Ուրվագիծ դիմանկրի համար. Պեպօ Սիմոնեան

Իմ ներկայացրած դիմանկարների պատկերաշարում նոր երախտավորներ հայտնվելու իրողությունը ենթադրում է ոչ միայն տարիներ անընդմեջ իմ ունեցած մտերմությունը նրանց հետ, ովքեր իրենց կենսագրությամբ փաստել են, որ արժանի են «գրոյ յիշատակի», այլև ինչ-ինչ առումով ավելի քան երեսուն տարիների գրական, մշակութային վավերագրությամբ են լուսաբանվում, մանավանդ շատերին ներկա սերունդը բարեպատեհություն չի ունեցել ճանաչելու։ Այս ամենը մի տեսակ հորդորալից մղումներով է ինձ ոգեկոչում, ավելին՝ ոգեշնչում, որ նրանց մարդկային և ստեղծագործ կերպարը ներկայանալի դառնա։

Պեպօ Սիմոնեանը /Պետրոս Տիգրան Գալայճեան/, Ալեքսանդրեթ, /1337-Պէյրութ, 2015/ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ․ հանրային, մշակութային եզակի գործիչներից էր, որոնց ներկայությունը ոչ միայն սփյուռքյան գրական, այլև կրթական կյանքում միշտ էլ ներկայանալիորեն հուսադրիչ է եղել, մանավանդ, որ նա մեծ ավանդ ունի իբրև հրապարակագիր․․․

Ինձ համար ավելի քան  բարաբախտություն է եղել նրան ճանաչելը բեյրության և հայաստանյան գրական, մշակութային միջավայրերում՝ լռախոհ, ինքնատիպ մտավորականի ծանր ծիրանին տարիներ շարունակ ուսն ի կախ։ Նրա անվանը առաջին անգամ հանդիպել եմ «Բագին» հանդեսում, տակավին խորհրդային տարիներին, բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի առաջին՝ «Թռչուններ» ժողովածուն էր գրախոսել։ Հետագայում, երբ հանդիպեցինք, այդ մասին ասացի, ժպտաց գոհունակ․ «Ատիկա շատոնց մոռցած էի, կը խորհիմ, որ աղվոր հիշողություն ունիս»։

Նշան Փալանճեան ճեմարանում, Անթիլիասի դպրեվանքում, ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանում ուսանած, այնուհետև Բեյրութի տարբեր վարժարաններում սփյուռքյան գրականություն դասավանդած մտավորականը 60-ական թվականներից աշխատակցել է բազում թերթերի, հանդեսների։ Իր սերնդակից լիբանանահայ հայտնի հրապարակագիր Պարույր Աղպաշեանի բնութագրումով․ «Պեպօն ամբողջական մտավորական էր, նաև գաղափարական աննկուն դեմք, որ միշտ ալ մնաց այդ պայծառ հորիզոններուն վրա, ինքզինք միշտ հետևորդ և արդյունաբերող՝ նկատելով այդ բեմերեն հանդես գալու, գործելու և արժևորելու այն, ինչ ազգային, գաղափարական ու համայնքային են»։

Պեպօ Սիմոնեանի ստեղծագործության հաշվեկշիռը անելու համար, վստահ եմ բազում էջեր, ինչու չէ, նաև որոշակի գրադատական փորձոռություն է անհրաժեշտ, բայց մի հանգամանք չափազանց էական եմ համարում՝ նրա մարդկային և գրողական դիմանկարը որոշ չափով ամբողջացնելու համար։ Տակավին երիտասարդ նա առաջիններից էր սփյուռքյան իրականության մեջ, որ էականորեն արժևոր հոդված հրապարակեց «Հայկազյան» հայագիտական հանդեսում, եթե կուզեք ի պաշտպանություն 60-70-ական թվականների հայաստանյան բանաստեղծների, որոնց նկատմամբ երևանյան գրաքննադատությունը այնքան էլ պատշաճ վերաբերմունք չէր ցուցաբերում․ «Վերլուծումի և գնահատանքի փորձ՝ Հայաստանի երիտասարդական բանաստեղծության մասին» /1971/;

«Նախերգանք» /1968, «Կանաչներու առասպելը» /1977/, «Մարդեղություն» /1981, «Ծառին ճիչը», /1991/, «Միջերկրականի լույսերուն դիմաց» /2004/, վերոհիշյալները Պեպօ Սիմոնեանի բանաստեղծությունների ժողովածուներն են, և ինչպես նկատելի է, ոչ հաճախադեպ հրատարակված, իմա՝ տարիների փորձության բովով անցած, զտարյուն բանաստեղծի համար այնքան էլ էական չեն եղել՝ «տրվելու արագագրությանը»․․․ Այն, ինչ վկայում է իր իսկ խոսքի հանդեպ խստապահանջության մասին։

«Մայրիներու արմատները» /1986/, «Ակնթարթներ մարդու և կյանքի առօրյայեն» /2012/, չափազանց ուշարժան արձակ ստեղծագործություններում նույնպես նշմարելի է «Տարագիր սերունդներուն և անոնց ժառանգներու գոյատևման պայքարին համար մղած անոր մեծ ու երախտառատ եռանդը», ինչպես նշվում է «Բագին» հանդեսի կողմից Պեպօ Սիմոնյանին նվիրված մահախոսականում։

Հիմա, միայն հիմա անակնկալ կերպով վերհիշեցի Բեյրութում իմ և Պեպօ Սիմոնեանի ու իր տիկնոջ՝ տիկին Ազատուհու հետ հանդիպումը /2009/ մի հանդիսության ժամանակ։ Հայաստանով, ժամանակակից հայ գրականությամբ ապրող, ներշնչվող մարդու, բանիբուն մտավորականի համար խնդրո առարկա էր․․․ արտագաղթը և հայության համախմբումը․․․ Ինձ թվաց,- և իրականում այդպես էր,- նա պատրաստ էր ինչպես ողջ կյանքի ընթացքում անել ամենաանհնարինը ու առավելագույնը․․․ Այդ ժամանակ ես ինձ դույզն ինչ «անպատշաճ» պահեցի՝ հարցնելով․ «Պարոն Պեպօ, երբեմն կը խորհի՞ք, թե Ալեքսանդրեթի  սանճաքին մեջ ի՞նչ կանցնի, կը դառնա։ Մարդուն, մտավորականին տրված չափազանց դաժան մի հարց։ Մի պահ, ավելի քան ինքնաշփոթվելով, կերկերուն ձայնով ուզում էի ներողամիտ լինել․ միանգամից ողջագուրվելով կանխեց․ «Սիրելիս, գոց գիտեմ, որ դուն ալ կապրիս քու կորսված դրախտավայր Վանով»։ Ակամա հուզմունքն ակնհայտ էր․․․

Հաճախ, երբ թերթում եմ իր խմբագրած անզուգական Թլկատինցու «Երկեր» /1993/ ժողովածուն, մի պահ անկարող եմ չպատկերացնել, չվերապրել այն ապրումները, որոնք, վստահ եմ, ունեցել է Պեպօ Սիմոնեանը ժողովածուն հրատարակության պատրաստելիս․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 15600

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: