Ուրուագիծ դիմանկարի համար. Մուշեղ Իշխան (1914-1990) 110-ամեակի առթիվ

…1990 թվականն էր, Ազգային աննախադեպ զարթոնքի օրերն էին, երբ Բեյրութից գրականագետ, մատենագետ Ժիրայր Դանիելյանը․․․ աղետեց «Մուշեղ Իշխանը ոչ ևս է․ կը ցավիմ որ զինքը չը ճանչցար»։ Ոչ այդպահ, բայց հիմա, երբ հիշում եմ լուսահոգի բարեկամիս տխրաձայնը, որ հեռախոսի «եթերային ոլորտներից» հնչեց, ակամա Մուշեղ Իշխանի «Զրոյց երազիս հետ» քերթվածի տողերն եմ հիշում․ «Ու երբ ես ալ կը մեռնիմ/ Որոնելով քու ճամբադ»։ Ում ճամբան էր փնտրում կյանքը անընդմեջ փնտրումների մէջ ապրած, գիշերներ եւ ցերեկներ արթմնի դիմավորած գրողը, բանաստեղծը, մանկավարժը, որ ստիպված ինքն իր երազում էր հայտնվել՝ իր երկրորդ Ես-ին կամ գուցե արդեն անդենականում գտնվող իր «մանկություն չունեցած որբ տղեկի կերպարին, որը հարազատ մորը տեսնելու բարեբախտությունն ունեցել է միայն․․․ 40 տարի անց, երբ սփյուռքահայ ուսուցիչների մի խմբի հետ Երեւան էր այցելել․․․

Հիմա հասկանում եմ,- եթե իհարկե կարելի է գոնե ուժերիս ներածին չափ երևակայորեն հասկանալ,- «Զինքը ճանչնալու» բարեկամիս փափագը, բայց պարտադիր չէ ամենևին անձամբ ճանաչել մարդու, եթե նա հետագիծ է թողել լուսաշավիղ ճանապարհ, որն անցնելու հնարավորություն քեզ ընձեռնվել է, մանավանդ անվարան «քայլելու», ուսումնասիրելու նրա ժառանգությունը։

Այդ ծանոթությունը ինձ եւ սովետական շատերիս համար «արգելված էր»․ Մուշեղ Իշխանի հետ այն իրականացրեց Արթուր Մեսչյանը՝ նրա բանաստեղծությունների երգահնչումներով, բայց ճակատագրի «տարօրինակություններից», վստահ եմ, ոչ ոք զերծ չի մնացել․ տարօրինակություններից, թե՞ հայտնություններից, երբ կամա ակամա առնչվում ես կամ քեզ մատուցում են ու անսպասելիությունից կարկամած չգիտես քո երազածն է, թե՞ իրոք ճակատագիր, այսինքն քեզնից առաջ անկախ քո ցանկությունից այն արդեն իրականացվել է․․․

90-ական թվականների վերջերն էր։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ ինձ համար անակնկալ, չնախատեսված հանդիպման ժամանակ երջանկահիշատակ Վեհափառը իր որոշ հարցումներից հետո, քաջ գիտենալով նվիրվածությունս արևմտահայ եւ սփյուռքյան գրականությանը, ասաց․ «Մուշեղ Իշխանին չե՞ս ճանչցած»։ Պատասխանս իրեն կարծես թե վշտացրեց, գուցե հիշեցրեց իրենց մտերմությու՞նը։ Բանաստեղծի մահվան առթիվ իր գրածը ես բեյրության թերթերից՝ «Զարթոնք»ում, թե՞ «Ազդակ»ում պիտի կարդայի․ «Ան լուսարարն էր, որ գիտցավ հայուն սիրտը ջերմացնել ու ազնվացնել արվեստի Կրակովը»։

Եւ այսպես, հաջորդաբար, տարիներ անց ես միշտ մտովի, երևակայապես ուրվագծում էի Մուշեղ Իշխանի հետ իմ չկայացած հանդիպում-հանդիպումների ողջ ընդհանրապատկերը․․․ գրեթե «լման» ընթերցելով նրա գրական ժառանգությունը, իսկ մի կարճ միջոցի, երբ սփյուռքյան գրականության պատմություն էի դասավանդում «Հրաչյա Աճառյան» համալսարանում, ինձ համար նախընտրելի ուղեցույց էր բանաստեղծի եռահատոր «Հայ գրականություն» դասագիրքը, հայտնի դասագրքերից թերևս ամենամրցունակն ու ամենասիրելին՝ մեթոդաբանությամբ, հեղինակների ընտրությամբ, և որ ամենաէականն է՝ բանիմաց մանկավարժի ձեռամբ ստեղծված։

Եւ «ճամփորդությունս» անավարտ կմնար, եթե 2014 թվականին Մուշեղ Իշխանի 100-ամյակի առթիվ իմ աշխատասիրությամբ չհրատարակեի «Լուսեղէն տխրութիւն» բանաստեղծությունների ընտրանին․ «Բանաստեղծի ճիչը հնչում է ի խորոց, քանի որ սպասելիության սահմանները հատած մարդու հոգևոր էներգիան ի զորու չէ դիմակայելու իրականության աղետալի երևույթների տագնապահարուցումը, այն, ինչ եթե անհանդուրժելի է մարդու համար՝ հակացուցված նրա բնույթին, ապա բանաստեղծի համար առավել ևս օտար է, մերժելի․․․»։ /մեջբերում՝ առաջաբանից/։

Ի վերջո, մի «առկախ» մտահոգություն, երբ բանաստեղծը գրում է․ «Ես տարիներ քալեցի այս մենութեանն հասնելու»․ արդյոք այդ մենությունը շարունակվելու՞ է․ մենություն ասելով նկատի ունեմ ե՞րբ է հրատարակվելու Մուշեղ Իշխանի երկերի՝ բանաստեղծություններ, վեպեր, թատերգություններ, հոդվածներ լիակատար ժողովածուն, ի վերջո, ե՞րբ ․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 12122

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: