Արթուր Անդրանիկյան. Ուրվագիծ դիմանկարի համար
Արթուր Անդրանիկյան
Զարեհ Խրախունի
Ուրվագիծ դիմանկարի համար
Բանաստեղծութիւնը անոր համար հայ գրականութեան
ոլորտներէն ներս ստեղծուած ու ապրուած արկածախնդրութիւն մըն էր,
որ տասնամեակներէ ի վեր կը շարունակուէր հայոց լեզուի
պաշտամունքի ու գեղեցիկ խօսքի հմայքի մը ընդմէջէն։ Մեր
Մեծասքանչին ամէնէն հաւատաւոր երկրպագուներէն մէկն էր եւ ան
կրցաւ իր բանաստեղծութիւնը տանիլ դէպի այդ Մեծասքանչին ամէնէն
բարձր ոլորտները, գեղեցիկ խօսքին մէջ անպայման տեղաւորել նաեւ
փիլիսոփայական մտածումն ու ազգասիրական յուզումը։
Ռոպէր Հատտէճեան
․․․դիմանկարների, ինձ համար թանկ մարդոց պատկերասրահում շրջելիս ունկերումս հնչում են սովետական պոեզիայի տրուբադուրներից Ռոբերտ Ռոժդեստենսկու տողերը,- չնայած այլ նպատակով և այլ հանգամանքներում մտահղացած,- «Դա մեռածներին պետք չէ, ես գիտեմ, բայց ապրողներին շատ է հարկավոր»։ Ապրողների, հատկապես այն սերնդին, որոնք ժամանակի առումով անհաղորդ եւ անծանոթ մնացին նրանց մարդկային նկարագրին։ Խորին խոնարհումով անկարող եմ չվկայակոչել նրանց՝ իմ մտերմության «ծիրին մեջ» չպարփակելով, ովքեր ինչ-ինչ առումով կազմավորեցին իմ տեսիլքներն ու թրծեցին ձևավորվող իմ գեղագիտական ճաշակն ու ընդհանրապես պատուհաններ բացեցին իրականությունից դուրս դեպի այլ հոգևոր իրականություն․․․ մասնավորաբար, սփյուռքյան գրողների հետ ունեցած իմ շփումներով նաև համագործակից մտերմությամբ ձևավորվեց այն, ինչ կոչում են ներաշխարհային գեղագիտություն․․․
Այս մտածումները ստամբուլահայ բանաստեղծ Զարեհ Խրախունուն /Արթո Ճյումայուշյան, 1926-2015/ վերաբերում է այնքանով, որքանով նրան ճանաչել ու նրա ստեղծագործության նկատմամբ ունեցել եմ ուրույն վերաբերմունք․․․ նրա՝ բանաստեղծի, արվեստաբանի, ներհուն գրականագետի համբավը վաղուց էր ինձ ծանոթ․ մեր առաջին հանդիպման ժամանակ /2009 թվական, Ստամբուլ/ մեզ ծանոթացրեց «Մարմարա»ի խմբագիր Ռոպեր Հատտեճյանը՝ օրաթերթի խմբագրատանը․ «Զարեհ, Արթուրին պետք է որ ճանչնաս, Սփյուռքի գրականության ջատագովներեն է, երբ հանդիպինք Մնձուրիեն կհարցնե․․․»։ Խրախունին ժպտալով մեկնեց ձեռքը․ «Անշուշտ, գիտեմ, լսած եմ, նույնիսկ իրմե քերթվածներ ու գրադատականներ կարդացած եմ»։ Այնուհետև ասաց․ «Բարով եկար, առաջին անգամ է կարծեմ Ստամբուլ կուգաս»։ Ինձնից անկախ, ինքնաբերաբար ասացի՝ «Պոլիս»։ Ժպտաց։ Հասկացավ՝ Դուրյանի, Ինտրայի, Եղիայի, Մեծարենցի, Վարուժանի ոտնահետքերով քայլել ցանկանալու բաղձանքս։ Եւ շարունակեց՝ դիմելով Հատտեճյանին․ « Ըսել կ՛ուզե, եկած եմ անոնց սիրույն»։ Մի պահ լռություն տիրեց, տխրահունչ լռություն, որով տևապես համակվեցինք։ Բայց իմ ցանկությունը Խրախունու հետ խոսելն էր, տարիներ շարունակ ինձ որոշ հարցեր էին հուզում, ուզում էի նրանից անմիջնորդ լսել։ Ու հանկարծ․ «Պարոն Խրախունի, ինչպե՞ս պատահեցավ, որ ստեղծեցիք «ԹՕ» գրական հանդեսը, որ շատ ալ նորարարական բնույթ ու հանդգնություն ուներ»։ Հարցումս անսպասելի էր․ միանգամից պատասխանեց․ «Աղետեն ետք մեր բանաստեղծությունը նորոգումի պետքն ուներ»։ Հետո մի տեսակ ինքնագոհ շարունակեց․ «Եթե չեմ սխալի»։ Իրոք, այդպես էր և համահայկական առումով ու նշանակությամբ․․․
Վաղամեռիկ Կարպիս Ճանճիկյանի, Զարեհ Խրախունու, Զահրատի շնորհիվ սփյուռքյան բանաստեղծության մեկ այլ ճյուղավորում,- որ ընդունված է անվանել իստամբուլահայ,- նոր ներշնչումների ու հոգեբանության, ձևաբովանդակային բարեփոխումների «կարոտ» էր, և «ԹՕ» հանդեսը, ինչպես նաև Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթը ժամանակին ծառայեցին հենց այս նպատակներին։ Եւ ոչ միայն Զարեհ Խրախունին իր բանաստեղծությունների «Տոնակարգ» /1973/ ժողովածուի հրատարակումից մինչև շուրջ երկու տասնյակի հասնող ժողովածուներով, գրադատական հոդվածներով, արվեստաբանական ուսումնասիրություններով ու ֆրանսիական պոեզիայից կատարած թարգմանություններով լրացրեց այն բաց տարածքը, որ նոր ավիշ ու կենսունակություն հաղորդեց ընդհանրապես Հայ գրական Մտքին, մտածողական կերպընկալմանը։ Բայց ապրել օտարերկրյա պայմաններում և «օրենքներով» ու չունենալ մանկավարժի,- այս պարագային ուսուցանողի,- կամայնություն ու կենսադիրքորոշում, առ նվազն տարակուսելի է ու անտրամաբանական, մանավանդ Խրախունու պարագային։ Ավարտելով Վիեննայի Մխիթարյան վարժարանը, այնուհետև Կ․Պոլսի համալսարանը, բնականաբար իր իմացությունը անկարող էր չհաղորդել նորեկ սերնդին, մանավանդ այն սերնդին, որոնց նախահայրերը ապրել էին մեծ եղեռն, իսկ իրենք շարունակում էին ապրել արևմտահայության, «սուրի ու սովի» մղձավանջի վերհուշներով՝ գրեթե կամ ուղղակիորեն ուծացման եզրերին՝ հայամտածությունից և հայերեն մտածողությունից հեռացած․․․
Զարեհ Խրախունին այս ամենը չէր կարող անտեսել և տարիներ շարունակ պաշտոնավարելով Էսայան և Կեդրոնական վարժարաններում, շարունակում էր իր մեծ նախորդներին՝ Եղիազար Մուրատյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Թեոդիկի և այլ երախտավորների ավանդները՝ դասավանդելով գրականություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն։ Սրանք սոսկ առարկաներ չէին, այլ սերնդի մեջ հայեցի մտածողություն սերմանելու առարկայական միջոցներ․․․ Եւ ով որ քիչ թե շատ ծանոթ է Խրախունու ստեղծագործության հիմքը կազմող պոեզիային, անկարող է չընկատել նրա բանատողերում ներթափանցած փիլիսոփայական խոհականությունն ու հորդահոս զգայնություններով ողողված բառամթերքի գեղանկարչական հմայքը, նրբագեղությունը՝ արևմտաեվրոպական բանաստեղծության մտահայեցողությունների տեղայնացմամբ․ ասել է, թե հայերենի անթափանցիկ շեշտադրումներով։
Զարեհ Խրախունու հետ հանդիպման շուրջ երկժամյա ընթացքում բազմաթիվ խնդիրներ շոշափվեցին, հատկապես խնդրո առարկա էր թուրքական նորագույն շրջանի բանաստեղծությունը․ ի զարմանս իր, ես որոշակիորեն տեղյակ էի, հատկապես ինձ համար նախընտրելի բանաստեղծներից էի հետաքրքրվում, Օրհան Վելի, Ֆազիլ Դաղլարջա, Մեսութ Ռըֆաթ, որոնք, իր հավաստմամբ որոշակի ազդեցություն ունեցել են Զահրատի, Կարպիս Ճանճիկյանի, իր բանաստեղծական նկարագրի ձևավորմանը։
Դիմանկարների իմ «պատկերասրահում» Զարեհ Խրախունին ունի իր ուրույն տեղը, և ինչու չէ, նաև դերը, և ինձ ստիպում է վերհիշել հին իմաստնախոսությունը․ «Մենք մեր ողջ կյանքի ընթացքում կամ երազում ենք կամ հիշում»․ գուցե և․․․ ավելի ազնիվ – զգացմունքային ապրելու համար, իսկ ապրելն արդեն նույնահունչ է արարելուն՝ նվիրաբերմամբ։
Զարե Խրախունի
Լեռն ի վեր
Այս այն լեռն է
Որ ամէնուս բիբին խորն է բեւեռուած
Որ ամէնուս մորթին տակն է – միս ոսկոր,
Որ ապրում է գոյութիւն է իրական
Ու երազ է առասպել է անսահման
Այս այն լեռն է
Որմէ կուգայ վճիտ ջուրի ուղխերու պէս արիւնը մեր երակին
Որուն կ’երթայ օդասլաց համբոյրի
պէս վերջին շունչը մեր կուրծքին
Այս այն լեռն է
Որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ իրն ենք
Որուն որքան կը մօտենանք այնքան կը զգանք թէ ինչ ենք…
Քար
Ճամբու եզրին,
Արեւուն տակ
Նստեր եմ քար կը տաշեմ
Ճամբան մեծ է —
Փառքի երակ է բաբախուն
Ուր կեանքը խօլ շառաչելով կը վազէ
Ես նստեր եմ
Արեւուն տակ
Քար կը յղկեմ շարունակ
Մեծ ճամբայէն մարդիկ կ ’անցնին կառքեր կ ’անցնին սրարշաւ
Փայլատակող ապակիին կամ մթասքօղ ակնոցներուն ետեւէն
Չեն տեսներ զիս —
Ես միայնակ
Արեւուն տակ
Նստեր եմ քար կը կոփեմ
Ոմանք կուգան կանգ կ ’առնեն
Երկար բարակ կը նային — մէկ երկու բառ կը խօսին
Յետոյ կ’առնեն կը քալեն
Ես կը նստիմ
Ճամբու եզրին
Ու կ ’աշխատիմ անտարբեր
Ոչ ֆուլ ունիմ ոչ դադար
Ոչ քուն ունիմ ոչ հանգիստ
Կարծես բանէ մ ’հալածական ես կը բանիմ անոր դէմ
Ձեռքիս մեջ մուրճ ու գրիչ
Քարին վրայ կը հնչեն
Ժամացոյցի պէս վճիտ
Ճամբուն վրայ մինչ փարթամ
Մարդիկ կառքեր իրարու հետ կը մրցին —
Ես կը փորձեմ հաւասարիլ թիքթաքին
Ու կը զարնեմ ես արագ
Աւելի շատ աւելի շուտ կը փորագրեմ կը հարթեմ
Բայց թե ի՞նչ է — չէմ գիտեր
Ի՞նչ կը շինեմ — արձա՞ն մ’արդեօք ապագայի սերունդներէն պաշտուած
Քանդա՞կ մը նուրբ յոյսի լոյսի տաճարներու ճակատին
խաչքա՞ր մը սուրբ հայրենական աւանդներուն կոթողուած
Թէ քար մը պարզ
Քառակուսի սրբատաշ
Ճամբու եզրին խոտերուն մէջ մոռցուած
Ճամբու եզրին
Արեւուն տակ
Միսմինակ
Հրաշատօն
Առտուան դէմ
Երկուքս մէկ – այտ այտի
Հրանման մէկ շունչով
Երբ մէկ առ մէկ ծառին լոյսերը մարենք –
Պիտի առնենք շիջած մոմերը բոլոր
Պիտի շաղուենք, պիտի ձուլենք
հալոցին մէջ մեր ափերուն հրավառ…
Յետոյ մէկտեղ – թեւ թեւի
Պիտի երթանք ամենամօտ աղբիւրին
Քարին վրայ մոմերու տաք խմորով
Գծել խաչեր՝ ամենախոր մեր իղձերուն համրանքով…
Ու մինչ մէկէն
Ինչպէս ամէն Կաղանդի
Պահիկ մը լոկ – ակնթարթի չափ արագ
Գետերն ոսկի պիտի հոսին եւ աղբիւրներն ադամանդ
Մենք երկուքս – աչք աչքի
Ոչինչ պիտի չտեսնենք…
Թէպէտ մոմէ մեր խաչերն ալ իրենց գոյնին համեմատ
Պահիկ մը լոկ
Պիտի դառնան զմրուխտ սուտակ շափիւղայ
Բայց ես ու դուն – դէմ դէմի
Անոնց պիտի չնայինք
Համբոյրով մը միացած…
Այս Ծառը Սուրբ
Այս ծառը սուրբ
Ծառ տնկեցէք եղբայրներ
կաղնի սօսի եղեւին
Պարտէզին մէջ – դաշտերուն
Լերան վրայ – ժայռերուն
քարքարուտին ապառաժին
Ձեր թաղարին սովորական
կամ սեղանին ամենօրեայ
Ծառ տնկեցէք – պիտի բռնէ անպայման –
Ապառաժը երբ փշրուի հող կը դառնայ արդէն, չէ՞…
Թէ թաղարին հողը քիչ է, շա՜տ է կաւը բրուտին.
Սեղանն – ըսես – չոր տախտակ է
կ՛ըսեմ քեզի՝ առաջ փայտ էր, փայտն ալ ծառ
Ի՞նչ գիտես թէ ցամքած փայտը չ՛արբենար
վրան դրուած շոճիի թարմ աւիշէն
Չի փաթթուիր մատղաշ ու թաց արմատներուն
Ու չի՜ խրեր իր ոտքերն ալ հողին մէջ
ինքն ալ արմատ չի՞ դառնար…
Ծառ տնկեցէք – ո՛ւր ալ տնկէք պիտի բռնէ անպայման…
Դարակուտակ սպասումի ու անհնար ըղձանքի
Հողն է պարարտ – հողն է հպարտ- ջուրն հատդարտ
թափուած արեան եւ արցունքին պէս առատ –
Այս ծառը սուրբ պիտի կանգնի պիտի աճի ուռճանայ
Պիտի երկինք բարձրանայ
Ամէն առտու այգաբացին ստուերն անոր պիտի հասնի մեծ լերան
Շուք պիտի տայ արեւափառ ոսկեծածան հանդերուն
Հազար բարեւ ու բիւր բարիք պիտի առնէ ամպերէն
որոնք կուգան աշխարհի չորս ծագերէն
ու կը շոյեն սաղարթն անոր մշտադալար – ալեւոր…
Օ՜ տնկեցէք
Ամուր ձեռքով խնամեցէք
զարդարեցէք
պաշտպանեցէք
պաշտեցէք
Ազատութեան ծառն է այս …:
- Hits: 1422