Սեսար Վալեխո

Բանաստեղծություններ

cesar-vallejo-     «Մենք` Գրողներս, պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է աշխարհում»: Սեսար Վալեխո  
    Լատինական Ամերիկան այսօր նրան համարում է իր ամենամեծ բանաստեղծներից մեկը, Իսպանիայում նույնքան ճանաչում ունի, որքան Լորկան, Ալբերտին, Մաչադոն, Խիմենեսը, իսկ իր հայրենիքում` Պերուում, նա իր հաստատուն տեղն ունի դասականների շարքում… Այդ տխուր և արտակարգ համեստ մարդը:
Բացատրել, թե ինչով են գրավում նրա անպաճույճ, չափազանց դժվարությամբ թարգմանության տրվող ստեղծագործությունները, առաջին հայացքից թվում է, թե կպահանջվի բանասիրության միջին տեխնիկա: Բայց երբ ասվում, վերջանում են բոլոր նախադասությունները, երբ կարծես ավելացնելու, լրացնելու այլևս ոչինչ չի մնում, տանջալիորեն պարզ գծագրվում են նրա թախծոտ կերպարը, խորն ընկած աչքերը և հասկանալի դառնում, որ ամենակարևորը մնաց ինչ-որ տեղ, հեռվում, և որ այդ ամենակարևորը թերևս ընդհանրապես հնարավոր չէ ասել: Գուցե և կան բանաստեղծներ, որոնց նույնպես կարելի է այսպես բնութագրել, բայց Վալեխոյի առումով այս ամենն ասվում է ոչ թե բացատրելու դժվարություններից խուսափելու համար, այլ ընդհանրապեսին, սովորականին նմանեցնելու վախից:
    Ցավ, որ ծնել է ուրիշի ցավը: Արցունք, որ թափվում է ուրիշի համար. իսկ այդ ուրիշը մարդ է, ուրեմն եղբայր, իսկ նրանք միլիոնավոր են: «Վալեխոյի տխրությունը,- գրել է պերուացի ականավոր մտածող Խոսե Կարլոս Մարիատեգին,- համամարդկային է: Նա իր համար չէ, որ տառապում է: Նրա հոգին խոցված է ուրիշ մարդկանց ցավով: Այս տեսանկյունից Վալեխոն պատկանում է ամբողջ մարդկությանը, նա իր դարի, իր էպոխայի զավակն է»:
    Այսպիսին էր Վալեխոն թե ստեղծագործության մեջ և թե կյանքում: Եվ պատահական չէ, որ նա անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը: Երկու անգամ` 1928 և 1929 թվականներին այցելում է Սովետական Միություն, հանդիպում է Մայակովսկուն: Այդ ճանապարհորդություններից ստացած բանաստեղծի տպավորությունները նրա կինը` Ժորժետ Վալեխոն իր հիշողություններում արտահայտում է հետևյալ նախադասությունով. «Մարդկության հիվանդությունները բուժում և դեղորայք ունեն»:
    Ապա Վալեխոն Մադրիդում տպագրում է «Ռուսաստանը 1931 թվականին» գիրք-ռեպորտաժը, որով իսպանախոս հասարակայնությունն առաջին անգամ ճշմարտացի պատկերացում կազմեց Սովետական Միության մասին: Հենց այդ շրջանում էլ  Վալեխոն գրում է «Վոլֆրամը»` լատինամերիկյան գրականության մեջ առաջին պրոլետարական  վեպերից մեկը: Իսկ երբ Իսպանիայի հանրապետությունը կենաց և մահու պայքարի մեջ մտավ միջազգային ֆաշիզմի դեմ, Վալեխոն իր կյանքն ու ստեղծագործությունն ի սպաս դրեց այդ վեհ գործին:
   Ելույթ ունենալով Մադրիդում կայացած գրողների միջազգային կոնգրեսում` նա ասաց. «Մենք` գրողներս, պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ այժմ կատարվում է աշխարհում»: Սրանք միայն խոսքեր չեն: Արդեն ծանր հիվանդ, Վալեխոն Փարիզում անդադար աշխատում էր Իսպանիայի փրկության կոմիտեում: Իսպանիա… Ես պետք է Իսպանիա գնամ»: Նրա վերջին խոսքերն են` ասված մահվան հոգեվարքում:
Եվ օրինաչափ է, որ նրա ստեղծագործությունների ծանրակշիռ մասը նվիրված է իսպանական ժողովրդի պայքարին, նրա մարտիկներին: Չափազանց տիպական է այդ առումով նրա բանաստեղծություններից մեկը` նվիրված երկաթուղային սովորական բանվոր Պեդրո Ռոխասին, որը, արդեն մահացու խոցված, օդի մեջ մատով գրում է` «Կեցցեն զինակից իմ ընկերները»:
    Այսպիսին էր Վալեխոն, բանաստեղծ, որը մի բառ անգամ հենց այնպես չի ասել, և անհնարին է չհավատալ նրան, որովհետև նա բառը, տողը հաստատում էր մարդու հարստություններից ամենաթանկարժեքով` կյանքով:
    Կմեռնեմ Փարիզում: Մի տխուր աշուն:
    Ես արդեն գիտեմ` անձրև կթափվի
    Այսօրվա նման մի ցուրտ հինգշաբթի
    Կմեռնեմ Փարիզում – էլ չեմ խուսափի:
    Եվ այդպես: 1938 թվականին, 45 տարեկան հասակում, աշնանային մի հինգշաբթի օր, Փարիզի հիվանդանոցներից մեկում մեռավ բանասատեղծ Սեսար Վալեխոն:
                                                                                                                      Հովհաննես Գրիգորյան
 
 
ՍԵՎ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐ

cesar-vallejoԿյանքը այնպիսի հարվածներ ունի... Ինչո՞ւ, չգիտե՜մ:
Ատելությունն է կարծես թե Աստծո, որ կուտակվել է
նրա հոգու մեջ, հիմա թափվում է ալիք առ ալիք`
որպես տառապանք... Ինչո՞ւ, չգիտե՜մ:
 
Քիչ են, բայց թե կան... Փոսեր են փորում
դեմքերին անգութ, ուժեղ մեջքերին:
Կարծես թե վայրագ աթիլլաների ձիերն են սուրում,
կամ էլ այդ մահն է ուղարկել իր սև մունետիկներին:
Եվ Քրիստոսի հոգին էլ ունի խորը անկումներ:
Եվ հավատներ կան, որ պատժված են ճակատագրով:
Իսկ հարվածները... այդ մեր հարցերն են,
որոնք վառվում են փռերի ներսում խուլ ճարճատյունով:
Եվ մարդը... մարդը... Օ՜ խեղճ արարած: Աչքերն է շրջում                                                                   
Ինչ-որ մի ձայնից հանկարծ վախեցած:
Եվ ամբողջ կյանքը պատնեշի առաջ լճանում է լուռ,
Ինչպես որ մեղքն է լճանում նրա հայացքում տխուր:
Կյանքը այնպիսի հարվածներ ունի... Ինչո՞ւ, չգիտե՜մ:
 
ՍԵՎ ՔԱՐԸ ՍՊԻՏԱԿ ՔԱՐԻ ՎՐԱ

Կմեռնեմ Փարիզում: Մի տխուր աշուն:
Ես արդեն գիտեմ` անձրև կթափվի
Այսօրվա նման մի ցուրտ հինգշաբթի
Կմեռնեմ Փարիզում – էլ չեմ խուսափի:
 
Հինգշաբթի մի օր: Այսօրվա պես թաց:
Մենությունս հանկարծ այնպես պարզ տեսա
Անզորությունից ճամպրուկիս վրա
Ձեռքս սարսռաց, թուլացավ, մնաց:
 
Մեռավ Վալեխոն: Ու դաժանաբար
Խփեցին դեմքին մոլեգին կրքով
Նրանք` ում անգամ չէր ասել մի բառ,
Խփեցին փայտով, ճիպոտով, ոտքով...
Վկա` անձրևը, վկա է ճամփան
Ու մենությունս` ցուրտ ու անսահման:
 
ՁԳՏՈՒՄ ԵՎ ԳԱԳԱԹ

cc3a9sar-vallejo-parc3ads-1926Ուզում եմ գրել – բայց չկա արցունք,
ուզում եմ խոսել – թույլ են թոքես:
Էլ թվեր չկան, կա միայն արդյունք,
անհիմք չեն լինում խոսքի բուրգերը:
Ուզում եմ գրել – սիրտս է քարացել,
ուզում եմ խոսել - և ի՜նչ խոսքերով:
Դափնին չորչորուկ ավել է դարձել,
Աստվածաշունչն էլ լի է կեղծիքով:
 
Դե եկեք աղցան պարաստենք մսից
արյուն-արցունքի, ստի բանջարից,
կենդանի հոգին վերածենք հյութի...
 
Եվ խմենք: Վերքից թող արյուն կաթի
բաժակով կոտրած: Ագռավներն էլ թող
աշխարհը լցնեն իրենց ձագերով:
 
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽԱՂ

Աստված իմ, ետ առ հացը քո տված
և գոյությունս ետ առ ու օրս:
Ո՜չ, քո կողից չէ թրծած, խմորած
այս խեղճ, մտածող կավի կտորը –
դու մարիամներ չունե՜ս կորցրած:
 
Աստված իմ, պիտի մարդ լինեիր մի պահ,
նրա պես զգայիր սովը, վիշտ ու մահ,
որ Աստված լինել իմանայիր հիմա:
Բայց դու որ միշտ գոհ ու կուշտ ես եղել,
մարդուն չես դավել –
                                                 քո իսկ ստեղծած,
Իսկ մարդը տարել, համբերել է քեզ:
                                                 Եվ նա է Աստված:
Այսօր, կախարդված աչքերիս խորքում
մեղանչումի վառ մոմեր կան երկու:
Աստված իմ, վառիր լույսերդ բոլոր,
որ զառ գլորենք նորից երկուսով:
Իսկ երբ, խաղամոլ, աշխարհը տարվես
մահվան աչքերի դատարկ փոսերում
կետեր կփայլեն
ագռավի երկու մեկնոցների պես:
Աստված իմ, այս մութ, խավար գիշերով
խաղալ չես կարող,
մաշվել է զառդ, երկիրն այս, գունդը`
այս ցեխագունդը
շատ խաղացվելուց ու շատ նետվելուց
մաշվել, հնացել, կլորացել է
 ու կպտտվի, էլ կանգ չի առնի...
իսկ թե կանգ առնի,
                                      միայն փոսի մեջ,
դատարկ փոսի մեջ խոր գերեզմանի:
 
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

936full-cesar-vallejoՃակատամարտի ավարտից հետո
զոհված զինվորի դիակի առաջ կանգ առավ մի մարդ
ու դիմեց նրան. «Վեր կաց, սիրելիս»:
Բայց զինվորն, ավա՜ղ, չլսեց նրան:
 
Երկուսը եկան ու կրկնեցին.
«Դե, արիացիր, դարձիր դեպի կյանք»:
Բայց զինվորն, ավա՜ղ, չլսեց նրանց:
 
Մոտեցան քսան, հարյուր ու հազար,
Հարյուր հազար մարդ
ու միաբերան նունը ասացին.
«Մի՞թե մեր սերը քիչ է մահվան դեմ»:
Բայց զինվորն, ավա՜ղ, չլսեց նրանց:
 
Ու միլիոնավոր մարդիկ մոտ եկան
ուժգին կանչելով. «Եղբայր, մի գնա»:
Բայց զինվորն, ավա՜ղ, չլսեց նրանց:
 
Եկան բոլորը, աշխարհի վրա
                                                     ինչքան որ մարդ կար,
շրջապատեցին դիակը անշունչ...
և կենդանացավ զինվորը հանկարծ,
և ինչ-որ մեկի ուսին հենվելով`
                                                 շարժվեց նա առաջ...
 
ՑՈՒՑԱՄԱՏՈՎ ՕԴԻ ՄԵՋ ԳՐԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ

Պեդրո Ռոխասը` երկաթուղային հասարակ բանվոր,
Ընտանիքի հայր, ամուսին և մարդ, ավելի, քան մարդ,
սիրում էր այդպես` սովորությունն էր`
երբեմն մատով գրում էր օդում
երկնքի կապույտ կտավի վրա.
«Կեցցե´ն զինակից իմ ընկերները»:
 
Երկինքը թուղթն էր – սպանվեց Պեդրոն:
Գրիչը մատն էր – սպանվեց Պեդրոն:
 
Հսկայամարմին` աշխարհի հոգին կտեղավորվեր կրծքավանդակում:
Իսկ վերարկուի ներսի գրպանում
գդալն էր նրա` սպանված նույնպես:
 
Պեդրո Ռոխասը ուներ և ուրիշ սովորություններ.
երեխաներով նստում էր ճաշի,
կոկիկ էր հագնում,
նկարազարդում տան կահ-կարասին:
Այսպես ապրում էր
ու լրացնում պատկերն աշխարհի:
Իսկ այս գդալը միշտ գրպանում էր.
քնած թե արթուն, այսպես տանում էր
խորհրդանշանն իմ, ձեր, բոլորիս…
 
Իսկ սպանեցին նրան քնքշորեն,
կնոջ` Խուանա Վասքեզի փարթամ
վարսերի միջև,
հրդեհի ժամին, գնդակոծության անհանգիստ տարին,
երբ որ բոլորը մեկ էին մահվան դեմ:
Իսկ մահից հետո
Պեդրո Ռոխասը բարձրացավ ոտքի
ու լուռ համբուրեց
արյան մեջ կորած իր մահաբեմը
և Իսպանիայի համար արտասվեց
դառը արցունքով,
հետո շուռ եկավ
                                        ինչպես նախկինում,
մատով գրեց իր վերջին խոսքերը
երկնքի կապույտ կտավի վրա.
«Կեցցե´ն զինակից իմ ընկերները»:
Աշխարհով լիքն էր դիակը նրա:
 

ԵՂԲՈՐՍ` ՄԻԳԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր ես տանն եմ: Ու ցավը խորն է:
Եղբայր, դու չկաս: Կարծես երեկ էր`
պահմտոցի էինք խաղում ողջ օըը,
մինչև մայրիկը մեզ տուն չկանչեր:
Եվ երեկոյան աղոթքից հետո
սկիզբ էր առնում մեր ուրախ խաղը,
թաքնվում էինք ու գտնում հերթով,
ու մեր աղմուկից չէր քնում թաղը:
Բայց մի օր այնպես դու թաքնվեցիր,
լացով փնտրում ենք մայրիկը ու ես,
էլ չենք գտնում քեզ:
 
Օգոստոսի տոթ ու շոգ գիշեր էր:
Ու դու գնում էիր թախիծը դեմքիդ:
Անհասկանալի, անիմանալի
ցավից քո սիրտը արդեն մաշվում էր,
որ սրտիդ հետ էր ծնվել երևի`
ստվեր էր գցում հոգուդ վերևից:
Լսիր, եղբայրս, ի՜նչ ես ուշանում,
մայրիկը, ախր, շատ է վշտանում:
 

ՀԵՌԱՎՈՐ ՈՏՆԱՁԱՅՆԵՐ

Քնած է հայրս: Ու դեմքը նրա
սրտի պատկերն է – հոգատար ու հեզ:
Ու հիմա քաղցր է առաջվա նման,
և թե դառնության ինչ-որ նշույլ կա – մեղավոր եմ ես:
Դատարկ է տունը, ճրագն է դողում:
Բոլորն հեռու են, չկա ոչ մի լուր,
կսկիծը հոգում հայրս լսում է
մնաք բարովը հեռացող որդու –
դեպի Եգիպտոս:
Եվ այդ ես եմ, որ գնում եմ հեռու:
Քայլում է մայրս պարտեզի միջին,
ծերացած, փոքրիկ, ճերմակ մազերը.
առավել մոտ է հիմա իմ սրտին,
քան ծովեզերքը, ճամփան ու սերը:
 
Դատարկ է տունը, անաղմուկ, անձայն,
չկան մանուկներ, լուր չկա անգամ…
 
Իսկ երբ թեքվում է երեկոն կրկին,
երկինքը կախվում, հասնում է գետնին,
ձայներ եմ լսում ճանապարհներից
                                                  ծեր ու հեռավոր –
այդ սիրտս է վազում ոտքերը բոբիկ նրանց վրայով:
                                           Իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը
  • Hits: 8545

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: