Բիւզանդ Թոփալեան. Բանաստեղծություններ
Բանաստեղծ, գեղանկարիչ Բ․ Թոփալեանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում: Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել է Սիրիա, ապա՝ Ֆրանսիա: 1930-ական թվականներին հաճախել է ժուլիան և Գրան-Շոմիեր ակադեմիաներ: Փարիզում հրատարակել է «Անդաստան» հանդեսը։ Տպագրել է «Այգահանդես» (1930թ.), «Արևագալ» (1936թ.), «Համայնական սեր» (1950թ.), «Հրախաղություն» (1952թ.), «Արձանագիր» (1959թ.) նույնը և այլ ժողովածուներ։ Գեղանկարչական աշխատանքներից են ծովափնյա բնանկարների ու հեծյալների նկարաշարերը։
Մահացել է 1970 թ․ Փարիզում:
Արթուր Անդրանիկեան
Բանաստեղծություններ «Արևագալ» ժողովածուից
Պայքար
Ներկայի մեծ, հևացող գնացքն ահա կհնչե
կյանքի թափին վրա հզոր-
Սարսռանքեն գալիքի դափնիներուն հրեղեն
կբարձրանա երգ մը խոր:
Ու տենդերու մեջ այրող թավալումներն օրերուն
կգալարեն սիրտս իրենց բոցին վրա գալարվող.
Կտրոփե ան հիմակ, պողպատի ու՛ժ մը անհուն:
Երկաթե ձեռք մը կամքի` ճակատագրին վրա մութ
պետք է շարժել անվարան
մրճահարե՛լ, մտրակել
ընկրկումի ամեն փորձ…
Վստահությամբ հառաջել ճամփաներեն հոսանուտ…
-Պիտի իյնաս… օ՜, ի՛նչ փույթ,
թերևըս այս ճամփուն վրա`
աչքերուդ մեջ շանթ մը խոր…
-Բայց պետք է տալ հևք մը դեռ,
պետք է հանձնել բարձունքին
հաղթության երգն ահավոր…
Ես եմ ահա, դուռդ բա՛ց…
Նվագներեն, ձայներեն խորածըծե՛լ տենդն հիմա…
Ու բազմությանց մարդկային զգալ սարսուռն արնաքամ-
Մտերմանալ սա վայրագ աչքերու սեղմ ցասումին,
Միջոցին մեջ արձակե՛լ հոգիիդ թափն անոպա…
… Հսկայական թաթն արդեն ճակատագրին վճռական
Կըրանիթյա ամբարտակն իր կցըցե դեմ առ դեմ
Հոգիներուն մեր ամբողջ, օրերուն մեր հևքին վրա…
***
Երակներու արնախայտ պրկումի ճի՛չն է հիմա…
Բազմահազար զարկերու դղրդումներ միակամ,
Բազմահազար քլունքներ ապառաժին կողն անհաս
Կտոր - կտոր կնետեն անջրպետի մթության…
Հարվածներու համահունչ արշավն հոգիս կողողե
Դյուցազնական բրտությամբ.
Միլիոներու ճիգն հիմա զարկերակիս մեջն է գոռ:
Ճակատաբաց ծառանա՛լ զանգվածիդ դեմ փշրված,
Վստահությամբ ձայնարկե՜լ, ձայներու հետ բյուրավոր,
-Ճակատագի՛ր ե՛ս եմ, արդ` հաղթահարյալ դուռդ բա՛ց…
Ապագա մարդուն
Արշալույսներեն ապըրված ու խոր
ու աննախընթաց տառապանքներու երկունքեն ծնած
ու՛ժ ստեղծագործ:
Դու՛ն, որ ամբողջ երկաներուդ արյունով,
մաքառումով հերոսական,
իմաստությամբ չափահաս
պիտի կրնաս հաղթանակե հաղթանակ տանիլ քեզ,
անջրպետի այս անհուն տարածության մեջեն նոր
պիտի ահա ընդունիս հառաջացող օրերն այս,
Ու տիրական նայվածքիդ,
աչքերուդ շեշտ լուսարձակին հարվածեն
մշուշն արդեն կպատռի…
Մոլեգնությունն ամբոխներուն արդեն զուսպ
ոտքերուդ տակ գեղեցկորեն կցանե
կերտումներու հևք մը նոր:
Ու այսօր կան խորունկ վիշտեր,
աղաղակներ ու երկունքի մեծավերջ ճիչ-
-մեծածնունդ արևագալ…
(Օ՜, փոքրիկ հույզեր և զգայնիկ տխրություններ
քնաշրջիկ քերթողներու,
որ ձանձրախտե ու կանացի տողերե
կտառապիք մեծ ցավով…
Ու թութակներ` արևադարձ ու լայնաբիբ
ծաղիկներու գաղջ շուքին տակ
որոճացող ողորմելի պատմություններ…)
Օ՜, ճպուռներ փոքրամարմին,
ձեր թիթեղե երգի սուլոցն հավերժորեն
կխարտոցե ուղեղներու հառաջացող ժամերն ամեն…
Պետք է, պե՛տք է այլևս լռել
ու չափել այս անչափելի ձեր փոքրության սահմաններն…
Որովհետև ես կտեսնեմ անայլայլ
գեղեցկությունն արժեքներու արժեքին,
անժխտելի, ճակատագրական ավետումն
ապագայի գերմարդուն…
Արևագալ…
Միայնության մեջ կանգնած,
հսկայական շռայլն ահա կնետվի
այս բարձունքեն կատարյալ
մաղաքներուն ու բազմությանց վրա գորշ:
Համատարած միջոցին մեջ դեմքն անոր
կբարձրանա…
ու մարդկային արյունաքամ ամբոխին
որպես աստված երիտասարդ
կնետե իր պատգամն ահա,
իմաստությունն իր բոլոր…
Ստեղծագործ, անժտելի պայքարի
տարերքն հիմա գուպարատենչ կկանգնի
քու առջիդ,
Արևագա՛լ…
ու մաքրագործ հեղեղիդ դեմ ո՛չ մեկ ուժ
և ո՛չ մեկ թև, որ ճնշե իր ծանրությամբ
քու հաղթությունդ անայլայլ…
Հաղորդություն
Վառող խորհուրդ ու արթնություն
սրտերուն մեջ մեր խոնարհ,
պահը խորունկ հևք մըն է դեռ
մեր էության մեջ կաթող
ու երկարող նվագն անեղծ լռության`
համրաշարժ պար, ցայգահանդես տարածվող
ծովու՜ն վրա ներնաշխարհին մեր…
Կախարդ ժամը երեկոյան տարածեց
ոսկեթիթեռ կայծեր հազար`
լուսապըսակ փառքին համար մեր սիրույն
Ու բուրումներ վարդաշրշյուն…
Երկու հոգի… բացվող երազ
ցայգահանդեսի շատրվանին շուրջ,
և հաղորդական այս խորհուրդին մեջ` մինակ:
(Անծանոթ ձեռք մը կարծես
Ստեղնաշարն աստղերուն
վերածեց խոր համանվագի ալիքներուն):
Խազ մը ճերմակ, արծաթազօծ,
ձայներ հազար, համատարած:
_ Արձանացած` լուռ ու խոնարհ ունկնդրենք
մեր սրտերու համանվագն
ու մեր ներքին խորախորհուրդ ալիքներուն
ռիթմը կազմենք…
Տիեզերքը մե՛նք ենք հիմա,
այնքա՛ն փոքրիկ կծկըտած
ու այնքան մե՜ծ ու ծավալուն…
Ցավը կրծող ու դառնության շաշտը միայն
եղերերգի հնչյուններով մեր մեջ կանչող…
Կյա՜նքը, կյա՜նքը - տենչալի հուր,
այրող քնար ու կոտտացող տավղահնչյուն…
Կյա՜նքը հրաշք…
Եվ իրարու հոգիներուն խորքերեն ներս
երկու հոգի` հաղորդական
կնշմարենք ընդելուզումն ալիքներուն
տանջանքի ու երանության:
Երկու հոգի - բացվող երազ
տիեզերքի աչքերուն…
«Հրախաղություն» ժողովածուից
Մանկություն
Որպես մինակ ճամփորդն այս
Երանության ճամփուն վրա`
Երերացող, ժպտացող`
Կքալեմ այդ հին օրերեն մեկուն մեջ…
Հետահայաց ակնարկիս տակ
Ծուխի փոքրիկ ծվեններ,
Առավոտյան քանի մը ցող,
Ուրախության պարզ բառեր…
Քանի մը գիծ դաշտանկար..
Ծառուղիներ արևողո՜ղ…
Օ՜, սպիտակ աղավնիներ
Հոգիիս մեջ
Կնային դեռ…
Կմտածեմ - օ՜, այլևս … օրերն հեռու են այդքան
Մինչ անվախճան տիեզերք մը և ցանկության անջրպետ
Ու ներքին ձայներ հուժկու
Քունքերուս մեջ կհնչեն մեքենական դոփյունով
Հուզումն ու տենդն այսօրվան…
Եվ սարսռող ժխորներն` իրենց թույնովն արդեն
Զիս կողողեն, կողողե՜ն…
… Արցունքով չէր,
որ պիտի գար հիշատակդ
Խռովել զիս տարիներու կատարեն…
Ներքին պատկերն ահա դեմքիդ
Առերևույթ միջցին` հրաժեշտին մեջ մեր հին`
Ու հակառակ ներկայի թավալումին տենդահար,
Տակավին լուրթ է, վճի՜տ…
Մենք` իրարու հարազատ:
Այսօր և դեռ, այսօ՜ր և դեռ
Պիտի պահեմ ժպիտդ քու,
Ո՜վ հեռավոր մանկություն…
Հովվերգություն
Իրիկնամուտ մը հանդարտ, խաղաղության հանգունակ.
Անտառն այս լուռ կփակվի իր թևերուն վրա մթին…
Պատուհաններ հեռակա, օ՜ քաղցրություն սերերու.
Ոսկեզանակ փոշիներ ու թիթեռներ ցայգային…
Երկու աղջնակ դեռատի - աղավնինե՜ր աղվական-
Փոքրիկ երգ մը խազերն ահա կարծես կձայնեն…
Հոգիիս մեջ մենավոր որքա՛ն խռովք, այս որքա՜ն
Դառնություններ… Կբացվին հեծկլտումներխավարեն…
Իրիկնամուտ մը լռին, խաղաղության հանգունակ…
Տարերքին մեջ հոգիիս կզգամ մերժում մ’ահավոր:
Տարօրինակ հանդիպում. - ճակատագիրն աշխարհի
Այս անկյունին կթվի ինձի ա՛լ հեգնանք մը խոր…
Բևեռներեն իրենց սարսող հորիզոններ հեռակա
Կմխրճեն գանգիս մեջ ծաղրապատկեր մը շփոթ,
Շառաչաձայն օվկիաներ` զրահապատ բերդերու
Կմախքներով կխաղան: Վերջին հևքեր մահամոտ…
Մինչ գանգերեն ծանրաբեռն կպայթին այդքան արյուն,
Աստղերն ահա կգծեն շրջանն իրենց հանապազ,
Կթավալին երկնային լույսերն հազար մղոններ…
Հու՜յս մը, հու՜յս մը, գթությու՜ն, արյունախանձ ո՜վ Երազ…
Իրիկնամուտ. լուռ գիշեր: - Խաղաղության ի՜նչ հեգնանք…
Առավոտ
«Մարդ ի պատվի էր և ոչ իմացավ»:
Գարնանային ցայգերու
Սպասումին պես հիմա
անհագ ծարավ մը լույսի
և անձկության բազում թևեր կգալարին ուսերուդ…
Ինչու՞
բառերն այդքան ծածուկ,
չարտասանված իրողությունն
արգիլող շրթներդ
այսօր կդողան…
-Այդ կտեսնես`
հսկայական երկիրներուն
խըժըլտացող քարափներուն
Թևերն անծայր կբացվին,
Ջուրերը գորշ
կհագնին արծաթի գույն
ու համեցող քայլերը մեր կձայնեն:
Եվ գիշերներն
կդառնան լու՛յս բազմագունյան
և քառուղին քայլերը մեր կառաջնորդե
սահմաններու բոցավառ…
Գարնանային ծառերու թևերուն պես
հույսերդ հիմա
կթպրտան,
կթնդա՛ն.
Լսե՛, լսե՛ …
Այնտեղ, ուր կան
ծիծաղախիտ հրե աչքեր,
մեզի նորեն պիտի տան սեր, քիչ մը ավիշ
և ապրելու հաճույքը մեծ…
Հսկայական գալիքի սահմաններեն հևացող
Ան, որ ահա պիտի գա,
պիտի ըլլա հոգեկից
դաշունահար հոգիներուն մեր անպարտ:
Ան, որ ահա պիտի գա
այս երկաթի ու ծանրանիստ շեղջերու
փոշեթաթավ կույտերեն վեր,
պիտի ըլլա իսկությունը դարերու, իսկությու՛նը
հոգեկան մեծ կոչումին:
Ան, որ ահա պիտի գա
Հերոսական դափնիով,
պիտի ըլլա
կենսանորոգ
ցնծություն:
Հոգեկան այդ հաղթանակին ընդմիջեն
շրթները մեր պիտի դառնան ցնծությամբ
բաժակներուն կարմրաշիթ,
ծաղիկներուն, գեղեցկությա՜նց, որ կանցնին
աննշմար,
արժեքներուն ու տրորված դեմքերուն…
Ան, որ ահա պիտի գա,
պիտի ըլլա
Մարդը
լոկ:
Վայրանկար
Երեկոյի մեջ խորունկ ծով մը վարդե երկնքի
մեղմ նրբերանգ կցանե բարդիներու մեջ հեռուն.
կխենթենան, կլոգնան մտածումիս արծաթե
աղավնիներն այս ժամուն համբույրին մեջ գույներու:
Արձակված նետ մը ինչպես շոգեկառքին ձայնն հանկարծ
կճեղքե սի՛րտն արևին-
Տերևաթափ ու սարսռուն
ծառե՜ր, ծառեր կթռին շագեկառքին զայրութեն,
կանաչ շուքեր կդառնան պա՜ր մը սրտին մեջ ծովուն…
Օ՜հ, օհ սարսռուն այս ժամուն տարօրինակ խենթությամբ
պիտի խեղդե ահա զիս բազուկներուն մեջ լույսի…
Կեցի՛ր, կեցի՛ր, պիտի ես նետվիմ թևին խելագար
վայրաշարժին, որ ահա փոթորկավար կհոսի:
«Արձանագիր» ժողովածուից
Ուժ և ոգի
Երբոր լսեք երգն ավազին` անապատի սահմաններեն
տարածվող`
Երբոր իյնա արևն անդարձ կույտին վրա
ոսկորներուն սպիտակ,
Ու պայքարով,
Աղետներով մեծազանգված
շաղախվի ողբն աշխարհի,
Ու մարդկային միլիոնավոր զոհերեն,
Ոճրաթաթախ արյուններեն
Խավարակուռ այդ գիշերեն երկնված,
Երկրամասերն հեռավոր սարսռան
Բոցակալած երկինքով-
Արդարության ցասումն հանկարծ պիտի գա,
Կայծակներով շառաչուն
Ու բռնության ուժերն անգութ ու բարբարոս
Պիտի իյնան ու խոնարհին պարտված:
***
Ու պատմության փաստն անհեղլի. -
Տարերային բնազդներեն հալածյալ
Գազաններու մոլուցքով ձիարշավող բանակներ,
Երբ բարձրացան դարերու հորիզոնին կողերեն,
Ավերն իրենց տարածելով մեր երկրին
արգասավոր ծագերուն`
Սրածության, արյունի մեջ խեղդելով ամեն ինչ.-
Սրարշավող այդ դաժան հեղեղներուն դեմ առ դեմ`
Ցեղի մ’ ըմբոստ,
Ցեղի մը շեշտ ճառագայթներն հոգեկան խոր ուժերուն
Հերոսական իրենց թափով,
կամքովն իրենց գերահզոր հավատքին
Ապառաժին վրա կառչած
ու դարերուն հանդիման`
Պարտադրեցին ապրելու կամքն իրենց մեծազոր:
Ու այսպես -
Ոճիրներու գրոհին դեմ հաղթական,
Թափված արյան հեղեղներեն վերծնած`
Հողին վրա պապենական
Ավերակներուն իսկ մեջեն,
Հավատավոր ու տքնաջան սերունդներ
Իրենց հոգվույն իբր նյութեղեն մարմնացում`
Բարձրացուցին, ապառաժեն կորզելով
Շեն ոստաններ, կոթողային կառույցներ:
***
Ու այսօր -
Ժամանակի գրոհին դեմ ծավալուն`
Նոր սերունդերն են կրկին
Մեր երկրին մեջ, ի սփյուռս,
Հերոսական գուպարով կուրծքերն իրենց կպարզեն
Հազարամյա գոյության:
Խտեղծագործ այդ ուժն ահա հևացող
Կի՛րք է հզոր ու հոգեկան մեծության
անկապտելի աղաղակ,
Որ պիտի դեռ բարձրացնե անվհատ`
Քանդումներեն, ավերակի կույտերեն
Տաճարներ դեռ խնդության, - ինքնադրոշմ արվեստի,
Վերածնվող ու չմեռնող հանճարի
Հավերժական հայտարար:
Շամիրամ
Ու՛ժդ է անգութ, կժայթքի մետաղային բիբերեդ.
Շանթերն անոնց անհագուրդ կուզեն վառել, հրդեհել
Թարմությունն այդ աննկուն, քաջակորով իշխանին`
Մերթ նենգամիտ համբույրով, մերթ շոյանքով դավադիր.
Ու զորությունն այդ դժխեմ,
հավերժացող նայվածքիդ`
Հուրե դաշույն` կարձակե ցոլքն իր պատգա՛մ մը իբրև:
Հոլանի կուրծքդ է հրաբուխ գերեվարող ցանկությանց:
Գեղեցկությունն Արայի` առնական իր հմայքով`
Արդ զրահված է սակայն, օ՜ թագուհի նենգության,
Իմաստությամբն իր խոհուն…
Պերճանքիդ մեջ եթե իսկ խեղդես անթիվ աշխարհներ,
Ադամանդե մահիճդ այդ եթե գծե սահմանն իր
Երկիրներու վրա դեռ, -
Կա՛ն անառիկ բորբ սրտեր,
որ կարող են խորտակել
Շվայտության գահերն հին`
հանուն սիրո
Մարդկային համայնական արևին:
«Լուսածնունդ» ժողովածուից
Առավոտ մը
Պատուհանեն ծովահայաց կբացվին
Վայրանկարի թևերն այսօր անպարագիծ
Թարմությամբ:
Նավերն հեռուն` իրենց ծուխեն հալածված`
Հորիզոնի լայն գիծով,
Կհեռանան դղրդումով մը ներքին
Դեպի բացերն երազին
Արծաթյա:
***
Երկիրն անկուշտ կհրահրե
գեղեցկության բաղձանքն այս,
Նրա գյուտերու, հրաշքներու բնազդն իմ
Կխլրտի անհանգիստ:
Ծնունդն օրվան, գաղափարի մը հառնող
Թևերուն մեջ լայնալիճ,
Մտածումս արդ կտանի երկրի հազար ծագերուն:
Բազմություններ ծովեզրյա կայքերու
Հեռատեսիլ դեպքերու գրգիռն իրենց արյան մեջ
Ու նորահաս սերունդներու ավյունով
Շարժումի մեջ կդառնան
Պարն արգավանդ անձկության…
Երկիրն ամբողջ կլոգնա շնորհին մեջ առտըվան.
Աշխատավոր բազմությանց տողանցքն ահա կենսալիր.
Խաղաղության կառույցներն` ամեն օր նոր բարձրացող:
Ողջագուրումն հոգիիս` թշնամի և բարեկամ
Մարդոց հետ, որ այս պահուս, ամենուրեք, ամեն տեղ`
Իրենց ամբեղջ հոգիով
Կբազմանան ստեղծագործ աշխատանքով,
Կուտան կշռույթն առտըվան:
- Hits: 13708