Ուրուագիծ դիմանկարի համար. Յարութիւն Կ․ Ճանկիւլեան (Վան, 1885-1915)
Արեւմտահայ եւ սփյուռքյան գրականության ցանկացած ժամանակաշրջանի անդրադառնալիս, մեզ համար այնուամենայնիվ, այդքան էլ չի զատորոշվում գրականությունը՝ հրապարակագրությունից,- մի հանգամանք, որ արեւելահայոց պարագային խիստ զանազանելի է․ կա գրականություն, եւ կա նաեւ իրենց ոչ ճիշտ բնորոշումով այդպես էլ շարունակաբար գործածվող՝ հրապարակախոսություն,- այսինքն հրապարակագրություն, ըստ այդմ արեւմտահայ եւ սփյուռքյան հրապարակագիրները միեւնույն ժամանակ գրողներ են ըստ էության ու գրողական դիտարկումներով, ըմբռնումներով, ժամանակաշրջանը, միջավայրը պատկերելու իրենց ոչ սոսկ փաստագրական հղումներով, այլ գեղարվեստաստեղծ արծարծումներով։
Այս ամենը քննարժանվում է հատկապես այն ժամանակ, երբ տարբեր առիթներով, թե բանախոսությամբ եւ թե որեւէ հրապարակագրի ստեղծագործությանն անդրադառնալիս հարկ եմ համարում «խախտել» արեւմտահայ եւ սփյուռքյան չափազանց մերձեցյալ սահմանները, եւ անդրադառնալ այնպիսի գրող-հրապարակագիր գործիչների, որոնց ստեղծագործութիւններում նախ եւ առաջ պատմական ժամանակագրությունը առկա է ինչպես որ է․․․
Յարութիւն Կ․ ճանկիւլեանը տակավին պատանի, 1884 թ․ ծննդավայր Վանից մեկնում է ժամանակի քաղաքական, մշակութային, գրական թատերաբեմ Կ․Պոլիս՝ ներգրավվում ազգային-քաղաքական գործունեության մեջ՝ հարելով մի քանի տարի անց /1887թ․/ Ժնեւում հիմնադրած Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, հայոց քաղաքական կյանքում լիիրավ նվիրվածությամբ նպաստաբեր մի կուսակցության, որի գործունեության փառավոր էջերը մեր հերոսական անցյալի տարեգրության անխամրելի վկայություններից են․․․ եւ ըստ իս, ցավալիորեն տակավին չարժեւորված․․․
1890 թ․ Կ․Պոլսի Գում Գաբուի ցույցից հետո, Յ․Ճանկիւլեանը ձերբակալվում է, դատապարտվում մահվան եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, Կ․Պոլսի ռուսական դեսպանի միջնորդությամբ,- որն այնքան էլ արժանահավատ չէ,- մահապատիժը փոխվում է ցմահ բանտարկության եւ աքսորվում է․ աքսորավայրում վեց տարվա տաժանակրությունից հետո նրան հաջողվում է փախչել Կիպրոս, այնուհետեւ Եգիպոս, Փարիզ, Լոնդոն, ի վերջո՝ Բուլղարիա։ 1908 թ․ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, երբ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ֆրանսիական հեղափոխության կարգախոսը յուրացրած իթթիհատականները ազգային, հանրային կյանքում հանդես են գալիս լայն լիազորությունների դրոշի ներքո, Կ․Ճանկիւլեանը վերադառնում է Կ․Պոլիս, շարունակում աներդմնազանց, նվիրյալ հնչակյանի իր ազգային գործունեությունը, եւ 1915 թ․ ձերբակալվում, աքսորվում է Այաշ՝ արժանանում մեր մյուս տարաբախտ նվիրյալների եղերական ճակատագրին։ Մինչ այդ, 1908-1915թ․թ․ Կ․Պոլսի մամուլում նրա հրատարակած հոդվածները՝ Կայծիկ, Փիլիսոփա ծածականուններով վկայությունն են ըմբոստ գրող-հրապարակագրի նվիրվածության։
Հատկապես «Դիմակավորներ» հույժ բանավիճային բնույթի հրապարակագրական ժողովածուն /Կահիրե, 1918/, մի տեսակ սկիզբ ու շարունակական ընթացք ունեցավ Յ․Ճանկիւլեանի «Հիշատակներ հայկական ճգնաժամեն» փաստական հարուստ ու արժանահավատ աշխատության։ Ժամանակի հայ հասարակական, քաղաքական կյանքի խորապատկերի վրա ներկայացվող իրադարձությունների բազմամաս ժամանակային տարեգրությունը այսօր էլ անչափ հետաքրքրահարույց է մեր պատմության ոչ հեռավոր անցյալի նկատմամբ կարոտ ու նվիրումը փայփայող մասնագետների եւ պարզապես ընթերցող հանրության համար, եւ ցավոք այն տակավին սպասում է իր հրատարակչին․․․ Այդ տարիներին /1908/, երբ նա Կետիկ փաշային ընտրվել էր ազգային երեսփոխան, հանդիսանում էր նաեւ Միացյալ ընկերության հիմնադիր ժողովի անդամ, նվիրվածությամբ մասնակցում ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական անցուդարձին, այլեւ նախապատրաստվում էր գրել հիշյալ չափազանց ուշարժան աշխատությունը։
«Հայ ընթերցող հասարակությանը տալով ներկա «հիշատակներս», բնավ հավակնություն չունիմ զայն իբր անթերի աշխատություն մը ներկայացնելու, քանի որ ատոր համար անհրաժեշտ եղող ոչ ընդարձակ նոթեր ունեի կամ կարելի էր ունենալ, տրամադրությանս տակ աչքի առաջ ունենալով բռնապետական շրջանի հեղձուցիչ եւ թույլատու պայմանները․․․ «Վանի հրդեհը», «Պայազիտի ռուս գերիները», «Վասպուրականի սովը», այս եւ աշխատության մյուս բաժիններում հանիրավի մոռացված ազգային նվիրյալ երախտավոր գործչի կերպարը վերստին տեսանելի է․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 17244