Ուրուագիծ դիմանկարի համար. Արտաշէս Աբեղեան

1878, Աստարապատ (Նախիջևանի գաւառ, Երեւանի նահանգ, Կովկասի փոխարքայություն – 1955,Միւնխեն)
Զավակս, մեծ բան չէ խնդրանքս, շատ կուզենայի, որ չմոռանաս քո արմատները, միշտ հիշես, որ արիական ծագում ունեցող հայ ես, կարող ես գլուխդ բարձր քայլել, և հուսամ օր մը դուն ալ քու զավակներուն կը խրատիս, ուր էլ որ ապրելու լինես․․․
Արտաշես Աբեղեան
Արտաշես Աբեղեանի անունը եւ ստեղծագործական ժառանգությունը տարիներ շարունակ խորհրդային շրջանում արգելված է եղել․ միայն հետանկախական տարիներին է հրատարակվել առանձին գրքերով․ «Գյոթե, թատերգություններ» /գերմ․ թարգմ․ Ա․Աբեղեան, 1995/, «Հայ միջնադարյան առակներ» /աշխարհաբար փոխադր․ Ա․Աբեղեան, 1998/։ Պատճառը․․․ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, 1942թ․ Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհրդի նախագահ լինելու «հակասովետական» հանգամանքն էր։ Խորհրդի նպատակն էր՝ Գերմանիայի հաղթանակից հետո Հայաստանի ազատագրումը ռուսական տիրապետությունից և Հայաստանի անկախության վերականգնումը կամ ինչպես նշվում էր խորհրդային տեսաբանների կողմից Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծել թուրքական վիլայեթ։
Պատմությունը արձանագրել է ևս մեկ փաստ․ մշակվել է Արևմտյան Հայաստանի ազատագրման ծրագիր՝ Ստալինի կարգադրությամբ։ Ըստ ծրագրի` Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը իր ավելի քան 60 000 զորախմբով սկսել էր զորաշարժ դեպի Արևմտյան Հայաստան՝ խորանալով 60 կմ։ Բայց առաջխաղացումը արգելվել է ԱՄՆ-ի պահանջով․․․
Այդ իսկ տարիներից Ա․ Աբեղեանը մեծ հեղինակություն էր վայելում գերմանական ռազմական և գիտական շրջանակներում՝ լինելով Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր /1922-1945թ․թ․/։
Արտաշէս Աբեղեանը սկզբնական կրթությունը ստացել է Շուշիի թեմական /1890/, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան /1895/ դպրոցներում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը /1899/։
Առաջին հանրապետության տարիներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ /1919-1920/։ Հետագայում` Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, տարագրվել է Գերմանիա։ Չափազանց լայն ու ընդգրկուն է գիտնական Աբեղեանի ստեղծագործական ոլորտը․ փիլիսոփայության դոկտորի, պատմագետի, բանասերի, թարգմանչի, մանկավարժի, ազգային, հանրային գործչի լայն իրավասություններով օժտված, ՀՅԴ կուսակցության անդամի, մեծ մտահորիզոնի տեր մտավորականի համար սկզբունքորեն ուղենշային է եղել կրթությունը և գիտությունը։ Դեռևս Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում մանկավարժ աշխատելու տարիներից /1905-1919/ հրատարակել է ուշագրավ աշխատություններ․ /«Թլվատ Դավիթ» /1902/, «Քննություն Աստվածաշնչի հայերեն թարգմանության» /1906/։
Արտաշէս Աբեղեանի «Մեր օրերում ամենքին հետաքրքրում են տնտեսական և սոցիալ-քաղաքական հարցեր» /1905/, «Աշխարհագրության դասագիրք» /1909-1920/ և մի շարք այլ ժողովածուներ ժամանակին մեծ պահանջարկ են ունեցել։ Տարբեր տարիներին և մի շարք քաղաքներում /Թիֆլիս, Կ․Պոլիս, Երուսաղեմ, Շտուտգարդ, Վիեննա/ հրատարակված դասագրքերը, բառարանները մեծապես հետաքրքրել են հայ բանասիրություն, լեզվաբանություն ուսումնասիրողներին։
Այս ամենով հանդերձ պատեհ առիթ է արձանագրել, որ Արտաշէս Աբեղյանի ժառանգությունը վերջին տարիներին ի բացառյալ մի քանի հրապարակումների ուսումնասիրության չի արժանացել։ Կարծում ենք՝ վաղ թե ուշ ուսումնասիրության արժան կդառնա հատկապես ազգային գործչի հրապարակագրությունը, քանզի բազմաթիվ հոդվածներում, որոնք, անշուշտ, պետք է ի մի բերել, համահավաքել, արծարծվում են ազգային, մշակութային, գիտական կարևորագույն խնդիրներ․ «Ազատագրությունը հայոց մեջ», «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան», «Մենք և մեր հարևանները․ ազգային, քաղաքական խնդիրներ», «Հայագետ Մարքվարտ», «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում» և այլ ժամանակագրորեն իրավահաջորդ հրապարակումներում շոշափվում են համաժամանակային խնդիրներ, մեկնաբանվում գիտականորեն՝ նպաստում են պատմական գիտելիքի ամբողջականացմանը։
Ընդհանրապես, հայ իրականության մեջ սակավաթիվ են այն երախտավորները, որոնց ավանդած ժառանգությունը ուսումնասիրության, վերահրատարակության անհրաժեշտություն ունի։
Արտաշէս Աբեղեանի գիտական-հրապարակագրական ժառանգությունը արժանի է համընդհանուր ճանաչման և արժևորման՝ բնականաբար անտես առնելով նրա քաղաքական հայացքները, ծավալած գործունեությունը, մանավանդ որ պատմության այդ ժամանակաշրջանը, ըստ ամենայնի, տակավին ներկայացված չէ․․․
Արթուր Անդրանիկեան
WhatsApp +374 91 423 159
- Hits: 220