Որուագիծ դիմանկարի համար.Յարութ Կոստանդեանի 115-ամեակի առթիւ

․․․ մի ժողովրդի ներքին վիհերի խորությամբ է

կարելի գուշակել կատարներն իր ներքին

բարձունքների եւ չափել սահմաններն իր ապագա

նվաճումների․ ես հավատում եմ, որ Հայը,

Արտաւվազդի պես, իր «Ներքին Արարատի»

անդունդների մեջ դեգերելուց վերջ, պիտի նվաճի

նաեւ գագաթն իր ներքին մեծության։

Հ․Կոստանդյան

Միայնությունը բանաստեղծի համար հոգեւոր լսողություն է նախ եւ առաջ․ լսողունակ լինելու հանգամանքը արդարացվում է անհավակնոտ պոռթկումներով; Գրեթէ այս ընկալման տրամաբանությամբ ապրեց Հարութ Կոստանդյանը՝ զուտ եւ միայն ինքնիրմով, հեռու իր հակամարտ էությունից, հեռու ինչպես Պռովանսի լեռների բարձրադիր միայնակեցությունը փարիզյան տարաձայն թոհուբոհից․ պարսկահայ էր, նախնիները գաղթել էին Հնդկաստանից, գրում էր արեւելահայերեն, ստացել էր օտարալեզու /անգլերեն, ֆրանսերեն/ բացառիկ կրթություն, ճակատագրով եւ գիտակցականությամբ ապավինել էր տակավին որոնվող ճշմարտությանը՝ իր պարագային բանաստեղծությանը, այնտեղ, ուր լույսը կուրացնում էր ոգու մշտարթունությունը կատարյալ դարձնելու համար։

«Օրերի իմաստնությունը» /1935/ եւ «Բանաստեղծությամբ» /1974/ ժողովածուները բարեկամների հորդորով միայն հրատարակվեց, ապրելով իր ներքին միջավայրի իրականությամբ, նա իբրեւ բանաստեղծ ամենապարզ հիացմունքի արժան զգայնության դրսեւորումներով մշտաբար հոգու արարման ունկնդիրն էր, գրեթէ զոհաբերության պատրաստ․

Ամեն հովի դեմ՝ հոգիս առագաստ,

Եթե կա հոգի։

Եթե կան հովեր՝ հոգւս է պատրաստ,

Եթե գան հովեր՝ կը մեկնեմ անդարձ․

-Մնաս բարեւ, ոչ ոքի։

Բարոյական բարեշրջությամբ անցյալն իմաստավորելու, հետեւապես հավելյալ ակորդներով չպանծացնելու մղումով, Հարութ Կոստանդյանը ընկալելի է դարձնում իր ժամանակը՝ բանաստեղծական գրավչություններից զերծ, ինչպիսին որ կա, ինչպիսին որ ճակատագիրն է սահմանել /Սփյուռքյան իրականության անգունազարդ ընկալում՝ հայ մարդու ավանդական պատկերացումներից անդին/։ Ճակատագիր, որ նաեւ խորքային իմաստավորում՝ «միստիկականություն» է հաղորդել միանգամայն մտային սեւեռումներ զգայող բանաստեղծին․․․

․․․եթէ Բանաստեղծութիւնը որոշակի իմաստով Մարդու յիշողութիւնից  փրցուած ծուէններ  համարենք, ապա Յարութ Կոստանդեանի /1909-1979/ պարագային նրա «սրտի տրոփիւնները» տարածութիւն եւ ժամանակ հասկացութիւնների միախառն սիրոյ վկայութիւն են՝ իր ապրած ժամանակից դուրս, հաւատընծայ ոգորումներով։ Ամէն դէպքում յաւելեալ չարժեւորելով բանաստեղծական այն ինքնեղ տեսակը եւ ըմբռնումները, որոնք ամենեւին գրողական երեւակայածին քմայքի արգասիք չեն, այլ պրովանսեան լեռներից իրականութիւնը դիտարկած մարդու, մտաւորականի տեսողունակ հայեացքի արտայայտութիւն՝ «ոչ հեռու» ինքն իրենից․ գուցէ միահիւսումի արտասովոր ճգնակեցութիւ՞ն, թէ՞ կրկնակ վտարանդուած Հայի կեանք ապրեցնող, արժեւորող  սովորոյթի ուժ ստացած պատմութիւն․․․

Արդ, դժուար է հաւատալ դիպուածի իրողութեանը,- որտեղ ծնուած լինելու եւ ինչ ճանապարհներով ուր հանգրուանելու կենսապատումը երեւի թէ իրեն նոյնպէս անյայտ մնաց, ամենեւին չհետաքրքրեց, որովհետեւ անտրամաբանական շղթայական զարգացումները,- բաժանուած մի գծիկով,- ծննդեան եւ մահուան թուականների միջեւ,- վկայութիւնն են ինքնապայքարի /գուցէ ինքնախաղի/ առկայ ու գրեթէ միշտ անյաղթահարելի բանաստեղծի համար։ Ճշգրիտ՝ բան ա ստեղծողի, ինչպիսին ինքն էր խստակեցութեամբ, սահման չճանաչող սահմանախախտմամբ, քանզի «երազն էր գերհզօր», որովհետեւ հետամուտ էր երազի չիրականանալուն՝  այդ ընթացքով, նեարդ առ նեարդ ուրուագծելով իր տեսած Աստծոյ ճշմարտութիւնը ։

Զտարիւն ներշնչանքի բանաստեղծը լինելու հանգամանքը գրգռուածութեան աստիճան ներգործել է Յ․Կոստանդեանի մտազգաստութեան եւ անմիջականութեան վրայ, այն առումով, որ ինքնապահանջութեան կեցուածքը չի դիմակայել այն հարցադրումներին, որոնք դոյզն-ինչ անսովոր են եղել փորձառութիւնը յաղթահարողին։ Եւ թուացեալ «դժուարին արտայայտուելը», այլ խօսքով ու խորքով՝ սակաւագրութիւնը, բանաստեղծի եւ նոյնիսկ այլոց համար՝ խնդրոյ առարկայ, երբեմն աւելորդ /կամ յաւելեալ/ կասկածների տեղիք է տուել՝ աւաղումների արտայայտութեամբ։

Այսկերպ, ոչ լիարժէքօրէն է բացատրելի, երբեմն «կոպիտ պարզեցմամբ հրամցուած» այն միջավայրը, որ էութեամբ ներդաշնակւում է բանաստեղծի ինքնապահպան բնազդով ապրող մարդու ներկայ եւ յարակատար նկարագրին, գաղափարազերծ, խօսքի «յիշողութեամբ» ներաշխարհային այնպիսի վիճակներ ստեղծող, որոնք նախասկզբնականի եւ վերջաւորի «մատոյցներում» մեր տեսողութեան եւ դիտողականութեան ընդմէջ «լռութեան անշարժ բեւեռում» եղանակաւորում է իր պատկերացումները զգայական տարասեւեռ այն աշխարհների մասին, որոնց պայմանական գոյութեամբ ապրում ենք, որոնց հաւաստիութիւնը մեզ համար միեւնոյն է, ինչպէս ցանկացած տեղատարափ՝ խօսքի, զգացումի, թէ արտաբերուած ինքնաբուխ մտքի․․․

Յարութ Կոստանդեանի բանաստեղծութիւնները /ներառեալ արձակն ու նամականին/ խօսքի, զգայնութեանց յարաբերականօրէն մեզ անծանօթ, հիացմունքի մղող մի այնպիսի կենսադաշտ է ստեղծում , որ «անձանձիր միայնութիւնից» դուրս գալու ուղիներ որոնելիս համոզւում ենք, որ առեղծուածի չըվերծանումով միայն կարող ենք ապրել Բանաստեղծութեամբ․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 16363

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: