Ուրուագիծ դիմանկարի համար. Կարօ Մեհեան (Ղազարոսեան, Ռոտոսթօ, 1898-1984, Փարիզ)

Արևմտահայ,- սփյուռքյան,- մի շարք գրողների ճակատագրի բերումով վիճակվել է կրկնակ տաժանակրություն և աքսոր ապրել․․․ Մեծ աղետից մազապուրծ լինելով, տարագրվելով նրանք գերեվարվել են՝ գտնվելով այն երկրներում /Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա/, որտեղ Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին մուտք են գործել սովետական զորքերը և կարծեցյալ թշնամու անվան տակ կտտանքների ենթարկելով տեղափոխել են սիբիրյան տաժանավայրեր, մանավանդ, եթե Գարեգին Նժդեհի հետ որևէ առնչություն են ունեցել։

Այսպիսով, գրավյալ երկրներում, գերատեսչական բանդիտիզմ համարվող ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ձերբակալված «չգիտես որ մեղքի համար» իբրև ռազմագերիներ տարիներով ուժասպառվել են, նրանցից Զարե Որբունին, Կարօ Մեհեանը և այլք․ «1944 թ․ հոկտեմբերին, երբ ռուս համայնավարները կը գրավեն Պուլկարիան, ան ալ ուրիշ ազգայիններու հետ /ընդհանրապես դաշնակցական գործիչներ ու ազգայիններ/ ձերբակալվելով կաքսորվի Սիբիրիա, ուր կալանքի տակ կմնա ավելի քան տասը տարի․․․ Աքսորավայրին մեջ տաժանելի կյանք մը ապրելե ետք, Ստալինի մահեն ետք ազատ կ՛արձակվի և կ՛ապաստանի Ֆրանսիա, ուր կը վարէ ՀՅԴ թանգարանի տեսչությունը և կաշխատակցի հայ մամուլին․․․»։

Գրող, հանրային, մշակութային երախտավոր Կարօ Մեհեանը ծննդավայրի ազգային և թրքական վարժարանները ավարտելուց հետո, մեկնում է Կ․Պոլիս և մինչ Առաջին աշխարհամարտը սովորում Պէրպէրեան վարժարանում՝ աշակերտելով Ռուբեն Զարդարեանին։ Հենց այդ տարիներին ձերբակալվում և աքսորվում է, որոշ ժամանակ անց անպարտ ճանաչվելով վերադառնում է Կ․Պոլիս,- Զինադադարից հետո,- ընտրվում Հ․Մ․Ը․Մ․-ի Մաքրիգյուղի վարչության անդամ՝ աշխատակցելով «Ազատամարտ» թերթին։

1922թ․ հաստատվում է Բուլղարիայում, իսկ 1925 թվականից արդեն ծավալում է հրապարակագրական, հանրային գործունեություն՝ Հ․Մ․Ը․Մ․-ի Բուլղարիայի շրջանային պաշտոնաթերթն է հրատարակում, 1938․ հաստատվում է Փարիզում։

Կարօ Մեհեանի ավելի քան քսան տարի,- 1920-1942թթ,- հրատարակչական գործունեությունը չափազանց նպաստաբեր է լինում, այդ տարիներին սփյուռքյան մամուլի կայացման ուղղությամբ անուրանալի է նրա վաստակը․ «Յուսաբեր», «Յառաջ», «Հայրենիք», «Արմենիա» պարբերականներում տպագրած հոդվածները, մտածումները, գրական դիմանկարները և այլն նպաստում են գրողի ձևավորմանը։

Հայ մարդու օտար պայմաններում ապրելու  հիրավի սխրալից վկայությունները արդյունք են իրականության՝ գոնե իր և այլոց համար հոգևին բացահայտման, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ Սփյուռքը նոր-նոր էր կայանում և բազում էին ազգային, հանրային խնդիրները՝ լուծման ճանապարհները գրեթե անորոշ, մանավանդ ինքնության պահպանման առումով, հիմնականում դրանք պատկերված են գրողի ստեղծագործական ժառանգության ավելի քան տասը հատորներում․ վեպեր, արձակ էջեր, հեքիաթներ, թատերգներ․ «Վերածննդի օրերէն», /1924/ և այլն։

«Ապազգայնական վտանգը» ժողովածուում հիմնավորապես քննաբանելով Մեծ աղետից հետո հայությանը պատուհասած և ճակատագրի կամոք մեկ այլ իրավիճակում՝ սփյուռքացման քաոսում հայտնված ժողովրդի գոյավիճակը, և կարևորելով ինքնաճանաչման անհրաժեշտությունը, Կարօ Մեհեանը վկայում է, որ Հայոց անկորնչելի ոգու շնորհիվ միայն հայությունը ունակ է վերապրելու, որքան էլ օտարվածության «մութ ու սև ամպերը» թևածեն ․․․ Այնուամենայնիվ, գրողի ստեղծագործության մեջ առանձնակիորեն է նշանավորվում  «Իմաստնությանց ուղիով» /գիրք Ա․ 1959, Գիրք, Բ, 1962/ երկհատոր ինքնակենսագրական վեպը։ Կյանքի տաժանելի ճանապարհ անցած հայ մարդու ոդիսականը՝ պատանեկությունից սկսյալ մինչև սիբիրյան տաժանավայրերում անկացրած տարիներ։ «Կրկնակի հետաքրքրությամբ» ընթերցվող իմաստալից և խորհրդամղող, կյանքի ճանաչողության ընձեռված հնարավորությունների շնորհիվ գրողի «զրույցը» ընթերցողի հետ այնքան ուղղակի, անմիջական ու սրտալից է; Նույնքան ուշագրավ է «Աքսորի մը հուշէն» /1969/, Սոսյաց տղա գրչանունով գրված հուշագրությունը։ Ընդհանրապես ոչ միայն հիշյալ ստեղծագործությունը, այլ նաև մյուս հիշատակված, ինչու ոչ, չհիշատակված հատորները մատենագիտական բացառիկ նմուշներ են։

Կարօ Մեհեանի գրական ժառանգությունը, բացառությամբ սակավ հրապարակումների, տակավին գրականագետների, հրատարակիչների ուշադրությանը չի արժանացել, մինչդեռ «ազգային շունչով օծուն շահեկան» նրա երկերի վերահրատարակումը, վստահ ենք, չափազանց շահեկան կլինի թեկուզ  և մեր պատմության որոշակի ժամանակաշրջանների պատմական իրողությունները վերստին ճանաչելու համար։ Չենք անդրադառնում գրողի պատմվածքներում շոշափելիորեն տրոփող պարզ, մեկին, անբռնազբոս պատումին, որ գրողական յուրօրինակ վարքագծի արգասիք է։ Բավական է ընթերցել «Որպես երազ անկրկնելի» /1984 Բ հատոր/ պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև նույն ժողովածուում ընդգրկված «Անմար կրակ» վեպը, վկայելու համար Կարօ Մեհեանի ստեղծագործության տակավին «անմար կրակի» հարուցած գեղարվեստական հույժ զանազանելի փիլիսոփայությանը․ «Հայը հայերենով հայ է․․․ Հայությունը իր լեզվով հայություն է․․․ Հոս՝ ամերիկացի, ֆրանսիացի․․․ թուրքին կես թողածը մե՞նք պիտի ամբողջացնենք․․․ Քույր ու եղբայր, դեմ առ դեմ, իրարմե տարբեր լեզուներով․ ոչ, ես կուզեմ ըլլալ վերածնած Հայ մը․․․ Մեզի համար էականը Հայ տունն է, լեզվով և էությամբ» /«Մրրիկէն ետք»/։

․․․Ինքնության փնտրտուքին մեջ ավելի քան հարյուր տարի տարալուծվող ժողովրդի ճակատագիր, այժմ և միշտ, Աստված մի արասցե․․․

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423 159

+374 91 423 159

  • Hits: 577

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: