Պուճուր մարդը
Նոյեմբերի հինգն էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին գետնին ու խառնվելով ցեխին` գետինը դարձրել սահուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ՝ գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում, որովհետև համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի, գրեթե հասել էի վերնիսաժի մոտ, երբ մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավներ տեսա: Մոտեցա, սկսեցի դիտել. բոլոր նկարներում ամպեր էին: Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ինչ-որ ձգող բան կար այդ ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի կտավներին, երբ մոտեցավ մի ցածրահասակ ու ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի՝ այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվում է` այս կտավների հեղինակն է:
- Ձե՞ր գործերն են ,- հարցրի.
- Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տերևները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի՝ ասես փորձելով ճշտել նրա ասածը: Պուճուր մարդը հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր, որի հագուստի ու ձեռքերի վրա տարբեր գույնի ներկերի մնացորդներ կային:
- Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի,- գիտեի, որ միևնույն է, չեմ կարողանալու գնել, որովհետև մոտս ընդամենը երկու հազար դրամ էր ու մի քանի մանրադրամներ:
- Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը
- Ա... , դուք վա՞ղն էլ եք ստեղ լինելու ,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- ուղղակի հիմա մոտս էդքան փող չկա:-
- Հա, էստեղ եմ լինելու,- կարծես մի փոքր տխրելով`պատասխանեց Պուճուր մարդը,-բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած կտավը, իսկ փողը վաղը կբերեք, կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու համեմատաբար կիրթ ու գրագետ խոսքը, սկսեցի ես էլ հնարավորինս գրագետ խոսել.
- Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի՝ անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը, լսելով պատասխանս, լուռ մոտեցավ նկարներին, տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` սկսեց ծխել: Ես մի քանի րոպե էլ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս: Մի քանի շաբաթ էր անցել, ես իհարկե խոստումս չպահեցի և չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, չնայած ցուրտ էր, դասից տուն էի գալիս ու սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում՝ հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձել միշտ այդտեղով անցնել), և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդը կանգնած է քիչ հեռու, իսկ ծառերից մեկին հենած են մի քանի կտավ: Մտածեցի, որ ինձ չի հիշի տղամարդը, ու որոշեցի անցնել այգու միջով ու մի անգամ էլ նայել կտավներին: Այդպես էլ արեցի. ծանոթ կտավներ էին, ծանոթ ամպեր, մի հայացք գցելով կտավներին` արագ անցա ու տղամարդու կողմը չնայելով` պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, հանկարծ ի զարմանս ինձ`Պուճուր մարդը բարևեց: Չէի սպասում, շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել ու կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո, տղամարդը, ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, ուղղակի բարևեց ու վերջ:
- Հեսա գալիս եմ,- շփոթված ասացի տհաճ դադարից հետո,- չգնաք լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի, ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր: Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանիս մեջ, որոշեցի, որ դա հիմա կտամ,մնացած գումարն էլ ժամանակի ընթացքում:Այդպես էլ արեցի,Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
- Ինչի բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
- Ինչպե՞ս թե նույնն են,- շփոթվեց Պուճուր մարդն ու նույնպես մոտեցավ նկարներին,-տեսե ՛ք այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը՝ սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպերը:
- Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի Պուճուր մարդուն,- բոլոր կտավներում, պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում նկարներին, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի հա:
- Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտալով ասաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու դիմացի ատամը չկա :
- Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- մենակ չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ նաև գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամար խնդրեցի, որպեսզի կարողանանք իրար հետ կապ պահպանել, Պուճուր մարդն ասաց, որ դրա կարիքը չկա, որ այդ օրվանից ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ, և ինձ էլ հարմար կլինի: Այդ օրը խիղճս հանգիստ գնացի տուն: Նկարը այդքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել, թվում էր, թե ամպերը ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի՝ հույս ունենալով, որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Նկարը չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ մեկ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ ավելին էր պատահում: Ու ես այդ հազարանոցները, օրումեջ կամ ամեն օր տուն վերադառնալիս տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում, կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ , հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, չնայած հիմնականում ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբից աննշան, հասարակ է թվում,սակայն ժամանակի ընթացքում մարդու ներսում հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյոք հավատում է Աստծուն:
- Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը:- Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է, իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել էր Թեռլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում կանգնած փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի քանի կտավ էր վաճառել: Պարտքս արդեն գրեթե տվել էի, հազար,կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում,նկարների մեջ աչքովս ընկավ մի կտավ, որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից՝ նույն ամպերն էին, սակայն նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
- Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը`կատակի համար ավելացրի,- էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
- Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը,- երեք օր առաջ եմ նկարել:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
- Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց :
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը ես նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքիցս դեռ չէի պրծել,բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր ,երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու ու աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի դեպի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա ,որ մի տարեց տղամարդ`ձեռքին մի կտավ, ցանկանում էր անցնել փողոցը: Կտավը ծածկված չէր որևէ ծածկոցով և տղամարդը անգամ չէր էլ շտապում կտավը թաքցնել փաթիլներից: Մտածեցի, որ երևի անպետք նկար է,կամ էլ մաքուր կտավ է, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի,որ մի կին է քայլում երեխայի հետ ու ձեռքին նորից կտավ էր: Մինչև հասա Կասկադ, արդեն ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց մի խումբ, որը շրջան էր կազմել և խումբը գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի դեպի այդ կողմ: Դեռ չէի հասել հավաքվածներին,երբ տեսա, թե ինչպես մի ակնթարթում ամբոխը հետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել,որ փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում էր վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
- Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
- Բոլորը ձե՛զ,- բղավեց Պուճուր մարդը ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ հետ-հետ գնացին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, փորձել հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը և մերկ էր, բայց համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Այդ դեպքից հետո իմացա,որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել և ապրելիս է եղել Լամբադա կամուրջի տակ, իսկ այն օրը, երբ նրան տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է առաջին պատահած մարդկանց ու հետո խելագարվել է: Ոմանք էլ ասում էին, որ ոչ թե նվիրել, այլ մի նկարը հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն: Հիմա այն կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց ու որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, կախված է մեր տան հյուրասենյակի պատին ու ամենաերևացող տեղում է: Մեր բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են կտավին, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի հետևում ձյուն է գալիս:
Գրիգ
Գրիգ
- Created on .
- Hits: 25538