• cultural.am
  • Գրականություն
  • Գրականություն
  • Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

    1932 թվականին՝ Փարիզում կայացած առաջին հանդիպումից ամիսներ անց, չնայած այն փաստին, որ երկուսն էլ ամուսնացած էին, կուբայացի հուշագիր Անաիս Նինը և հանրահայտ արձակագիր Հենրի Միլլերը սիրավեպ սկսեցին, որը տարիներ տևեց ու բազում կրքոտ նամակներ ծնեց: Ստորև ներկայացված նամակը գրվել է 1932 թվականի օգոստոսին՝ Լուվեսիեն`Նինի տուն այցելելուց շատ կարճ ժամանակ անց:
    14 օգոստոսի, 1932թ.
    Անաիս,
 Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր: Եկ վերջ դնենք խելամտությանը: Այն, ինչ եղավ Լուվեսիենում, ամուսնություն էր, ու դու չես կարող հերքել դա: Ես հեռացա՝ իմ մեջ քեզանից մասնիկներ  տանելով: Ես թափառում եմ, լողում, արյան օվկիանում, քո անդալուզյան արյան մեջ՝ թորած ու թունավոր: Ամենը, ինչ անում եմ, ասում կամ մտածում, զուգահեռվում է ամուսնության հետ: Ես տեսա քեզ իբրև տանտիրուհու, իբրև մավրի՝ մռայլ հայացքով, իբրև նեգրուհու՝ ճերմակ մաշկով ու աչքերով՝ ամբողջ մարմնի վրա, կին, կին, կին: Չգիտեմ՝ ինչպես կարող եմ ապրել քեզնից հեռու. այս դադարները հավասարազոր են մահվան: Ինչի՞ էր դա նման, երբ Ուգոն վերադարձավ: Արդյոք այնտե՞ղ էի ես դեռ: Չեմ պատկերացնում հպվելդ նրան, ինչպես հպվում էիր ինձ: Ծնկներդ կիպ: Թուլացած: Քաղցր, թակարդող լուռ համաձայնություն: Հնազանդ թռչնակ: Դու կին դարձար ինձ հետ: Ես գրեթե սարսափահար էի: Երեսուն չէ, դու հազար տարեկան ես: 
   Ես ինձ սպանված, ինքնաոչնչացած եմ զգում: Հասկանում եմ, որ խայտառակություն է ոչինչ չձեռնարկելը, քեզ բաժին ընկած ժամանակը գլորելը, այն փիլիսոփայորեն համբերելը, խելամիտ լինելը: Ո՞ւր է կորել ժամանակը, երբ տղամարդիկ կռվում էին, մեռնում, սպանում մի ձեռնոցի համար, մի հայացքի և այլն (գրամաֆոնը նվագում է ահասարսուռ արիան Մադամ Բաթերֆլայից՝ «Մի օր նա կգա»):
   Դեռ լսում եմ՝ ինչպես ես երգում խոհանոցում՝ մի տեսակ անմեղեդային, կուբայական միապաղաղ ոռնոց: Գիտեմ՝ երջանիկ ես խոհանոցում և ուտելիքը, որ պատրաստում ես, լավագույնն է, որ մենք կերել ենք միասին: Գիտեմ՝ թե վնասեիր քեզ, չէիր բողոքի: Ես կատարելապես խաղաղ ու երջանիկ եմ ճաշասենյակում նստած, զգեստիդ շրշյուններին ականջ դնելիս, զգեստդ՝ նման աստվածուհի Ինդրային՝ հազարավոր աչքերով ծածկված:
    Անաիս, ես մինչ այդ էլ սիրել եմ քեզ. վստահաբար երբեք չեմ զգացել այն, ինչ կատարվում է հիմա իմ մեջ: Տեսնես՝ այս ամենը այդքան հիասքանչ էր միայն ա՞յն պատճառով, որ կարճառոտ էր ու գողացված: Արդյո՞ք իրար համար էինք գործում, իրար հետ: Ես ավելի՞ն էի, քան ես, կամ պակաս, ու դու ավելի՞ն էիր, թե՞ պակաս, քան դու: Խելագարությո՞ւն է ենթադրելն իսկ, որ այս ամենը կարող էր շարունակվել:Ե՞րբ ու որտե՞ղ դժգույն ակնթարթները կսկսվեին: Ես ուշի-ուշով ուսումնասիրում եմ քեզ՝ հնարավոր թերություններդ, թույլ կողմերդ, վտանգավոր գոտիները բացահայտելու համար: Ու չեմ գտնում, ոչ մի հատ: Նշանակում է՝ սիրահարվել եմ, կույր եմ, կույր: Հավիտյան կույր լինել: (Հիմա էլ երգում են «Երկինք և օվկիան»-ը Լա Ջոկոնդայից):
    Պատկերացնում եմ՝ ինչպես ես ձայնագրությունները միացնում կրկին ու կրկին, Ուգոյի ձայնագրությունները: «Parlez moi d amour»[1]: Երկակի կյանք, երկակի զգացողություն, երկակի հրճվանք ու տառապանք: Ինչպե՞ս կարող ես ապրել ու հաղթահարել այդ ամենը: Ես գիտեմ դա, բայց չեմ կարող ոչինչ անել՝ այն կանխելու համար: Կուզենայի ես լինեի նա, ով քարշ է տալիս այդ ամենը: Գիտեմ՝ աչքերդ հիմա լայն բացված են: Որոշ բաներ, որոնց այլևս երբեք չես հավատա, որոշ ժեստեր, որ չես կրկնի երբեք, որոշ վշտեր, կանխազգացումներ, որ այլևս չես վերապրի: Մի տեսակ հանցագործ ճերմակ կիրք կա քնքշությանդ ու քարսրտությանդ մեջ: Ոչ զղջում է, ոչ վրեժխնդրություն, ոչ տառապանք է, ոչ մեղք: Առանց դրանց ոչինչ չի փրկի քեզ անդնդից, բայց անսահման հույս, հավատ կա, մի ճաշակած երջանկություն, որը կարող ես կրկնել, հենց ցանկանաս:
    Ամբողջ առավոտ փորփրում էի գրառումներս, քչփորում էի կյանքիս դրվագները՝ ինքս ինձ հարցնելով՝ որտեղից պետք է սկսել, որն է սկիզբը՝ իմ առջև տեսնելով ոչ թե գիրք, այլ գրքերի մի կյանք: Բայց չեմ սկսում: Պատերն ամբողջովին մերկ են. ես հեռացրել էի ամեն ինչ քեզ հետ հանդիպելուց առաջ: Դա նրա համար էր, որ պատրաստ լինեի հանգիստ մեկնելու: Պատերի վրայի հետքերը դեռ կան, այնտեղ, որտեղ մեր գլուխներն են դիպել:  Մինչ որոտ ու կայծակ է դրսում, պառկած եմ անկողնում ու սուզվել եմ խելառ երազների մեջ: Մենք Սևիլյայում ենք, ապա Ֆեզում, հետո Հավանայում: Շարժման մեջ ենք շարունակ, բայց միշտ մեքենայով ենք, ու գրքեր կան, ու մարմինդ միշտ կողքիս է, ու չի փոխվում հայացքն աչքերիդ: Մարդիկ ասում են, որ մենք կդժբախտանանք, կզղջանք մի օր, սակայն մենք երջանիկ ենք, ծիծաղում ենք, երգում: Խոսում ենք իսպաներեն ու ֆրանսերեն, արաբերեն ու թուրքերեն: Մեզ ողջունում են ամենուր ու ծաղիկներով ծածկում մեր ճանապարհը:
    Ասացի՝ խելառ երազ է, բայց դա երազ է, որն ուզում եմ՝ իրականանա: Կյանքն ու գրականությունը միահյուսված, սիրել շարժումը, քեզ՝ քո քամելեոն հոգով՝ ինձ հազարավոր սերեր տվող, ինձ համար միշտ խարիսխ լինող՝ անկախ փոթորկից, տանը, որտեղ էլ մենք լինենք: Առավոտյան՝ շարունակվելով այնտեղից, որ մենք կլքենք: Հարություն հարության ետևից: Դու ինքնահաստատվում ես՝ ստանալով այն բազմատեսակ կյանքը, որ երազում ես, և որքան շատ ես ինքնահաստատվում, այնքան ավելի ու ավելի ես ցանկանում ինձ, կարիքս զգում: Ձայնդ ավելի խռպոտ է դառնում, ավելի խորքային, աչքերդ ավելի են սևանում, արյունդ թանձրանում է, իրանդ՝ հաստլիկանում: Վավաշոտ ինքնաստորացում և բռնանալու անհրաժեշտություն: Ավելի կոպիտ, քան երբևէ՝ գիտակցված, դիտավորյալ կոպիտ: Անհագ վայելում զգացածի:
ՀՎՄ


Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը



[1] «Խոսիր ինձ հետ սիրո մասին»
  • Hits: 6837

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: