Ուրուագիծ դիմանկարի համար Զապէլ Ասատուր (Կ․Պոլիս, 1863 – 1934)
Հակոբ Օշականը Զապէլ Ասատուրի գործունեությունը իրավամբ համարում է,- նրա գրականության մեկնաբանումի առումով,- հույժ սկզբունքային, եթե ոչ հիմնիմաստ, իսկ ընդհարանպես, Զապէլ Ասատուրը,- որ նաեւ հայտնի է Սիպիլ անվամբ՝ օրիորդական ազգանունով Խանճեան,- արեւմտահայ գրականության պատմության մեջ իր հետագիծը թողել է այնքանով, որքանով որ հեղինակն է «Ցոլքեր», (1902), բանաստեղծությունների եւ «Աղջկա մը սիրտը» (1891), «Կնոջ հոգիներ» (1926), պատմվածքների ժողովածուների։
Սա այն ժամանակաշրջանն էր, երբ ասպարեզում արդեն տիրական դեմքեր էին Դանիել Վարուժանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, արձակում՝ Հակոբ Օշականը, Գրիգոր Զոհրապը, Զապել Եսայանը եւ այլք, որոնց անուրանալի ստեղծագործ գոյությունը մի տեսակ ստվերում էր եւ մոռացության էր մատնում ոչ միայն Զապէլ Ասատուրի, այլ նաեւ շատերին, որոնք այսպես թե այնպես, որքան էլ ցանկանանք, այնուամենայնիվ, համարվում են,- եւ դա իրոք այդպես է,- «ուղեկիցներ»՝ գրականության կամ գրական մշակներ։
Այնուամենայնիվ, Զապէլ Ասատուրը իրավամբ իր ծավալած հանրային, մանկավարժական գործունեության շնորհիվ արեւմտահայ մշակութային կյանքի երախտավորներից է, մանավանդ, քսաներկու տարի անընդմեջ հսկայածավալ աշխատանք է կատարել Կ․Պոլսում եւ շրջակա գավառներում՝ հիմնելով դպրոցներ, անշահախնդիր ներդրում ունենալով աղջիկերի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։ Հետագայում՝ իր ապագա ամուսնու՝ գրող, հանրային գործիչ Հրանտ Ասատուրի հետ հրատարակելով հայերենի ընթերցանության եւ քերականության «Թանգարան» անունով դասագրքերի շարք՝ կրթական ոլորտում ժամանակի համար հույժ էական բարեփոխումներ է նախաձեռնում։
Հիշյալ դասագրքերի շարքը շուրջ երեսուն տարի գործածվել են արեւմտահայ վարժարաններում՝ նպաստելով նորեկ սերնդի հայեցի, մտավոր դաստիարակությանը։ Նշանակալից է Զ․Ասատուրի մանկավարժական գործունեությունը․ տասնութ տարի անընդմեջ նա հայոց լեզու է դասավանդել Կ․Պոլսի նշանավոր,- տակավին իր գործունեությունը անխաթար շարունակող,- Էսայեան վարաժարանում։
Չափազանց բուռն է եղել Զապէլ Ասատուրի ստեղծագործական սկիզբը․ դեռատի աղջնակը Սկյուտարի նշանավոր ճեմարանում ուսանելիս բանաստեղծություններ է տպագրել «Մասիս» շաբաթաթերթում՝ Սիպիլ գրչանունով․ հեթանոսության շրջանի աստվածուհու անունը նրան հրապուրել է՝ վստահաբար այն պատճառով, որ այդ տարիներին արեւմտահայ գրականության մեջ հեթանոսական շարժման «ցոլքերն» էին նշմարվում․․․
Այնուամենայնիվ, եթե ինչպես վերոբերյալ անդրադարձանք Զ․Ասատուրի գրական գործունեության ոչ «ժամանակահունչ» լինելուն,- միջանկյալ նշենք, որ նմանօրինակ բանաստեղծներ, գրողներ այդ տարիներին բազումք էին, որոնք այսօր ոչ թե մոռացության են մատնված, այլ «անգոհացուցիչ» ստեղծագործությունների հեղինակներ են,- ապա, ընդհանրապես, հայ գրականության պատմության մեջ մնայուն արժեք է ներկայացնում Զապէլ եւ Հրանտ Ասատուրների «Սիրային նամականի»ն, որը ի վերջո, 2001 թվականին հրատարակվեց լուսահոգի գրականագետ Գրիգոր Հակոբյանի աշխատասիրությամբ․ այս առումով «Ցպահանջ» վերոգրյալ խիստ ուշարժան, ծավալուն առաջաբանում Գր․Հակոբյանը անհրաժեշտում է նամականիի հրատարակումը․ «Զապէլ եւ Հրանտ Ասատուրների նամակագրության հրատարակելը անհրաժեշտ եւ կարեւոր ձեռնարկում է։ Այս նամակագրությունը իր տեսակի մեջ բացառիկ է մի քանի այլ հանգամանքերով եւ չափանիշներով նույնպես, որոնց դեռ ի տեղի սույն ուսումնասիրության մեջ կանդրադառնանք։ Սոսկ արձանագրենք, որ ԳԱԹ-ի ֆոնդերում պահպանվող խնդրո առարկա նամակագրության լույսընծայումը ոչ միայն հավելում եւ իրավամբ հարստացնում է հայ գրականությունը, այլեւ արմատականորեն փոխում է Զ․եւ Հր․ Ասատուրների գրականության մասին տեսակետներն ու պատկերացումները»։
Այնուհետեւ գրականագետը առավելս է որոշակիացնում «Սիրային նամականի»-ի հրատարակման կարեւորությունը․ «Այս նամակագրությունը առբերում է վիպական կենսոլորտ՝ միջավայր, հարաբերութիւններ, բախումներ, զգայնություններ, ոգեւորություն, սփոփանքի, դառնության, մենության, անձնասպանության բազմաթիվ ապրումներ․․․»։
Առանց վերապահության կարող ենք արձանագրել որ «Նամականին» յուրօրինակ հանրագիտարանային նշանակություն ունի, որտեղ դրսեւորվում են բարդ եւ հակասական ժամանակ ներկայացնող ոչ միայն անձնական, այլ նաեւ հասարակական, գրական, մշակութային կյանքի հետաքրքրահարույց իրողություններ։ Իսկ առավել եւս վեհագույն սիրուց գոհացում ապրող երկու հրդեհված հոգիների աղոթքի մրմունջներն են ընթերցողին «լսելի»․ «Սերը՝ ահա միակ մեղքը» (Օվիդիոս) հանճարեղ բնութագրումը, սիրո առեղծվածի էությունը բացահայտող զգայնությունը վերապրեցնող է բոլոր ժամանակներում եւ ցանկացած տարիքում․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 18090