ՀԱՆԴԻՊՈՒՄ

Գուրգեն Խանջյանին
    Անցնում եմ փողոցն ու քայլերս ուղղում դեպի նյարդաբանի տուն: Վերջերս վատ եմ զգում, չեմ կարողանում մարդկանց լսել, ամեն տեսակ ձայն ազդում է նյարդերիս վրա, թվում է` բոլորը բղավում են, հեռուստացույց չեմ կարողանում նայել, ոչ մեկին չեմ ցանկանում տեսնել: Մի տեսակ կղզիացել եմ, տնից դուրս չեմ գալիս, բնակարանիս լույսերն էլ չեմ վառում, լույսը տհաճ է աչքիս: Ամբողջ օրը միայնակ նստած եմ իմ մութ բնակարանում:  
    Դուռը բացում է նյարդաբանի ավագ դուստրը, սիրալիր բարևում և ասում, որ սպասեմ հյուրասենյակում: Բարևում եմ այնտեղ նստած երկու տղամարդկանց ու նստում անկյունի կանաչավուն բազմոցին, սպասում եմ: Գլուխս կախել եմ, եղունգներս եմ պոկում, թվում է` տղամարդիկ հայացքներն ինձնից  չեն կտրում: Աչքի պոչով հետևում եմ, ոչ ոք իմ կողմը չի նայում: Մեկին ճանաչում եմ, մի քանի անգամ տեսել եմ, նյարդաբանիս հիվանդներից է, իսկ երկրորդին առաջին անգամ եմ տեսնում, բայց դեմքից երևում է` լավ մարդ չէ: Շուտով գալիս է աղջիկն ու հայտնում, որ հայրը կանչում է ինձ: Արդեն գիտեմ` որ կողմ պետք է գնամ, դուռը բացում, բարևելով մտնում եմ: Բժիշկը նստած է իր մշտական տեղում` փոքրիկ սեղանի ետևում. նստում եմ դիմացը:
    - Հը, ո՞նց ես,- սառը հարցնում է: Ձայն չեմ հանում:- Հիմա գնում ես տուն ու խմում ես էս դեղը,- դարակից հանելով ինչ-որ մոխրագույն տուփ` դնում է սեղանին,- Ամենաուժեղ դեղն է, եթե սա էլ չօգնեց, էլ ոչ մի բան չի օգնի:
    Վերցնում եմ տուփն ու դուրս գալիս: Ամբողջ ճանապարհին փորձում եմ հասկանալ բժշկի ասածը: Սրտումս վախ կա, կռահում եմ` ինչ էր ուզում ասել, բայց համառորեն ուզում եմ ինքս ինձ խաբած լինել: Հասնում եմ տուն, ներս մտնելիս հայացքս ընկնում է հայելուն, տեսքս սարսափելի է` աչքերս հոգնած են ու կարմրած, այնքան վաղուց չեմ սափրվել, ասես մորուք պահելու մտադրություն ունենամ: Մտնում եմ խոհանոց, բացում մոխրագույն տուփը, մեջը ընդամենը մեկ հաբ է՝ միջին չափի սպիտակ հաբ: Բաժակը ջուր եմ լցնում և պատրաստվում կուլ տալ հաբը, սակայն ինչ-որ տարօրինակ վախ ետ է պահում` չնայած քաղաքի ամենալավ մասնագետն է խորհուրդ տվել ընդունել այն: Բացի այդ` մոխրագույն տուփի վրա անհասկանալի լեզվով է գրված տեղեկությունը: «Ավելի լավ է կիսեմ, կեսը խմեմ»,- մտածում ու զգուշորեն երկու կես եմ անում հաբը, մի կեսը արագ գցում բերանս, ջուրը խմելով կուլ տալիս, մյուս կեսը խնամքով  դնում  եմ ափսեի մեջ և գնալով հյուրասենյակ` պառկում բազմոցին: Արդեն կես ժամ անցել է, ոչ մի փոփոխություն, պատկերացում էլ չունեմ, թե ինչ փոփոխություն պիտի լինի, նայում եմ առաստաղի ճեղքերին՝ միակ զբաղմունքը, որից դեռ չեմ ձանձրացել: Զգում եմ` ոչ մի փոփոխություն չկա, որոշում եմ  հաբի մյուս կեսն էլ խմել, արդեն պատրաստվում եմ բազմոցից վեր կենալ, հանկարծ առաստաղի ճեղքերից մեկը շարժվում է: Տեղիցս վեր եմ թռչում, սիրտս արագ է խփում, ուշադիր նայում եմ առաստաղին, կարծես ոչինչ չի շարժվում, «թվաց»՝ քթիս տակ ասում, պատրաստվում եմ գնալ խոհանոց, հանկարծ նկատում եմ՝ ճեղքը դարձյալ շարժվեց, այս անգամ գնաց և առաստաղի մյուս անկյունում կանգնեց, զարմանալին այն է, որ ճեղքը ոչ թե ձգվեց մինչև  առաստաղի  անկյունը, այլ  կարծես ճարպիկ մի կենդանի՝ իր տեղից պոկվեց: Գլուխս սկսում է պտտվել, նկատում եմ` մի քանի ճեղքեր էլ շարժվեցին, հետո բոլոր ճեղքերը սկսեցին  արագ  շարժվել՝ արագ-արագ, ասես խաղ են խաղում, ցանկանում են միմյանց բռնել: Առանց երկար-բարակ մտածելու` դուրս եմ վազում տանից, իջնում բակ, չգիտեմ ինչ անել, տուն չեմ կարող վերադառնալ. ճեղքերը այնտեղ են, գնալու տեղ չունեմ, մի քանի րոպե կանգնում եմ դրսում, զգում` ցուրտ է, որոշում եմ գնալ եկեղեցի, հիշում եմ, որ եկեղեցում վերջերս գազ են անցկացրել, ուրեմն տաք կլինի, հետո՝ մի քանի քայլի վրա է: Գլուխս պտտվում է, չեմ կանգնում, արագ բարձրանում եմ անհարթ ճանապարհով, հասնելով եկեղեցու մուտքին` ներս մտնում: Մարդ չկա, անկյուններում վառվում են մոմերը, շուրջս եմ նայում՝ հույսով, որ մեկին կտեսնեմ, բայց  ոչ ոք չկա, մոտենում եմ նստարանին  և  նստում:
    «Երկար ժամանակ է` եկեղեցի չեմ եկել». ուսումնասիրում եմ եկեղեցու առաստաղն ու  պատերին կախված նկարները, փորձում տեսնել, թե արդյոք նոր բան չի՞ ավելացել: Բացի հսկայական թունելից, որը անմիջապես եկեղեցու խորանի տեղում է, ուրիշ նոր բան չկա, ամեն ինչ առաջվանն է: Եկեղեցու հենց կենտրոնում, ավելի ճիշտ խորքում, որտեղ ժամանակին կարմիր վարագույրով խորանն էր, հիմա  հսկայական կամարներ են, մեկը՝ աջ, մյուսը՝ ձախ պատին, և այդ անցքերը իրար են միանում փորված գետնին երևացող գնացքի գծերով: Այնպիսի տպավորություն է, կարծես կանգնած լինեմ մետրոյի Երիտասարդական կայարանում, պարզապես տարածությունն այդքան մեծ չէ: Նայում եմ մեկ աջ, մեկ ձախ կամարին, մութ է, ոչինչ չեմ կարողանում տեսնել, մտածում եմ, որ դա մի ընդհանուր թունել է, ուղղակի կանգնածս հատվածում ընդհատվում է, որպեսզի մարդիկ նստեն՝ ինչպես կայարանում: Սառը քամի է փչում, մի քիչ էլ եմ կանգնում, հետո չգիտեմ ինչից հուսախաբված` գնում ու նստում նախկին տեղում: Գնալով ավելի է ցրտում, արդեն դողում եմ, հանկարծ մի մարդ է մոտենում, հնարավորինս անձայն, ասես  չցանկանալով, որ իրեն նկատեմ, նստում է կողքս:                                                    
    - Նստե´ք, ես կկանգնեմ,- տեղս զիջում եմ անծանոթին, թեև եկեղեցում մեր երկուսից  բացի ոչ ոք չկա, բոլոր նստարաններն էլ ազատ են:                                                                   
    - Շնորհակալ եմ, ես միշտ այստեղ եմ նստում,- ժպտալով պատասխանում է,- բա ի՞նչու ես ոտաբոբիկ:
    Նայում եմ ոտքերիս, իրոք բոբիկ եմ, փորձում եմ անծանոթին բացատրել, բայց չեմ կարողանում, տարօրինակ զգացում է համակել ինձ, ասես  ամաչում եմ, ճնշվում:                               - Վերցրո´ւ, հագի´ր,- իր դեղնավուն հողաթափերը ոտքերից հանելով`սիրալիր ասում է,- քայլելու ենք, չմրսես:
    Արագ հագնում եմ հողաթափերն ու հետևում նրան: Ինչ-որ բան է ասում, ուշադիր չեմ, թվում է` ինձ հետ չի խոսում, բայց հաստատ գիտեմ, որ ինձ է ասում, ուզում եմ  մի բան  էլ  ես ասել, փորձում  եմ  խոսքս  կիրթ և գրագետ ձևակերպել, չի ստացվում: Անծանոթը շատ հասարակ է խոսում, առանց ջանք թափելու: Քայլում ենք, խոսում է, անընդհատ գլխով եմ անում, ասես  հասկանում եմ, բայց բառերի իմաստը վերջին պահին փախչում է ինձնից: Նայում եմ նրա դեմքին. «Տեսնես որտեղի՞ց գիտի ինձ, որտե՞ղ եմ հանդիպել»: Չէ, չեմ կարողանում հիշել: Դեմքը ամեն վայրկյան փոխվում է...
    - Ուզո՞ւմ ես մահանալ,- հանկարծ հարցնում է: Շփոթվում եմ ոչ այնքան հարցից, որքան խոսքը հասկանալուց: Ինչ սկսել ենք քայլել, առաջին խոսքն էր, որ հասկացա:                                                     
    - Չեմ ուզում,- պատասխանում եմ:    
    - Բայց չես էլ ուզում ապրել,- ասում է ու շարունակում  քայլել:             
    Միայն այդ ժամանակ եմ նկատում, որ հեծանիվ է անցնում մեր կողքով և հեծանիվի հետևից վազում է մի փոքրիկ տղա, հեծանիվին ոչ ոք նստած չէ, բայց այն շարժվում է, անընդհատ շրջաններ է գծում մեր շուրջը, փոքրիկ տղան ուզում է հասնել հեծանիվին, միշտ մի քայլ չի բավականացնում: Անծանոթը կանգնում է, ես էլ եմ կանգնում, նայում ենք, մի պահ ինձ թվում է, թե տղան ես եմ, պարզապես՝ փոքր ժամանակ: Ձանձրալի է, անընդհատ նույնն է կրկնվում, հեծանիվը պտույտներ է անում, տղան փորձում է հասնել և չի կարողանում: Չեմ հասկանում` ինչու ենք կանգնել: Այլևս չեմ դիմանում, վազում ու ձեռքս երկարելով` բռնում եմ հեծանիվը, տղան կանգնում է:                          
    - Վերցրո´ւ,- ասում եմ,- վերցրո´ւ ու էլ էստեղ չխաղաս, եկեղեցի է, խաղալու տեղ չի:                               
    Տղան չի վերցնում հեծանիվը, մի քանի քայլ ետ է գնում, սկսում արտասվել: «Երևի կոպիտ խոսեցի», փորձում եմ սիրաշահել, անօգուտ է, գնալով ձայնը բարձրացնում է:
      - Քեզ ի՞նչ եղավ, դու չէի՞ր ուզում հեծանիվին հասնել:        
      - Ուզում էի,- պատասխանում է ու ավելի ուժգին արտասվում, ամբողջ եկեղեցում զնգում է լացի ձայնը, անհարմար եմ զգում, կարծես երեխան իմ երեխան է, կամ հարազատս է, չգիտես ինչու ինձ պատասխանատու եմ զգում նրա  համար: Հեծանիվը զայրացած տալիս եմ իրեն:       
      - Բա հիմա ի՞նչ անեմ,- աչքերիս նայելով հարցնում ու վախենալով վերցնում է: 
      Չեմ հասկանում տղային, սպասում է պատասխանիս, հետո ցած է դնում հեծանիվն և ինքն էլ նստելով՝ սկսում անձայն արտասվել: Ճնշող լռություն է, տղայի հարցը անընդհատ հնչում է գլխումս, շատ հարազատ է ինձ այդ հարցը, բայց պատասխան չունեմ: Շրջվում եմ քիչ հեռվում կանգնած անծանոթի կողմը, գուցե նա՞ կտա պատասխանը: Նա անշտապ մոտենում է, ձեռքը դնում է տղայի ուսին, վերցնում հեծանիվն  ու  հրում, այն  նորից սկսում է պտույտներ գործել, տղան ուրախանում է, բռունցքներով սրբելով արցունքները` վազում  ետևից...
    Եկեղեցու պատերի սրբապատկերները ցնցվում են, ասես երկրաշարժ է, մոմերի լույսը սկսում է թրթռալ, երևում է էլեկտրաքարշը: Կանգնում է, բացվում են դռները, նկատում եմ, որ ես և անծանոթը նստած ենք եկեղեցու նստարանին, այն նույն տեղում, որտեղ նստած էինք մինչև տղային տեսնելը, կարծես չենք  քայլել, տեղներիցս չենք շարժվել: Ուզում եմ մոտենալ, մոտիկից տեսնել էլեկտրաքարշը, հանում եմ հողաթափերը, շնորհակալություն հայտնելով՝ վերադարձնում, և նոր միայն նկատում, որ նրա ոտքերին արնածոր վերքեր կան: Անծանոթը հագնում է հողաթափերը, արյունը վախեցնում է ինձ, փորձում եմ արագ հեռանալ: Ասես զգալով դա` նա վեր է կենում տեղից, ասում, որ ընտրությունն իմն է, որ ես ամենաշատը ժամանակ  եմ ուզում, և հեռանում: Ոչինչ չեմ հասկանում  ասածից, արագ նայում եմ ոտքերիս` տեսնելու, թե արդյոք արյունոտ չե՞ն, սակայն արյան ոչ մի հետք չեմ նշմարում: Հիշելով էլեկտրաքարշը` արագ մոտենում եմ, բոլոր տեղերը զբաղված են, փորձում եմ ազատ տեղ գտնել, հանկարծ նկատում եմ՝ մեկը ձեռքով է անում, լարում եմ տեսողությունս՝ նյարդաբանս է, ցույց է տալիս, որ կողքը ազատ է, ուրախանում եմ, սակայն դռնից դեռ չմտած` նկատում եմ, որ ձեռքով ինչ-որ բան է հասկացնում: Գլխի եմ ընկնում` դեղի մասին է հարցնում: Միայն այդ ժամանակ եմ հիշում դեղն ու տանս առաստաղի վրա վազվզող ճաքերը: Ակամա գլխով դրական շարժում եմ անում՝ հասկացնելով` խմել եմ: Նա էլ պատասխան նշանով հասկացնում է, որ մտնեմ վագոն և կարծես անհանգստությունից ազատված` նստում իր տեղը: Վարանում եմ, հիշում, որ հաբի կեսն եմ խմել, անհարմար եմ զգում ստելու համար, մտածում եմ վազելով գնամ տուն, խմեմ մյուս կեսն էլ և արագ վերադառնամ: Նկատում եմ` բժիշկը մոտեցել է պատուհանին, հարցական նայում է: Հասկացնում եմ, որ մեկ րոպեից կգամ ու ինչքան ուժ ունեմ, վազում եմ, բացում եկեղեցու դուռը, թույլ ցավ եմ զգում գլխիս, ցավը ուժգնանում  է, չեմ կանգնում, շտապում եմ, ձեռքս տանում  եմ ճակատիս, խոնավ է, մտածում եմ `քրտինք է, սրբում եմ, ձեռքս արյունոտվում է: Վախենում եմ, սիրտս արագ է խփում, պատկերը սկսում է պարզվել: «Տանն եմ», շուրջս եմ նայում, իրոք տանն եմ, հատակին, ճակատիցս արյուն է գալիս, փորձում եմ կանգնել, դժվարությամբ՝ բայց ստացվում է, մտնում եմ լոգարան, վերքը այնքան էլ մեծ չէ, արյունն էլ լերդացած է: Ոչինչ չեմ հիշում, մտաբերում եմ, որ հաբի կեսը խմեցի ու վերջ: Մտածում եմ, որ դեղից եմ վատացել-ուշաթափվել, այլ տարբերակ չկա: Կարգի եմ բերում ինձ, գլխապտույտը գրեթե անցել է, համեմատաբար լավ եմ զգում, գնում եմ խոհանոց, հայացքս ընկնում է պատուհանին, դրսում մութ է, նայում եմ ժամին, մոտ հինգ ժամ անգիտակից ընկած եմ եղել, հաբի մյուս կեսը ափսեի մեջ է: Զայրացած վերցնում եմ հեռախոսն ու հավաքում համարը... Վերցնող չկա...Նորից է զանգը գնում... Վերջապես կանացի մի ձայն պատասխանում է և հայտնում, որ նյարդաբանը քիչ առաջ հանկարծամահ է եղել: Լսափողը կախում եմ... 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
  • Created on .
  • Hits: 77768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: