Յարութ Կոստանդեան. «Օրերի իմաստնութիւնը» ժողովածուից

                        «Բանաստեղծ՝ անվաւեր մի կոչում․․․»

Ֆրանսահայ գաղութին մէջ ամէն ոք տեղեակ էր, թէ մեր մօտ կ՛ապրի մեծատաղանդ բանաստեղծ մը, Յարութ Կոստանդեան: Ամէն ոք կը նշանակէ, այս պարագային, տասնեակ մը հաւատարիմ ընթերցասէրներ, որ սակայն հակամէտ էին մոռնալու բանաստեղծին լուսաւոր ներկայութիւնը, եւ այս՝ կրկնակ պատճառներով: Նախ անոր համար, որ Յարութ Կոստանդեան միշտ սիրած էր ապրիլ աշխարհիկ խմբաւորումներէ հեռու, վճռապէս հեռու, իր ներամփոփ կեանքի երազային հարստութեան մէջ, եւ յետոյ անոր համար որ Յ.Կ. իր երգերը կը հրատարակէր երկա՜ր, երկար ընդմիջումներով, տեսակ մը չկամութեամբ, որպէս ասուպ բացխփիկ:

                                                                                       Շահան Շահնուր

․․․եթէ Բանաստեղծութիւնը որոշակի իմաստով Մարդու յիշողութիւնից  փրցուած ծուէններ  համարենք, ապա Յարութ Կոստանդեանի /1909-1979/ պարագային նրա «սրտի տրոփիւնները» տարածութիւն եւ ժամանակ հասկացութիւնների միախառն սիրոյ վկայութիւն են՝ իր ապրած ժամանակից դուրս, հաւատընծայ ոգորումներով։ Ամէն դէպքում յաւելեալ չարժեւորելով բանաստեղծական այն ինքնեղ տեսակը եւ ըմբռնումները, որոնք ամենեւին գրողական երեւակայածին քմայքի արգասիք չեն, այլ պրովանսեան լեռներից իրականութիւնը դիտարկած մարդու, մտաւորականի տեսողունակ հայեացքի արտայայտութիւն՝ «ոչ հեռու» ինքն իրենից․ գուցէ միահիւսումի արտասովոր ճգնակեցութիւ՞ն, թէ՞ կրկնակ վտարանդուած Հայի կեանք ապրեցնող, արժեւորող  սովորոյթի ուժ ստացած պատմութիւն․․․

Արդ, դժուար է հաւատալ դիպուածի իրողութեանը,- որտեղ ծնուած լինելու եւ ինչ ճանապարհներով ուր հանգրուանելու կենսապատումը երեւի թէ իրեն նոյնպէս անյայտ մնաց, ամենեւին չհետաքրքրեց, որովհետեւ անտրամաբանական շղթայական զարգացումները,- բաժանուած մի գծիկով,- ծննդեան եւ մահուան թուականների միջեւ,- վկայութիւնն են ինքնապայքարի /գուցէ ինքնախաղի/ առկայ ու գրեթէ միշտ անյաղթահարելի բանաստեղծի համար։ Ճշգրիտ՝ բան ա ստեղծողի, ինչպիսին ինքն էր խստակեցութեամբ, սահման չճանաչող սահմանախախտմամբ, քանզի «երազն էր գերհզօր», որովհետեւ հետամուտ էր երազի չիրականանալուն՝  այդ ընթացքով, նեարդ առ նեարդ ուրուագծելով իր տեսած Աստծոյ ճշմարտութիւնը ։

Զտարիւն ներշնչանքի բանաստեղծը լինելու հանգամանքը գրգռուածութեան աստիճան ներգործել է Յ․Կոստանդեանի մտազգաստութեան եւ անմիջականութեան վրայ, այն առումով, որ ինքնապահանջութեան կեցուածքը չի դիմակայել այն հարցադրումներին, որոնք դոյզն-ինչ անսովոր են եղել փորձառութիւնը յաղթահարողին։ Եւ թուացեալ «դժուարին արտայայտուելը», այլ խօսքով ու խորքով՝ սակաւագրութիւնը, բանաստեղծի եւ նոյնիսկ այլոց համար՝ խնդրոյ առարկայ, երբեմն աւելորդ /կամ յաւելեալ/ կասկածների տեղիք է տուել՝ աւաղումների արտայայտութեամբ։

Այսկերպ, ոչ լիարժէքօրէն է բացատրելի, երբեմն «կոպիտ պարզեցմամբ հրամցուած» այն միջավայրը, որ էութեամբ ներդաշնակւում է բանաստեղծի ինքնապահպան բնազդով ապրող մարդու ներկայ եւ յարակատար նկարագրին, գաղափարազերծ, խօսքի «յիշողութեամբ» ներաշխարհային այնպիսի վիճակներ ստեղծող, որոնք նախասկզբնականի եւ վերջաւորի «մատոյցներում» մեր տեսողութեան եւ դիտողականութեան ընդմէջ «լռութեան անշարժ բեւեռում» եղանակաւորում է իր պատկերացումները զգայական տարասեւեռ այն աշխարհների մասին, որոնց պայմանական գոյութեամբ ապրում ենք, որոնց հաւաստիութիւնը մեզ համար միեւնոյն է, ինչպէս ցանկացած տեղատարափ՝ խօսքի, զգացումի, թէ արտաբերուած ինքնաբուխ մտքի․․․

Յարութ Կոստանդեանի բանաստեղծութիւնները /ներառեալ արձակն ու նամականին/ խօսքի, զգայնութեանց յարաբերականօրէն մեզ անծանօթ, հիացմունքի մղող մի այնպիսի կենսադաշտ է ստեղծում , որ «անձանձիր միայնութիւնից» դուրս գալու ուղիներ որոնելիս համոզւում ենք, որ առեղծուածի չըվերծանումով միայն կարող ենք ապրել Բանաստեղծութեամբ․․․

                      Արթուր Անդրանիկեան

                                   

«Օրերի իմաստնութիւնը» ժողովածուից

 

 

Բանաստեղծի գերեզմանին առջեւ

Անձրեւն իջնում է հեղուկ երգի պէս,

Դուռը դամբանիդ բախելով ի զուր,

Սակայն յուսալով գուցէ ինձ լըսես՝

Ահա՝ եկել եմ, երկիւղած ու լուռ:

Վարպե՜տ, այս ես եմ, անանուն մի ես,

Հոգիս վաճառած գրքիդ մէկ էջին,

Դու որ նիրհում ես, բաց աչքերդ ու տես,

Քանզի մարմնացած քո երգն եմ վերջին...  

Իջնում է անձրեւն  այտերիս վրայ.-

Արցու՞ն ք է արդեօք, թէ՝ միայն անձրեւ.

Անձրեւ կամ արցունք նոյնըն է հիմա՝

Հանգչում է մահը այս քարի ներքեւ...

Վարպետ, այս ես եմ, անանուն մի ես,

Եկած սեւ կաւովդ արձան կերտելու...

Ա՜հ, ես անքուն եմ, իսկ դու ննջում ես,

Վարպէ՜տ, եկել եմ վիճակ փոխելու...

 

Արեւելեան գորգ 

Սենեակս մութ է ու օդը սպառուած: Լոյս չկայ, օդ չկայ:

Արեւի մի նիհար. Հիւանդ ու մրսկոտ ճառագայթ շողում է պատուհանի միջից եւ ժանեակէ վարագոյրի ստուերահիւս ընդօրինակութիւնը ձգում գորգիս վրայ:

Գորգս կապոյտ է. վրան սակայն գոյնզգոյն ծառեր, ծաղիկներ ու թռչուններ կան նկարուած:

-Ո՜վ գիտէ Արեւելքի ո՞ր քաղաքում հիւսեցին քեզ, ու հիմա դու Փարիզում սենեակս ես զարդարում:

Հէ՜յ Արեւելքի գորգ, դու էլ ինձ պէս օտար ես այստեղ: Քեզ էլ են արագել, փռել են կոշտ գետնի վրայ ու փոշոտ ոտքեր կոխոտում են երեսդ:

Արեւելքի գորգ, եթէ մեր երկիրը լինէինք՝ ես քեզ զուարթ պարտէզի մէջ կը սփռէի, կանաչ ու դալար խոտերի վրայ, ծառերի զով շուքին տակ, կարկաչուն աղբիւրի մօտ:

Ու կօշիկներս հանելով, ծալլապատիկ կը նստէի վրադ ու կ՛երազէի:

Սամօվարը կ՛եռար մեր կողքին, միրգեր կը թափուէին մեր շուրջը ու սոխակներ կ՛երգէին ծառերի վրայ:

Ու դու, այն հէքիաթական գորգի պէս կը սլանայիր դէպի երազային աշխարհներ՝ ուր մենք Խայամի հետ գինի կ՛ըմպէինք ու դէրվիշների հետ հաշիշ կը ծխէինք:

Հէ՜յ, հէ՜յ Արեւելքի գորգ...

Արեւի մի նիհար, հիւանդ ու մրսկոտ ճառագայթ շողում է պատուհանիս միջից՝ գորգիս վրայ:

Եւ ահա այն թիթեռանման ծաղիկները կարծես թէ մի խոր քնից արթնանում են, ծաղկում եւ բուրում...

Խատուտիկ թռչունները կեանք են առնում եւ դայլայլում:

Ծառերը աճում, բարձրանում են սենեակիս մէջ, ծածկելով առաստաղը սաղարթախիտ ճիւղերով:

 

Գինարբուք

...Ու տուր ինձ մի բաժակ գինի,

Ուր թափել է արեւն իր հուր,

Նախ քան օրը գիշեր լինի –

Եկ, սիրուհիս, բաժակը տուր:

Նուռ պրիսմակովը բաժակի՝

Գեղեցկութեանդ ցոլքը դիտեմ,

Նըմանի դէմքդ հրեշտակի,

Սատանայ ես թէեւ, գիտեմ:

Եկ, սիրուհիս, լեցուր բաժակն,

Շրթներիդ վարդը օծէ ցողով,

Ու շրթներիդ համբոյրի ակն

Թող քաղցրանայ նաեւ գինով...

Համբոյրդ լինի թող գինեհամ,

Արժանանանք մենք գեհենին...

Բայց համբոյրովդ թէ չարբենամ՝

Չըմեղադրես ազնիւ գինին:

 

Այս է իմ տուն...

Մըթին ու նեղ սանդուխներով՝ ութը յարկեր երբ բարձրանամ,

Նրբանցքներով նեղ ու մըթին շէնքի սրտումն երբ խորանամ,

Ես կը խորհեմ, սենեակիս դուռն հազիւ բացած,

-Այս է իմ տուն, իմ հայրենիք, այս է բոլոր իմ ունեցած...

Արեւելքից հետըս եկած մաշուած մի գորգ,

Գոյնը նետած, վըտիտ ու մերկ, կարծես մի որբ,

Խօսում է մերթ յիշեցնելով ձայովն իր ցած՝

-Այս է իմ տուն, իմ հայրենիք, այս է բոլոր իմ ունեցած...

Պատից կախուած նըրա պատկերն գեղեցկադէմ,

Փայլում է մերթ յիշատակով քաղցր ու վըսեմ:

Սիրում էր Նա, սակայն վաղու՜ց է մոռացած,

-Այս է իմ տուն, իմ հայրենիք, այս է բոլոր իմ ունեցած...

Գրքակալում գրքերի հոծ ամբոխը լու՜ռ,

Պատմել է ինձ իմաստութիւն, հեքիաթ, ի զու՜ր...

Քանզի գիտեմ՝ նրանց խորհուրդն ես գոց սորված՝

-Այս է իմ տուն, իմ հայրենիք, այս է բոլոր իմ ունեցած...

Ու քարտէսը Հայաստանի – ծովից ի ծո՜վ –

Դէմս է փըռում խոցուած սրտին թոյնն ու գորով...

Սակայն մտքումս քարտէսն հազար մասի պատռած՝

Որոնում եմ մի հայրենիք, ուր մարդը չէ մարդից ատուած...

 

             Երազ

                                  Առ S.W

Մի կորսըւած հիւղ կիսաւեր՝

Ծածկեր մեր սէրն ու մենութիւն,

Ոսկեբիւրեղ վերից աստղեր

Վար թափէին ցօղ, օրհնութիւն:

Այսպէս մենակ ու մոռացուած,

Ու մոռացած աշխարհը սին,

Լոյսերի պէս իրար գրկած՝

Ձուլուէինք ջինջ արշալոյսին...

Բայց ինձանից հեռու՜ ես դու,

Ինձ աւելի մօտ է լուսինն...

Լինես սակայն մօտ թէ հեռու՝

Նոյնն է վախճանն այս երազին:

 

Ճշմարի՜տ, ճշմարիտ ասում եմ քեզ...

Այսօր, մարմինս ոչ ստուեր ունի, ոչ հոգի

Ոչ շղթայ ծանր, եւ ոչ էլ թեւ լուսեղէն,

Կէս սովամահ մի գայլի պէս՝

Դունչը մեկնած աներեւոյթ լուսնեակին...

Ոռնում է ցաւն իր ապրելու,

Տենչանքն անզուսպ պատառելու, լափելու

Տաքուկ արիւնն եղնիկին՝ դեռ կենդանի...:

Բայց պատասխանն իր ոռնոցին

Ոռնոց է զի՜լ, արձագանգ.

Եւ յուսահատ, հերոսական վայրի կամքով՝

Թաթն է փշրում ժանիքներով իր սրածայր,

Լափում արիւնն իր սրտի...:

Այսօր մարմինս ոչ ստուեր ունի, ոչ հոգի...:

 

Երազանք

Երազանքիս բիւրեղին մէջ քեզ տեսայ,

Մայրամուտի գեղեցկութեան պէս թախծոտ,

Անցա՜ր վարսերըդ ոսկի, ու աչքերդ շափիւղայ,

Անցա՜ւ երազն ու հիմա հոգիս տեսքիդ է կարօտ:

Յովազի պերճ, յոյլ քայլերովդ հեշտօրօր,-

Անցաւ մարմինդ մի ծաղկազարդ նաւի պէս,

Առագաստներն ուռած,- ստինքդ էին որ բոլոր

Հովերն եկան փայփայել... Ու չըհասայ բընաւ քեզ...:

Բայց գալըստեանդ ես կը հսկեմ վերըստին,-

Ե՛կ դիցուհիս,- դարձուր գիշերս առաւօտ...:

Ինչպէս արտոյտն ընդառաջ կ՛երթայ ծագող արեւին՝

Երգում եմ քեզ, մինչ յաւէտ սիրտըս սրտիդ է կարօտ:

 

 

Քաոս

Հասել եմ ես վերջապէս

Ափերն անափ լըռութեան,

Հեռուն թողած սոխակի երգն,

Անմիտ ժըխորը մարդկութեան:

Եւ ոչինչ կայ ոչընչութեան այս ափերում,

Դատարկութիւն, վերը, վարը,

Դատարկութիւն իմ սրտում.

Լըռութիւնը պատել է ինձ՝

Ինչպէս մըշուշ աներեւոյթ,

Բայց գանկիս մէջ շըշընջում է

Լուռ մեղեդին յուշերիս,

Ու մերթ ընդ մերթ ինչպէս փարոս

Մտքիս լուսաստղն է փայլփլում

Ծովին վըրայ քաոսի:

  • Hits: 356

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: