող տարածությունների անդունդի միջով։

Ընդմեջ րոպեների թրթռում են պատկերները, և ամեն ինչ սլանում է կենաց թռիչքի մեջ։ Արևի զավակներն անսահման խավարի միջով ուզում են նետվել առ Արևը։

Ինչպես թավշյա մեղուները, որոնք հավաքում են մեղրոսկին, նրանք իրենց սրտերում պահպանում են արևափայլի պաշարները։ Նրանց սիրտը կտեղավորի միջօրյա հիացմունքը․ այն կընդարձակվի, ինչպես մի բաժակ, որովհետև նրանց հոգին պետք է դառնա հսկայական հայելի՝ արտացոլող արևների կայծակները։ Նրանք ծնում են Արևի թոռներին, որպեսզի նրանց փոխանցեն լույսի գաղտնիքը՝ լուսաշող նշանները։ Այդ նշանները բացահայտում են արևայնությունը։

Եվ ահա սերունդների երկար շարքը սովորում է հիշել անտեսանելին և այդ բաղձալի հիշողություններն անվանում է գիտություն։

Ժողովում են արևը, կուտակում են լույսեր՝ ոսկե լույսեր և օդա-ճերմակներ, - կուտակում են լույսերը Արևի թոռները։

Կգա մի օր, երբ նրանց սիրտը կամփոփի բոլոր հրեղեն արցունքները՝  տիեզերական հրթիռի արցունքները, որը բռնկվել է ժամանակաց ժամանակից էլ առաջ։

2

Ես ծնվեցի։ Մանկությունն իմ պարուրված էր խավարով։ Երկու սև թև թրթռում էին մանկան վրա։ Կախված էր սև, գիշերային երախն ու ցուրտ էր շնչում։ Հիշում եմ ինձ առաջին անգամ պատուհանի մոտ։ Սառցակալած պատուհաններն այրվում էին կայծերով։ Ես ուզում էի, որ դայակս ժողովի այդ կայծերը փայտե գավաթիկի մեջ։

Մեկը՝ ճերմակահեր ու վշտալի, նստած էր սեղանի մոտ՝ գորշագույն աչքերը մի կետի սևեռած։ Ձեռքերով շփում էր ծնկները և ժամանակ առ ժամանակ քիթն էր սրբում։ Երկու մոմեր թաղման լույսով լուսավորում էին նրան, իսկ նրա պենսնեի լայն սև ժապավենն անդադար սահում էր վշտահար դեմքից վար։ Նա նստած էր բաց երախի նմանվող խավարի ֆոնին, որն անխնա ձգտում էր ներխուժել լուսավորված տարածության մեջ։ Քմծիծաղող երախը սպառնում էր մեզ կլլել։ Բայց վշտալի ծերունին վեր կացավ և փակեց դռները։ Երախը գոցվեց։

Նա շարունակում էր նստել՝ քարացած, հայացքը մի կետի սևեռած։ Նա ինձ անծանոթ թվաց, բայց ձեռքի կոշտացած մատը ձգվեց դեպի ինձ, և ականջիս մոտ հնչեց դայակի ձայնը․ «Ահա հայրիկը… Նա մեզ հետ է…»։ Ես սկսեցի ճանաչել նրան։ Պատի հետևից լսվում էր խստաշունչ երգը։ Կռացած հայրս մոտեցավ ինձ։ Մատով կսմթում էր ինձ և ասում․ «Սա ձմեռային քամին է»։

Պատուհանի մեջ բացվել էր սև երախը և սառնություն էր շնչում։ Ինձ ասացին, որ այնտեղ երկինքն է։

Ինձ տարան քնելու։

3

Ես սիրում էի արևաշողքերը, որոնք վազվզում էին պատերի վրա։ Դա այնքան տարօրինակ էր, որ ես բացականչում էի․ «Ի՞նչ է սա, ի՞նչ է սա…»։ Բայց բոլորը ծիծաղում էին։ Ես էլ էի ծիծաղում, սակայն կրծքիս մեջ թևեր էին թպրտում։

Ես սիրում էի ոսկեշող-օդային լուսահոսքերն ու ճերմակ ոսկու քնքշանքները։ Գարնանը մենք տեղափոխվում էինք ամառանոց, և ես վազում էի պարտեզի արահետներով՝ երեխաներին փնտրելու։ Նրանք բոլորը կապուտաչ տղաներ ու աղջիկներ էին։ Մենք խաղում էինք։ Արևի երեխաներ։ Անձրևից հետո ջրափոսերը շողում էին ոսկեդրամների պես։ Ես առաջարկում էի բուռ-բուռ ժողովել ոսկեշող ջուրը և տուն տանել։ Բայց ոսկին փախչում էր, իսկ երբ տուն էինք բերում արևափայլը, այն պարզվում էր՝ պղտոր ցեխ է, որի համար մեզ նախատում էին։ Երբեմն մենք ցատկում էինք ջրափոսերի մեջ՝ կապույտ նավաստիական վերնաշապիկներով, որոնց վրա կարմիր խարիսխներ էին, ծափ էինք տալիս և միասին երգում․ «Արևիկ-շողիկ»։

Կուրացնող շիթերը ցրվում էին ամեն կողմ, բայց երբ վերադառնում էինք տուն, մեծերն ասում էին, թե մենք ցեխոտված ենք։ Անորոշ կերպով հասկանում էինք, որ այս ամենը ավելի խորամանկ է, քան թվում է։

Ոսկե-օդային հոսանքները սլանում էին դարերի քաոսի միջով և մեր շուրջը հյուսում կեսօրը ճերմակ ոսկուց ։ Մենք թվում էինք լուսազարդ, և ալեհեր ամառանոցաբնակ ծերունին միշտ ճանապարհում էր մեզ իր ծերունական մրմունջով.

-Անմեղ հրեշտակներ…

Արևի մասին էին երազում Արևի զավակները։ Նրանք, ինչպես մեղուները, ժողովում էին արևի ճառագայթների մեղրագույն դեղնությունը։ Չգիտեմ, թե ինչ էինք մենք տենչում, բայց մի օր հորս խնդրեցի ոսկեզօծ գինի՝ կարծելով, թե դա արևի խմիչքն է։

Ինձ ասացին, որ երեխաների համար դեռ վաղ է գինի խմելը։ Մի օր Արևի զավակները հավաքվեցին ծեր բոխենու մոտ։ Դա մեր օդային նավն էր։ Մենք նստել էինք ճյուղերին՝ լողալով դեպի Արևը։ Ես էի կարգադրում նավարկության մեկնարկը։ Կրծքիս մեջ երաժշտություն էր ելնում. հնչում էր կայծակնային շիթերի սոսափը։ Իսկ ծառը մոլեգնում էր, և ճյուղերը խոնարհվում էին։ Խոնարհվելով՝ օրորում էին լույսի երեխաներին, որոնք սլանում էին դեպի Արևը։ Ճերմակ ոսկու հոսանքները ծակում էին կանաչը, տաքացնում մեզ և ավազի վրա ճոճվում էին որպես լուսաշող խնձորիկներ1։

4

Մի երեկո հնչեցին զրնգուն ձայներ։ Կարծես ձգում էին ոսկեզօծ մեղրը՝ խիտ, սոսնձի պես, որպեսզի մեղրից ոսկեզօծ, շողարձակ թելեր պատրաստեն։ Երբեմն թվում էր, թե դրանք հեղուկ արևի շիթեր են, որ շառաչում են։ Բայց դա արևը չէր. հարևան ամառանոցի փոքրիկ պատշգամբում նստած էր կաղ ուսանողը՝ կարմիր շապիկով, թափահարում էր գանգուր մազերը և ջութակի վրա աղեղ էր սահեցնում։

Եվ ճռնչում էր ոսկին՝ ձգվելով թելերի, իսկ ինչ-որ մեկը ծիծաղելով փաթաթում էր այդ թելերը ոսկե կծիկների մեջ և կծիկներն էր նետում՝ ինչպես շողարձակ արևիկներ։

Երկար լսում էի կաղ ուսանողին և ասում.
- Արևն է հնչում… ոսկին է հնչում… ամեն փայլող բան ոսկի չէ…

Սովորում էի։

5

Անցնում էին օրերը։ Ես փորձեր էի անում։ Շրշացնում էի ոսկեգույն, աշնանային տերևները։ Ոսկեգույն ներկերով նկարներ էի գունավորում։ Մատներիս արանքով սահեցնում էի չոր, դեղին, շրշացող վարսակը։

Մի անգամ լուսինը ողողել էր սենյակն իր լույսով։ Ես վեր թռա անկողնուց և վազեցի դեպի հայելին։ Հայելու խորքից առ ինձ նետվեց մի աշխույժ տղա ու փայլկտացնում էր իր աչուկներով։ Մոտակա ամառանոցից արևային հնչյուններ էին գալիս․ լուսեղեն թելերի փոքրիկ կծիկներ էին փաթաթում։ Երևի ուսանողը ջութակ էր նվագում։

Ես հայելու միջոցով բռնեցի լուսնաշողը։ Հայելին շրջեցի հատակին և երազեցի, թե կանգնած եմ լճակի վրա։ Ոսկեգույն, փայլփլուն մակերեսը դողդոջում էր շողարձակ փայլով, և ուզում էի սուզվել նրա խորքը։ Ես ցատկեցի հայելու մեջ։ Ճարճատյուն լսվեց, և ինչ-որ բան կծեց ոտքս։

Աղմուկից ներս վազեցին։ Ինձ տեսան կոտրված հայելու մոտ։

Այդ ժամանակ ընտանեկան խորհուրդ գումարվեց, և որոշեցին ինձ համար ուսուցիչ վերցնել։ Հորեղբայրներս ու մորաքույրներս իրար հերթ չտալով ասում էին.

-Տպավորվող տղան իր հետաքրքրասիրության համար սնունդ է որոնում։ Ավելի խելամիտ է նրա հետաքրքրասիրությունը բավարարել լուրջ գիտելիքներով, քան կերակրել երևակայություններով։

Մի ծեր հայր միայն լուռ ու տխուր էր։ Նայում էր ինձ։ Իսկ նրա պենսնեի լայն ժապավենը շարունակ սահում էր դեմքի վրայով։ Նա հասկանում էր ինձ։ Բայց լռում էր։

Այդ օրվանից ինձ մոտ սկսեց հաճախել երկար մազերով կաղ ուսանողը։ Իզուր սպասում էի, թե նա իր հետ նաև ջութակ կբերի։ Նա ինձ բերում էր լուսեղեն բզեզներ ու չորացրած խոտաբույսեր՝ ասելով, որ դրանք նույնպես արևային էներգիայի արդյունք են։

Հետագայում իմացա, որ նա դարձել էր սպիրիտիստ2։

Տարիներն անցնում էին։

6

Ես ավարտում էի գիմնազիան։ Երբեմն ինձ էր այցելում կաղ ուսուցիչը։ Լսվում էր նրա կտրուկ ձայնը.

- Վազում են րոպեները։ Փայլկտում են պատկերները։ Ամեն ինչ սլանում է։ Մեծ է մտքի թռիչքը։ Հիշողությունը զգայուն լուսաթիթեղ է։ Ամեն ինչ իր վրա է դրոշմում։ Վերադարձող պատկերը թռչում է։ Երկրորդ անգամ է դրոշմվում։ Մանրամասները ջնջվում են։ Մնում են ընդհանուր ուրվագծերը։ Կազմավորվում են հասկացությունները...

Նա խոսքի ռիթմին համընթաց մատներով զարկում էր, ինձ սովորեցնում էր բառերի երաժշտությունը։ Նրա մոտ սովորություն էր դարձել գալ ինձ մոտ, զարգացնել մտքերս, ջնջել մանրամասները, կազմավորել հասկացությունները։

Հասկացությունները միահյուսվում էին։ Բազմազան էին նրանց փոխհարաբերությունները։ Հյուսվում էր հյուսվածքը։ Եզրահանգումների օղակները,  սարդոստայնի փաթիլների պես, հեռվից նշաններ էին տալիս մեզ։ Ամրացած միտքը թևեր էր առնում։ Իմ ոգևորված ուսուցիչը ձեռքերով խփում էր սեղանին, ոտքով՝ հատակին, և նրա նեղ, շիկահեր մորուքը ոգևորությունից դողում էր։

Նա գոչում էր.

- Միտքն աճում է։ Ամեն ինչ իր հետ է տանում։ Ամեն ինչ սլանում է մտքի թևերի վրա։ Բայց ահա հենց ինքը՝ միտքը, ծալվում է, ծալվում է ժապավենի պես։ Շրջվում է դեպի ինքն իրեն։ Նրա շրջանը փակվում է։ Եզրահանգումների ցրված օղակները միաձուլվում են մի սարդոստայնանման, մշուշոտ օղակի մեջ։ Քամին պտտեցնում է մշուշի այդ ճերմակավուն անիվը։

Եվ մենք կազմավորում էինք մտքի շրջաններ ու պտտեցնում այդ ճերմակավուն մշուշի անիվը՝ ես և կաղ ուսուցիչը։ Իսկ մեր խոսքերը ճեղքում էին օդն ադամանդե հրթիռների պես։ Մենք միմյանց վրա թափում էինք խոսքերի հրավառության3  կրակոտ արցունքների անձրևը։

7

Ես ուսումնասիրեցի լուսակները4։ Փորձանոթների և թորանոթների մեջ ինձ մոտ աշխարհներ էին ծնվում։ Աստղագիտության պրոֆեսորն ինձ բազմիցս նստեցնում էր աստղադիտակի առաջ։ Վերջապես հանձնեցի քննությունը և սկսեցի կարդալ «Գիսաստղերի պոչերի մասին» դասընթացը…

8

Ամբողջ այն արևաշողությունը, որին ընդունակ էի, մանկության օրերի ամբողջ մեղրանման ոսկին, միավորվելով, խոցեցին կենաց սառը սարսափը, երբ ես տեսա Նրան։ Եվ իմ հրեղեն սիրտը, հրթիռի պես, սլացավ անգոյության քաոսի միջով առ Արևը՝ դեպի հեռավոր հայրենիքը։ Խավարի մեջ հրեղեն մի կետ սկսեց գծել պարուրաձև լուսե օղակներ։ Վերջապես այն հեռացավ։ Հրեղեն-պարուրաձև օղակներն անձայն հալվեցին։

Նրա աչքերը՝ երկնքի մեջ բացվող երկու կապույտ կամարներ, շրջապատված էին գանգուրների արևաշողությամբ և արշալույսների մեղմ, լուսաճաճանչ փայլով, որ բռնկվել էր նրա այտերին։ Նրա նուրբ շուրթերին բոցկլտում էր հրդեհային ծիրանին, իսկ դրանց տակ շողշողում էր մարգարտյա վզնոցը։

Մենք երկու կայծ էինք, պոկված միևնույն հայրենիքից, երկու կայծ՝ հանգած հրթիռից։ Երբ նայեցինք միմյանց աչքերի մեջ՝ ճանաչեցինք հայրենիքը։

9

Ես նրան գրում էի.

«Հոգիս բռնկվեց դողդոջուն կրակով՝ լուսաշող մի կետ։ Եվ աշխարհի լույսը փայլեց։ Եվ աշխարհի լույսը խավարը չկլանեց։

Լուսաշող կետը սլացավ դեպի ժամանակի ջրվեժը։ Մխրճվեց դարերի մեջ։ Խավարի խորքում սկսեց նկարել կրակե պարույրի օղակներ։ Կարելի էր տեսնել կրակե պարույրը, որ սլանում էր ժամանակի միջով։

Նրա սկիզբը ծակում էր խավարը։

Եվ աշխարհի լույսը, որ շողացել էր խավարի մեջ, խաղաղորեն սլացավ դեպի հեռավոր հայրենիքը։

Դարերը մռնչում էին։ Վերևից կախվել էր հին ճակատագիրը՝ սև սարսափը։ Սիրտը դողում էր՝ քարանալով։ Դատարկությունը բացվում էր ամենուր՝ և՛ դարերի մեջ, և՛ մոլորակային համակարգերում։ Արցունքները մտրակում էին՝ այդ հավերժական տեղատարափները։ Հեղեղներ էին վրա հասնում։ Հեղեղում էին հրեղեն ճանապարհը։ Այսուհետ այլևս չէին կարող խեղդել բոցավառ խանդավառությունը։

Եվ բոլորը տեսնում էին բոցավառված հոգու թռիչքը, որ իր հետևում թողնում էր կրակե պարույրի օղակները։ Բավ էր լոկ մի անգամ դիպչել հոգուն։ Եվ հոգին բոցավառվում էր՝ լուսաշող մի կետ։ Նա սլանում էր ժամանակի միջով։ Թվում էր՝ ճերմակ կրակով շիկացած մի օձ սողում էր համաշխարհային դատարկության վրայով՝ խլացվելով դարերի ճակատագրական աղաղակից։ Այն, ինչ բոցավառվել էր, սլանում էր ժամանակի միջով։ Իսկ ժամանակը շտապում էր դեպի անժամանակությունը։ Եվ աշխարհի լույսը, որ շողացել էր խավարի մեջ, խաղաղորեն սլացավ դեպի հեռավոր հայրենիքը։

Այսպես էի ես գրում։ Այդ նամակից հետո ես նրան հանդիպեցի, բայց նա երես թեքեց։ Ձմեռ էր, սահադաշտում։ Նա թափանցիկ սառույցի վրա սահում էր սպային թևանցուկ՝ սառույցի վրա թողնելով մեկ շրջաններ, մեկ պարույրներ։ Թվում էր՝ նրանք սլանում էին ժամանակի միջով։

10

Ես ուզում էի նրան զարմացնել և ցույց տալ նրան հավիտենականը։ Դրա համար ամառանոցի դիմացի հնձված մարգագետնում գաղտնի կարգադրել էի հրթիռներ ամրացնել։ Ուզում էի անակնկալ հրավառություն կազմակերպել՝ խոնավ գիշերվա ճառագայթների վրա պայթեցնել հազարավոր արևներ։ Ես գիտեի, որ նա անպայման ներկա կլինի, որովհետև նրա ամուսինը՝ իմ ընկերը, չէր ցանկանա ինձ զրկել այդ հաճույքից, իսկ նա՝ իր ամուսնուն։ Այդ հրթիռներով ուզում էի նրան ակնարկել մեր հոգիների թռիչքների և հիացքների մասին։

Մենք ուրախությամբ խմում էինք ոսկեգույն գինին՝ կարծելով, թե դա արևի խմիչքն է։ Սև գիշերը մեզ պատեց մառախլապատ սառնությամբ։ Տաք կրծքերն ավելի սնահավատորեն ու հաճախ էին շնչում։ Նա ինչ-որ պատճառով թաքուն զարմացած հայացքներ էր նետում ինձ, բայց ես ձևացնում էի, թե ոչինչ չեմ նկատում։

Մենք խմում էինք ոսկեգույն և ծիրանագույն գինի։ Ես նշան տվեցի կաղ մեդիումին՝ ծեր ուսուցչին, և նա անհետացավ գիշերվա խավարում։ Ինչ-որ անհանգիստ-գրավիչ, տրտում-մեղմ բան հանգչել էր նրա քարացած դեմքին։ Ես բոլորին հրավիրեցի պատշգամբ։ Մեր վերևում կախված էր սև գիշերվա երախը։

Կախված էր և սառնություն էր շնչում։

Հորիզոնի մոտ ոսկեգույն կայծերի շիթ բխեց։ Հորիզոնի վրա բացվեց կայծերի շատրվանը։ Ոսկեգույն փոքրիկ կայծերը քամու հետ սլացան՝ արագ մարելով։ Էլի։ Եվ էլի։

Ու ամենուր սկսեցին ժայթքել կայծերի շատրվաններ։ Մոտակա բլրից լուսաշող կայծերի հեղեղ պոկվեց՝ ամբողջ շրջակայքը լցնելով համաչափ ոսկեգույն դողով։ Ոսկեգույն լույսով ողողված կաղ մեդիումը գոռում էր տարօրինակ հնչողությամբ բառեր.

-Դեռ ամեն ինչ չի կորսվել։ Հոգին դադարել է թռչել դեպի հեռավոր հայրենիքը, բայց հայրենիքն ինքը կարոտել է կորուսյալներին, և ահա հինավուրց հայրենիքը թռչում է նրանց ընդառաջ։

Հորիզոնի վրայով սլացան բոցավառ արտույտներ՝ ասես կարմիր գիսավոր աստղեր, և բոլորը գլխավերևում լսեցին հասած հայրենիքի թևերի դողդոջուն թափահարումը։

Իսկ կաղ մեդիումը, արդեն չլուսավորված մարած ջրվեժով, շարունակում էր խավարի մեջ բացականչել.

- Եվ ահա, ինչպես հրթիռ, վեր սլացավ հրեղեն բառը։ Հորիզոնի մոտ ոսկեգույն կայծերի շիթ բխեց։ Հորիզոնի վրա բացվեց կայծերի շատրվանը։ Ոսկեգույն փոքրիկ կայծերը քամու հետ սլացան՝ արագ մարելով։ Էլի։ Եվ էլի։ Եվ ամենուր սկսեցին ժայթքել կայծերի շատրվաններ։

Իսկ արդեն ամբողջ շրջակայքը սուլում ու շաչում էր։ Կրակե անիվները բզզում էին, այստեղ-այնտեղ բռնկվում էին մանուշակագույն բենգալյան, տարօրինակ լուսատուներ6։

Ինչ-որ մեկը լսեց մեղմ քայլվածք՝ թավշյա-փափուկ քայլվածք լռության մեջ։ Կատվի քայլվածք։ Գիշերվա այդ ժամին երջանկությունն էր սողոսկում։ Դա հենց նա էր։ Չէին հասկանում, թե ինչ էր բարձրանում սրտերում, երբ դեպի երկինք էին խոյանում մարող կայծարձակները՝ ներշնչանքի ոսկե շատրվանները։ Չէին հասկանում, թե ինչն էր հրեղեն կրծքից պոկում տխրության լուսաշխարհիկ հառաչանքները։

Նա կանգնած էր շատ մոտ, շատ մոտ։ Նրա վրա հանգել էր ինչ-որ հրապուրիչ, տրտում-անշարժ բան, և, հասկանալով ինձ, նա ժպտում էր քնքուշ անխռովությամբ։

Այդ ժամանակ ես հյուրերին ասացի.

-Հավիտենականությունը ջահերով տոնախմբություն է կազմակերպել։ Նշանակում է՝ երկրի երեսով անցել են հսկաները։ Միայն նրանք կարող էին բոցեր նետել7։ Միայն նրանք կարող էին հրդեհ սկսել։ Միայն նրանք կարող էին անդունդը հեղեղել կրակի շնչով։

11

Ամեն ինչ մարեց։ Մենք լռում էինք։ Րոպեները սահում էին, և մենք նայում էինք համաստեղություններին՝ այդ հրեղեն արցունքներին։ Մի ժամանակ Անսկիզբը լաց եղավ. նրա բռնկված արցունքների շիթերը վառվում էին մեր գլխավերևում՝ անծայրածիրի մեջ։ Տիեզերական քաոսի միջով նրանք միմյանց էին ուղարկում ոսկե խրձեր։ Եվ համաստեղությունների ակորդները հոգում արթնացնում էին լացի մոռացված երաժշտությունը։ Ես լսեցի հազիվ լսելի հեկեկանքի և ծիծաղի ձայներ։ Կարծես մարգարիտներ էին թափվում։

Նա էր՝ երանությամբ ծիծաղում էր։ Դառնորեն լալիս էր։ Կամաց ասաց, որ գիշերը կապտում է, իսկ էմպիրեյը8՝ երկնային բարձրագույն ոլորտը, լցված է կապույտ ալիքներով։

Մենք լսեցինք երկնքի հնչյունը՝ կապույտ ալիքների մակընթացությունը։ Իրար ասացինք. «Նա հիստերիայի մեջ է...»։

Ճերմակ ամպիկները կայծկլտացին փրփրավետ տոնական ոսկով։ Հորիզոնը սաթագունում էր։

Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց։

12

Ես մնացի կապույտ, քնքուշ մնջանքի մեջ։ Ես հասա իմ ուզածին։ Ինձ մնում էր լոկ մեռնել երջանկությունից։

1903

            ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ տպագրվել է 1904 թվականին «Գրիֆ» ալմանախում։ Այստեղ հրապարակվում է այդ հրատարակության բնագրով։ Պատմվածքը գրվել է 1903 թվականին, ինչը հաստատվում է Անդրեյ Բելու «Դարի սկիզբը» (Начало века, էջ 29) աշխատությամբ, որտեղ թվարկված են 1903 թվականի աշնանը՝ գյուղից Մոսկվա վերադառնալուց հետո, նրա գրական զբաղմունքները. «...գրում եմ «Միր իսկուստվա»-ի քրոնիկայի համար, «Sanctus Amor» բանաստեղծությունը, «Լուսային հեքիաթ» պատմվածքը («Գրիֆ»-ի համար)»։

1. Մանկական խաղերի նկարագրության առնչությամբ տեղին է մեջբերել Անդրեյ Բելու ավելի ուշ գրված «Ինչու ես դարձա սիմվոլիստ» (Почему я стал символистом, 1928) աշխատությունից մի հատված, որը կարող է ծառայել որպես յուրատեսակ տեսական մեկնաբանություն ինքնակենսագրական բնույթ ունեցող «Լուսային հեքիաթին».

«Այն հարցին, թե ինչպես և երբ դարձա սիմվոլիստ, խղճի մտոք պատասխանում եմ. ոչ մի կերպ չեմ դարձել և երբեք չեմ դարձել, այլ միշտ եղել եմ սիմվոլիստ (նախքան «սիմվոլ» և «սիմվոլիստ» բառերին հանդիպելը). չորս տարեկան երեխայի խաղերում հետագայում գիտակցված ընկալումների սիմվոլիզմը մանկական գիտակցության ամենաներքին տրվածությունն էր»։

Ընկալումների սիմվոլիզմը  «իմ մանկական խաղերի նյարդն էր, իմ գիտակցության ներհատուկ հատկանիշը։ Մեծահասակները ոչ մի կերպ չէին առնչվում այդ ներքին կյանքին. ընդհակառակը, նրանք ինձ շրջապատում էին դրսից տրված առարկաներով և դրանց բացատրություններով, որոնք ոչինչ չէին բացահայտում իմ հոգու ամենախոր շարժումների մասին։ Ես ստիպված էի թաքցնել այդ շարժումները, և նույնիսկ եթե ցանկանայի արտահայտել դրանք, բառեր չունեի։ Բառերն ու դրանց իմաստները սովորել էի դրսից, իսկ այդ շարժումները՝ իմ «ինչ-որ բանը», այնքան իրական էին, բայց մեծահասակների կողմից չնկատված, որ, աճելով իմ մեջ բառերից ու պատկերներից դուրս, դրանք կլանում էին իմ «Ես»-ը։ «Ես»-ը զգում էր իրեն՝ ասես խեղդվող անվանում չունեցող ապրումների մեջ, և միայն ինձ հայտնի մի յուրահատուկ խաղի միջոցով դուրս էր լողում դեպի այն աշխարհը, որն այլևս ոչ ներսում էր, ոչ դրսում։ Հետագայում հենց դա բացահայտվեց ինձ որպես խորհրդանիշների աշխարհ (ոչ ճանաչում, ոչ ապրում, ոչ առարկայի պասիվ արտացոլում բանականության մեջ, ոչ էլ դրա ստեղծում, այլ՝ ստեղծագործական ճանաչում, եթե կարելի է այդպես ասել)։

Այս խաղերում վարժվելը ես գիտակցել եմ որպես իմ «Ես»-ի աճի մշակույթ» (էջ 418–419)։

2. XIX դարի կեսերին ԱՄՆ-ում առաջացած միստիկական հոսանքի՝ սպիրիտիզմի հետևորդ։ Սպիրիտիզմը հիմնված է մահացածների հոգիների հետմահու գոյության հավատքի և նրանց հետ «շփման» հատուկ մեթոդների (օրինակ՝ սեղանապտույտի, այսպես կոչված ֆիզիկական մեդիումիզմի և այլն) վրա։

3. Տեխնիկայի ճյուղ, որը կապված է հրավառական խառնուրդների և դրանցով լիցքավորված արտադրատեսակների պատրաստման ու կիրառման հետ։ Անվանումը ծագում է հունարեն πῦρ (pyr)՝ «կրակ» բառից։

4. Լատիներեն spectrum՝ «պատկեր», «տեսիլք» բառից։ Ֆիզիկայում՝ որևէ ֆիզիկական մեծության բոլոր հնարավոր արժեքների ամբողջությունը, որոնք բնութագրում են տվյալ համակարգը կամ գործընթացը։

5. Սպիրիտիզմում՝ միջնորդ մարդկանց և «ոգիների աշխարհի» միջև, որի միջոցով տրանսի վիճակում, ըստ սպիրիտիստական հավատալիքների, փոխանցվում են մահացածների «հաղորդագրությունները»։

6. Բենգալական կրակներ՝ հրավառության տեսակ։

7. Ռ. Պետերսոնի դիտարկմամբ՝ հրդեհը սկսած հսկաների մասին հիշատակումը ակնարկ է Պրոմեթևսի առասպելին (տես՝ «Պատմվածքներ», էջ 85)։

8. Հունարեն empyros՝ «կրակոտ», «հրեղեն» բառից։ Անտիկ բնափիլիսոփայության մեջ՝ երկնքի վերին, կրակով լցված հատվածը, իսկ մի շարք միջնադարյան քրիստոնյա փիլիսոփաների մոտ՝ անդրշիրիմյան աշխարհի խորհրդանիշը։

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

350
Սեպտեմբեր 16, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: