Ուրուագիծ դիմանկարի համար. Զաւէն Մսրըլեան /ծնվ․1938թ․/
Անակնկալ հանդիպումների շարունակական ընթացքը երբեմն մեզ այնպիսի իրողություններով է շուրջառում, որ կարծես հանդիպում ես անծանոթ մի մարդու, մի մտավորականի, ում արդեն վաղուց ի վեր ․․․ ճանաչում ես․․․
Բանասեր բարեկամս, պոլսահայ արդի գրականության հմուտ գիտակ՝ Կարո Աբրահամյանի շնորհիվ երբ ծանոթացա պատմագետ Զավէն Մսրըլեանի հետ, ինձ թվաց․․․ տարիներ առաջ արդեն հանդիպել ենք, իրականում ես ծանոթ էի նրա «Երեք դաշնագրեր» /1979/ աշխատությանը։
2022թ․ Բեյրութ, իր՝ Հայ Ավետարանչական քոլեջի տնօրենի աշխատասենյակում հին բարեկամի հետ հանդիպումը անսպասելի էր։ Չափազանց անհավակնոտ, բարեհամբույր էր պատմագետը։ Ու հիմա նույնիսկ մտովի դժվարանում եմ «վերականգնել»՝ թերևս վերապատմելով որոշ մանրամասներ, որոնք էական եմ համարում․ հայաստանյան իրավիճակի որպիսությանը, թե լիբանանյան ներկա վիճակի,- արտագաղթի ցավալի պատճառներին,- իհարկե, անդրադարձ եղան։ Պարոն Զավէնը խնդրո առարկա իրավիճակները յուրակերպ էր մեկնաբանում, բայց քանի որ նա ուսումնական հաստատության պատասխանատու էր, և այն էլ սփյուռքյան, ապա նախ և առաջ ազգային ինքնության, կրթադաստիարակչական խնդիրներն էր էապես կարևորում։ Մինչ այդ, ես գիտեի, որ նա մանկավարժությամբ զբաղվելուց՝ առաջ պատշաճ կրթություն էր ստացել Բեյրութի և Տրիպոլիի հայկական վարժարաններում, ինչպես նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանում, և Արվեստների մագիստրոսի կոչումն ուներ։ Այնուամենայնիվ, մեր զրույցը ընթանում էր հիմնականում իր հրատարակած աշխատությունների շուրջ, մանավանդ խնդրահարույց էր 1920 թ․ Ալեքսանդրապոլի դաշնագիրը և 1921 թ․ Մոսկվայի, Լոնդոնի, Կարսի խորհրդաժողովներում հայկական հարցը․․․
Զավէն Մսրըլեանը իր ստվարածավալ աշխատություններից «Հայկական հարցի հոլովոյթը 1939-2010» /2012/ և «Հայերը համաշխարհային Բ պատերազմին» /2020/ որդուս անունով մակագրելով՝ հույս հայտնեց (ինձ համար շատ սպասելի և ոգեպնդող), որ․ «Ապագայ սերունդին այնպիսի պատմագիտական ժառանգություն պետք է ավանդենք, որ անոնք զգայախաբ չըլլան, որ իրենց նախնիքը՝ մեզ նկատի ունիմ, բան մը չեն թողած իրենց՝ ավելի խորամուխ ըլլալու համահայկական խնդիրներու մեջ։ Ես կրցածիս չափ աշխատած եմ․․․»:
Հիրավի, չափազանց արգասաբեր գործունեությունը առկա է և, ի զարմանս, թե հուրախություն ինձ՝ գնահատանքի արժանացած․ 2014թ․ ՀՀ նախագահի հրամանգորվ Զ Մսրըլեանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Անդրադառնալ պատմագետի վաստակին և չնշել հոր՝ ազգային քաղաքական գործիչ Մկրտիչ Մսրըլեանի՝ իբրև Միջին Արևելքի հայկական գաղթավայրերի պատմությունը ուսումնասիրող պատմագետի, անկարելի է, պարոն Մսրըլեանը առանձին աշխատությամբ է անդրադարձել հիշյալ գաղթավայրերի պատմությունը ուսումնասիրած հոր կենսագրությանը․ /«Մկրտիչ Մսրըլեանի ազգային քաղաքական գործունեությունը»/։ Անդրադառնալ Զ․ Մսրըլեանի պատմագիտական ժառանգությանը, իր իսկ դիմանկարի ուրվագծումով և հակիճ չնշել նրա կոթողային՝ «Հայերը համաշխարհային Բ․ պատերազմին» աշխատության մեջ, /շուրջ 500 էջ/ մեզ և շատերին թերևս անհայտ որոշ սկզբնաղբյուրային տեղեկությունների, պատմական դարձակետային իրադարձությունների զարգացումների, անկարելի է; Սահմանափակվենք աշխատության մի քանի գլուխների միայն վերնագրերի նշումով, որոնք բովանդակային առումով ոչ միայն կհետաքրքրեն այլև վստահաբար խորհելու տեղիք կտան։
Սփյուռքահայ քաղաքական խմորումները Համաշարհային Բ․ պատերազմի նախօրյակին /1933-1939, գլուխ Ա․/
Նացի ցեղապաշտները և հայերը /գլուխ Բ․/
Սփյուռքահայ դիրքորոշումները համաշխարհային Բ․ պատերազմի սկզբնավորության /1939-1940/ /գլուխ Գ․/
Համաշխարհային Բ պատերազմին Պարսկաստանի գրավումը և հայերը․․․ Հայկական բարձրավանդակը գրավելու չգործադրված առաջադրանքը /գլուխ Թ․/
Կովկասը ընդդեմ գերմանական նվաճողական ծրագիրներու /գլուխ ԺԵ/
Ուշարժան է այն հանգամանքը, որ մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ պարոն Զավէնի հետաքրքրության ոլորտները այնքան ընդլայն են, որ ինչպես ինքն է նշում,․ ՛Թղթակցություն ունեցած եմ Երրորդ Ռայխի հետ գործակցող գերմանահպատակ Ալֆրետ Մուրատյանի հետ /1907-1976/։ Ինչ խոսք, ավելի քան զարմանալի հետևողականություն նվիրյալ պատմագետի կողմից, որը տարիներ անընդմեջ ուսումնասիրել է Հայկական հարցը՝ «Ըլլա վավերաթուղթերե, սկզբնական կամ երկրորդական աղբյուրե» և այլն․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 9694