Ուրուագիծ դիմանկարի համար. Մանուէլ Քէօսէեան
Երբեք չէի մտածել, որ Մանուէլ Քեօսէեանին պիտի հիշեմ անցեալով՝ այն տարիների խորքից, երբ հաճախ հանդիպում էինք, երբ Մոնրեալից Երևան էր գալիս։ Նրա մահվան առիթով ժամանակին «Գրական թերթ»ում վշտակցությունս հայտնել եմ իր մտերիմներին և հիմա, երբ վերհուշներիս «էկրանին» վերստին պատկերվում են մեր հանդիպումները՝ կարծես թե բախման մեջ եմ գտնվում մահվան հետ, որ իրապես առեղծված է՝ ե՞րբ է «հայտնվում», և ինչու միշտ անակնկալ, միշտ թիկունքից հարվածողի պես ծպտյալ։
Բանաստեղծ էր, բայց հրաժարյալ․ երկու թե երեք ժողովածու էր հրատարակել, և ինչպես մի օր ասաց․ «Կը խորհեի, արդյոք տղայություն չէ՞ր ըրածս, երբ կը գրեի»։ Խստապահանջության կամ, ըստ Մեծարենցի, ինքնադատության այս չափն ու սահմանը մինչ այդ այնքան էլ անծանոթ չէր ինձ, բայց դույզն ինչ անըմբռնելի էր, գուցե մինչև հիմա, բայց որ Մանուէլի «Ինքնադատության փորձը» ուսանելի է՝ կասկածից վեր է։ Ու ակամա, տասնամյակներ շարունակ իր դեմ Մոնրեալի վարժարանների դռները բացվեցին․ իր իմացականությունը և Հայ գրի և մտքի նկատմամբ տածած սերը պիտի ներթափանցեր՝ նպաստելու «տղաքի» ուսումնառության զարգացմանը։ Ես տեղյակ եմ փոքր ի շատե հայ գրականության դասավանդումի նրա կերպընկալման մեթոդաբանությանը։ Մեր «վեճերի», որ վերածվում էին բանավեճերի և երբեմն էլ երկխոսության ժամանակ երկուսս էլ «անզիջում» սիրով էինք միաբան, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Կոստան Զարյանին, ում բարեկամը լինելու պատիվն ուներ։
Մանուէլը գրական այնպիսի նրբազգացողությամբ էր օժտված, որ ափսոսանք էի ապրում ու նույնիսկ ասում էի չթաքցնելով․ «Գրելեն հրաժարած ատեն ինչպե՞ս ապրած ես ու տակավին կապրիս, արդյոք տեսակ մը զղջումո՞վ»։ Կարծես թե համառելով, ինչ որ բան «թաքցրած» լինելու պես ասում էր․ «Գրականության գինով կապրիմ»։ Եւ ես նշմարում էի տխրության այն թանձր ծվենները, որոնք մշուշում էին նրա հայացքը, մանավանդ, երբ մեր գարեջրային տրամադրության «ափունքը մեզմե այնքան ալ հեռու չէր», ու մեր տրամադրությունը «լրացվում էր» գարեջրի նոր գավաթներով։
Մի օր իր պատվարժան եղբոր՝ գրականագետ Գրիգոր Քեօսէեանի հրատարակած Շահան Շահնուրի «Թերթիս կիրակնօրեայ թիւը» հատորը ինձ նվիրելուց հետո ասաց․ «Գրիգորը զարմանալի մտերմություն ունեցած է Շահնուրին հետ․ աս հատորը քուկդ է»։ Ես այլոց մտքերը «հետախուզելու» անկասելի սովորությանս համաձայն մի պահ ցանկացա Մանուէլի մտքերի մեջ խորամուխել, հարցրի փոքր ինչ վրդով․ «Ինչու՞ զարմանալի» և փորձեցի «գլխի ընկնել»՝ լուծելու համար Մանուէլի հրամցրած «մեկ անհայտով» հավասարումը, որ վերաբերում էր երևի թե Շահնուրին, որը քաջ հայտնի էր իր անմտերմաբար բնավորությամբ ու ապրելակերպով, մանավանդ կյանքի վերջին տարիներին, և գիտեի նրա ինքնամեկուսացման պատճառները՝ ոչ միայն բարեկաններից, այլև հայ գրականությունից։ Բայց Գրիգոր Քեօսէեան–Շահան Շահնուր նամակագրության իրողությանն անտեղյակ էի։ Միայն տարիներ անց Գր․ Քեօսէեանի հրատարակած Շահնուրի «Նամականի»ի եռահատորը կարդալով,- հատկապես Գր․ Քեօսէեանին հղված նամակները,- որոշակի կարծիք կազմեցի հիշյալ «զարմանալի մտերմության» մասին։
Ընդհանրապես, մտավորականները, երբ որոշակիորեն կաղապարված, ինչու չէ, նաև պաճուճված են լինում, ինձ մոտ ակամայից հեգնախառն զգացումներն են «գլուխ բարձրացնում»։ Դա ինձ հիշեցնում է առօրյական մոդեռնիզմ՝ այսինքն անխուսափելի ժամանակավրեպություն։ Այդպիսիք երբեմն «խելացի» անձնավորության տպավորություն են թողնում։ Մանուէլը այդ բնույթի մարդկանցից խորշում էր, և խելացի լինելը ամենևին խոհեմություն չէր համարում ու զերծ էր անպատեհ հարաբերվելու «պատեհությունից», պարզապես ուղղամտորեն, երբեմն նաև «բաց տեքստով» էր արտահայտվում, ինչի ականատեսը եղել եմ գրողների համահայկական համաժողովների ժամանակ նրա ելույթներից և «կարճ միջոցի մը» արտահայտած մտքերից։
«Չափազանց ընդունելին» կասկածելի էր համարում, որովհետև խորապես գիտեր հայ գրականությունը․ տարիներ անընդմեջ չափազանց ջերմ հարաբերություն ուներ գրականագետ, մշակութաբան Ալբերտ Կոստանյանի հետ, մանավանդ, երբ զրուցում էին, նույնիսկ վիճում Կոստան Զարյանից․ «Աս մարդը մեթոդ չի ճանչնար, իր գիտցածը մեթոդի կը վերածե, ինչ որ հազվագյուտ է ձեր կողմերը»։ Ալ․ Կոստանյանին ավելի դիպուկ չգիտեմ էլ ինչպես կարելի է բնութագրել։ Իսկ երբ,- իմ ներկայությամբ,- նրանք անդրադառնում էին Ինտրային, Եղիային կամ Հակոբ Օշականին, ես ակամա դառնում էի գրական-մշակութաբան ական ընթերցումների ունկնդիր։ Եւ երբեմն հայացքն իմ կողմը ուղղելով ասում էր․ «Ալբեր, աս պարոն մեծարենցապաշտը Մեծարենցով կ՛արթնանա, Մեծարենցով կը քնանա»։ Իսկ Ալբերտը իր կիսադիմային հանրածանոթ ժպիտով ասում էր․ «Վանեցի է, իր շավիղից դուրս է, անկարելի է որևե բան ասել»։ Եւ եթե նույնիսկ հաճելի խոսքեր էի լսում՝ ինձ «զգոն» էի պահում և բարեբանված, որ նրանց հետ կիսում եմ ճշմարտության հացը։
Մանուէլ Քեօսէեանը ճշմարտությունից ոգևորվող ու գրականության, մշակույթի մեջ չտրորված ճշմարտություն փնտրող ու դավանող սփյուռքյան միջավայրում Հայաստանով ապրող այն սակավ մտավորականներից էր՝ ինքնափակ, ներշնչուն, նրա համար իրական արժեքներ էին դպրությունը, հայ գիրը՝ արևմտահայերենի շեշտադիր պաշտամունքով․ «Մեղք որ լեզուն կը նահանջե, հատկապես վարնոց գրողներու ենթակայությամբ»․ սա նրա հերթական և ամենաէական մտահոգություններից էր։ Այսօր էլ հույժ այժմեական։
Ալբերտ Կոստանյանի մահվանից օրեր անց զանգահարեց․ «Ալբեր, լռությամբ ապրեց, լքված ալ հեռացավ»․ զգալի էին ձայնի «հոսող» արցունքները, մեծ բարեկամ էր կորցրել։ Ու հիմա, երբ գրում եմ այս տողերը, մտաբերում եմ Աբրահամ Ալեքյանի բանաստեղծությունից հատված՝ նվիրված Մանուէլ Քեօսէեանին․
Միայն թե ոչ խունացած սքեմն ու սուքը վրան․
Որից թվում է, հիմա ձյուները սև կը զգենան։
Արթուր Անդրանիկեան
Մանուէլ Քէօսէեան
Ներկա՛յ
Հովը փոթորկի,
Տարերքը գոռայ՝
Դուն հոն ես որդի հողի ու քարի։
Կայծակը զարնէ,
Կարկուտը տեղայ՝
Դուն հոն ես որդի ջուրի ու ծառի։
Յոյսին յանդիման՝
Երկինքը փուլ գայ՝
Դուն հոն ես որդի լեռի ու պարի։
Տուն, շէն ու աւան
Անապատանայ՝
Դուն հոն ես որդի ցանքի ու վարի։
Վէրքը ճենճերի,
Վիշտն աւելանայ՝
Դուն հոն ես որդի դեղի ու ճարի։
Թէ հայրենիքը
Հուր-գեհեն դառնայ՝
Դուն հոս ես որդի երգի ու բառի։
Երգս՝ երկիւղած
Համբոյր ու ընծայ՝
Մեծ Առօրեայիդ արդար ու արի։
27 Դեկտեմբեր 1988
- Hits: 5697