Ուրուագիծ դիմանկարի համար. Շահան Ռ․Պէրպէրեան (Կ․ Պոլիս, 1891-1956, Փարիզ)

Արվեստագետների ծագումնաբանությունը ընդհանրապես քննարժան է եղել ուսումնասիրողների համար՝ ոչ պատահականորեն, այլ առավելս խորը ներթափանցելու այս կամ այն գրողի, մշակույթի գործչի ստեղծագործությունների բուն ակունքները։ Ի վերջո, նրանց անցած ճանապարհը մանկությունից մինչև հասուն տարիք ուսումնասիրելու համար, և եթե անդրադառնանք 20-րդ դարասկզբի երկրորդ կեսի սփյուռքահայ մեծահամբավ գործիչներից հոգեբան, արվեստագետ, երաժիշտ, մանկավարժ, հրապարակագիր, Շահան Ռ․ Պէրպէրեանի ստեղծագործական ժառանգությանը, ապա մեր վերոհիշյալ հավաստումները իրենց նշանակությամբ ավելի քան արդարացվում են, ոչ հավուր պատշաճի վկայաբերված, միայն այն պատճառով, որ նա որդին էր արևմտահայ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակագիր, արևմտահայոց կյանքում և ընդհանրապես մանկավարժության ոլորտում աննախադեպ բարեփոխումներ որդեգրած՝ Պէրպէրեան վարժարանի հիմնադիր Ռէթէոս Պէրպէրեանի։
Շահան Ռ․Պէրպրեանի ընտանիքը տարեկանում, դեպքերի բերումով, իսկ առավել ստույգ դարավերջյա արհավիրքներից,- երբ նա հինգ տարեկան էր․ 1895-1896․թ․,- խուսափելու համար տեղափոխվում է Ժնև։ Այս իրողությունը միանգամայն ճակատագրական է լինում՝ ի նպաստ նրա ստեղծագործական բեղմնավոր կյանքի։ Չնայած կարճատև էր ուսումը` Էքոլ դը Աթեն դպրոցում․ 1898թ․ Պէրպէրեանները վերադառնում են Կ․Պոլիս և պատանի Շահանը ուսումը շարունակում է Պէրպէրեան վարժարանում։
Անցնող տարիները նրա գիտակցական կյանքում իմացության ձեռքբերման, խորացման նշանակալիության այնպիսի հետք են թողնում, որ զարմանքի և ամենայն հիացմունքի արժան են, քանզի շատ կարճ ժամանակում, դրսևորելով բացառիկ ուսումնատենչ նվիրվածություն գրականության, փիլիսոփայության, պատմության նկատմամբ, արդեն երբ տասնչորս տարեկան էր, գրում է քննադատական ուսումնասիրություն Հերբերտ Սպենսերի փիլիսոփայական հայացքների մասին․ պարզապես հրաշամանուկի դրսևորում․․․
1906թ․ տասնհինգ տարեկանում գիտությանց և դպրությանց պսակավորի վկայականով ավարտում է վարժարանը,- միջանկյալ նշենք, որ հայ իրականության մեջ՝ արևմտահայ և արևելահայ, ընդհանրապես,- այսպիսի նախադեպ անհնարին է հիշել․ երբ որևէ պատանի գիտական այսպիսի ձեռքբերում արձանագրած լինի։ Մեկ տարի անց՝ 1907թ․, հոր մահից հետո, Պէրպէրեան վարժարանի կառավարումը որոշ ժամանակով ստանձնում է Կ․Պոլսո Հայոց պատրիարք Մաղաքիա Արք․ Օրմանեանը, Շահան Պէրպէրեանին վստահվում է փիլիսոփայական առարկաների դասավանդումը։
1908թ․ Փարիզ մեկնելու նրա վաղեմի փափագը իրականանում է, Սորբոնի համալսարանում փիլիսոփայության և արվեստից մասնաճյուղերի դասընթացներում ուսումնառությունը բարենպաստ ազդեցություն է թողնում միայն այն պատճառով, որ առիթ է ունենում ունկնդրելու այնպիսի մեծահամբավ փիլիսոփաների և հոգեբանների, ինչպիսիք էին՝ Էմիլ Դյորքհեյմը, Անրի Բերգսոնը, Ժանեն և այլոց։ Ժամանակակիցների վկայությամբ վերջինս, տեսնելով գրքերով ծանրաբեռ Շահանին, բացականչում է․ «Ահավասիկ, մեկը, որ եզակի է մեզանում․․․»։
Փիլիսոփայի հիացմունքի պատճառը՝ Շ․Ռ․Պէրպէրեանի ավարտաճառն է․ «Ուշադրության ճիգը և մկանային ճիգը վաղահաս խելագարների մոտ», որն արժանացել է «Փիլիսոփայական գիտությանց վկայականի»։
Թերևս կարճատև է լինում ուսումնառությունը Փարիզում,- 1911թ․ վերադառնում է Կ․Պոլիս, բայց և այնպես այդ տարիները մեծապես նպաստում են նրա փիլիսոփայական գեղագիտական, հոգեբանական հայացքների ձևավորմանը։ Ըստ որոշ կենսագիրների Շահան Ռ․Պէրպէրեանի կյանքում հեղաբեկիչ նշանակություն է ունեցել Կոմիտաս Վարդապետի հետ անձնական մտերմությունը․ «Ան կոմիտասյան ոգիով էր համակ ոգեղինացած»։
Քննաբանել Շ․Ռ․Պէրպէրեանի անցած գիտաստեղծագործական ճանապարհի տարբեր շրջափուլերը դիմանկարային այս հատույթում հարկ չենք համարում այն պարզ պատճառով, որ սփյուռքյան տարբեր գաղթավայրերում նրա ժամանակավոր դեգերումները առնչվում են նաև արևմտահայոց այս կամ այն ժամանակաշրջանի իրադարձություններին, որոնց ինքը իբրև մտավորական, հանրային գործիչ, անմասն չի մնացել։ Եւ սա բոլորովին այլ խոհագրության նյութ է․․․
1924-1934թ․թ․ ապրելով Կահիրեում, եղբոր՝ Օնիկի հետ վերաբացել է Պէրպէրեան վարժարանը, իսկ 1934թ․ հրավիրվելով Երուսաղեմ, մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում է հանրային բեղմնավոր գործունեությամբ և Յակոբ Օշականի հետ հիմնում «Հայ մշակութային միությունը», իսկ անձամբ՝ «Հայ երաժշտական միությունը»՝ 50 անձից բաղկացած երգչախմբով։ Հետագայում տեղափոխվելով Բեյրութ, Անթիլիասում դասավանդում է հայ մշակույթ՝ ճարտարապետություն, քանդակագործություն, երաժշտություն, պարարվեստ։ Ժամանակակիցներից շատերը խորագույն ափսոսանք են հայտնել, որ Շահան Ռ․Պէրպէրեանը այդպես էլ «Չկարողացավ հասնել լիակատար ինքնաարտահայտման՝ չստեղծելով կոթողային մնայուն գործեր»։ Պատճառը թերևս մեկն էր՝ իր անձանձիր մանկավարժական գործունեությունը՝ սերունդների կրթմանը ի նպաստ։
«Ինչպէս կը տեսնուի, ամբողջ 45 տարի ուսուցչագործած է ան` անձանձրոյթ նուիրումով ու եւրոպական չափանիշի մը կիրարկումով: Ռեթէոս Պէրպէրեանի զաւակներուն մէջ ամէնէն աւելի ի՛նքն էր, որ շարունակեց հօր կրթական միսիոնը: Իր աշակերտները անջնջելի յուշեր պահեր են իրմէ»: /Լեւոն Շառոյեան/։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Hits: 2078