Ուրուագիծ դիմանկարի համար. Սրապիոն Թըղլեան (1838-1919)
Արևմտահայոց իրականության մեջ մտավորականի գոյության անտեսումը, մանավանդ ծերունազարդ տարիքում․․․ այդպիսիք 1860-90-ական, նաև հետագա թվականներին ապրել են՝ իրենց մահկանացուն կնքել մոռացված ամենքից և ընդմիշտ։ Այս հանգամանքը ժամանակաշրջանին բնորոշ չափանիշներով է ստուգապես իրական։ Ժամանակաշրջան, որ արևմտահայ քերթողական և դրամատուրգիական արվեստի համար ճգնաժամային էր․ գրաքննական արգելքներ, գրաբարը որպես քերթվածի և թատերարվեստի լեզու պարտադիր պայման․․․
Վենետիկում և Վիեննայում կրթություն ստացած, Կ․Պոլիս վերադարձած, վարժարաններում պաշտոնավարող բանաստեղծների, թատերագիրների, թարգմանիչների ջանքերով ձևավորվում գիտակցական արթնացում էր ապրում արևմտահայ թատրոնը՝ իբրև մարդոց հաղորդակցման լայն միջավայր, աստիճանաբար կյանքի կոչելով բանավոր արևմտահայերենը՝ անհուսորեն գրաբարի կապանքներից չազատագրված․․․
Հիշյալ ժամանակաշրջանների թատերաբեմում Սրապիոն Թըղլեանը իր ուրույն գործնական դերը կատարող մտավորականներից էր՝ Մուրատ Ռափայելյան վարժարանն ավարտած և անմիջապես ծննդավայր վերադարձած, որն իր առաքելությունը տեսնում էր կրթական համակարգում գործունեություն ծավալելով, կրթամշակութային զարգացումներ ապահովելու նպատակամիտումով՝ հատկապես ֆրանսերենի ավանդմամբ։ Իսկ թե Սկյուտարի ճեմարանում դասավանդելիս ովքեր են աշակերտել նրան․․․ հայ գրականությանը ծանրակշիռ նպաստ բերած ինչպիսի երևելի անձինք՝ պատվաբեր է ցանկացած Ուսուցչի համար․ բավ է թվել մի շարք անուններ և Ս․Թըղլեանի վաստակը ոչ այնքան արժևորված, որքան փառք ու պսակով տեսանելի կը դառնա։ Հայ քնարերգության հիմնադիր՝ Պետրոս Դուրեան, Մելքոն Կիւրճեան /Հրանդ/, ժամանակին համբավավոր իմաստասեր, ցայսօր իսպառ մոռացված՝ Յարութիւն Մրմրեան, «անմահության մեծ երգիչ»՝ բանաստեղծ, իմաստասեր, բառարանագիր Եղիա Տէմիրճիպաշեան, արևմտահայ կյանքի տարբեր ժամանակաշրջանների տարեգիր, գրող, գրադատ, թարգմանիչ, խմբագիր «Անահիտ» հանդեսների Արշակ Չոպանեան։ Անուները բազմաթիվ են նաև չհիշատակված Ժամանակագիրերի կողմից։
Սրապիոն Թըղլեանի կենսագործած առաքելություններից էր նախ և առաջ թատերագիր լինելու հանգամանքը։ 60-ական թվականներից նրա հեղինակած թատերկները բեմադրվել են պոլսահայ բեմերում, հատկապես բեմադրիչ Յակոբ Վարդովեանի թատերական խմբի կողմից,- «Էլյանորա», «Մեծն Տրդատ», «Մասսյաց դյուցազնուհին» և այլն,- թատերգություններ, որոնք այնքան էլ չէին վնասազերծել գրաբարյան պատնեշները, բայց արևմտահայերենի սկզբնավորման կայացման էին միանգամայն նպաստել։ Իսկ պատմական իրադարձությունների վերհանումը որքան էլ գրաքննության ենթարկվեին, այնուամենայնիվ, պատահական չէին, հատկապես այն պարագային, որ 1848թ․ ֆրանսիական հեղափոխության շունչը որոշապես զգալի էր նաև արևմտահայոց կյանքում, իսկ եթե վերհիշենք, որ այդ տարիներին ապրում, ստեղծագործում էին հեղափոխության մասնակիցներ՝ հայ պատմավիպասանության հիմնադիր Ծերենցը, որն արդեն գրել էր իր հայտնի երեք պատմավեպերը, ինչպես նաև Ստեփան Ոսկանը՝ իր խմբագրած «Արևմուտք», «Արևելք» հանդեսներով, որոնք լայն տարածում էին գտել արևմտահայ շրջանակներում, ապա պատկերը ամբողջական կդառնա․ Սրապիոն Թըղլեանը հայտնի է որպես Կ․Պոլսում բեմադրած եվրոպական բազում դրամաների, մելոդրամաների թարգմանիչ։
Այս ամենին մենք տեղեկանում ենք արևմտահայ մամուլում եղած հրապարակումներից և անգամ որևէ հետք չենք գտնում նրա թողած տպագիր ժառանգությունից, ինչպես հայտնի է թատերական երկերը ընդունված չէր հրատարակել, դրանք բեմադրության համար գրված տեքստեր էին։
Սրապիոն Թըղլեանըի ժառանգությունը այլևս կորցված է, անդառնալիորեն,- մնում է միայն հիշել մտավորական մարդու անունը և մխիթարվել, որ ի թիվս նրա եղել են անձնուրաց նվիրյալներ․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 1277