Հայգ. բանաստեղծություններ

gemafinԵրևանյան
Ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,
շինությունների առավոտյան, ցերեկային և գիշերային
կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,
մարդկանց դեմքերը` մռայլ, խոժոռ, կոպիտ, վառվռուն, մտածկոտ, փայլող,
բայց ոչ երբեք հանգիստ:
Ես երթևեկել եմ բոլոր տեսակի փոխադրամիջոցներով՝
միկրո ու մակրո ավտոբուսներով, տաքսի ծառայություններով բազմանուն,
տրոլեյբուսով, մետրոյով, ճոպանուղիով, նույնիսկ տրամվայով,
որը չկա:
Ես գիշերել եմ հյուրանոցներում, մոթելներում, սաունաներում, ավտոմեքենայի մեջ,
Բանգլադեշում, Քանաքեռում, Զեյթունում,
և հիմնականում Սարի-թաղի իմ տանը:
Ես սրճել եմ հարգի, ոչ այնքան հարգի, անհարկի և նույնիսկ պայթեցրած սրճարաններում:
Ես եղել եմ քաղմասերի, հիվանդանոցների, գերեզմանատների, թաղապետարանների,
գազալցակայանների ու բենզալցակայնների այցելուն:
Ես խմել եմ ջուր Ապարանից, Գառնուց և Արիացիայի զտման կայանից մատակարարված,
հաց եմ կերել պանդոկներում, բարերում, ռեստորաններում, բիստրոներում
ու ոտքի վրա` գետնանցումներում,
մի բաժակ օղով, մեկ շիշ պիվայով, կոնյակի ընկերակցությամբ և գինու նվագակցությամբ:
Տեղափոխվել Ժնև.
աշխատավարձը` բարձր, շատ բարձր,
խոստանում են լավ, շատ լավ կենցաղ:
Բագրատը, Մոսկովը, Սարոն, Արամը, Հակոբը, Գարոն էլ այստեղ չեն,
Դինջն ու Մարգարը սպասում են վիզաների.
հենման կետեր, հենման կետեր ու շուռ էի տալիս աշխարհը ու չէի մտածում
Լոնդոնյան փաբերի, Փարիզյան սրճարանների, Հռոմեական պիցերիաների
և Ժնևի մասին:

***
Բացասական լիցքեր, հոդվածներ դաժան,
մտքեր մոտալուտ վախճանի, մտքեր դռնփակ,
իսկ եթե այդպես չէ, իսկ եթե անկյունը փոխես,
գուցե կուլ տվածդ խայծը քեզ ափ քաշելու համար է:
Վերբեռնիր լրահոսը.
միջադեպերի վրայով  թռիր,
կուտակված քամահրանքդ շպրտիր քաղաքական գործիչների
մտքերի, բարքերի, վերլուծությունների ու եզրահանգումների ուղղությամբ,
կարդա միայն մշակութային, գիտական հանդեսներ
 թեթև տար, կյանք է կլինի:
Կայքերի առաջին էջին.
«Մայրը սպանել է իր երկու որդիներին և կախվել: Նամակում նա խնդրել է չմեղադրել իրեն, քանի որ ամուսինը վաղուց է Ռուսատանի Իժևսկ քաղաքում և չի օգնում, հարևանները թարս են նայում, երեխաները չունեն հագուստ դպրոց գնալու համար, ինքը աշխատում է առավոտից երեկո որպես աման լվացող և չի հասցնում Վարսիկի խանութի պարտքերը տալ, հոգնել է և չի ուզում, որ իր երեխաները որբ մեծանան»:
  • Hits: 5058

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: