Ուրուագիծ դիմանկարի համար. Սիմոն Վրացեան (Մեծ Սալա․ Նոր Նախիջևան-1882-1969, Բեյրութ)

Ավանդաբար գրողների, մշակույթի գործիչների մահվան տարելիցները չեն նշվում․ մշակութախեղ մեր օրերում չեն անդրադառնում նույնիսկ ծննդյան հոբելյաններին։ Այլ է Սիմոն Վրացյանի պարագան՝ ոչ իբրև ազգային-պետականաստեղծ գործչի, այլ նաև պատմաբանի, գրողի, իրավաբանի և որ ամենաէականն է, ըստ իս, Ուսուցչապետի՝ վկայությունը Բեյրութում հիմնադրված ճեմարանում նրա մանկավարժական գործունեությունն էր, իր աշակերտներից բանստեղծ Մուշեղ Իշխանը բացառիկ վկայություններ ունի․․․

Բարեբախտություն է, երբ աշակերտում ես այնպիսի երևելի մտավորականների, ինչպես 1900-1906թ․թ․ Ս․Վրացյանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում աշակերտել է Մանուկ Աբեղյանին, Հակոբ Մանանդյանին, Կոմիտաս Վարդապետին, և նույն հոգածությամբ Լևոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի հետ համախոհաբար դասավանդել է ինչպես նշեցինք Մուշեղ Իշխանին, Գրիգոր Շահինյանին, Հարություն Քյուրքչյանին, Գրիգոր Պըլըյանին և այլ երևելի գրագետներին, որնք 1950-2000-ական թվականներին սփյուռքյան գրականության հիմնասյուններն են համարվում։

Սիմոն Վրացյան պատմաբանի գրողական պատումը ժամանակաշրջանները պատկերելու կենսաբնույթը և այլ հանգամանքներ նրա ոճին հաղորդում են ոչ միայն բնականություն ու բնաշունչ տարողություն, այլ այնպիսի հավաստիություն, որ իրադարձությունների ակամա հանդիսատեսը կամ հանդիսակիրն ես դառնում։

Ս․ Վարցյանի Պետերբուրգի համալսարանում իրավաբանություն և մանկավարժություն ուսումնառությունը /1906-1910/ նպաստել է նրա ազգային-քաղաքական վարքագծի ձևավորմանը․ մեկնելով Կ․Պոլիս, այնուհետև Արմաշ՝ ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմի /Ստեփան Զորյան/ հրավերով, այնուհետև մեկնում է Կարին, որտեղ ազգային գործունեությանը զուգահեռ դասավանդում է տեղի Սանասարյան և Աղջկանց վարժարաններում։

Ընդհանրապես Ս․Վրացյանի ինքնակենսագրական նոթերին անդրադառնալը չափազանց անշնորհակալ աշխատանք է, մանավանդ դիմանկարային հատույթում, այս առումով հանձնարարելի է ընթերցել «Կյանքի ուղիներով» բազմահատորյակը /1963-1967 թ․թ․, Բեյրութ/ վերահրատարակված 2007թ․։ Հայ իրականության մեջ այսօրինակ բեղուն մտավորական, պատմաբան դժվար է հիշել, մանավանդ այն առումով, որ պետական-քաղաքական գործչի հանգամանքը ակնհայտ է։ Բավական է նշել, որ լինելով Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից, ստանձնել է այնպիսի առանցքային պաշտոններ՝ ՀՀ վարչապետ, Արտաքին գործոց նախարար, գյուղատնտեսության և պետական գույքի նախարար, Աշխատանքի նախարար, ի զորու է եղել նորաստեղծ հանրապետությունը  ամենայն մանրամասնությամբ, հատկապես հետեղեռնյա տարիներին կառավարելի դարձնել։ Պատմական ուշարժան մի վկայություն․ անկախության տարիներին, երբ անհրաժեշտ էր ԱՄՆ-ի  և Եվրոպայի հատկացրած պարենային օգնությունը ստանալ, արդեն խորհրդայնացված Ռուսաստանը պահանջում էր հրաժարվել արտաքին ցանկացած օգնություններից, Ս․Վրացյանը, հստակ ընկալելով սովամահ ժողովրդին օգնության ձեռք մեկնողների անհրաժեշտությունը, նախ անհրաժեշտ էր համարում անկախության պահպանումը և որպես Հայկական հարցի իրավատեր, որը խորհրդայնացման պայմաններում անիրագործելի էր դիվանագիտական նման կարգավորում, առաջարկում է Ռուսաստանի հետ պահպանել բարիդրացիական հարաբերություններ՝ վերջինիս տրամադրելով Հայաստանով Թուրքիա տրանզիտ ճանապարհ․․․ ինչպես և սպասելի էր, բանակցությունները արդյունք չեն տալիս․․․ Մոսկվայում նախորդած օրերին Հայաստանի խորհրդայնացման հարցի լուծման «անհրաժեշտությամբ»։

Ընդհանրապես, Ս․Վրացյան ազգային երախտավորին իրավամբ կարելի է համարել վերջին հարյուրամյակի մեր նորագույն պատմության ամենաակնառու, ամենահավաստի պատմաբաններից․ լինելով ՀՅԴ գաղափարաբանության ակունքներից սերված տեսաբան, երբեք իր հանդուգն անաչառությամբ կասկածի տեղիք չի տվել՝ ոչ իր գաղափարակիցների և ոչ էլ հետագա շրջանի ուսումնասիրողների համար։ Բավական է ծանոթանալ նրա ստվարածավալ ժառանգությանը,- իմ պատկերացմամբ այն կկազմի շուրջ քսան հատոր,- այդ թվում  մի քանի աշխատություններ, հուշագրություններ․ «Հին թղթեր նոր պատմության համար» /Բեյրութ, 1962/ որտեղ զետեղված են իր և իրեն հասցեագրված բազմաթիվ նամակներ հայ գրողներից, պատմաբաններից, կուսակցական գործիչներից, որոնք պարունակում են ժամանակաշրջանների ուշարժան վկայություններ։ Ինչպես նաև, և հատկապես, «Հայաստանի հանրապետություն» /1928, Փարիզ/ ստվարածավալ հատորը, կոթողային մի աշխատություն՝ վավերագրերի հարուստ շտեմարանով․ կառավարական հրամանագրեր, ուղերձներ, նամակներ, որոնք վստահ ենք, իր ջանադրությամբ են պահպանվել։ Հիշատակելի են նաև մի շարք գրքեր՝ «Բոլշևիկյան մուրճի և թրքական սալի միջև» /Բեյրութ, 1953/, «Անձինք նվիրյալ» /Բեյրութ, 1963/ և այլ աշխատություններ։ Անկարելի է նաև չհիշատակել Ս․ Վրացյանի խմբագրած, 30-ական թվականներին Փարիզում հրատարակած «Վեմ» հանդեսը, որն իր շուրջը համախմբել էր սփյուռքյան գրական, մտավորական երևելի մի սերունդ։

Դիմանկարային այս ուրվագծումով, ինչ որ գուցեև «չգիտակցված» կամ անշահեկան աշխատանք է, լռության մատնել Կարո Փոլատյանի զրույցը Ս․Վրացյանի հետ անհնարին է․

Կ․Փոլատեան – Ինծի այնպես կը թվի, որ դուք ավելի Ռոստոմի իմացական զավակն եք։

Ս․Վրացյան -  Այո, ճիշտ եք։ Երեք հիմանդիրներեն ամեն ավելի ճանչցած եմ Ռոստոմը և ամենեն ավելի ապրած եմ անոր շունչին տակ․․․ Մեկ բան զորավոր էր անոր մեջ․․․ շատ զորավոր բնազդ ուներ, ինչ որ ուրիշներ իմացականության ուժով կը ջանային հասկնալ, Ռոստոմը բնազդորեն և անմիջապես կը գուշակեր, կը հասկնար։ Այո, տեսակ մը վեցերորդ զգայարանք․․․»։ Միջանկյալ բշեմ, որ Կարո Փոլատեանի «Զրույցների ընտրանին» իմ աշխատասիրությամբ /շուրջ 200 էջ/ հրատարակվել է տարիներ առաջ․ /Երևան, 2009/։

Սիմոն Վրացյանը «անձինք նվիրյալք»ի այն բացառիկ փաղանգից էր, որոնց կենսագրությունը, կյանքը և գործը, ապրած ժամանակաշրջանը,- նախաեղեռնյա և Սփյուռքի կայացման,- ոչ միայն ուսանելի են, այլ նաև խորհրդածությունների մղող, առ այժմ ի ցավ սրտի անհուսորեն խորհրդացությունների մղող, մանավանդ պատմության անընդմեջ կրկնվող հատկանիշի և հատկապես մերահատուկ հայոց պատմության․․․ Զուր չէ հավելել, որ ծննդյամբ Գրուզինեան ազգանունը հայամտած մտավորականը վերածել-բարեփոխել է Վրացյանի, սա իբրև օրինակելի․․․ օրինակ այսօր մեզանում պարզապես անլրջմտորեն վխտող տարանուն, օտարահունչ անուն-ազգանունների, իրապես զուր չէ հավելել կամ․․․ գոռալ տեսչական պատկան մարմինների խցանված ականջներին․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 4264

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: