***
Պատին նկարված թռչունները ներքև են նետվում
ու ինքնաոչնչացում…
ես ուրիշ կլինեի, եթե ինչ-որ օվկինաոսում,
բոլորդ ընդամենը հանգույցով կապված մարդիկ
չլինեիք,
չլինեիք,
ու գլխի թեթևակի շարժումով չթափվեին
արցունքները,
արցունքները,
ես այնքան բան կտայի այս տաղավարը վառելու
համար…
համար…
լիքը բարդույթներ, որոնք չեն լուծվի այս դեղին կոճակով,
ստորերկրյա թագավորություն, որտեղից սանդուղքներ եմ կառուցում,
հույս ունենալով՝ մի վերջին անգամ զգալ երկինքը,
ու ինչպես միշտ հիվանդագին ժպտում եմ.
բոլոր լավատեսները ժպտում են, ես` նույնպես,
այս ծեսը ավելի ու ավելի է մգանում,
ու գրկախառնումները հիմարություն են…
այս անգամ անձրևից հետո ծիածան դուրս չի գա,
որովհետև հիմա ձմեռ է,
ու պարանն արդեն բավականին հասուն է
այս պարանոցը կրելու համար…
Եթե այս լուցաբացը դեղին շողք գցեր լռության վրա,
ես ձայնիս անզուսպ տատանումներով կպատկերեի այն
ու կհրճվեի, թե գտել եմ գեղեցիկը՝ ահա սպանիչ կատարյալը,
միգուցե ձեզանից մի կում իքնատիրապետում խնդրեի,
շոշափելու համար անհնարինը…
ես ոչինչ չեմ զգում,
իսկ պատուհանագոգին դրված կակտուսը աճում է ու աճում,
բայց ես երբեք նրան չեմ խնամել.
նա էլ երևի ուրիշ կլիներ…
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՎԱԾ ԿԻՆ
Երբ աղմուկը դադարելու պես սպանեց բոլորին
ու կամուրջները քեզ գլխիվայր նետեցին ներքև ,
երբ մատնահետքերդ քեզ համար երեխաներ ունեցան,
գեղեցիկ ու դժբախտ երեխաներ,
ու ցինիզմը միացավ այս համամարդկային աղետին,
դու էլի հիմարաբար երջանկություն էիր որոնում,
իսկ ես մի քանի հրաշքի սպասում ունեի,
երևի հիմա էլ ունեմ…
Մի քանի վայրկյան է մնացել, ու մեկ, երկու, երեք...
Ես սպանեցի քեզ, ասեղնագործված կին,
այսպես դու էլ երբեք չես ծերանա,
ու ոչինչ, որ իմ բազմոցը պատվիրեցի դժոխքում,
միայն թե ես վախենում եմ,
որ ուսերիս նստած թռչուները կհեռանան,
ու այս դեղին գիշերներում ես մենակ կլինեմ ու կհազամ…
ձյունը ավելի մերկացավ, ու փողոցն այլևս լապտերների կարիք չունի,
քո ստվերը շրջում է միայն իմ աչքերի համար,
ես նկատում եմ քո պարանոցը, որոնք սովորականից կարմիր են,
ու աչքերդ, որ ուռել են ու սպիտակ գույն ունեն,
բայց դու գեղեցիկ ես ավելի, քան երջանիկ,
ես սպանեցի քո մահը, ասեղնագործված կին,
ու ոչինչ չի մնացել, բացի հաշվելու իմ սովորությունից,
տիեզերքից մի պատառիկ պահում եմ իմ սենյակում,
ես կապույտը առաստաղ ու աստղեր եմ աճեցնում,
երեկ նույնիսկ ցանկանում էի աստղագետ դառնալ,
բայց հիմա դա ոչ ոքի չի հետաքրքրում, նույնիսկ ինձ,
մեկ է, շուտով ես կխելագարվեմ,
մնաց մի քանի վայրկյան`
մեկ, երկու, երեք…
ԽՈՍՏՈՒՄ
Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,
ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,
սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.
այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,
ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,
ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…
ներսումս մարդկային դեմքեր կան` ագրեսիվ շարժումներով,
որոնք տեղավորվում են կոպերիս մեջ
ու անընդհատ գոռում իրենց գոյության մասին,
ես արդեն կարողանում եմ հասկանալ ստվերների հոգեբանությունը.
ուղղակի իմ մենակությունը նրանց միակ փրկագինն է,
բայց ամեն բան կարգին է, ես կդիմանամ, երևի…
երբեմն ես նույնիսկ տեղավորվում եմ գրիչի միջուկի մեջ,
ու սառույցը պահպանում է իմ թափանցիկի ներկայությունը,
կտրտված թղթերի, կիսատ տախտակների, գոլոշիացող խավարի հետևում
ես գտնում եմ ինձ՝ ինչ-որ հիմար գաղափարներով.
այս կարճ ընաթացքի համար դրանց իրականացումն անհնար է…
գրողը տանի, ես ինձ խոստացել եմ ապրել…
ես ափիս մեջ պահում եմ անծանոթ հայացք,
ու երբ ձեռքերս դողում են, ես այն թաքցնում եմ գրպանումս,
երբ խոսում եմ Վեներայից, ինձ թվում է՝ դու բնակվում ես այնտեղ,
բայց ես չեմ կարող լքել այս մոլորակը,
որովհետև ամեն բան կարգին է` ես ինձ խոստացել եմ ապրել...
ՉԸՆԴՈՒՆՎԱԾԸ
Արգելքները գնալով շատանում են.
Սև վարդը չվաճառվեց անգամ տոն օրերին
ու պահվեց մինչև հատիկ-հատիկ կպոկվեն թևերը,
ցողունը կկորցներ իր շնչառությունը,
ծաղկափոշին կչորանար,
ու քո բույրն անհասանելի կլիներ…
երևի չնդունվածների դրախտ ընկար.
ես քեզ այևս չունեմ…
երևի թե մենք կհանդիպենք Նեղոսի ափին,
տիեզերքի արգանդում դու կծնվես երկրորդ անգամ
ու չես լինի, չես լինի ավելորդ տարածության մեջ
ու այն կնոջ կողքին, ով այդքան ցանկանում էր կրել քեզ,
մենք չթափառեցինք քամուն զուգընթաց
ու երկրին անձրև չուղղարկեցինք.
միչնույն է, օրը արևային չէ,
ու դու արմատներ չունես
քեզ հատկացված հողում կանգնելու համար,
այս դռները փակվեցին առանց կողպեքների,
ու մենք հենարան չգտանք,
ամենաշատը մեզ մնաց մի քիչ թեք ողնաշարը,
որով գրեթե երկու տասնամյակ քայլում ենք՝
ապուցեցելու համար, որ կարող են չկոտրվող լինել,
ես քեզ այլևս չունեմ…
հիմա երևի դու ծաղկել ես ինչ-որ շքեղ դղյակում
ու մի դքսուհի ամեն օր խնամում է քեզ…
ես գիտեի, ես գիտեի, որ վաճառասեղանը քո տեղը չէ…
ԱՆՉԱՓԱՀԱՍԸ
Նրանք ամեն ինչ գիտեն.
քո ընդգծված մերկությունը մի օր պատճառ կդառնա, որ բոլորը խղճան քեզ,
ներսումդ արմատավորված մոխրաման կա,
որտեղ ցավը շերտ-շերտ պահպանում է իր գոյությունը
ու մի օր էլ անձրևանոց կպահանջվի աչքերիդ համար…
բոլորն էլ իրենց ձեռքերը լվանում են դժոխքում,
բայց միայն դու ես կարողանում լսել մահվան պոեզիան,
հորիզոնից դուրս ես կարոտում եմ քո անհոգությունը,
մի օր էլ՝ հավանաբար, ինչ-որ լուսնային գիշեր,
մեզ կներծծի կավահողի այս հաստ շերտը,
որտեղ մենք շատ զբաղված ենք սպանվելով՝
կարելի էր գոնե մի կրպակ բացել…
բայց չափահաս դառնալու ժամանակ չկա,
հա, հա, ժամանակ իսկապես չկա,
մենք որոշել ենք վերակառուցել Նինվեն,
ու այնտեղ՝ քարերի արանքում, քո հնագետի հոգին է,
որի վրա քարացած փոշի կա…
ու եթե նույնիսկ մեզ մոտ ոչինչ չստացվի,
թող ինչ-որ մեկը գոնե մինչև վերջ ճանաչի քեզ…
դու կորար անտառում (իմ վերջին հուշը քեզանից) ,
ու եթե հեքիաթում քեզ փրկողներ կային,
ու անտառը գեղեցիկ տարածությունն էր՝ եդեմական բարիքներով ,
այստեղ քո բացակայությունը նկատողներ չեղան,
անտառը քեզ սեղմեց իր որովայնում…
իսկ հետո ես չեմ հիշում. հեքիաթը ավելի ձեռնտու է…
- Hits: 7050