Արթուր Անդրանիկյան. Մտածումներ Արա Արծրունու թատերգության շուրջ
Մտածումներ Արա Արծրունու թատերգության շուրջ
Սփյուռքահայ անվանի մտավորական՝
արձակագրի, թատերագրի, հրապարակագրի
ծննդյան 90-ամյակի առթիվ
Պատճառը` անհայտ է,
բայց արդյունքը` հայտնի:
Օվիդիոս
«Կերպարանափոխություններ»
Արա Արծրունու /1932-2018/ գեղարվեստական մտածողությունը սկզբնապես իսկ մարդկային ինքնեղ կերտվածքների,-լիարյուն բնավորությամբ հաղորդակցվող, արտահայտչագեղ ու արտասովոր,- ինքնաբացահայտ դրսեւորումներով է խնդրո առարկա, հետեւապես, արժեւորելի, երբ տեղի, ժամանակի, վերիրական /ըստ էության իրականության խորքային գիտակցման/ պատումներում մարդու երկվության խնդիրը գոյութենականության նշանակությամբ է խորհրդամղող… Այսպես է ընդառաջվել իրականությունը իմաստավորող, կենսակերպող դրամատուրգին, լայն առումով` իր արարմանը մարդկայնորեն հավատացող գրողին, ում ստեղծագործության արտասովորության կամայնությունը լիովին արդարացված է, քանի որ մարդկային բնույթի եւ էության խորացման ամենատարբեր իրավիճակներում չի փնտրում ինչ-ինչ,- մեծավ մասամբ, չարդարածված,- սկզբնապատճառներ` քողազերծելու համար անիմանալին, այն, ինչ անհայտ է եւ ենթակա… անկեղծության որոնմանը: Ասել է, թե անհայտության դիազննողի արծրունիական մտածողական մեթոդի շնորհիվ /եզակիորեն հազվագյուտ, զարմանալիորեն առկա հայ դրամատուրգիայի պատմության մեջ /դրամատիկական երկի սկզբի եւ ավարտի տիրույթներում /հարաբերականորեն` տիրույթներում/ ինքնաճանաչողաբար են «ներկայանում» տեսարանները, մարդիկ եւ այն իրողությունները, որոնց շնորհիվ ընթերցողը /հանդիսատեսը/ ինքնամփոփվում, այլ խոսքով որոշապես ինքնագիտակցման պահ է ապրում:
Տեսարանները. ամենեւին նկատի չունենք զուտ բեմաիրավիճակային տեսարաններ, որտեղ ինքնապահպանման բնազդով ապրող հերոսները բեմական պայմանականություններից զերծ` անհանդուրժն, ազատ են իրենց գործելաոճով. սա Արծրունի-դրամատուրգի բեմական /բեմը խորապես ըմբռնելու/ հանդգնության արգասիք է, այդ իսկ պատճառով տեսարանները զուտ տեղային բնույթ,- հատկապես աշխարհագրական,- «ազգայնացված»,- չունեն եւ չէին էլ կարող ունենալ, քանի որ Արծրունու համար խնդրահարույց է պատգամված լինելության խորհուրդը` իր եղանակավորումներով` ի խնդիր Մարդու ինքնաբացահայտման*:
_________
Արա Արծրունու թատերախաղերը իրենց բնույթով անանձնավոր մարդուն ուղղված Բաց դասեր են` մարդկության վտանգումի անփարատելի կորուստը շեշտադրող: Ըստ այդմ, ահազանգ` ժամանակավրեպի, անցողիկի դեմ ընդվզման լայնընդգրկուն-համատարած պայքարի… եւ տեսարանների ընտրության նրա չափազանց լրջմիտ, խոհեմ զգուշավորությունը այդ հետեւողական պայքարի փիլիսոփայության ընդգծված ապացույցներից է: Պետք է ապրել,- լիարժեք եւ մշտահեւք,- Մարդու անցյալ եւ ներկա ճակատագրով, որպեսզի խորամուխ լինելու ակնհայտնի մտայնությունը ոչ միայն իր անսրբագրելի հետքը թողնի հետագա զարգացումներում, այլեւ առողջ բանականությամբ դրամատուրգիական անսքող հարցադրումներով նպաստի չարի եւ չարության ձաղկմանը, ոչնչացմանը, երբեմն ի գին ազնվարյուն հերոսների ինքնաոչնչացման: Տեսարաններում մշտաբար առկա են պատմություններ, երեւակայածին կերպարներ, ինքնաբավ բնավորություններ դիցաբանական տարրեր, միֆական եղելություններ, որոնք նպաստում են մարդու ինքնաճանաչմանը` հետագա գործունեության ազնվապաստ ծավալմամբ:
Բնության եւ բնականի խեղաթյուրման աղարտման դեմ պայքարը` մարդկային առողջ դատողականությամբ եւ բանականության ներուժով, ըստ Ա Արծրունու, անկասելի է` մշտատեւ եւ եռանդիվ սկզբունքայնությամբ` որ ժամանակում եւ տարածության մեջ էլ լինի, քանի որ «մարդկային արթնացումը», որ ենթադրում է ոգու վերազարթնում, անկախ ամեն ինչից, մանավանդ, վտանգահարույց պայմաններից, միեւնույն է «իր հունը» գտնելու է, որքան էլ անմեկին ու անմատչելի լինի. «Բացեք առագաստները, բացեք առագաստները, հասեք անանուն կղզուն եւ այն կոչեք… հույս, հույս… բայց, բայց հրեշները արդեն ծովափին են, մեր պարտեզում, խաղաղության հին փարոսի պատերի տակ… պատերի վրա…
Հրեշներ, ես ձեր զոհը չեմ դառնալու, ես իդեալիստ եմ, ես մարդն եմ, որ հավատում է դեպի անանուն կղզին գնացող նավակին: Արթնացեք, մարդիկ… արթնացիր, մարդկություն…» /«Լռության սիմֆոնիա»/:
Անշուշտ, լռության սիմֆոնիայի «բաց ջղերով» մարդկության հոսող արյան ցամաքումն ու աներեւույթ տեսլացումը` հարաբերականորեն, հեղինակի մերթ ընդ մերթ ճչացող դատողություններով նպաստում է Ելքի որոնմանը` «հանգելով» այն գիտակցմանը, որ իրականության փնտրտուքներում ի վերջո, բարու եւ չարի հոգեզննումները ոչ այնքան միակողմանի են, որքան ճանաչողական զգայունակություններ արթնացնող պատմական-դարձակետային ընկալումներ, մտայնություններ վերիմաստավորող…
Ընդհանրապես, երբ քննաբանվում է «Լռության սիմֆոնիա» թատերգությունը, չենք կարող չմասնահատկել նրա ոճական-բովանդակային որոշ առանձնահատկություններ` հեղինակային «մտասեւեռումներով» հանդերձ: Նորարարական, բազմաոճ, գործողությունների ծավալմամբ ու «հոսքային» ընթացությամբ դույզն ինչ «անկայուն», ոճավորման` /զուտ ոճային ինքնեղության առումով/ երեք հիմքերի վրա դիտարկելի այս թատերգությունը դասական սկզբի առկայությամբ, ապա, նաեւ, իրականածնային-գիտություն /Seiense – fiction/ շաղկապմամբ հարում է մտացածին թատրոնի /fantosti-theater/ գաղափարաբանությանը: Նկատի ունենք երեւակածնայինի գոյությունը, որը աննախադեպ է մեր թատրոնի պատմության մեջ` այս թատերգության պարագային նաեւ արդարացված: Այս երեք ոճային,- էսթետիկապես հագեցված,- կառույցների արգասիք են` տեւապես զարգացում ապրող այլաբանությունն ու աբսուրդը, այլ խոսքով, անհեթեթը Ա. Արծրունու թատերգության գաղափարային «ողնաշարը»: Եւ բնական է, որ ոճային այս կառույցների հարահոսում հակադրվում նաեւ իրար հետ ներդաշն «զուգավորվում» են գերբնականը` իրականությունից դիտարկված, բեմական միջադեպերի հիմք կազմող (այլ զարգացումներում)` մտացածինը` ընդմեջ բնականի եւ գերբնականի: Այլ դիտարկմամբ` գաղտնիությունը քողազերծած կարելին եւ անկարելին կամ հնարավորը եւ անհնարինը… Այս ամենով հանդերձ, հետեւողականորեն զարգացող պատմումը /որ պատումի դրամատուրգիական ընթացով հերոսների լեզվաոճական տարաբնույթությունն է շեշտադրում/ էականորեն «դառնում է» պատգամածին, ասել է, թե հեղինակի հոգեւոր, բայց գաղափարազերծ պատգամը /պատգամները/ միեւնույն հարթության վրա փոխանցվում է ինքնաճանաչման իր «վճռին» ներկա հանրությանը: Միջանկյալ նշենք, որ, եթե, գեղանկարչական եւ շարժանկարային արվեստներում երեւակայածնային-գիտությունն ու մտացածինը /հորինելին/ վաղուց ի վեր ավանդույթի ուժ ստացել են` հատկապես, անցյալ-ապագա զուգորդումներում, ապա, այս առումով նույնիսկ, համաշխարհային թատերգության մեջ գոնե մեզ ծանոթ շատ քիչ թատերգություններ կան խնդրո առարկան իմաստավորող, քանզի խնդիրը նաեւ եղած աննշան փորձերը վերաիմաստավորելուն է վերաբերում` կերպարների վերանձնավորումներով, լեզվական էքսպրեսիայով` որոշակի անսայթաք ոճավորումներով, որոնք բխում են տեսարանների ու հերոսների միջեւ եղած փոխառնչություններից: «Ո՞վ է հողինակը» հարցադրումը կարոտ է` հեղինակը Արա Արծրունին է ավելի քան արդարացված պատասխանի: Այստեղ է, որ մեֆիստոֆելյան ճիգի գործադրմամբ` /գրավչորեն` գայթակղելով անմեղ-մենավոր հոգիներին/ Ա. Արծրունին իր իդեալի հետ է հաղորդակցվում, հուսալով, որ մարդ-խամաճիկների անցյալ եւ ներկա ժամանակներում մարդկության կորուստը չնչին կլինի, ըստ այդմ` հոգեւոր ժառանգությունը անկորուստ: Չափազանց ծանր ողբերգություն ապրող, անգիտակից դեգերող Կոնդոլիզիա, թերեւս, մտացածին քաղաքում սիրո վայելքը անբարենպաստ պայմաններում ապրող եւ, մանավանդ, ամեն ինչի նկատմամբ անտարբեր, բայց հուսալից
Մարդիկ. իրենց միջավայրում ապրելու եւ մեռնելու հավանականությունը նույնական համարելով, այնուամենայնիվ, ձգտում են Պատգամի արարչագործությամբ փոխել /բարեփոխել/ իրենց կյանքի ընթացքը. տեղատվությունների եւ մակընթացությունների անհամասեռ գոյավիճակից նրանք փրկության /վերստին փրկության/ ելքեր որոնելու ճամփաբաժանին են, բնականաբար, փրկչական առաքելությամբ բարենորոգչի գործունեությանը ճակատագրով պարտ, եւ ամենաէականն այն է, որ Փրկչի գալստյանը հեւասպառ ամբոխն /ժողովուրդը/ է սպասում, գուցեւ, հերթական անգամ հուսալքվելու իր բախտաբաժինը «վայելելու» համար. «Կեցցե Աննիբալը, բարենորոգիչը, փրկիչը… Նոր կյանք բոլորիս եւ սենատոր Աննիբալին: Մենք մերժում ենք ավազակներին, փառամոլներին, նյութապաշտներին… դեմ ենք բռնությանը… երկար կյանք բարենորոգիչ Աննիբալին, որը ստեղծեց «Կոնդոլիզիա, իմ սեր» նշանաբանը: Մենք պետք է շարունակենք այդ նշանաբանով պայքարել…»
Պայքարի /պայքարելու/ հետագա ընթացքը ու՞ր է տանելու, արդարացվելու՞ է այն իր բուն նշանակությամբ` խնդրահարույց, քանի որ Ա. Արծրունու թատերգություններում հաճախադեպ են պայքարի երեւութական եւ, ինչու՞ չէ, աներեւույթ «շրջադարձները» կյանքի կոչվում,- դրամատուրգի մարդկային,-գրողական նկարագրի շեշտադիր դրսեւորում,- այսպես թե այնպես, էականը երեւույթի եզրահանգելի կողմն է. ի՞նչ սկզբունքային նշանակությամբ է առաջնորդվում դրամատուրգը եւ ի՞նչ եզրահանգմամբ է գաղափարական պայմանականությամբ օժտում թատերգության չափազանց անլուծելի ավարտը: Այսինքն, արդյոք հիմնավորու՞մ է ժողովրդյան,- հոգնածորեն շնչասպառ,- խանդավառությունը. այս առումով Էդիի խորքային, դիտարկելի կերպարը ընդգծյալ զգայնությամբ բեկումնային ավարտ է ցուցանում` հանուրի արթնացմանն ուղղված տեսլականով. «Էդի. /Ձախ ձեռքի ափը բարձրացնելով/ - Տեր իմ, ահա «Բանը»… մեծատառ «Բանը»… Բաշխեք ամենքին: «Բանը»… եւ լռություն… լռություն… /Բարձրաղաղակ/ Լռություն… /Ճչալով/ Լռություն… /«Կոնդոլիզիա, իմ սեր»/:
Ընդհանրապես, Ա. Արծրունու թատերգություններում բռնությունները, /մանավանդ, երբ «այն հասնում է իր գագաթնակետին»/ իրականության խեղաթյուր վիճակները, հերոսների ինքնաքայքայվող գոյավիճակները որոշակի նահանջի հոգեբանական ալեբախություններով են ընթերցելի` դրանով իսկ ոգեղենազրկող: Եւ… «մինչեւ ե՞րբ է տիրելու այս խարխուլ վիճակը» հարցադրումը միայն Կիկոսի բարձրաձայնումը չէ, այդ վիճակի անբավարարվածությամբ ապրում են նաեւ նրանք, ովքեր ինքասպանության «սեմին են» ինքնաքայքայված, բայց արեւածագ երազող:
Վերստին, երկդիմակության,- ընդհանրապես, մարդկության զարգացման պատմությանը բնորոշ,- ինքնակեղեք երկդիմության իրարանցումային վիճակներում /երբ, նույնիսկ անգոյությունն է վտանգահարույց/ նշմարվում է վաղը` ոչ այնքան խոստումնալից ու նշանակալից.
Տիոս - Արտառոց էակ, մեկ աչքում` ժպիտ, մյուսում` արցունք… Այո, վաղը դարձյալ կտեսնվենք… արեւածագին… երբ ծագի արշալույսը… Տիկնայք եւ պարոնայք, թատերախաղը` շարունակվում է… վերադարձեք: Ձեր ներկայությունը, ձեր մասնակցությունը` անհրաժեշտ է… որովհետեւ …որովհետեւ… վաղը դատվելու է հեղինակը: /Ո՞վ է հեղինակը»/:
Հեղինակը` Արա Արծրունին իր «մեղսակցությամբ» արդյոք նպաստե՞լ է սարոյանական «ինչ որ տեղ-ինչ որ բան սխալ է» հիմնադրույթին, թերեւս, այնքանով, որքանով իր ստեղծագործական երկվությամբ է ազդել այս կամ այն կերպարի հոգեւոր նկարագրի ձեւավորմանը: Այդպիսով, հեղինակավայել վերահսկելով գործողությունների եւ իրավիճակների տրամաբանորեն զգայական վերընթացը… ընդհուպ «դատվելու» արժան` հարաբերական իր անմեղությամբ: Ընդհանրապես, ճշմարտությունը, որ ճակատագրորեն է իր պատումներում երեւակվում, ոչ միայն դրամատիկական զարգացում-ծավալումներ է ենթադրում, այլեւ տեսարանների, մարդկանց եւ մնացյալ իրողությունների համաձույլ «գործունեություն», որ, իր` դրամատուրգի համար ավելի քան կեսդարյա կենսաձեւ է, տակավին չգնահատված, լիարյուն եւ ըստ ամենայնի կենսապայքար` միայն ոչ թե «դատվելու», այլ դատը շահելու արդար, շրջադարձային պայմանով… Այս ամենով հանդերձ, կա գրվածքի ամբողջականացնող խտություն, չափազանց ուսանելի ու ուսումնասիրելի… «Զանգը» ողբերգությունն իր անավարտ… ավարտությամբ, «անխոսության» բեմական նկարագրով, ուտոպիական չբացահայտվածությամբ, ինքնին բեմադրելի է այնքանով, որքանով որ ըմբռնելի-տեսանելի է բեմական կահավորանքի հոգեբանական նկարագրով, բայց արդյո՞ք… անբեմադրելի, աբսուրդի առումով, անշուշտ… ենթագիտակցվող… մանավանդ, որ Զանգը` ահազանգ-պատգամի հնչողությամբ է լցնում դատարկ ափսեի /ափսեների/ շրջանակի /շրջանակների/ ամայացող ողբերգականությունը:
«Թուղթ Թեսեոսի» թատերգության առասպելային /առասպելածին/ պատումի ընդգրկումներում «արդարամիտ ու հզոր արքա» Մինոսի պատմությունն է` դիտարկված իբրեւ ինքնաքայքայման սկիզբ, ըստ այդմ, Ա. Արծրունու համար ուշարժան է եղել ոչ թե ժամանակային-պատմական-առասպելյալ անցուդարձը, այլ այնպիսի խնդիրների արծարծումը, որոնց առկայությամբ Լաբիրինթոսը դիտարկվում է իբրեւ մարդկային պատմության սկիզբ եւ ավարտ խորհրդանշող, տարբեր անցքերում իրադարձություններ ցուցանող հոգեբանական հանդիսավայրեր… Չափազանց ուշագրավ է կերպարների ընտրությունը ու նրանց միջոցով մտահղացվելիք գործողությունների ծավալման ոչ հանդարտահուն ընթացքը: Բայց ամբողջ խնդիրը Թեսեոսի` «այն հսկայի» լաբիրինթոսի ելքի ճամփան գտնելու խորհրդավորության, մարդկության փրկությունը ազդարարելու մեջ է. «Այն մեծատառ Պատգամ է ուղղված մարդկությանը… բյուրեղանալ, ստեղծել նորը: Միայն գործով… եւ առանց խոսքի…»:
Վերոնշյալ կերպարների ընտրությունը ու նրանց խաղարկելիությունը փորձահմուտ դրամատուրգի համար հիմնարկեքային նշանակություն է ունեցել, հանրության ամենատարբեր շերտեր, միջավայրեր, հոգեբանություններ ընդգրկող. նրանց միջոցով ու ներգործունությամբ,- եւ անշուշտ, թվայնացված տպավորապաշտություն ստեղծող կողմորոշելիությամբ,- ստեղծվել է գիտակցության հոսքի մի այնպիսի հարաճուն մթնոլորտ, որ իրենց տեսակով ավելի են վերամարմնավորվում` ընդգծելով արծարծված գաղափարի /գաղափարների/ համաժամանակայնությունը: Այսպիսով, քաջածանոթ պատմությունը դրվագազարդվում է` դրամատիկական բնույթ ու ենթաշերտեր ստանում: /Պրոֆեսորի ու Լիլոյի հպանցիկ սիրո պատմությունը, Ծերունի թիվ 1-ի հորդորները` լաբիրինթոս մտնելու եւ «անծանոթ ճշմարտության» փնտրտուքը, խամաճիկների ճշմարտության որոնման` «ճշմարտությունները իմանալու» ցանկությունը, Անտուանի` խամաճիկներին /իբրեւ որոշակի պարտավորություններ «կրողների»/ իրենց գոյության անհեթեթությունը /երեւի թե ավելորդ անգամ/ հիշեցումը. «Ինչ հրաշալիք… Լաբիրինթոսը եւ նրան կից Սուրբ Ճգնավորի մենաստանը… այսինքն մի ամբողջություն… Խամաճիկներ, ես ձեզ ճանաչում եմ, տարիներ շարունակ ուսումնասիրել են ձեզ եւ լրտեսել… արբանյակի միջոցով: Ինձ համար դուք միայն բջիջներ եք, որոնք իրենց պարտականություններն են կատարում` ստիպողաբար. Դուք ձեր գոյության տերը չեք»: Բայց, ի վերջո ո՞րն է թատերախաղի կիզակետը, այլ խոսքով` Միտք բանին, եւ դիտարկված իրողությունների ի՞նչ շրջանակում է պատմությունը /առասպելածին ու առասպելյալ/ վերախաղարկվում` ընդլայնելով իր ընթածիրը նորահնար միկրոդիպաշարեր ներառնում իր մեջ: Արա Արծրունին այնքան անտեսողունակ չէ, որ աչալուրջ հետեւի այս պարագային` դրամայի ընդունված կանոններին, նա թատերգության սկզբով եւ ավարտով զորում է գործողության /գործողությունների/ միասնականություն ու պարզ,- թվացյալ,- համակարգ ստեղծել: Այսինքն, որոշակի համակարգվածության շնորհիվ նա պատճառաբանում է, թե որ կերպարը ի՞նչ հանգամանքներում պետք է դրսեւորի իրեն վերապահված Պատգամը: Ամեն մի կերպար իր գործողությամբ է հավասարակշռում մյուս կերպարների հետ ունեցած կապը, դրանով իսկ առավել շոշափելի դարձնում մարդկային գոյության չգոյության իմաստը: Բեմական իրարահաջորդ հակադրությունների խորապատկերի վրա` անհատ եւ հանրություն մերձության բացահայտումը` Հրեշի. կես-մա՞րդ, թե՞ Թեսեոս լինելու հանգամանքով է ինչ որ տեղ պայմանավոր. «Լիլո… Հայելիների փլատակների միջից ես տեսա այլափոխված Թեսեոսին` կես-հրեշ եւ կես… ոչինչ… ոչինչ»: Եւ «Թուղթ Թեսեոսի» ընթերցմամբ ազատագրելու եւ ազատագրվելու գաղափար-հորդորը նախ եւ առաջ գաղափարախոսություններից` Թաբուլաներից եւ Ռազաներից ոչ միայն զերծ մնալու խնդիր է առաջադրում, այլեւ հոգու վերածննդյան ստեղծագործ ոգու, ազատամթությամբ է ուղենշային: Մանավանդ, երբ հակադիր ուժերի բախմամբ` ակնհայտվում է ճշմարտության երեւույթը.
«Ճգնավոր» - /Ընդվզումով/ Բայց դուք խենթացել եք: Դուք հայհոյում եք Աստծո ստեղծած «Թաբուլա Ռազային, որ մենք հասցրել ենք իր գագաթնակետին.
Երիտասարդ. թիվ 3-րդ - Լռիր դու, խաբեբա: Հազարամյակների շարունակ դուք աղավաղել եք մեր միտքն ու հոգին, թունավորել մեր սիրտն ու աչքերը, մենք զրկված ենք եղել ճշմարտություններ տեսնել»: Եւ, բնականաբար, ազատագրվելու այնքան սպասված, եւ երանելի պահը ավելի քան հասունացել էր: Իսկ Անտուանի լիեռանդ կոչը հնչում է ճիշտ տեղին, ժամանակին եւ համբերատար հոգիների համար ավելի քան փրկաբեր է. անշրջանցելի է նաեւ Անտուանի բեմական կեցվածքը. «/Դեպի սրահ նայելով/ «Ազատագրվեք, ազատագրվեք: Ջնջեք ձեր թվերը, մաքրեք ձեր ճակատները եւ վերադարձեք ձեր մաքրամաքուր սկզբին…»: Այսպիսով, «բարձրագույն ազատությունը զուգորդելով ճշտապահությանն ու եռանդին» /Պոլ Վալերի/:
… Նպատակայնության կանտյան գաղափարը,- արվեստի եւ բնության միջեւ ստեղծված-գոյավոր կապի իմաստավորումը,- որոշապես զգալի, կիրարկելի է նաեւ Ա. Արծրունու դրամատիկական անդրադարձներում, մանավանդ երբ մարդ-բնություն ներդաշն նաեւ հակասալից հարաբերություններում շոշափվում են գեղարվեստական խնդիրներ, ու այդ խնդիրների լուծման խորապատկերի վրա ընդգծվում են միջավայրի (կամ միջավայրային) այնպիսի հակասություններ, որոնց կրողը Մարդն է, եւ որոնք անխուսափելի լարվածություն են ստեղծում`
ա. մարդու ներաշխարհում` որտեղ սկզբնավորվում եւ ծավալվում են ողբերգականորեն մարդուն հասանելի իրողություններ, բայց ելման կետերի փնտրտուքը կամա ակամա կախված է մարդու կամքից եւ բանականությունից:
բ. մարդու պարզորոշ պատկերացումներում, երբ առկա է միջավայրն իր նկարագրով.- այլազան բարքեր, կենսագրություններ եւ այլն,- այդժամ մարդն ինքնահոսի է մատնվում եւ գործում է ա ն կ ա ս ե լ ի նորին մեծության բնազդը. Արա Արծրունու պատումներում բնազդի ներմուծումը ոչ այնքան մտացածին է, որքան դրամատիկական սկզբունքի արժեւորման ու գիտակցվածության դրսեւորում: Ի վերջո, բանականության հոսքի ենթագիտակցաբար հրամցվող տեղատվումները որքան որ իրադարձային են, նույնքան էլ իրավիճակային` բնավորությունների եւ իրավիճակների հանգուցալուծմամբ:
Արա Արծրունին հենց այդ մարդկային իրավ բնույթի տեսանողն է, կերպավորողը, ընթերցողին /հանդիսատեսին/ արժանացնելով իր դատին մասնակից լինելու առաքելությանը` պատճառի /մտահղացման/ ու արդյունքի /իրականացման/ բացահայտումներով` գեղարվեստորեն ամփոփ, արդարավճիռ ու անկողմնակալ:
* Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը, Մարկոս Ավրելիուսը եւ այլք մարդու ինքն իր հետ հաղորդակցման, ըստ այդմ` խորքային բացահայտման համար կարեւորում էին ինքնազրույցը. այն երկխոսության իմաստավորմամբ առավելս է ընդլայնում կերպարի /կերտվածքի/ ուսումնասիրման հնարավորությունը, հոգեզննումը: Ներքին երկխոսության նշանակալիությունը զուգահեռվում է գործողությունների կառուցման տրամաբանությանը, մանավանդ, երբ գործողության ամենատարբեր միջադեպեր` զուտ իրադարձային են, պայմանավոր բեմական մթնոլորտի անկասելի շիկացմամբ:
Արթուր Անդրանիկյան
- Hits: 1916