Էսքիզներ դիմանկարի համար. Գրիգոր Շահինյան
60-ական թվականներին Բեյրություն հրատարակվող «Ահեկան» հանդեսի խմբագիրներից էր։ Չափազանց ուշագրավ գրադատականներ էին տպագրվում հանդեսում և Գրիգոր Շահինյան ստորագրությունը չափազանց կանուխ (դեռ ուսանող էի) տպավորվեց, որ միշտ փնտրում էի, կողքիս «անվրեպ» պահում նրա ցանկացած հոդված։ Այսպես շարունակվեց մինչև 90-ական թվականները։ Եւ հանկարծ շատ պատահական հանդիպեցինք լուսահոգի գրող Կարեն Սիմոնյանի «Վերածնված Հայաստան» հանդեսի խմբագրության աշխատասենյակում։ Իմ անունը իրեն ծանոթ էր, Սփյուռքի մի քանի պարբերականներում գրախոսություններ էի տպագրել։ Միանգամից ջերմ, «հին ծանոթների» խոսակցություն սկսվեց։ Մի տեսակ համախոհությամբ «պարուրվեցինք»։ Իմ նախընտրած գրողներից շատերի հետ եմ մտերմություն ունեցել, նրանց ստեղծագործությունները վերլուծաբար ներկայացրել։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ խոստացավ ինձ Բեյրութից գրքեր ուղարկել։ Խոստումը կատարեց. իմ շնորհակալությանն ու գոհունակությանը չափ ու սահման չկար․ Կոստան Զարյան, Շահան Շահնուր, Ահարոն, Եդվարդ Պոյաճյան։
Տարիներ անց Բեյրութում հանդիպեցի, Անթիլիասի Մայրավանքում, ուր պաշտոնավարում էր․ նույն Գրիգոր Շահինյանն էր, փոքր ինչ հոգնաբեկ, բայց լի ստեղծագործական համադրությամբ և ավյունով։ Զարմանալին նրա աշխատունակությունն էր, նվիրյալությունը Հայ Գրին ու հայկական հոգեբանությանը։ Հոգեբան գրականագետ էր, թերևս սակավ մեզանում։ Միշտ ձեռքը հայության բազկերակի վրա։ Չկար Հայաստանում հրատարակված մի որևէ աղմկահարույց գրական երկ, որ իր ուշադրությունից վրիպեր։ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի շուրջ ստեղծված համահայկական «իններորդ ալիքը» նույնպես իր ուշադրության կենտրոնում էր․ ծավալված բանավեճը իրեն նույնպես մտահոգության տեղիք էր տվել։ Բայց Գրիգոր Շահինյանի ստեղծագործության բարձրակետը «Շահնուր պառակտյալ» ժողովածուն էր, որտեղ Շահնուրի ստեղծագործությունն ու գրողական մեթոդաբանությունը ներկայացված էր բացառիկ գրականագիտական ներսուզումներով ու մեկնաբանություններով։ Չեմ կարող զանց առնել շատերի կողմից (ընդ որում` չափազանց լրջմիտ մասնագետների) նրա հեղինակած և բազմիցս վերահրատարակված «Ֆրանսերեն-հայերեն» ստվար բառարանը։
Ընդհանրապես, մարդուն, մտավորականին ճանաչելու համար պետք է գիտակցորեն «մոտենալ» նրա սկզբունքներին․ Գրիգոր Շահինյանը չափազանց սկզբունքային, ըստ այդմ` անձնական կյանքը ստորադասած ապրող այնպիսի մտավորականներից էր, որոնց համար անցյալի ու ներկայի պատմության խաչուղիներում չմոլորվելն էր։ Ավելին, անցյալի ճանաչողությունը պարտադիր պայման էր ներկայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Մանավանդ հայոց հետեղեռնյա անցյալի, քանի որ ինքը հետեղեռնյա երկրորդ կամ երրորդ սերնդից էր և վերապրողների հիշողություններին ականջալուր, լիբանանյան պատերազմ տեսած, ինչ որ ըստ էության հայության համար, տարասփռումի առումով, չափազանց խնդրահարույց։
Անշփոթելի է ինձ համար Գրիգոր Շահինյանի` իբրև գրականագետի ու պարզապես Մարդու կերպը, կերպընկալումը, մարդկանց հետ հարաբերվելու մեղմաբարո «արվեստը», որ շատերի համար գուցե տարօրինակ թվա, բայց իմ պատկերացմամբ` չնայած մեր շփումների, հանդիպումների սակավությանը` իր առաքելությամբ նա «լռելյայն» ոգևորված էր, խորապես գիտակցում էր «թող գործը խոսի» իմասնավոր խոսքի նշանակությունը և ապրում իր՝ շահինյանական գրադատական, մանկավարժական և մարդկային գեղագիտությունը ի նպաստ դնելով հատկապես նորեկ սերնդի և այն էլ Սփյուռքում՝ լիբանանահայ հոծ գաղթօջախում։ Եւ շատերը, ովքեր աշակերտել են նրան, չափազանց տպավորված են Գրիգոր Շահինյանի դասավանդման ուրույն մեթոդիկայից, որ մտածողություն էր։ Ծանոթներիցս մեկը, որ ուսանել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում, շատ պատկերավոր էր ներկայացնում իր Ուսուցչին․ «Պարոն Գրիգորը կը դասավանդի նույն կերպ, ինչպես իրեն դասավանդած են Շանթն ու Աղաբեկյանը։ Անոնց զարմեն կուգար․ այդչափ հայամտած ուսուցիչ-գեղագետ՝ իմաստությամբ լեցուն և խանդավառող իմ սերնդի տղեքը չեն տեսած․․․ հայեցի կրթմանն ու ոգեսնմանը․․․
Գրիգոր Շահինյանի վաղաժամ մահվան լուրը լսեցի ճիշտ այն պահին, երբ․․․ մտովի իր հետ «միասին» թերթում էինք «Շահնուր տառապյալ» հատորը, դրամատիզացված նախախնամությու՞ն, թե՞ հեռահաղորդակցության մի նոր, բոլորովին անհայտ, զգայնություն արթնացնող ինչ-ինչ ազդակներ՝ նախապատրաստելու համար սիրելի մտավորականի կորուստը դույզն ինչ «թեթև» տանելու, ինքնասփոփելու համար, որ «գիրը մնա յիշատակող» պատգամի «գերին» ու նվիրյալն ենք Աստծո արարած այս Հայաշխարհում, ու տակավընդունակ ու «պատրաստ» ենք դիմագրավելու այլ կորուստներ․․․
Գրիգոր Շահինյանի կորուստը այսպիսին էր, նրան ճանաչողները այժմ վերհուշների «ծիրին մեջ են»․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 3487