Ուրուագիծ դիմանկարի համար. Եղիազար Մուրատեան (1841, Վան-1891, Կ․Պոլիս)
Համոզված եմ, որ այդ շրջանը,- կակնարկվի
արևմտահայոց Սահմանադրության ժամանակաշրջանը,
երբ բարեփոխումների ենթարկվեց ազգային,
մշակութային, եկեղեցական կյանքը,- Ա․Ա․/
ազգային ընդհանուր պատմության մեջ, խղճամիտ
սիրտցավ և իրավ պատմիչի մը համար թերևս ամենեն
թելադրական համդրումները կարելի ընծայող տվյալներ
ունի իր ալքերուն խորը ծրարված։
Հակոբ Օշական
Բանաստեղծ, պատմագետ, թարգմանիչ, Ուսուցչապետ Եղիազար Մուրատեանը սահմանադրական սերնդի երախտավորներից էր, որը ապրել և ստեղծագործել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հայության լինելության տագնապները օրավուր ահագնանում էին՝ մոտենալով անկշռելիության սահմանագծին․ արևմտահայոց թվացյալ անվրդով վիճակը այդպիսին էր՝ հրամայաբար։ Իրականում, սուլթանական վարչակարգը հետևողական քաղաքականությամբ սքողել էր իր տերության մեջ ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորաբար հայության դարձի ճանապարհը, որն անցնելու էր միայն և միայն ազգային ինքնության վերագտնման՝ Զարթոնքի կածաններով։ Զարթոնքի սերունդ էին համարվում նրանք, և այդ սերնդի պատմական առաքելությունը անգնահատելի է ի ցավ սրտի տակավին չլուսաբանված, բնականաբար չգնահատված։
1889 թ․ Թանզիմաթի,- Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչև 1870-ական թվականները գործող առաջադիմական՝ չափավոր բարենորոգումների ծրագիր/ հրապարակումից առաջ արևմտահայ լուսավորյալ շրջանակների կողմից հիմնադրվում է Սկյուտարի ճեմարանը՝ ճարտարապետներ Կարապետ Պալյանի և Հովհաննես Սերվերյանի նախաձեռնությամբ։ Եղիազար Մուրատեանը մանկավարժական գործունեություն ծավալելու էր հենց այդ ճեմարանում՝ իր բարեկամ, մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանի հետ։ Հետագա տարիներին՝ 80-ական թվականներին նա ավանդել է Կ․Պոլսի Նարեկյան Գուզգունճուկի, Պեշիկթաշի, Ներսեսյան, Օրթագյուղի, Բերայի, ինչպես նաև իր իսկ հիմնադրած Մուրատեան վարժարաններում։
Այդ ժամանակաշրջանը և Սկյուտարի ճեմարանի գոյությունը նշանավորվում է պատմական բացառիկ իրողությամբ՝ հայ նոր քնարերգության հիմնադրի՝ Պետրոս Դուրյանի երևումով։ Ե․Մուրատեանը Սկյուտարի ճեմարանում գրագիտություն, ճարտասանություն, գրաբար և ֆրանսերեն դասավանդելով /1862-1871/ մեծապես նպաստել է ապագա հանճարի գրական-իմացաբանական կազմավորմանը, և այդ բնաշունչ հոգեխառնությունը իր արտահայտությունն է գտել սաների անժամանակ կորուստը սգալով․ «Խորին մտածություն, արժանի Շեքսպիրի․․․»․․․ այս տողը խիստ վսեմ է,- նկատի ունի «Տրտունջք» բանաստեղծության «Աստծոյ ծաղրն է աշխարհն ալ արդեն»,- Ա․Ա/։ Նույն եղերերգությունը իր փափուկ, ճոխ, մելամաղձոտ և բարձր մտածողություններով առաջին կարգի գրված մըն է, և մարդ խոր կը խոցվի, երբ մտածե թե ասոր հեղինակը որչափ գլուխգործոցներ տարավ իր հետ՝ ի գերեզման քսան և մի ամյա հասակին»։
Մանկավարժական գործունեության ծավալմանը զուգահեռ Եղիազար Մուրատեանը ստեղծագործական զարմանալի բեղուն կյանքով է ապրել․ 2016 թ․ իմ աշխատասիրությամբ հրատարակվել է գրողի եռահատոր ստեղծագործական ժառանգությունը․ բանաստեղծություններ, հոդվածներ, ամբողջական դասագրքեր, ինչպես նաև բացառիկ մի աշխատություն «Քննական պատմութիւն Արշակ երկրորդի և անոր Պապ որդւոյն» խորագրով։ Երեք հատորների հրատարակությունը իմ կողմից հոգևոր պարտքն էր իմ մեծ նախահորս հիշատակին,- մայրական կողմից՝ Եղիազար Մուրատեանի քույրը իմ մեծ մոր մայրն է,- եռահատորի հրատարակությունը, ի զարմանս ակադեմիական շրջանի շատ բանասերների, պատմաբանների, աննախադեպ էր։ Իհարկե, իր բազմաթիվ աշխատություններ մեզ չեն հասել, ի մասնավորի չափազանց հետաքրքրահարույց «Պատմութիւն ընդհանուր ազգաց», գրված հավանաբար 1873-75թ․թ․։ Փաստորեն հայ իրականության մեջ այս աշխատությունն առաջին փորձերից է եղել համաշխարհային պատմության ուսումնասիրության։
Մանկավարժական գործունեության ծավալմանը զուգահեռ Ե․Մուրատեանը հրատարակել է «Նոր ընթացք գրաբար լեզուի ուսման», Կ․Պոլիս, 1868, «Քերականութիւն գաղիերէն լեզուի՝ հայերէն բացատրութեամբ» /1875/, որոնք հատորներում չենք ընդգրկել։ Ժամանակակիցների կողմից հիշատակվում է նաև «Վարդան», «Աղասի» թատերգությունները /չափածո/, թարգմանական ուսուցողական մի շարք ձեռնարկներ, որոնք չեն պահպանվել կամ գուցե պահպանվում են Կ․Պոլսի Հայոց պատրիարքարանի, Երուսաղեմի հայոց ազգային առաջնորդարանի պահոցներում կամ Կահիրեի, Ալեքսանդրիայի ազգային գրադարանային ֆոնդերում, հնարավոր է նաև մեծանուն բանասեր Հակոբ Սիրունու արխիվում, որը ժամանակին Արշակ Ալպոյաճեանի հետ աշակերտել է Եղիազար Մուրատեանին և որի արխիվը 1973 թվականից՝ նրա մահից հետո գտնվում է Ռումինիայի ազգային արխիվում կամ հայոց եկեղեցու պահոցներում։
Այսպես շարունակաբար կարելի է անդրադառնալ ուրվագծային նշումներով Եղիազար Մուրատեանի կերպարին, նրա անցած բեղուն ստեղծագործական ուղուն։ Իր դասագրքերից մեկում նա բացառիկ նկատառում ունի, այսօր էլ ժամանակահունչ․ «Հարկավոր է նկատել, որ ոչ միայն գրքերի վերաբերմամբ, այլ ուրիշ պատճառներով ևս կրթությունը պիտի փոխվի ամեն մի անհատի նկատմամբ, մարդը պիտի զարգանա ազատորեն․․․ Կրթությունը անհատականության զոհաբերություն չէ պահանջում․․․ Ընդհանրացած կրթությունը անճառելի բարիք լինելով անհատների համար է»։
«Ահա թե ինչ է գրում իր «Անցուկը-մոռցուկ» տակավին անտիպ ինքնակենսագրական վեպում Եղիազար Մուրատեանին աշակերտած բժիշկ, բանաեր, ազգային երեսփոխան, Կ․Պոլսի Կայսերական ընկերության փոխնախագահ /1884/, մեծանուն գրող Զապել Եսայանի քրոջ որդին՝ Վահրամ Թորգոմյանը /Կ․Պոլիս, 1858-Փարիզ, 1942/․ «Նա ժամանակին Սուրբ Խաչ վարժարանում աշակերտել է Եղիազար Մուրատեանին․ «Եղիազար Մուրատեան և իր պաշտոնակիցները կշարունակեին իրենց զմայլելի դասավանդությունները և երկսեռ վարժարանները զգալի հառաջադիմության համբավ կունենային․․․ Հանկարծ թշնամություն․․․ Մուրատեան անկրոն, անհավատ հռչակվեցավ և 1872-ի վերջերը զինքը հրաժարեցուցին․․․»։ Արդեն հասկանալի է, որ պատճառը միմիայն դասավանդության նոր մեթոդի, մուրատեանական մեթոդի անընդունելի լինելն է եղել և այսպես շարունակ գիտակցական մի ողջ կյանք։ Իսկ ինչպիսին էր գրականության ընկալումն ու մեթոդաբանությունը իր համար․ «Գրականությունը ժողովրդի մը քաղաքակրթության ճշգրիտ նկարագիրն է, այնպես որ, եթե հնար ըլլա ջնջել ազգի մը քաղաքական պատմությունն՝ անոր գրականութենեն կրնա դուրս բերվիլ իր ամբողջ կորսված կյանքը, գրականությունը քայլ առ քայլ կհետևի ազգի իմացական, բարոյական և նյութական զարգացման․․․» /Ե․Մուրատեան «Ծաղիկ արդի հայ մատենագիտութեան»/։
Արթուր Անդրանիկեան
- Hits: 3622