Ուրվագիծ դիմանկարի համար. Լևոն Վարդան (Պետիրյան), Հալեպ, 1925-1997, Բեյրութ
․․․մինչ իմ առաջին Բեյրութ /2002/ այցելությունը լսել էի բանաստեղծ, գրականագետ, պատմագետ, մանկավարժ Լևոն Վարդանի մասին և խոր ափսոսանք ապրեցի, որ իրեն չեմ հանդիպել։
Առաջին այցելություն․․․ Սփյուռքի մայրաքաղաք․․․ Միջերկրականի ափին տարածված․․․ միջերկարային հայության կենտրոնատեղի-ուխտատեղի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան սրբալույս, հայապահ հովանու ներքո․ մեծ Աղետի խլյակների կենսաշահ վերընձյուղումը շարունակող սերունդներ․․․ կուսակցական, հանրային,, մշակութային, գրական, մարզական ոլորտներում համայն Սփյուռքը պանծացնող․․․
Այս ամենի մասին, իմ անթաքույց զարմանքն ու հիացմունքը չզսպելով, անընդմեջ հարցեր տալով, պատահականորեն հանդիպեցի բեյրության երևելի մտավորականներից՝ «Շիրակ» հրատարակչատան հիմնադիր Կարապետ Հանեսյանին, որը, հիմա դժվարանում եմ ասել, ինչու սկզբնապես իսկ «շատախոսությունս» ընդհատելով ասաց․ «Լևոն Վարդանի մասին լսա՞ծ ես, քանի մը տարի առաջ անոր հրաժեշտ տվեցինք։ Այս օրերին միշտ անոր կհիշեի, իցիվ թե ճանչնայիր, հարցերուդ հստակ կրնար պատասխանել»։
Պատասխանս զարմացրեց Կարապետ Հանեսյանին․ «Անշուշտ կարդացած եմ․ «Շիրակ» հանդեսին մեջ անոր բանաստեղծությունները և տարբեր հոդվածներ, բայց առավելս հետաքրքրած է «ֆրանսահայ արձակ»ը /1968/ աշխատությունը, կկարծեի, տակավին կապրի ու շատ կուզեի հանդիպիլ․․․»։ «Հինգ տարի առաջ․․․», տխուր արձագանքեց պարոն Հանեսյանը և շարունակեց․ «50-ական թվականներին աշխատակցած է «Հասկ» և «Սփյուռք» հանդեսներուն՝ Սիմոն Սիմոնյանի խմբագրության ատեն»։
Իմ երկշաբաթյա բեյրության այցելությունից հետո Լևոն Վարդանի ստեղծագործությունների նկատմամբ ունեցած հետաքրքրությունս առավելս սրվեց միայն այն պատճառով, որ պատմագիտական իր ուսումնասիրությունները վերջին հարյուրամյակի ամենատարբեր ոլորտներ են ընդգրկում։
Բացառիկ մտավորական գործչի հետաքրքրությունների շրջանակը անսպասելիորեն ու անսպառելիորեն ընդլայն են․ «Հայկական 15-ը և հայերու լքյալ գույքերը», /1970/ , «Արևմտահայությունը տնտեսական հարաբերություններու ճամփուն վրա», /1998/, «Հայկական 15-ը թրքական մատենագիտության և մամուլին մեջ և մենք», /1998/։ Հարկ չեմ համարում թվարկել այն ժողովածուները՝ չափածո, արձակ, հուշագրություն, որոնց մի մասին ծանոթ եմ, քանի որ ըստ իս, Լևոն Վարդանի ստեղծագործության անկյունաքարը պատմա-տնտեսագիտական հետազոտություններն են։
Լևոն Վարդանի մեծարժեք ժառանգությունը, որն, անշուշտ, մենագրությունների, առանձին գիտական թեզերի համար սկզբնաղբյուրային են՝ վստահ եմ, «լայն դռներ» բացելու հնարավորություններ կստեղծեն ուսումնասիրողների համար։
«Հարկերը օսմանյան և պարսական կայսրություններուն մեջ» բառարան երկհատորյակը /2012/, ինքնին վկայությունն է ոչ միայն Լևոն Վարդան պատմագետ-տնտեսագետի բացառիկորեն սահմաններ չճանաչող-ուսումնասիրողի՝ լայնախոհության, այլև պատմագիտական բազում սկզբնաղբյուրների մեջ խորամուխ լինելու տքնաջանության՝ անցյալ ժամանակներ, որտեղ ապրել, արարել է հայ իշխանավորն ու գյուղացին՝ կքած հարկային քաղաքականության անվերահսկելի և ճնշիչ բեռան տակ․․․
Վերոհիշյալ երկհատորյակի «խմբագրի կողմե» /Բ հատորր/ ներածականում բանասեր Կարո Աբրահամյանը ուշարժան կարծիք է հայտնում․ «Հրատարակված աշխատությունը հույժ կարևոր և օգտաշատ է՝ ակադեմիական լրջությամբ հրապարակ դրված սկզբնաղբյուր մըն է։ Միայն պիտի հիանալ ի տես անհատական ջանքերով իրականացված ծանրակշիռ այս աշխատանքին»;
Իրապես, Լևոն Վարդանի հսկայածավալ վաստակը բնորոշող․․․ Ի՞նչ ոգորումներ, ներքին ալեբախումներ ապրելով է ձեռք զարկել «գրավել» իսպառ «չբնակեցված» մի բնագավառ․ սա երևի մեկ պատասխան ունի՝ անմնացորդ սեր իր ժողովրդի հանդեպ։ Այս մասին ինքը ավելի սպառիչ է պատասխանել․ «Հայը դարերե ի վեր ազատություն սիրող ժողովուրդ մըն՝ չկրնար հանդուրժել գերության լուծին և բիրտ ուժի բռնության ներքև կ՛ընտրե թողուլ յուր հայրենի երկիրը, իր տունը, իր գերեզմանները և կ՛երթա ապրիլ այն տեղ ուր շնչե խաղաղ ազատությունը, հեռավորությունը ճանապարհի․․․ Ոչինչ դժվարություններն են իրեն համար, ու կ՛երթա հանդարտ ու թափառական քայլերով մինչև գտնե հարմար օթևան մը և հոն կը հաստատվի իր ամեն ազգային առանձնահատկությամբը ու բարվոք իր լեզվով և իր կրոնով․․․»։
․․․և այդ «հարմար օթևանը» եղավ Բեյրութը, որտեղ ապրեց և ստեղծագործեց Լևոն Վարդանը․․․ «իբր անցորդ մեծ տագնապներուն մեր ցեղին» /Յ․Օշական/։
Արթուր Անդրանիկեան
- Hits: 7470