Ուրուագիծ դիմանկարի համար. Վահրամ Թաթուլ

(Կ․Պոլիս, 1887-1943, Փարիզ)

․․․ի սպառ մոռացվածությունը և չգնահատված լինելը միշտ էլ խնդրահարույց է եղել արևմտահայ նաև սփյուռքյան գրողների, բանաստեղծների և, ընդհանրապես, մշակույթի երախտավորների պարագային։

Արդ, դժվար ու «անօգտակար» է վերապրել նրանց փոխարեն, ովքեր ըստ արժանվույն չեն գնահատվել ժամանակին և տարիներ անընդմեջ մոռացության վիհի խորքերից կարծես թե աղերսալից իրենց հայացքն են հառել առ վերահայտնաբերողները․․․

Իրապես ժամանակավրեպ սփոփանք՝ բանասերի, գրականագետի գործելակերպի աղաղակող թերացում․․․

«Վահրամ Թաթուլ՝ արժանի անուն մը․․․ արեւմտահայ բանաստեղծութեան մէջ այդ մնայուն տղուն տեղը մօտիկ է ամենէն մեծերուն։ Արեւմտահայ սիմպոլիստներուն յաճախանքին մէջ կազմուած այդ արուեստագէտը տուած է մեր քերթողութեան տասնէ աւելի քերթուածներ, որ ձեւին նրբահիւս կարելիութիւնը չի զառածեր ստերջ պաղարիւնը մինչեւ սիպիլեան բառամոլութեան»։

Դժվար է չհամաձայնել հույժ աչառու համարվող, խստապահանջ, խստաբարո Յակոբ Օշականի այս նկատառմանը, որ Վահրամ Թաթուլ արժանավոր բանաստեղծին է վերաբերում՝ բնավ կասկած չհարուցող։ Ավելին, այն ամրակայվում է նրա մտերիմ բարեկամ Միսաք Մեծարենցի «Հին ու նոր տաղեր» ժողովածուում /1906-1907/․ «Իրիկունս»․ բանաստեղծ Վահրամ Թաթուլին» ընծայագրով․ 

Ահա կ՛անցնի, մշուշուած բիլ կազով տեսիլ մ՛ալ զերթ ալիք,
զարմուհի մ՛է վարսագեղ, կաթ ու վարդի հրաշալիք․․․
յաւերժահարս կաթ ու վարդէ, ծաղիկ ճաճանչ, ջուր ու զեփիւռ․․․
շատ էր լեցուն հոգւոյս, ով Տէր, բազմազեղումն այս շրջասփիւռ։

Միսաք Մեծարենցի «գրական կենդանագիր» գրադատական շարքի մեջ սակավ են այն գրողները, բանաստեղծները, որոնք արժանացել էր նրա հետևողական ու լրջմիտ համակրանքին․

«Ահաւասիկ, ուրեմն նոր ու նորանշան բանաստեղծ մը, եթերահայաց, աննիւթեղաբաղձ, քիչ մը տարաշխարհիկ, բայց լիովին բանաստեղծ․․․» /«Անտիպ բանաստեղծ մը»/։ Կարծես թե Մեծարենցը կանխագուշակել էր․ իր «անտիպ բանաստեղծը» վկայակոչումը Վահրամ Թաթուլի համար հոգեբանորեն էր ճակատագրական, Մեծ եղեռն վերապրած բանաստեղծը հաստատվելով Փարիզում միայն տարիներ անց տպագրեց բանաստեղծությունների երկու ժողովածու․ «Հին ու նոր տաղեր» /Փարիզ, 1940/, Արշակ Չօպանյանի առաջաբանով և «Ամենայն զգուշությամբ» /Փարիզ, 1941/։

Տարագրության շրջանում, իհարկե, Վահրամ Թաթուլը չի դադարել ստեղծագործելուց, բայց առավելաբար նրա հետաքրքրության շրջածիրում եղել է սփյուռքյան երեխաներին հայեցի կրթելու անհրաժեշտությունը․ կազմել և հրատարակել է «Այբբենարան», և «Ընթերցարան» դասագրքերը, որոնց օգտաշատությունը այդ տարիներին չափազանց զգալի էր։

Մեզ անհայտ են նրա գրական ժառանգության «մնացորդացը»․ հավանաբար Փարիզի Նուպարյան մատենադարանում պահպանվում են, որոնց մի մասը հրատարակվել է փարիզյան «Մշակոյթ», «Զուարթնոց», «ՀՕԿ» պարբերականներում․ նրա վերջին հանգրվանը Փարիզի Հայ մտավորականների դամբարանում է․ որտեղ հանգչում է նրա աճյունը․ 

Ինչպես պիտի ուզէք
որ նայէին ուշադիր
հանգստութեան ծովուն խորերը թաքչած

տենչանքիս բոսոր, կարմիր․․․ 

կամ 

հոն, երէկ գիշեր ձիւնը ծածկեր է,
ինչ ուրախութիւն, ինչ ուրախութիւն,
ձիւնը ծածկեր է․
իմ յօրանջող ձանձրոյթիս,
իմ վհատութեան դաշտերը տղմուտ։ 

Կամենանք, թե ոչ․․․ Վահրամ Թաթուլի հիշատակը անխամրելի է․ 20-րդ դարի պոեզիան ուսումնասիրողները այդ ժամանակաշրջանի համապատկերում կգտնեն, կարժևորեն բանաստեղծին՝ ինքնատիպ ու «Կ՛արծարծուի իր հոգիին խնկամանը, իր հին երազները, բաղձանքները, յոյզերը կրակ կ՛ըլլան, եթէ կ՛ըլլան»։ /Մ․Մեծարենց/։ 

Արդ, խոհերուս ծաղկաւետ սարերուն վրայ,
ահ, ըղձալի աղաւնեակի փափկութեամբ,
յիշատակ մը այնքան մեղմ ու այնքան աղու
կու գայ մէկէն կը թառի․․․ 

Այդ հիշատակը թող կյանքի կոչվի դիմանկարի այս ուրվագծումով․․․

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

WhatsApp +374 91 423 159

  • Hits: 1659

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: