Ուրուագիծ դիմանկարի համար. Զահրատ (1924-2007)
Ծննդյան 100-ամյակի առթիվ
․․․Զահրատի հոբելյանն է դրդող պատճառը այս խոհագրության, որը գուցե բանաստեղծի դիմանկարին նոր նրբերանգների բացահայտմանը նպաստի․․․ Համենայն դեպս, ավելի քան քսան տարի ճանաչելով նրան, հաղորդակցվելով նրա կենդանի, անպաճույճ խոսքին,- լռելյայն բանավոր հումորարվեստին,- չեմ կարող նրան․․․ իր հոբելյանին պատկերացնել առ ցանկացած հոբելյանն ունեցած իր և իմ քմահաճ-արդարացվող վերաբերմունքի պատճառավ։
Գրողների համահայկական հերթական համաժողովն էր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական /՞/ տուն․ Զահրատը նոր էր ժամանել Կ․Պոլսից և միանգամից եկել էր Ծաղկաձոր, անակնկալ հանդիպում, դեմ առ դեմ, ողջագուրում՝ ջերմ ու ժպտադեմ ի զարմանս այս ու այն կողմ ճեմող գրողների։ Եւ ամեն անգամ ինձ տեսնելիս միանգամից բարձրաձայն ասում էր․ «Սահմանազանց աղավնիին չե՞ս կարոտցած»։
Դեռևս 1992 թ․ «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում Զահրատի դիմանկարն էի տպագրել՝ «Մաղ մը ջուր» ժողովածուի առթիվ, վերնագրել էի «Սահմանազանց աղավնին»։ Փակագծերը բացելով՝ նշեմ, որ բանաստեղծին համարել էի հայ գրականության սահմանը,- սահմանները,- հատած աղավնի՝ Նոյան տապանի աղավնու համեմատական ընդգծումով, որ եթե տապանի աղավնին ավետաբեր է, նույնքան ավետաբեր է նաև Զահրատը իր պոեզիայի ինքնօրինակությամբ՝ աննախադեպ ընդհանրապես․․․
Այդ օրերին,- և ընդհանրապես,- Երևանում և այլուր, որտեղ էլ որ հանդիպելու լինեինք, ես իր ներկայությունից ձգտում էի անմասն չմնալ։ Երբեմն մեզ հետ էր արձակագիր Մկրտիչ Մարկոսյանը, բացառիկ մի գրող, Տիգրանկերտի մարդոց բնավորությունը, մշակույթը իրապես կերտող, ցավոք ոչ այնքան հայտնի գրական լայն շրջանակներին, Կարոտի գրականության վերջին մոհիկաններից․․․
Զահրատ և ․․․ հումոր, հումոր ոչ սոսկական, այլ խորքային, այն ինչ իր բանաստեղծության ներշերտերում է միայն հայտնաբերելի։
Եւ Զահրատի 100-ամյակի օրերին չհիշել այս միջադեպը անկարելի է․ Ես, որ որոշակի «հանդգնություն» ունեի նրա հետ «սանձս արձակելու», եթե կուզեք՝ սանձարձակվելու, չգիտեմ «ում» հոբելյանի առիթով կտրուկ հարցրեցի․ «Պարոն Զահրատ, Ձեր 100-ամյակին ներկա պիտի ըլլա՞ք»։ Զահրատին ճանաչողները կհավաստեն՝ պատասխանը․․․ անսպասելի չէր, զուտ զահրատյան ու դիմացինին,- կամ դիմացինիկին, որ ես էի,- սպառիչ էր․ «Ես, անշուշտ ներկա չեմ ըլլա, եթե դուն ներկա ըլլաս, նայե որ անհամ բաներե չխոսին»։ Ես շարունակեցի․ «Չեմ ուզեր, որ դուք հետմահու հավելյալ հոգնություն ապրիք»․․․
Հիմա, որքան տեղյակ եմ «ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է» ըստ Սարոյանի․ Զահրատի հոբելյանը տեղի,- կամ անտեղի,- ունեցել է մի քանի հոգու բացակա-ներկայությամբ, վրիպվա՞ծ, թե՞ անտեսված հոբելյան, այս մասին չեմ ուզում խորհել, ուր մնաց փաստացի տեղեկանալ, բայց քանի-քանի այդպիսի արժանավորների հոբելյաններ են նշվում որևէ բան չհավելելով նրանց նկարագրին, բայց համոզված եմ, որ ․․․ Զահրատն իր հոբելյանին․․․ չէր ցանկանա ներկա գտնվել, ինչպես որ մի օր, երբ հարցրեցի ․ «Նոր ժողովածու տպագրելու՞ եք», կարճ, բայց ըստ էության պատասխանեց․ «Դդումի համ կու գա»․ հետագայում հրատարակվեց «Դդումի համ» վերնագրով ժողովածուն։
Այսպիսին էր Զահրատը․ ինչպիսին ոչ ոք չէր կարող, գուցեև ի զորու էլ չէր լինել՝ կյանքում, գրականության մեջ։ Բնատուր պատվախնդրությունը իր մեջ առկա էր տակավին այն ժամանակներից՝ փոքրիկ վաճառատանը լվացարանային իրեր վաճառելիս։ Եւ ինձ միշտ թվում է, որ ինչպես «Ստամբուլի աչք» համարվող աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը, այնպես էլ Զահրատն էր ինքնօրինակ աչք, որ ակնապիշ դիտում, ուշադրախույզ պատկերում էր պոլիսյան ժամանակագրական այն տարածքը, որտեղ կիկոներից զատ այլ մարդիկ էին նաև ապրում՝ առ Ավետյաց երկիրն ունեցած իրենց անսպառելի կարոտը նորովի վերապրելով այն իրականության մեջ, որ իրենց պարտադրվել էր 1923 թվականի Զինադադարից հետո, վասն արևմտահայոց երբեմնի բազկերակի՝ Կ․Պոլիսի գոյությունը սերունդների մեջ արթուն պահելու համար։
Լույս իջնի Ձեր գոյությանը, պարոն Զահրատ, և իմ այս գրառումը թող համարվի ի խորոց խնկարկում առ Ձեր վեհանձն անձն ու անկրկնելի ժառանգությունը։
Արթուր Անդրանիկեան
ԱՆՊՏՈՒՂ ՍԱԼՈՐԵՆԻՆ
Սալորենին որ գարնան պտուղ չտուաւ
Ամչցաւ –
Տխուր նայեցաւ իր տերեւներուն
Իր լերկ ճիւղերուն
Ու լացաւ
Եւ լաճերը թաղին – պտուղի գող –
Ոչ մէկ քար նետեցին
Արհամարհանքով ծառին նայեցան
Ու գացին
Այդպէս լքուած ու այդպէս առանձին
Սալորենին
Անոնց ետեւէն նայեցաւ կարօտով
Ու լացաւ
Եւ Պարոնները Տիկինները թաղին
Չնշմարեցին
Հէք սալորենին
Որ այդպէս անպէտ – այդպէս յանցաւոր
Լացաւ
Միայն կատու մը սեւ – շուքի բարեկամ
Արեւի նման դեղին աչքերով
Երկար նայեցաւ սալորենիին
Ու տուն տեղ եղաւ
Չորս հատ ձագ բերաւ ծառին ստուերին
Հիմա սալորենին
Խանդով կ’երկարէ իր զով հովանին
Որ ձագուկներն ամրան կիզիչ արեւէն
Չըլլայ թէ այրին
Հանդէս
Շատ եզական հանդէս մըն է ասիկա
Մուտքն ազատ — ելքը չես գիտեր — երբ — ինչպէս
Երբ ակամայ ինքզինքդ հոս կը գտնես
Դոյլ մը պարան մը կու տան ձեռքդ իսկոյն
Կը մտնես դուն ալ միւսներուն կարգին մէջ
Բոլորդ մէկ շուրջանակի կը շարուիք
Աշխարհադէզ բազմութեամբ մը խայտաբզէտ
Աշխարհակուլ աւազանի մը շուրջին
Աւազանէն դոյլ դոյլ ապրում կը քաշէք
Ոմանց պարանն երկար կʼըլլայ մինչեւ յատակ կը հասնի
Ապումներուն գեղեցկագոյնը կը զատէ խորերէն
Ոմանցը կարճ եւ այնքան կարճ որ փոխանակ զուտ նիւթի
Միայն փրփուր պղպջակով անոնց դոյլը կը լեցուի
Ոմանց դոյլը կʼըլլայ ընտիր — կʼըլլայ խոշոր՝ կեանքի չափ
Ոմանցը փոքր — ոմանցը ծակ — հետեւաբար միշտ դատարկ
Ոմանց բարակ կʼըլլայ պարանն ու դեռ կէսին կը փրթի
Ոմանց ոսկի դոյլեր կու տան — ոմանց դոյլեր ժանգոտած
Բայց շարունակ — բայց անդադար — աւաղանէն ապրումի
Իւրաքանչիւրն իր բաժինը կը քաշէ
Իսկ ես անոք անտիրական — զրկանքներով ճիտս ծուռ —
Մէկ ձեռքիս դոյլ — միւսին պարան — այդպէս ապշած կը կենամ
Այս հանդէսէն դուրս գամ — հոգիս ապրումներով ճոխացած
Շատ եզական հանդէս մըն է ասիկա
Իսկ ես այսպէս հանդիսատես կը մնամ
- Hits: 6902