Ուրուագիծ դիմանկարի համար. Երուանդ Քասունի (Հալէպ, 1937)
․․․երբեմն պատահում են այնպիսի․․․ նախատեսված ․․․ չհանդիպումներ, մանավանդ երեւելի մտաւորականների հետ, երբ խոր հուզմունք եւ ափսոսանք ես ապրում, որ մի բարեբախտ օր իրականանալու է, գուցէ եւ մնալու է ցանկալի իրականություն․․․
Բեյրության վերջին «այցելությանս ատեն» (2022թ․) մեծ փափագ ունեի հանդիպելու պատմագետ, լեզվաբան, մանկավարժ Երուանդ Քասունիի հետ․ երբ հեռաձայնով խոսեցի իր հետ, ձայնից զգալի էր, որ վատառողջ է, երբ ասացի․ «Պարոն Քասունի, ներող կ՛ըլլաք, ես վստահաբար այն համոզումն ունեի, որ դուք․․․»։ Զարմանալիորեն զգալով հարցումիս ենթատեքստը՝ ձայնի զվարթ տոնով ասաց․ «Թերեւս կ՛ուզեիր ըսել՝ տակավին կ՛ապրի՞մ․․․»։
Առիթից օգտվելով եւ զգալով նրա հումորի զգացողության ինքնահատուկությունը՝ շարունակեցի․ «Կը կարծեի որ 20-րդ դարասկզբին ապրած եք։ Բարեկամս՝ գրականագետ, հրապարակագիր Կարո Աբրահամյանն ալ նույն կարծիքին է»։ Եւ երկուսիս՝ իմ եւ Կարոյի համահունչ ծիծաղը միանգամայն բարեկամական էր։
Այս պահ, «կարճ միջոցի մը» չափազանց դժվար ու գրեթէ «անշնորհակալ» ճիգադիր փորձ է ուրվագծորեն ներկայացնել Երուանդ Քասունիի պատմագիտական, մանկավարժական, խմբագրական ավելի քան կեսդարյա գործունեությունը․ Բեյրութի Հայկազյանն ավարտելուց հետո, դասավանդելով Հալեպի եւ Բեյրութի վարժարաններում,- շուրջ քսանամյա սխրանք, մանավանդ սփյուռքյան պայմաններում, երբ դասավանդում էր Հայ ժողովրդի պատմություն,- առավել եւս 1970-90-ական թվականներին լիբանանյան քաղաքական, տնտեսական ճգնաժամի տարիներին։
Տակավին 1970 թ․ Ե․Քասունու նախաձեռնությամբ հիմնվել է «Հայկազյան հայագիտական» հանդեսը՝ հայագիտական ուսումնասիրությունների բացառիկ «հանդիպավայր», եզակի մեր իրականության մեջ Վենետիկի «Բազմավէպի» հանգույն տակավին կենսունակ․․․ Իսկ «Պատանեկան արձագանք», «Ջանասէր» ամսաթերթերում 1990-ական թվականներից սկսյալ որպես պատասխանատու խմբագիր նրա նախաձեռն նվիրվածությունը նույնպես եղել է նպաստաբեր, եւ եթե անդրադառնանք Ե․Քասունի պատմագետի չափազանց արժեքավոր եւ վստահ եմ արժեւորելի վաստակին, ապա նրա պատմաբանասիրական հետազոտությունների ամբողջական ցանկը դժվար կլինի վերհիշել։ Այս ամենից զատ նաեւ հույժ կարեւորելի է նրա խմբագրած բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների եւ աշխատությունների հանգամանքը։
Չափազանց լայն ու համընդգրկուն է Երուանդ Քասունու պատմաբանասիրական հետազոտությունների ծիրը՝ տարբեր դարաշրջանների պատմաշրջաններ ընդգրկող, եւ սա պատմագետ-բանասերի շրջահայացության վկայություններից է․ «Վրթանես քահանայ Եզնական» եւ «Կրօնափոխութիւնը բարեկարգութիւն չէ» (Պէյրութ, 2006), «Սումերներու եւ հայ-սումերական յարաբերութիւններու հարցի մասին» (Պէյրութ, 1980), «Ռուբէն եւ Ռուբինեան իշխանութեան հիմնադրութիւնը» (Պէյրութ, 1972), «Ամիդ (Դիարբեքիր)-Տիգրանակերտ շփոթը հայ պատմագրութեան մէջ» (Պէյրութ, 1968)։
Նշվածները վկայություն են Երուանդ Քասունու պատմագիտական, հատկապես չափազանց քիչ ուսումնասիրված խնդրահարույց երեւույթների, իսկ եթե հավելենք իբրեւ փորձահմուտ խմբագրի նրան վստահված աշխատությունները, եւ թե ինչ հեղինակներ են,- պատմագետներ, մատենագետներ, բանասերներ, այդ թվում Պարույր Աղբաշյան, Ժիրայր Դանիելյան, Զավեն Մըսրյան, Արտաշես Տեր-Խաչատուրյան,- Երուանդ Քասունու եթե ոչ համահեղինակակցությունից, փորձահմուտ խմբագրի վստահությունից «օգտվել», ապա որոշապես բացահայտած կլինենք նրա ընդհանրապես հետաքրքրությունների գիտական ոլորտը եւ իմացական կարողականության այլեւայլ շերտեր։ Հատկապես Պարույր Աղբաշյանի աշխատությունները նկատի ունենք, եւ այն էլ հայ գրողների բառապաշարային առանձնահատկությունները մասնահատկող․ «Մելքոն Կիւրճեանի բառապաշարային որոշ հարցեր», (Պէյրութ, 1980), «Երուխանի լեզուական բառաշերտաւորումները» (Պէյրութ, 1979), եւ այլն։
Ընդհանրապես, Երուանդ Քասունու ստեղծագործական ժառանգութիւնը, որի «նպատակային հիմքը» կազմում է գերազանցապես Հայաստանի հնագույն շրջանի՝ Կիլիկյան Հայաստանի պատմության դարձակետային խնդիրները, նրա՝ պատմագետ-միջնադարագետի, պատմագիտության դոկտորի դիմանկարի ոչ այնքան «ամփոփումն է», որքան հպանցիկ ուրվագիծը, որն առավել ուսումնասիրելի եւ մանավանդ արժեւորելի։
Այս ամենով հանդերձ Երուանդ Քասունու պատմագիտական շրջահայեցությունը մեզ իրավազորում է հանգելու այն եզրակացությանը՝ մեկ անգամ եւս համոզչորեն, որ իր անձն ու գործունեությունը վկայակոչելու առումով, մանավանդ մերօրյա կրթական-գիտական, մշակութային տեղատվություններ եւ մակընթացություններ ապրող սփյուռքյան պայմաններում։
Արթուր Անդրանիկեան
- Hits: 17583