Յակոբ Կարապենց. Ադամի գիրքը (հատուած վէպից)
Էսքիզներ դիմանկարի համար
Յակոբ Կարապենց
«Սիրելի Արթուր Անդրանիկեան, հաճելի անակնկալ էր նամակդ․ վերջին հաշւով այնքան էլ կարեւոր չէ թէ մեզ կը հրատարակեն թէ ոչ ճշմարիտ գործը հրաբխի պէս կը պայթի եւ իր թէժ լաւայի տակ կը կիզի ամեն տեսակի միջակութիւնների․․․»։
Հակոբ Կարապենցի /1925 – 1994/ ինձ ուղղված նամակներից այս հատվածը մտովի վերապրեցնում է 1989 թվականի այն օրերը, երբ երկու ամիս անց ամերիկահայ գրողը Երևանում էր․ զանգահարեց, հանդիպեցինք։ Ինձ,- հեռակա ծանոթությամբ,- արդեն ծանոթ էր «Յառաջ» օրաթերթում տպագրված հոդվածներից, ինչպես նաև հետագայում պարզեցի՝ Իրազեկ ստորագրած տեքստերից․ /արդ, «պատեհ ատենն է» վերջնականապես բացահայտվելու․ 90-ական թվականներին հիշյալ օրաթերթում հրատարակված հեղինակի ով լինելը, նպատակս ամենևին մտավախությամբ չի պայմանավորել այդ գրչանունը ընտրելու համար/։ Հետաքրքիր էր Կարապենցի անդրադարձը․ «Բայց շատ սուր էին, դիպուկ, կարծեմ հայաստանյան թերթերը չէին հոժարի տպագրել, մանավանդ այն մեկը՝ շատ լավ հիշում եմ «Կոտորածն ծառոց» վերնագրով՝ Հայաստանի ծառերի համատարած սպանդին էր վերաբերում»։ Ես շոյված էի։ Արդեն բանավոր թե գրավոր առիթ ունեցել եմ «ինքնագոհ» նշելու, որ տարիներ անընդմեջ «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների թղթակից Յակոբ Կարապենցին Հայաստանում առաջին անգամ տպագրելու պատիվն ունենալու մասին՝ «Գրական թերթ»-ում՝ «Թե գնաս Հայաստան, Արարատին բարև արա»։ Բայց մեր ծանոթությունը, ստեղծված մտերմությունը այլ հիմքեր ուներ՝ ոգեսնող համախոհություն կար։ «Անծանոթ հոգիներ», «Միջնարար» պատմվածքների ժողովածուները, «Կարթագենի դուստրը», «Ադամի գիրքը» վեպերը կարդացել էի և տպավորվել էր հեղինակի աշխարհընկալումը, հայրենազուրկ հայերի այլաշխարհային, երբեմն ցայտնոտի մեջ, երբեմն էլ հավասարակշիռ պահվածք –կենսակերպը։ Կարապենցը նույնպես տարագրվածների սերնդից էր՝ Պարսկաստանից, բայց ոչ հոգով տարագրված․ «Դժբախտ եղավ մեր սերունդը, ընկանք երկու աշխարհների արանքում։ Չկարողացանք հանդուրժել հինը, իսկ նորը կերտելու համար զեկուցումը չունեցանք։ Մի տեսակ աքսորյալ մեր տան մեջ, մեր հոգիների մեջ»։
Իմ այն կարծիքը, որ դժգոհելու պես պարզեցի իրեն՝ ընդունեց զարմացախառն ժպիտով, ի հարկե չպատասխանեց․ «Կարապենց,- արգելել էր պարոն-ով դիմելը,- ինձ համար երկու նշանակալից գրողներ կան՝ ծագումով պարսկահայ՝ Յարութ Կոստանդեան, Յակոբ Կարապենց, մյուսները՝ առ այսօր ստեղծագործող, որոնցից շատերին ցավոք գիտեմ՝ ավելի քան պարագայական են»։ Մի պահ լռելուց հետո, ասաց․ «Շատ համարձակ ես, Հայաստանում գրական միջավայրի անգամ անդամ լինելն ու համարձակությունը արդյոք հակացուցված չե՞ն»։ Համարձակությունս նոր «փայլ ստացավ», երբ ասացի․ «Ոչինչ չունեմ կորցնելու, գտնելու հույսս էլ զրոյական է»։ Իր խոսքը ինձ ավելի խանդավառեց․ «Այդպես ապրիր, տղաս, ու մի մտածիր որ քո պահվածքով չես ներվելու երբեք, այստեղ գնահատելու այլ չափանիշներ են գործում»։ Մենք զրուցում էինք «Արմենիա» հյուրանոցի իր սենյակում։ Քիչ անց հարկի հերթապահը ներս մտավ և դիմեց Կարապենցին․ «Պարոն, Ձեզ սպասում են»։ Ելանք բաց պատշգամբ՝ անսպասելի մի տեսարան էր․ մի քանի մեքենաների շուրջ գրողներ, գրականագետներ։ Նրանցից ամենահանրածանոթը ձայնում է․ «Հակոբ, Իջևան պետք է գնանք»։ Եւ ինձ համար ավելի քան անսպասելի հնչում է,- իսկապես հնչում է,- Կարապենցի ձայնը․ «Ողջույն հայ գրականության ծանր հրետանուն, ժամանակ չունեմ, ափսոս այս երիտասարդին չեք ճանաչում, ուրախ եմ, որ ես ճանաչում եմ»։ Եւ կտրուկ շրջվեց՝ ասելով․ «գնանք»։ Իսկ մեր «գնալու տեղը» երկու քայլ այն կողմ էր՝ իր սենյակը։ Ես գրեթե ամեն ինչից հետաքրքրվում էի, մի քիչ շատախոս էի դարձել․ «Ամերիկյան շուրջպար» պատմվածքների ժողովածուի կերպարներով էի հետաքրքրվում․ արդյոք իրակա՞ն են, մտացածի՞ն, նրանցից շատերի հետ մտերիմ եղե՞լ է․․․ «Քեզ համար որոշները անմոռանալի կերպարներ են, ճի՞շտ եմ», հանկարծ ժպտալով ընդհատեց,- գիտե՞ս, ինձ համար ամենաանմոռանալի կերպարը Դոստոևսկու իշխան Միշկինն է, երբեմն իրեն տեսնում եմ Հառլեմ թաղամասում, երբեմն ամեն տեղ, բայց ոչ Երևանում»։ Ոգևորությունս կրկնապատկվեց, երբ լսեցի Իշխանի անունը, տարիներ առաջ Սունդուկյանի թատրոնում տեսել էի Իշխանին լուսահոգի Լորենց Առուշանյանի գերազանց դերակատարումով, ու ակամա ասցի․ «Կարապենց, ինձ թվում է Իշխան Միշկինը Բիթնիկների նախակարապետն է»։ Մինչև հիմա անկարող եմ հասկանալ, թե ինչու՞ լռեց, երևի մտովի ինչ որ «գործողության» ավարտ, թե սկիզբ էր իրեն մտահոգում, որ ինձ անհայտ մնաց, ինչպես իր մահը Ամերիկայում, ի՞նչ հանգամանքներում՝ միշտ մեզնից հեռու, բայց մեզնով ապրող այդ հայաբուխ հոգին, որ իր կյանքն ավարտեց «անծանոթ հոգիների» միջավայրում։
․․․երբ Հակոբ Կարապենցին հարցրեցի «Ադամի գիրքը» վեպի էջերի օտարագրությունից ընթերցողը մռայլվում է՝ նույնիսկ օտարվում՝ ասաց․ «Եթե չօտարվեր, Կարապենցի գրականությունը ամերիկյան շուրջպար չէր ապրի»։ Իրականում այդ շուրջպարը հայության ոլորապտույտ պարն էր աշխարհի առանցքի շուրջ, առանց որի․․․ Արարատին բարևելու մեր մոլուցքը անկատար կմնար, ինչպես թերավարտ մնաց իմ մեծ բարեկամի՝ «Իր կյանքի երազանքը»․․․ ովքե՞ր վերջին հրաժեշտը տվեցին Հակոբ Կարապենցին, արդյոք նույնքա՞ն սակավաթիվ էին, որքան Նշան Պեշիկթաշլյանին անդենական ճանապարհողները /1972թ․, փարիզյան անձրևոտ մի օր/, ինչի առթիվ Կարապենցը գրեց զայրալից մի հոդված՝ հայ վերջին ամենամեծ երգիծաբանի նկատմամբ ցույց տրված փոքրոգությունից դժգոհ․․․
Արթուր Անդրանիկյան
Յակոբ Կարապենց
Ադամի գիրքը
հատուած վէպից
ԱՌԱՋԻՆ ՄԱՀ, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀ
Ժամանակին, 25-րդ փողոցի շրջակայքում մեծ թուով հայեր էին ապրում, այսօր նրանք ցրուել են վերին Մանհաթան, մեծ մասը գետը անցել ու հաստատուել է Քուինզում ու մերձակայ այլ արուարձաններում: Նուրեանի հօրաքոյրը ուշ էր Ամերիկա եկել ու մնացել ստորին Մանհաթանում` տեղից բնաւ չշարժուելու որոշումով: Մօտ էր հայոց երկու եկեղեցիներին ու նրանց կից շաբաթօրեայ վարժարաններին, ուր հայերէն էր ուսուցում քսաներեք տարիներից ի վեր:
Նուրեանը իջաւ մեքենայից, կէս տնաշար քայլեց, ապա կանգ առաւ Երրորդ Պողոտայի ու 25-րդ փողոցի անկիւնում: Քիչ առաջուայ մղձաւանջը վանելու լաւագոյն միջոցը պատահական որեւէ խմիչքատուն մտնելն էր: Սակայն ինչո՞ւ էր կանգնել իր հօրաքրոջ բնակարանի առջեւ: Չլինի՞ արդեն սկսել եմ արմատներս որոնել: Գորշ աստիճաններով բարձրացաւ երրորդ յարկ: Նրան թուաց, թէ ամեն յարկաբաժնում կաղամբ են եփում: Կաղամբից առաւել` հնութեան հոտն էր իշխողը, խոնաւ, մութ, փոշեթաթախ հնութիւնը, որ ամբողջ անցնող սերունդների շնչի հետ կառչել էր պատերին, կախուել սրճագոյն առաստաղից: Հայերի հետ գնացել էին նաեւ իտալացիները, իրլանդացիները, յոյները, նրանց փոխարէն շէնքն ու փողոցը լցուել էր սեւամորթներով, փակիստանցիներով, հնդիկներով, վիէթնամցիներով ու Կենտրոնական Ամերիկայի հեռաւոր կղզիների զաւակներով:
- Ադամի՜կս,- ջրամոյն` բացականչեց Նուրեանի հօրաքոյրը` շողի վայրկեանական մի շեղբ իջնելով նրա յոգնած աչքերին:
Նուրեանը թեւերը բացեց, գրկեց, համբուրեց ծեր կնոջ թոշնած թուշերը:
- Հալա մի ասա տեսնեմ ինչպէ՞ս ես,- ասաց Նուրեանը` անմիջապէս զգալով, որ հետզհետէ հեռանում, մարում, մեռնում է այդ կինը, իր աշխարհացրիւ գերդաստանի վերջին կաղնին:
- Մի կերպ քարշ եմ գալիս, էլի,- պատասխանեց հօրաքոյրը` բնազդաբար յարդարելով մոխրագոյն վարսերը,- ինչո՞ւ նախապէս չզանգահարեցիր, որպէսզի զուգուէի, զարդարուէի քեզ համար:
- Ինձ համար դու միշտ էլ գեղեցիկ ես, հօրաքոյր,- ասաց Նուրեանը` կրկին կրծքին սեղմելով նրան: Յետոյ անդրադարձաւ, որ ստում է, որ ծերութիւնը աւեր է գործել երբեմնի այդ գեղեցիկ կնոջ դիմագծերի վրայ: Մարդիկ կան որ շնորհալիօրէն, վայելչօրէն, ծառի պէս են ծերանում, մինչ իր հօրաքոյրը կարծես ինչ որ դիւթական չար գաւազանի հարուածով յանկարծ գարնան արշալոյսից ձմրան վերջալոյսն է փոխադրուել:
- Դու նստիր, Ադամիկ, ես գնամ թէյ պատրաստեմ,- ասաց հօրաքոյրը, մէկ ոտքը կաղալով առաջ շարժուեց, խոհանոցի դռանը յետ դարձաւ, հարցրեց,- բալիկներդ ինչպէ՞ս են, Սեդան գրում է, իսկ Վահէից ոչ մի լուր չունեմ:
- Վահէն Փարիզից քրոջը այցելութեան է գնացել Սան Ֆրանսիսկօ: Այս գիշեր իրենց պիտի տեսնեմ:
- Սան Ֆրանսիսկօ՞ պիտի գնաս:
- Այո:
- Ի՞նչ է սովորում Վահէն:
- Փիլիսոփայութեան է հետեւում:
- Էլ ուրիշ բան չմնա՞ց, որ գնացել է փիլիսոփայութեան պոչից է բռնել,- ասաց հօրաքոյրը, այտոսկրները դուրս ցցուեցին, կոպերը մթագնեցին, շրթունքների միջեւ հորիզոնական կծիկ գոյացաւ,- տարօրինակ ցեղ է մեր ցեղը, հայրդ` նկարիչ, մայրդ` դերասանուհի, դու` գրող, տղադ էլ` փիլիսոփայ, բոլորդ էլ վերացական մարդիկ, ի՞նչ է, մե՞նք պիտի փրկենք աշխարհը, գոնէ մի հատ գործանական մարդ դուրս գար մերոնցից, բժիշկ, ատամնաբոյժ, փաստաբան, գոնէ մի հատ առեւտրական, ի՞նչ պիտի անի փիլիսոփայութիւնը:
- Չգիտեմ, իր որոշումն է,- պատասխանեց Նուրեանը, թաշկինակով ճակատի ու վզի քրտինքը սրբեց: Այս կինը բնաւ չի հրաժարւում իր մայրապետութիւնից, հեռուից հեռու կարգադրում է բոլորի կեանքը, եթէ թողնես աշխարհը կը կառավարի: Հօրաքոյրը մտաւ խոհանոց, Նուրեանը նստեց պատկառելի բազկաթոռին: Բնաւ պիտի չկարծէիր, թէ հայ ուսուցչուհու սենեակ է, ամեն ինչ թանձր ու թաւիշ, գունաթափ ոսկեգոյն վարագոյրները զսպել էին դուրսի լոյսը, պարսկական մուգ կեռասագոյն գորգի վրայ թառել էին յայտնի չէ Նիւ Եորքի ո՞ր հնավաճառի նկուղում մնացած հնօրեայ կահոյքը, միջնադարեա՞ն, վաղ ամերիկեա՞ն, թէ Վիկտօրիա թագուհու շրջանի մնացուկներ, թերեւս խառնուրդը այդ բոլորի, բարձրադիր կաշուէ կոշտ աթոռներ, քանդակուած զարդեր սեղանի պռունկներին, եբենոսեայ մատուցասեղաններ, բիւրեղեայ ծաղկամաններ ու զանազան անգործածելի սկիհներ, հրմշտելով իրար, խառնուելով փոշեթաթախ հայերէն գրքերի դէզերին, այս կինը ի՞նչ գործ ունի այստեղ, ինչո՞ւ է թողել Պարսկաստանի արեւը եւ կուչ եկել Մանհաթանի այս անկարելի անձաւում:
Հօրաքոյրը կից ճաշասեղանի վրայ դրել էր գաթայ, սերկեւիլի ու ձմերուկի կեղեւի մուրաբա, յունական պանիր, կարագ, մեղր, հաց ու ձիթապտուղ: Հաստափոր կապոյտ թէյնիկը բերել էր Թաւրիզից, ցարական օրերի վերջին մի վկայ: Նուրեանը ախորժակով կերաւ, իսկ հօրաքոյրը մօտ ու մեկուսի` զննում էր նրան` դէմքը կարեկից, դժգոհ, ցաւագար:
- Այն հրէշը տունդ քանդեց, խէյր չտեսնի անամօթը,- ասաց նա` յանդիմանութեան բաժին հանելով նաեւ Նուրեանին:
<<Հրէշ>>-ն ու <<անամօթ>>-ը Մելինէն էր:
Հօրաքոյրը բնաւ չէր ամուսնացել եւ հաւասարապէս ատում էր բոլոր կանանց, յատկապէս իր մերձաւորների կանանց, որոնք արժանի չէին Նուրեան ազգանունը կրելու: Ինքը առեւտրական Թաջիր Յովակիմի աղջիկը, Մելիքների անմիջական շառաւիղը, Ռոստով ու Մեղրի, ռուսական ապրանքների մէջ մեծացած, դիրք ու ֆասօն, գրեթէ ազնուական, ոչ ոք արժանի չէ Ադամ Նուրեանի կինը դառնալու, այդպէս էլ ասել էր, բայց լսողն ո՞վ է, հիմա բոլորն էլ ցրուել են, մէկը Փարիզ, միւսը Վիեննա, Սամուէլը Ստոկհոլմում, շվեդուհի է առել, գլխին կպնի, Վարդուհին Մադրիդում նշանուել է կուբացի մի դերասանի, գերդաստանը կոտորակուել է, տակնուվրայ եղել, Թաւրիզում մարդ չմնաց, ինքն էլ բայղուշի պէս եկել նստել է Նիւ Եորք:
Նուրեանը ձախ ափով հարուածեց միջոցը, հարցը փակուած է, այլ բաների մասին խօսենք: Հօրաքոյրի դէմքը շատ էր խորշոմել, ընդհանուր աւերածութեան մէջ անվթար էր մնացել նրա մաքուր, կոկիկ քիթը, ժամանակին որոշ հետապնդողներ նրան նմանեցրել էին Գրեթա Գարբոյին, լայն ճակատ, շագանակագոյն հարթ վարսեր, լայն զգայուն բերան, յատկապէս այտոսկրները, ոչ թէ ռուս-մոնղոլական լայն բլուրը, այլ ցցուն բարձունքը` խոնաւութիւն ցանելով նրա աչքերի վրայ: Ինքը մայր չէր եղել, եղել էր մայր բոլորին: Հիմա այդ բոլորի վրայ աւելացել էր յօդացաւը, ցաւը մտել էր ոսկորների մէջ, դուրս չէր գալիս, ծունկի ցաւից կաղում էր, կորցրել էր հաւասարակշռութիւնը, մի քանի քայլը ճիգ էր, ողբերգութիւն, սակայն պահել էր ներքին հաւասարակշռութիւնը, ոչ, իր տիրապետութիւնը մերձակայ եւ հեռաւոր հոգիների վրայ:
Հօրաքոյրի մօտ Նուրեանը վերադառնում էր իր տարիքին:
- Թաւրիզի մեր տունը ի՞նչ եղաւ,- ասաց Նուրեանը:
- Անտէր է մնացել:
- ԻՆչո՞ւ թողիր Թաւրիզն ու Ամերիկա եկար:
- Ի՞նչ իմանամ, յիմարութիւն, ամեն մարդ Ամերիկա էր գալիս, ես էլ եկայ, այնտեղի մէկ օրը չէի փոխի այստեղի մէկ տարուայ հետ:
- Բայց այստեղ ապահով ես,- հետապնդեց Նուրեանը:
- Ապահով ինչի՞ց:
- Նիւթական կարիքից, ես ի՞նչ իմանամ, հազար ու մի բանից:
- Ադամ, մենակ եմ:
- Ամեն տեղ էլ մարդ մենակ է:
- Ամերիկան մենակների երկիր է, ոչ ծանօթ, ոչ բարեկամ, ամեն ոք իր տունն է քաշւում, երբեմն քաղաքավարութեան համար մի քանի բարեկամուհիներ հեռախօսում են, գալիս, գնումներ կատարում, սակայն նորից քաշւում են իրենց տները: Չեմ մեղադրում, ամեն մարդ իր ցաւ ու մտահոգութիւնն ունի, յետոյ ճիշտն ասած, հաճելի չէ մի ծեր ու կիսաանդամալոյծ կնոջ ներկայութիւնը, մարդիկ յոգնում են:
- Բայց կայ դպրոցը, քո աշխատանքը, մանուկները, մատաղ սերնդի հայեցի դաստիարակութիւնը,- ոգեպնդելու ջանք թափեց Նուրեանը:
- Իմ էլ միակ մխիթարութիւնը այդ է, սակայն արդիւնքը քիչ է: Շաբաթօրեայ պարապմունքներով սերունդ չի փրկուի, հազիւ մի քանի բառ են սովորում ու գնում: Մեզ պէտք են ամենօրեայ կանոնաւոր դպրոցներ: Այլապէս Ամերիկան ճզմում, տանում է ամեն ինչ:
Վարագոյրների արանքից լոյսի մի գերան եկել նստել էր հօրաքոյրի ձեռքերի վրայ: Նուրեանը նկատեց նրա կապոյտ երակների ողբը, կսկծաց սիրտը: Նա այնքան էր հեռացել իր արեան երակից, որ այլեւս վերադարձ չկար: Նա գիտէր, որ այս էլ անցաւոր է, որ այցելութեան է եկել շքեղ մի դամբարան, որ երբ մի օր վերադառնայ անտէր պիտի գտնի դամբարանը: Ինչպէ՞ս ետ տանել ժամացոյցի սլաքը եւ սկսել նորից, կա՞յ փրկութիւն եթէ նոյնիսկ իրերը իրենց սկզբնաւորութեան վերադառնային: Եղել էր թափառական, թափառական էլ ծնուել էր, թափառել էր աննպատակ, տարերայնօրէն, առանց հասկանալու դրդապատճառը, հանդից հանդ, ծաղկից ծաղիկ, կանանց հետ էլ նոյնն էր:
Զելդան այլեւս եօթ սարի յետեւումն էր: Եկել էր Նիւ Եորք իր նախնեաց ձայնը լսելու, մի կերպ հաղորդուելու անհաղորդելիի հետ: Հօրաքոյրին մոռացել էր: Նիւ Եորք գալիս կամ Նիւ Եորքից անցնելիս, երբեմն հեռախօսում էր, անկապ բաներ ասում եւ ընկալուչը վար դնում: Արդէն երբեք իր հարազատներին չի սիրել, ո՞ւմն է սիրել, չի փորձել, թերեւս չի կարողացել սիրել, կապանքներից խուսափել է, այդ կինը, իր հօր քոյրը, իր կեանքի մի անբաժանելի մասը, դիպուածաբար թէ պարտադրաբար, Նուրեանների վերջին մոհիկանը` մենակ, անհասկանալի, անձեռնմխելի, մէկ ոտքը գերեզման: Նորից ձանձրացաւ, ուզեց ելնել ու գնալ: Գուցէ ձանձրոյթի ակը ինքն էր` Ադամ Նուրեանը եւ ոչ թէ այլոք: Գուցէ բան չունէր ասելիք, գուցէ իրականը հօրաքոյրն է իր բոլոր բարդոյթներով ու արտառոցութիւններով, ինքը լոկ մի տարբերակն է իսկականի, անշնորհք պատճէնը բնագրի, որի հեղինակը չկայ, չի եղել կամ եթէ եղել է, ուրացել է ամեն ինչ: Յարկաբաժինը թէեւ զով էր սակայն Նուրեանը լողում էր քրտինքի մէջ, վերջապէս բաճկոնը հանեց, քակեց փողկապի հանգոյցը, աւելի մտերմացաւ այդ կնոջ հետ, որի գոյութիւնը միակ շաղկապն էր անցեալի հետ: Մի գլանիկ վառեց, մի հատ էլ առաջարկեց հօրաքրոջը, երբ լուցկին մօտեցրեց, արցունք նկատեց կնոջ աչքերին, հարցրեց:
- Ինչո՞ւ ես լացում, հօրաքոյր:
- Չեմ լացում, աչքերս ջրոտուել են:
- Բայց հեկեկում ես:
- Միայն ինձ համար չէ, ես էլ չգիտեմ ինչո՞ւ:
- Հապա ո՞ւմ համար է:
- Չեմ կարող ասել:
- Ինչո՞ւ:
- Չեմ կարող ասել, ինձ, քեզ, մեր բոլորի, մեր այս սեւ ճակատագրի:
Նուրեանը յանկարծ զգաստացաւ, դարձաւ գործնապաշտ, ստանձնեց իր բազմաթիւ եսերից մէկը, վերգտաւ իր խմբագրի աթոռը: Այս մէկը յղեց Վաշինգտոն Փոստ-ին. Ներքին համակարգային տագնապները տարբեր հասարակարգերում դրսեւորւում են տարբեր եղանակներով, տարբեր տարածքով ու ծաւալով,- <<ծաւալով>> բառը ջնջեց, <<տարածքը>> բաւական է,- Այդ տագնապները գալիս են մատնանշելու, որ հասարակարգը հասել ու բախուել է իր իսկ ստեղծած սահմանափակումներին, որ այլեւս ընդարձակուելու տեղ չի մնացել, մի հանգամանք, որը յարագոյ է - ի՜նչ բառ, անպատճառ խմբագիրների մռութը պիտի կախուի - որեւէ հասարակարգում: Այդ, արտայայտութիւնն է ընկերային կառոյցի յոգնութեան, եւ աւելի լայն առումով, կարգերի քայքայման, եթէ ոչ բացարձակ անկման: Այստեղ` Ամերիկայում, անցնում ենք այդ փուլից, ուր ընկերութեանը սպառնում է անկառոյց միօրինակութիւնը, լինի այդ տնտեսութեան կամ թէ մշակութային բնագաւառներում: Այդ գալիս է ահազանգելու, որ տուեալ հասարակարգի զարգացման կարողականութիւնը յագեցել է, որ սկսել է կառչել հինաւուրց, փաստուած հանգանականներին, փոխանակ փորձնականի կամ նորի հրապարակն իջնելու, թէկուզ որչափ էլ անորոշ լինի արդիւնքն ու ապագան: Այս փաստը տեսնում ենք այսօր աշխարհի բոլոր հասարակարգերում, ուր ներքին համակարգային տագնապները իրենց բացասական ազդեցութիւնն են գործում քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային ու գաղափարաբանական բոլոր գործօնների վրայ:
- Բայց մենք ի վիճակի ենք փոխելու մեր ճակատագիրը,- ասաց Նուրեանը:
- Խօսքս մեր ժողովրդի մասին է:
- Դու քո ցաւը թողած, հօրաքոյր, հիմա եկել մեր ժողովրդի ցաւո՞վ ես տառապում:
- Բայց չէ՞ որ նոյնն է: Ես ի՞նչ գործ ունէի այստեղ, այս օտար երկրում, եւ ինձ հետ շատերը, դառն է կեանքը: Ադամիկ, ուրախութիւն չկայ…
- Ես կրկին համոզուած եմ, որ մարդու ճակատագիրը իր ձեռքումն է,- ասաց Նուրեանը, ոչ այնքան կորով ներշնչելու հօրաքոյրին, որքան անձնական յենակ գտնելու միտումով:
- Եթէ այդ այդպէս է, հապա ինչո՞ւ դու քո ճակատագրի տէրը չես: Կինդ տունը թողել գնացել ա, զաւակներդ այս ու այն կողմ, դու էլ քաղաքից քաղաք, սա էլ կեա՞նք եղաւ, յետոյ ինձ խոր ցաւ է պատճառում, որ դու հեռացել ես հայութիւնից: Ինչո՞ւ հայերէն չես գրում…
- Այդ մէկը թողնենք,- բորբոքուած վրայ տուեց Նուրեանը, ոտքի ելաւ, սենեակի երկայնքը կտրեց, գնաց կանգնեց պատուհանի առջեւ:
Ռուսական Յեղափոխութիւնից յետոյ Թաջիր Յովակիմի առեւտրական տունը փլուզուեց, ամեն կողմից պարտատէրեր մէջտեղ ելան, առին տարին, տակը բան չմնաց: Յովակիմի ձեռքից խլեցին Վագզալի ճամբի իր համբաւաւոր քարվանսարան: Նոյն գիշերը նրա սիրտը պայթեց: Վարդուհին ու իր վեց զաւակները նստեցին խսիրի վրայ: Ես դեռ չէի ծնուել: Երբ ծնուեցի, համատարած աղքատութիւն էր տիրում Թաւրիզում, այնպէս որ տանելի էր չքաւորութիւնը: Տարբերութիւնն այն էր, որ կային սովորական չքաւորներ ու նուազ չքաւորներ: Մերոնք ազնուական չքաւորներ էին, պահում էին երբեմնի մեծ տան աւանդոյթը: Գիտէիր, որ աչքը կուշտ մարդիկ էին: Տատս կարում, կարկատում էր, ուսման տալիս իր զաւակներին: Նրանք մեծացան, ամուսնացան, գացին, տուն տեղ եղան: Ես հազիւ էի աչքս բացել, երբ տատս մահացաւ, մէկ տարի յետոյ մայրս մահացաւ թոքերի բորբոքումից: Մեծ տան մէջ մնացի մենակ, մենակ էլ մեծացայ աղիւսակերտ մեծ տան մէջ: Ինձ թւում էր, թէ բոլոր մարդիկ դժբախտ են ծնւում, զարմանում էի, երբ բախտաւորների էի հանդիպում: Այդ մի արտասովոր գիւտ էր:
Հօրս հետ իմ կապը պատահական էր: Պապս որոշել էր իր որդուն Մոսկուա ուղարկել մեծ մարդ դառնալու եւ ի նախապատրաստութիւն այդ մեծ երազի, հօրս ջութակի ու նկարչութեան մասնաւոր դասի էր ուղարկել: Երազը անկատար էր մնացել, իսկ հայրս` առանց արհեստի: Ճարահատ` հայրս նկարչական արուեստանոց էր բացել Թաւրիզի կենտրոնական պողոտայում, իսկ գիշերը ջութակ էր նուագում Կոնտինենտալ ճաշարանում: Շաբաթավերջին էլ դերասանութիւն էր անում Ատրպատականի Հայոց թատրոնում, ի հարկէ անվճար: Ուրեմն ես հօրս հանդիպելու առիթ չէի ունենում: Դպրոցից յետոյ նկարչատուն էի գնում կարօտս առնելու համար:
Շաբաթը մի երկու անգամ Զուարթ հօրաքոյրս, այն օրերին հազիւ քսան տարեկան, գեղեցիկ ու իդէալիստ, որբանոցի իր պարապմունքները մի կերպ դասաւորելով, գալիս, լողացնում էր ինձ, լուանում սպիտակեղենս, եփում, կարգադրում եւ մի քանի ժամ դասերիս հետեւելուց յետոյ մեկնում էր դպրոց այլ որբերի խնամելու: Եւ հենց այդպէս էլ իր ամբողջ կեանքը նուիրեց հայ մանուկներին:
Անառակ էի, անառակ մեծացայ: Բայց անառակութեան ամենից պղտոր պահերին անգամ մաքուր ճառագայթի պէս հօգիս ջերմացնում էր հօրս ու Զուարթ հօրաքրոջս սէրը: Ստահակների մէջ էի ընկել, սակայն ստահակութեան ամենից տենդոտ վայրկեանին սլաքի պէս մէջս ցցվում էր բարու ու չարի գիտակցութիւնը: Եւ հենց այդ օրերին, երբ հազիւ տասը տարեկան լինէի, հանդիպեցի Գաբոյին, իմ առաջին ընկերը, խոշոր, թիկնեղ, գանգրահեր մի տղայ, հարեւան փողոցի ակնցի Բաղդասարի որդին: Գաբօն Րաֆֆու <<Խենթն>> էր կարդացել եւ խենթացել: Գիրքը ինձ տուեց, կարդացի, ես էլ խենթացայ: Որոշեցինք բանակ կազմել, Հայաստան գնալ, ազատուել թուրքերից: Որոշեցինք գնանք դառնանք պիոներ:
Այդ երեկոյ ես ու Գաբօն բարձրացանք մեր կտուրը: Ասում էին, որ պայծառ օրերին, եթէ երկար նայես, հեռու հորիզոնում կը տեսնես Մասիսը: Նայեցինք: Նայեցինք, բան չտեսանք, յետոյ տեսանք, ոսկի տեսանք, բոց ու կրակ տեսանք, երկնքից կախուած մի ջահ տեսանք:
- Ադամիկ, էն ա, Մասիսը,- ասաց Գաբօն:
- Ո՞ւր ա…
- Էն կրակը որ տեսնում ես, հենց Մասիսն ա:
- Հա, հա, տեսամ, բա գլխի ձիւնը ո՞ւր ա:
- Այտա, փայլում ա, չե՞ս տեսնում:
- Ո՞վ ասաւ չեմ տեսնում, քեզնից էլ լաւ եմ տեսնում:
Երբ մութն ընկաւ, գաղտագողի մեր կտուրի պատից Մարկոսենց կտուրը իջանք, արեւի տակ չորացած չիր ու չամիչ գողացանք, լցրեցինք մեր գրպանները: Յաջորդ օրը հաւաքեցինք մեր ու հարեւան փողոցի տղաներին, ջոկատ կազմեցինք թուրք լակոտներին ծեծելու համար: Թուրքերը մեզ թակում էին իրենց թաղից անցնելիս: Հիմա հերթը մերն էր: Թաքնւում էինք դարբասների տակ, երբ Համօն սուլում էր, յարձակւում էինք մեր փողոցի ծայրից անցնող թուրքերի վրայ: Ռազմավարութիւնը պահանջում էր նաեւ հայհոյանք: Թուրքերից էինք սովորել: Առանց հայհոյանքի թուրքը չի կռւում: Սովորում էինք լուտանքները առանց նրանց իմաստը հասկանալու, իսկ երբ նեղն էինք ընկնում, խօսք չէինք գտնում, ցուցադրում էինք մեր վտիտ սեռանդամները: Այդ էլ էինք թուրքերից սովորել: Ամենից մեծը Կարոյինն էր: Թուրքերը նայում, վախենում, կարկամում էին: Ակն ընդ ական: Ի հարկէ, չափազանցութիւնների մէջ էինք ընկնում: Փաստօրէն, մեր ճանաչած թուրքը թուրք չէր, այլ թաթար, ազերի, Ատրպատականում ծուարած մեծամասնութիւն, որն իրեն փոքրամասնութիւն էր նկատում Պարսկաստանում, որոշ չափով մեզ հետ բախտակից: Յետոյ մենք նրանց հետ եօլա էինք գնում, նրանք մեզ եւրոպացի էին նկատում, վէճ ու խնդիր չունէինք: Սակայն մենք` փոքրերս էինք, որ տեղի անտեղի անախորժութիւններ էինք ստեղծում: Մեզ համար թուրքը թուրք էր, լինի Ազրբէջանում թէ Թուրքիայում: Մոլեռանդ բաներ էինք:
Գաբօն մեր մէջ ամենից տարեցն էր, տասներեք տարեկան: Նա փորձառու ռազմագէտ էր, խումբը բաժանում էր միաւորների, նշանակում յառաջապահ ու յետապահ դիրքեր, հետախոյզներ ուղարկում մօտակայ թրքական Ահրաբ թաղը, տուեալներ կուտակում, եւ երբ պահը յարմար էր, յարձակման հրահանգ արձակում:
Լինում էր բռնցքակռիւ, մահակակռիւ, իսկ երբ թշնամի բանակները բաժանւում էին, տեղի էր ունենում քարակռիւ, ամենից վտանգաւորը, յատկապէս ամառը միջօրէին, երբ տօթից թաղը դատարկւում էր: Գաբօն ասում էր, թէ պիտի վարժուենք, թրծուենք, որ կարողանանք մինչեւ Արաքս հասնել: Գետի միւս ափը Հայաստանն էր, կանաչ ու ծաղիկ, հարազատ հող ու ընտանիք, մեր երազների աշխարհը: Որ Հայաստանում չասեն թէ` վախկոտ ենք: Քարտէս էինք քաշել` խուսափելու աւաններից ու հանգուցային կէտերից: Լսել էինք ժանդարմների անգթութիւնների մասին: Պիտի քայլէինք լեռնային անցքերով, պարենաւորման հարցը յանձնեցինք շատակեր Անտօնին:
Այդ օրերին մենք աշխարհի մէջ էինք ապրում եւ ոչ թէ աշխարհի վրայ: Մեզանով սկսել էր աշխարհը եւ մեզ հետ պիտի շարունակուէր աշխարհը: Մահը կեանքի գագաթնակէտն էր, հերոս էր նա, ով ընկնում էր ռազմի դաշտում, ապա տուն գնում պանիրով լաւաշ հաց ուտում: Թաւրիզը սկիզբն էր տիեզերքի, Հայաստանի մի թեւը, գնում հասնում էր Բաղդադ, Մուսուլ, Կապադովկիա ու նաեւ Աթէնք: Արթնանում էինք սպիտակ արեւի տակ, կեանքով լցնում օրը, իսկ երեկոյեան դիտում մթնշաղի քօղը հողակերտ ծուռումուռ պատերի վրայ: Ապրելիք այնքա՜ն կեանք կար, որ պահը յաւիտենական էր: Այդպէս էլ ստեղծուել էր աշխարհը, եւ այդպէս էլ պիտի շարունակուէր: Ամէն ոք անմահ էր Թաւրիզում: Մշտնջենական էին Լիլաւայի Հայոց Սուրբ Աստուածածին եկեղեցին, Հայկազեան Թամարեան դպրոցը, տեսուչ Պարոն Արմենակը, ուսուցիչները, փայտավաճառ Խնկօն, բախկալ Հասանը, ռուսախօս շաքարավաճառ Իբրահիմը, կաթնավաճառ Բաղդասարը, աղջիկներն ու տղաները, յատկապէս Գաբօն:
Ամեն իրիկուն երբ մեր թաղի ժամի զանգերը վայր էին թափում իրենց կապոյտ տրտում ղօղանջները, հաւաքւում էինք մեր բակի միակ թթենու տակ եւ յափշտակութեամբ լսում <<Խենթ>>-ի բազմազան տարբերակներից մէկը, որը միանգամայն այլ երանգ էր ստանում Գաբօյի երեւակայութեան մէջ: Ապողոնը թող իրենց պահեն: Գաբօն Վահագնի թոռն էր, նրա ոսկին ու լոյսը, բոցահեր ու կապուտաչեայ, մենք հազիւ էինք նրա գօտուն հասնում: Կենդանական կիրք կար նրա մկաններում, վագրի պէս ճկուն էր, կարծես ինչ որ աներեւոյթ ոգիներ դաշնաւորում էին նրա կեանքի կշռոյթը, ամբողջութեամբ շարժում ու լարում, մարմնի ու մտքի մի չտեսնուած համակարգութիւն, ձայնը հնչեղ, պատկերների շատրուան, ինքը թէ յօրինող եւ թէ դերակատար: Գաբոյի հետ կարող էիր մինչեւ Չինաստան գնալ, մէկը մազիդ չէր դիպչի: Դասարանում առաջինն էր, կռւում առաջինը, բարեկամութեան մէջ առաջինը: Ունեցածը կը սիրէր: Շիտակ աճպարար էր: Խանութպանի աչքերին նայելով գրպանները կը լեցնէր տանձ, խնձոր, ձու, ոտքով կը գլորէր ձմերուկը մեր տոպրակի մէջ: Երբեմն մենք կը բռնուէինք: Գաբոյին ոչ մի գնդակ չէր հասնի:
Յունիս մէկը մեր արշաւանքի օրն էր, Հայաստանը սարերի ու դաշտերի այն կողմն էր: Նախորդ օրը պատերազմ բռնկեց: Ծրագրուած չէր, բայց պատահեց: Եւ շարժառիթը ես եղայ: Իրականում ես չէի, այլ Յասմիկը: Իրականում Յասմիկը չէր, այլ Հայ ազգի պատիւը: Այսպէս թէ այնպէս, առաւօտեան գնացել եւ Նորիկին էի սպասում հայկական ու մահմեդական թաղերը միմեանցից բաժանող նեղլիկ խաչմերուկի վրայ, երբ նկատեցի, որ թուրք մի լամուկ պատին է հրել Սաղաթելենց Յասմիկին եւ փորձում է ճանկել նրա զիստը: Յասմիկը ինձ տարեկից էր, սակայն արդէն իսկ լեցուն ու վարդագոյն թափանցիկ շորեր ունէր հագած: Յասմիկը ճչաց: Ես, որ ամենից վտիտն էի մեր խմբում, չիմացայ թէ ինչ կատարուեց ինձ հետ: Մի ակնթարթ միայն տեսայ թշնամուս: Կեղտոտ խոշոր մի բան էր, մսավաճառի աշկերտ, արիւնոտ, իւղոտ, ահագին դանակը գօտուց կախ: Եւ այնուհետեւ հազար ու մի զսպանակներ արձակուեցին, մանր ոսկրոտ բռունցքներիս տարափի տակ - աջ ու ձախ, վեր ու վար - պղտորւում էր թուրքի դէմքը, դարձաւ արիւնլուայ, այնտեղ ուր աջ աչքն էր, մի զզուելի խոռոչ գոյացաւ, մսի մի կտոր կախուեց այտն ի վար, դիմացինիս արիւնը ցայտեց դէմքիս, բազուկներիս, հագուստներիս վրայ: Եթէ կանգ առնէի, կորած էի, նա ինձ մի վայրկեանում կը յօշոտէր: Յանկարծ թուրքը ոռնաց, ու տագնապահար փախաւ` շարունակ աղաղակելով` <<Մուսուլմաննե՜ր օգնութեան հասէք, հայերը ինձ սպանեցին>>: Յասմիկը անյայտացել էր: Վախից ես էլ պուկս դրեցի, հեւասպառ տուն հասայ, դռան զոյգ նիգերը ամրացրի, ուղղակի նկուղ մտայ, դուռը ամուր կողպեցի ու սրտխառնուք ունեցայ: Ամբողջ մարմնով դողում էի, շնչակտուր, օրհասական: Չէի կարողանում պատահածը տեղաւորել մտապատկերիս շրջանակի մէջ: Բռունցքներս ուռել, կապտել, ցաւում էին, արիւնը լերդացել էր մատներիս արանքում, արիւնոտ էին բազուկներս, կուրծքս, ամառային դեղին շապիկս: Մսագործի կախուած աչքը շարունակ ճոճւում էր դէմքիս առջեւ: Պիտի լուացուել, մաքրուել, փոխել հագուստներս:
Յանկարծ հասունացել էի, վաղ պատանեկութիւնս մնացել էր հեռուներում: Րաֆֆի, Թումանեան, Աղայեան, Պռօշեան մնացել էին դասարաններում: Մնացել էի մենակ իմ նախնական բնազդներիս հետ, որչափ վայրենի են մանուկներն ու պատանիները, մաքուր ու վայրագ: Նախամարդ: Եթէ չզարնես, կը զարնեն քեզ, եթէ չսպանես, կը սպանեն քեզ, ու սարսափն ու հաճո՜յքը արիւնի, թշնամու ընկրկումն ու տապալումը, հողի ուժը մկաններիդ մէջ, յաղթանակի արբեցուցիչ բոյրը, Հայկ ու Բէլ, Աւարայր, Կարմիր Վարդան, ես իմ գլխի տէրը պիտի լինեմ: Ուժը իրաւունք է: Մսագործը Յասմիկին դէմ էր տուել պատին, փորձում էր վարտիքը ցած քաշել: Չգիտէր ինչո՞ւ, բայց գիտէր, որ այլեւս չէր կարող ապրել:
- Hits: 1590