Արամ Պաչյան

Գրադարաններում ապրող մարդկանց մասին

    Բոլոր գրքասերները, նրանք, ովքեր ամեն օր իրենց կյանքի մի քանի ժամն անցկացնում են ընթերցասրահներում, ոչ միայն ճանաչում են գրադարանների բնակիչներին, այլև գիտեն նրանց  նախասիրությունները, գիտեն զուգարան այցելելու ժամերը, գիտեն «համեստ» ճաշացանկը, գիտեն սիրային կապերի մասին, որոնք հանկարծ ծնվում են էջերի ու սեղանների արանքում` թավայի մեջ Շոդերլո դը Լակլոյի գրչին արժանի կրքեր տապակելով: Դժվար է գրադարաններում ապրող մարդկանց «մարդ» համարել:
    Նրանք ավելին են, քան սովորական մարդը, և ունեն պակասություններ, որոնցից զուրկ են միջակները: Մի տեսակ տկար ուրվականներ, ովքեր ընթերցասրահներում աթոռներ են զավթում՝ սննդով հարուստ վայրեր փնտրող թերակերտի ագահությամբ: Ուզած թե չուզած, ամեն օր այդ մարդկանց ներկայությունը գլխիկոր տանող աթոռներին, որոնք շունչ են քաշում միայն գիշերը, ոչ ոք չի դիպչում: Աթոռներից բուրում է նրանց հոտը` վանող ու վախեցնող: Թվում է՝ մարդու հագուստից ամեն ինչ կարելի է որոշել: Եվ սոցիումից մինչև խառնվածք ընկած տարածությունն անցնում է քրջոտ դարավանդներով, մամռոտ լճերով, որտեղ ձկնորսել արգելվում է: Գուցե զարմանալի թվա, բայց մեկ-մեկ հանդիպում են նաև այգիներ, որտեղ ծառերը ճկվում են անհայտ պտուղներով:
    Ես վախենում եմ գրադարանի մշտաբնակներից ու շատ ժամանակ այնտեղ չեմ այցելում հենց նրանց պատճառով: Առաջ ինձ թվում էր, թե գրադարանաբնակները թշվառ են, կյանքի վերջին փուլում, միայնակ, անտուն, անցյալում որոշակի ունակություններից զուրկ ինչ-որ ծերունիներ, բայց երկարատև ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո վստահաբար կարող եմ ասել, որ նրանք իմ տեսած ամենակամային, ամենաանիմաստ, ներքին անձնականության հետ երկխոսող, կեցության ծուծք քամած մարդիկ են:
    Ու շարունակում են քամել:
    Մինչև վերջ:
    Վրիժառություն՝ ապրած կյանքի համար: Գուցե սա է գրադարանաբնակների եռանդության գետը: Սկզբում ես խղճում էի նրանց: Հետո գնալով հասկացա, որ նրանք են ինձ նմաններին խղճում: Նրանք մեզ խղճում են, որովհետև մեր կյանքն առջևում է ու մի քանիսի համար գուցե այնքան երկար, որ չեն էլ պատկերացնում: Հոգու խորքում երևի ծիծաղում են մեզ սպասվող տխուր ապագայի վրա, որովհետև իրենք լուծել են այդ ապագա կոչվածի հարցերը` անվերադարձ թողնելով փնտրտուքի մարդկության ավանդույթը: Ինչ գտնված` գտնված է: Առաջ մտածում էի, որ իննսունամյա ծերունու ընթերցանությունը, այսպես ասած, «հավերժական հարցերից» գոնե մեկի պատասխանը վերջին շնչում գտնելու ապոգեյն է: Բայց վախն էր: Վախն էր հեռացնում միտքը, որ հնարավոր է նրանց ընթերցանությունը պարզապես սովորույթ է, որ ունակ է փշրել ժամանակը և հետո օրեր շարունակ պեդանտի նամռոտությամբ սոսնձել նրա մանրակտոր բեկորները:
    Կապույտ մազերով  նույն պապիկը նստած է Ազգային գրադարանի չորրորդ հարկի նույն պատուհանագոգի դիմաց: Սրճում ու ծխում է: Գրադարանաբնակ է: Նա միշտ նստած է: Միշտ սրճում է ու ծխում: Մազերն էլ` միշտ կապույտ: Նրա դեմքին ես շատ եմ նայում, ուզում եմ պլշած հայացքս արտատպվի հիշողության մեջ: Չի ստացվում: Հայացքի բովանդակությունը նույնն է: Նրա մեջ ինձ հիշելու ոչ մի ճիգ չի նշմարվում: Կապույտ մազերով մարդու համար վաղուց չի գործում մտապահելու իմաստը: Նա գալիս է գրադարան, որովհետև այստեղից նրան չեն վռնդում, տաք է, կա հարմար պատուհանագոգ, սուրճ խմելու ու ծխելու հնարավորություն: Թե քանի անգամ կգա, քանիսը ամեն օր կտեսնեն, երբ ու շենքի որ հատվածում մեռած կընկնի՝ սրանք արդեն գոյաբանական հարցեր են: Իսկ գոյաբանությունը կազմավորվում է մենամարտող պատճառաբանությունների դրույքներից: Եվ եթե ընթերցասրահում, կողքիդ նստած գրադարանաբնակն օրվա կեսին մի կողմ դնի գիրքն ու դիմացը սուփրա-սեղան գցի` առաջինով, երկրորդով, վերջում ճոխ դեսերտով` չզարմանաս, որովհետև տանտերն իր տանը ճաշելու գործառույթը պարտավոր չէ պատճառաբանել: Ընդհակառակը՝ դու ինքդ հյուրին վայել քաղաքավարությամբ պիտի նրբանկատ գտնվես ու ավելորդ իրերդ արագ սեղանից հավաքես` աշխատելով հետագա ժեստերով ու շարժումներով չխանգարել ճաշը:
    Հետաքրքրություն առաջացնող հաջորդ գրադարանաբնակը: Վաղուց իր կյանքն Ազգային գրադարան տեղափոխած Կազանովա, զորացրված մի զինվորական, ով, շինելը հագին, իբր թե գալիս է հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունը նոր էջերով ավելացնելու: Բայց նրա իրական ազատագրական պայքարը սեղանի տակ սիրուհու մարմնի մասերի քայլառքայլ նվաճումն է: Կարծեմ Սարտրի մոտ եմ կարդացել, որ գրադարաններն ու գրքերը մարդկային ինտիմ հարաբերությունները կամրջող էրոգեն գոտիներ են: Կամրջվել, կամրջվել: Սեփական տան մեջ սեփական սիրուհու հետ սիլի-բիլի անելը, մեղմ ասած, անձնական, փակ տարածություն է: Ոչ ոք իրավունք չունի միջամտել: Նայել՝ խնդրեմ. պատուհաններ` ինչքան ուզես:
    Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում ևս կան մշտաբնակներ, ինչպես աշխարհի բոլոր գրադարաններում` գժեր, թափառականներ, խմողներ, գործազուրկներ, գլուխ պահողներ, հազիվ շնչող, բայց հանապազօրյա օրաթերթի նյութերը կլլող ծերունիներ: Նրանք այստեղ են բքին, անձրևին, ամառվա տապին, ձկան անթարթ աչքերը էջերին հառած` ուտում են բմբուլի պես թեթև մանանան ու ճանապարհում բազմաթիվ ուսանողների, որոնք քննությունների համար ծրագրային գրքեր են կարդում, ասպիրանտների, որոնք թեզերի համար նյութեր են քրքրում, գիտնականների, որոնք տերևի պես չորանում են վաղուց խունացած աղբյուրների արանքում, ընթերցողների, որոնք գտնում են երկար փնտրված հեղինակի ստեղծագործություններն ու երջանկությունից գլուխները կորցնում: Բոլորը գալիս ու գնում են. հարատև են գրադարանաբնակները:
    Մի քանի անգամ ինձ գտել եմ գրադարանաբնակներով շրջապատված: Սիրտս սկսել է արագ խփել: Խառնվել եմ իրար: Եվ իրոք, դժվար է լինել մեռյալների աշխարհում ու ողջ մնալ: Ինձ թվում է՝ ոտքերս ու ձեռքերս անզգայանում են, կոպերս՝ քարանում: Այտերս` խոր փոսեր, հագիս` ցեխոտ, առնետագույն վերարկու, շարժումներս` կրիայի: Եթե շուտ չհեռանամ նրանց աշխարհից, ինքս կվերածվեմ մեռած գրադարանաբնակի:
    Դեռ ժամանակը չէ:
    Ամեն ինչ առջևում է:
    Հիմա իմ վախը ծիծաղելի է թվում, որովհետև ո՞րն է «հավերժական» հարցերի պատասխանները փնտրելու լավագույն տարբերակը, եթե ոչ ներքին ժամանակի հաղթահարումը: Մենք բոլորս փաստացի կարդում ենք ժամանակի ու տարածության հորինվածքում կազմավորված անհատական նպատակների համար, իսկ նրանք` գրադարանաբնակները` բացարձակի:
  • Hits: 5879

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: