Ուրվագիծ դիմանկարի համար. Զահրատ
Զահրատ /Զարէ Եալտզըճեան, 1924-2007/
«Բանաստեղծությունը հակադրելով արձակին»․ մասնավո՞ր, թե՞ համընդհանրական նկատառում, որ սակավ բանաստեղծների է բնորոշ, այս պարագային՝ Զահրատին, մասնավորաբար, թե՞ հիմնավորապես, չնայած նրա գրեթե բոլոր ժողովածուներում առկա է «զգացմունքային իրապաշտությունը», հատկապես՝ իր «տեղն ու դերը» որոշող, անվերջ փնտրտուքներում ցայտնոտի մատնված փոքր մարդու կերպարում՝ մեծ քաղաքի հեռաստաններում, երբ «անշարժ իրերի» կենսատու զգայնություններ է հաղորդում ու հաղորդակից դարձնում։
Զահրատը բժշկի մասնագիտացմանը այդպես էլ չընտելացավ․ երբեմն խորհում եմ, գուցե «բառերի միջոցով» ցանկացավ բուժել մարդոց՝ առաջին անհրաժեշտության օգնությամբ, և նվիրաբերվեց ներքին ու արտաքին այն ախտերին, որ գրեթե անբուժելի են։ Իր սարկաստիկ բարությամբ՝ բանատողերի խորքից ճառագող դրական-կենսական լիցքերով ոգեկոչեց թվացյալ և իրավ հիվանդներին՝ հիշելով Ղուկաս Ավետարանչի խոսդքը․ «Բժիշկ բժշկեայ զանձն քո»։
Զահրատ և Կիկօ․ գրեթե գրաֆիկական ոճով մանրագծված մի կերպար, որ հեղինակի հետ նույնանում է՝ անբացատրելիօրէն․ ինչու, անկախ այն բանից, որ կերպարը իրադարձային է, այնուամենայնիվ, բանաստեղծին ճանաչելով իսկ փորձում ես փնտրել նրա էության մեջ եղած կիկօակերպը՝ հասկանալու համար նվիրվածությունը այն պարզ ապրող մարդուն, որ շատերի կողմից լքյալ, մերժված է, բայց «մայթերուն վրայ շիտակ քայլող» ու իր փոքրության միջից մեծահոգություն դրսևորող՝ չխարխափող, չխարդախող» իսկ ես Զահրատին ճանաչեցի միայն իր «Մահ մը ջուր» /1994/ ժողովածուի մասին «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում գրախոսություն տպագրելուց հետո՝ Երևանում, Գրողների համահայկական համաժողովի ժամանակ, տարիներ անց։ Միանգամից հոգեհարազատ մարդոեւ զգացողություն ինձ ներշնչեց։ Այնպես որ, չվարանելով ձեռքիս հանքային ջրով լի մի բաժակ, մոտեցա նրան և ասացի․ «Մաղ մը ջուր կը փափագի՞ք»։ Չգիտեմ, կարծես թե մինչ այդ ինչ որ մեկը ինձ ներկայարել էր,- գուցե սխալվում եմ,- թևատարած ինձ ողջագուրվելով ժպտադեմ ասաց․ «Եկուր, սահմանազանց աղավնիին քով»։ Ես մի պահ այլայլվեցի,- հիշյալ գրախոսականի խորագիրն էր․ «Սահմանազանց աղավնին», որ ես «տեսել էի» ի դեմս Զահրատի, ու ինքն հիշում էր, այսինքն տպավորվել էր։ «Պարոն Զահրատ, միշտ Ձեզ սա պես կը պատկերացնեի», կարծես այլ ասելիք չունենալով շշնջոցով ամուր սեղմեցի նրա մեկնած ձեռքը։ Ժպտաց․ Ես ալ կը խորհեի, թե ո՞վ է աս գնահատանքը ինձի տված, արդյոք գրականության մեջ Նոյան տապանին աղավնիին պես լուր բերա՞ծ եմ»։ «Ավետաբեր մը եղած եք, պարոն Զահրատ՛։ Մնում էր մի սեղանի շուրջ «մաղ մը ջուր» խմելը ու մեր զրույցը շարունակվեց Ստամբուլի պետական համալսարանում դեղագործություն և բժշկություն այդպես էլ չուսումնասիրած,- թերավարտ էր թողել,- այնուամենայնիվ, հետագայում արդեն «Սան» պարբերականի խմբագիր եղած ժամանակներից, երբ ստամբուլահայ գրականության կազմավորման ժամանակներն էին, ինքը Զարեհ Խրախունին, Վարդ Շիկահերը և այլք արդեն «պատնեշին վրայ» գրեթե փորձում էին վերապրել «առանց խաչի, առանց քարի, խաչքարի» իրենց ոչ այնքան դյուրին՝ ինքնապահպանության բնազդ պահանջող օրերը։ Եւ հատկապես Հակոբ Մնձուրին, որ այդ տվայտալից օրերի ոսկեղենիկ տարեգիրն էր։
Երբ հարցրեցի նոր հրատարակելիք ժողովածուի մասին, լռեց, հետո մի պահ ինչ որ բան մտորելով, գյուտ անելու պես ասաց․ «Ալ բաւ չէ, դդումի համ կու գայ»։ Այս խոսքերը երևի մեկ կամ երկու տարի անց էլ «լսեցի», այնքան տպավորվել էր, երբ հետմահու տպագրված «Դդումի համ» ժողովածուն ստացա տիկնոջ՝ Անաիս Անդրեասյանի միջոցով։
Ընդհանրապես, լինում են դեմքեր, երբ անհրաժեշտաբար կամ դիպվածով ես հանդիպում և իսպառ անկաղապար են լինում ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում, նրանց խիստ առանձնահատռուկ տեղ չես հատկացնում օրերիդ շղթայում՝ իրենցից առավել կենսունակություն ստանալու համար, իրենց ստեղծած արվեստով շարունակ ապրելու սիրույն։ Զահրատը այդ եզակի, ինքնեղ, հայ գրականությունից իր տեսակով առանձնացող բանաստեղծներից էր։ Նա «Բառ բառի քով» իր միայնությունը ի մի բերած, իր պատմությունը,- որ նաև Հայի տարագրության ասք էր,- ասացող-պատմող, երբեմն ինքնահեգնող մտավորական էր․ «Կաղանդ Պապա՝ ում «մորուքէն ալյուր շինելու» գաղտնիքը դեռևս բացահայտվելու է։ Զահրատն այնպես ապրեց, որ մեզ վերապրեցներ ու միշտ պարոնյանաբար «կը նայեր հայելիին, կը մեռներ խնդալեն» և հայելու անդրադարձներում իրականութունը որքան էլ անհանդուրժելի լիներ, այնուամենայնիվ․ ապրեցնող էր․ բայց միմիայն բանիվ․․․
Արթուր Անդրանիկյան
Զահրատ
Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Ոսպ ստկող կինը
Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը
Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - քար մը - կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - հանկարծ բառ մը - բառ ոսպի քով
Հետո բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - հետո խոսք մը
Ու բառ առ բառ խոլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը
Հետո կյանք մը - ուրիշ կյանք մը - կյանք կյանքի քով - ոսպ մը - կյանք մը
Դյուրին կյանք մը - դժվար կյանք մը - ինչու դյուրին - ինչու դժվար
Բայց քով քովի կյանքեր - կյանք մը - հետո բառ մը - հետո ոսպ մը
Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - ցավ մը - կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը - սև մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը:
Զերո
Մեկ անգամ մեկ մեկ
Մեկ անգամ Կիկո զերո
Երկու անգամ մեկ երկու
Երկու անգամ Կիկո զերո
Տասն անգամ մեկ տասը
Տասն անգամ Կիկո զերո
Հարյուր անգամ մէկ հարյուր
Հարյուր անգամ Կիկո մենք
- Hits: 4931