Interzone
Ստեղծագործությունը գրվել է Արվեստի ամառային ակադեմիայի շրջանակներում` Արամ Պաչյանի հանձնարարությամբ:
Էլեկտրականությունն անջատվեց: Երևի չէին վճարել լույսի համար կամ երևի լավ չէին աշխատում ապահովիչները: Հիմա կար միայն սենյակի տարածության զգացումը, չնայած մի քանի վայրկյանից հնարավոր էր տարբերակել նշումներ պատին, որոնցից մեկը հիշեցրեց ինչ-որ Բաստիլի մասին, որտեղ ատելությունը մարդկանց ներքաշել էր ժխորի մեջ, որ պատկերանում էր հոլիվուդյան կինոյի կադրերով` թնդանոթներ, կրակ: Պատկերացնում էիր, թե ինչպես է ամբոխը թարմացնում շնչառությունը արքայի կնոջ գոռոցների տակ, արտաշնչելիս դուրս նետում մաղձը, որ, սողոսկելով երակներով, ջարդելու ուժ է տալիս:
Էլեկտրականությունն անջատվեց: Երևի չէին վճարել լույսի համար կամ երևի լավ չէին աշխատում ապահովիչները: Հիմա կար միայն սենյակի տարածության զգացումը, չնայած մի քանի վայրկյանից հնարավոր էր տարբերակել նշումներ պատին, որոնցից մեկը հիշեցրեց ինչ-որ Բաստիլի մասին, որտեղ ատելությունը մարդկանց ներքաշել էր ժխորի մեջ, որ պատկերանում էր հոլիվուդյան կինոյի կադրերով` թնդանոթներ, կրակ: Պատկերացնում էիր, թե ինչպես է ամբոխը թարմացնում շնչառությունը արքայի կնոջ գոռոցների տակ, արտաշնչելիս դուրս նետում մաղձը, որ, սողոսկելով երակներով, ջարդելու ուժ է տալիս:
Նույնիսկ պետք չէր իմանալ, թե քանի օրում գրավվեց Բաստիլը. այն իրողությունից փաստի էր վերածվել անցյալում:
Մասնակիցները մեռնում էին: Կարելի էր պառկել բազմոցին, պոպկորնի պես ծամել տեղեկությունը, բայց ինչի՞ս էր պետք: Բաստիլն ապրում էր իր կյանքով, ես՝ իմ:
Ագրեսիան ինչ-որ տեղ պարպել էր պետք. ոտքի հարվածը հանգեց սեղանին` ցույց տալով, որ սենյակը քոնն էր այնքանով, որքանով դու էիր իրեն պատկանում: Սենյակի գոյությունը կարևոր հանգամանք էր, քանի որ թույլ էր տալիս նստել անկյունում, նայել պատին, մինչ մարդկային զանգվածը շարունակում էր ժայթքեցնել ատելությունը, որ ատելություն էլ չէր, այլ անասնական խանդավառություն, որով նրանք ջարդում էին չինական պատերը, որտեղ յուրաքանչյուր շարժման հաջողությանը հաջորդում էր նոր հարվածը, մինչ զանգվածը սպանում էր, սիրում էր իրար բաստիլների տակ: Սպանության և սիրո ակտերը նրանց համար կարգին իրողություններ էին` չնայած համեմատական պատմության դիմաց կորցրել էին նշանակալիությունը: Դրանից պարտավոր էիր եզրակացնել` ներկան արժեք չունի, պետք է անտարբեր լինել: Բայց կար միս և կային ընկալիչներ, որոնք փոխազդում էին նույնիսկ լռության մեջ` ստիպելով, որ հիշողության լարումով կառուցվեն երևանյան բարի պատերը` վերստեղծելով պատերի ներսում տեղավորված լուսավորությունը, լուսավորության արտացոլումը սև կաշվի վրա և տղաներ` բազմոցին, աղջկա դիմագծերը:
Եվ ես, որ նստած եմ խավար սենյակում, ես, որ նայում եմ պատի մակագրությանը, ես մինչև վերջ լցված մաղձով, որ քայլերով չափում եմ սենյակի անկյունագիծը, այդ պահին նայում եմ դիմացի հայելուն` մազեր, մաշկ, դիմագծեր: Ենթադրվում է, որ իմն են, բազմոցների մեջ ձգվում եմ դեպի կողքիս տղան, աղոտ լույսի տակ շրթունքները գտնում են այլ շրթունքներ, և նա սկսում է զբաղեցնել առանցքային դերը, որ պարզ բան էր. զգացողությունները փոխանցվելու էին նրա պրիզմայի միջով:
Հայելում տեսնել մազերի մեջ խրված ձեռքը, գիտակցել, որ այն չկար ինչ-որ մի երկու ամիս առաջ, որ չի լինելու մի քանի օր հետո, այսինքն՝ այսօր, երբ չես ստանում հայելու աղջկա հետ նույնականացումը: Ինքն ինձ հետ կապ չունեցող մեկն էր, դեռ ապրում էր բարում, իսկ ես ձգում եմ ձեռքս, վերցնում անկողնու վրայից հեռախոսը, միացնում “Desire”ը,
- Pleasure bringing pain.
Սպիտակ առաստաղը ծանրանում էր վերևում, արժեր շարժում կատարել՝ չնայած ցավոտ էր: Արժե՞ր: Գործողությանը հաջորդում էր գործողության գնահատականը, ինչին կարող էր հաջորդել հարվածը, ինչը վառելու ուժ էր տալու, գիտե՞ր արդյոք այդ մասին Մարիա Անտուանետը, գիտե՞ր արդյոք այդ մասին տղան:
Խավարից առանձնանում էր կարմիր կետը, և դա սիգարետի լույսն էր, միակ բանը, որ շարունակում էր լինել պատնեշի մեջ: Դրանով կարելի էր անցնել մաշկի վրայով, որը ցավեց, ցավին հաջորդեց ձայնարկությունը, ձայնարկությանը՝ լռությունը, ապա խավարը կրկին ճնշող դարձավ:
Այլևս մնում էր ապշել, թե ինչպես է հնարավոր մերժել կենսական հյութեր ծամող մսիդ արժանիքները, չէ՞ որ համապատասխանում ես միջազգային ստանդարտներին, չէ՞ որ սիրուն ես, ինչը ենթադրում է, որ անարդարացի էր քո հանդեպ կատարվածը: Ինքնաբերաբար բարձրանում ես մահճակալից, անցնում սենյակի ծայրից մյուսը, բնազդաբար հիշում չորս անկյուններից մեկում տեղադրված լվացարանի գոյության մասին: Սառը ջուրը վառում է դեմքդ, չես էլ կարող համոզված լինել, որ երկու րոպե առաջ թոքերդ ես իջեցրել ծուխը, որ ընդհանրապես առնչվել ես ուրիշների հետ. նրանք փոխում էին դիմագծերը վայրկյանը մեկ: Ո՞րն է արդյունքը: Հարցնելիս հիշում ես թղթի ու գրիչի, համակարգչի ստեղնաշարի մասին, կարելի էր գրելն անվանել «ողջ կյանքի համար նախատեսված իլյուզիա» կամ մեկ այլ բան: Ինչ էլ անվանեիր, արժեք էր թվալու: Հիշողությունները կհոսեին թղթի վրա, կլիներ գրվածքը առանց որի հիշողությունների կուտակումը, դանդաղորեն խտանալով, իզուր կորչելու էր, իսկ ինքդ հույս էիր ունենալու, իբր փորձի է վերածվել: Փորձի, որ զանգվածը վաղուց էր մարսել:
Վերցնել գրիչ, պատմության տեսքով փորձել փոխանցել պատկերները թղթին: Մեկ, երկու, երեք, և ստեղծվում են հանգամանքները: Առաջին բառից հետո կանգ առնել, զգալ մարմնիդ դողը:
Մենակ չես:
Իր ձեռքը շոշափեց վարդակը, շարժում, որ թվում է՝ պետք է լուսավորեր սենյակը, սակայն հաջորդող վայրկյանին լույս չկար: Կանգնելով դռան արանքում՝ ինքը հարցրեց.
- Լույս չկա՞:
- Անջատել են:
Կտրվել քեզանից, վանել լռությունը, որ տիրապետող է դառնում՝ ուրիշին ընդառաջ գնալու համար, քանի որ ուրիշն ուրիշ չէր այս անգամ, յուրային էր, չէր էլ պատրաստվում դասալքել: Ես իմ մարդու հոտը կիլոմետրից էի զգալու, երբ դիմեր դեպի կարմիր լույսը, նրան էի փոխանցելու ծխի վերջին հնարավորությունը, իսկ ինքը թունավորելու էր թոքերը, քանի որ վերջին հաշվով դաշնակից էր:
Նստեց: Կիսիր թույնդ մերձավորիդ հետ, կօգնի:
- Հիշո՞ւմ ես, երբ էինք բար գնացել:
- Ի՞նչ բար:
Չէր հիշում կամ ձևացնում էր:
- Էն տղերքի հետ, որ ուզում էի ծանոթացնել:
«Հաա»-ն ձգվում է բավականին երկար. ինքը չէր մտածել այդ օրվա շուրջ, իրեն դրանից ոչինչ չէր մնացել, բացի «ժամանակ սպանելը», իրենը չէին զգացողությունները, տարակուսանքները.
- Չգիտեմ էլ նորմա՞լ է մարդուն դեն նետել, եթե մյուսներից որակյալ է:
- Որակյա՞լ:
- Սթափ նայենք. ուղեղ, արտաքին, ֆինանսներ - սրանից էր կախված ամենաուժեղ աղջկա կամ ամենաուժեղ տղայի գաղափարը, էլի գործոններ կան:
Չստացվեց: Պետք չէր դրանից սկսել: Ստորացնող բան կար սովորական իրադրությունների մասին խոսելու մեջ, որից արտահայտությունները դժվար էին կապվում իրար: Փոխարենն ավելացնել.
- Էսօր փորձեցի գրել, մի երկու բառ նկարեցի ու աննորմալ զգացողություն ունեցա: Ինչպե՞ս կարելի էր առաջ չմտածել. «գրել հանուն գրելու» մեջ իրականում ներքին դրվածք կար, երևի դա բոլորի մոտ էլ կար, գրելը՝ հետևանք, նկարելը՝ հետևանք: Հասկանո՞ւմ ես,- հանդիպել ոչինչ չասող հայացքին, շարունակել մենախոսությունը,
- Յուրաքանչյուր բառ ու շարժում հետևանք էր, դրա տակ լինում էր ընդհանրացումը: Կարելի է ևս մեկ անգամ գրիչը սահեցնել թղթի վրայով, ֆիզիկական գոյությունը քսել ֆիզիկական գոյությանը, մարմինը՝ մարմնին. դրանք սերտաճելու էին ու դրանից ևս մի ֆիզիկական գոյություն էր արտադրվելու:
Ինքը թատրոնը երակներով էր զգում. գիտեր, որ պետք է ստոպ վերցնի, իսկ հետո արտաբերի անհրաժեշտ բառը, որ ծավալվել ստիպող բառն էր:
- Հակառակը: Ֆիզիկականը միակ բանն է, որում ճանաչում ենք իրար, դրանից դուրս ամեն ինչ անհատական է: Եթե չասես կամ ցույց չտաս էն, ինչ ուզում ես ասել, ես չեմ հասկանա, չեմ պատկերացնի:
Ինքն ընդունել էր համատեղ թատրոնի կանոնները:
- Հիմքը, որի մասին ասում էի, գոյության հիմքը նույնն է, ամեն ինչ դուրս է գալիս հոգևորից, նորմալ ձևակերպում չեմ գտնում, կներես:
- Անգիտակցականի մասի՞ն ես խոսում:
Իր միտքը հոսում էր իմ մտքից շարունակության տեսքով, դե նույն հիմքից էինք, նույն կողոսկրից: Դաշնակցի գոյությունը լավ էր, դուք միևնույն խաղն էիք խաղալու, միաժամանակ հանդիսատես և դերասան լինելով, որոնք զգում էին որ պահին ինչին սևեռվել և սևեռվում էին, քանի դեռ դռնից այն կողմ զանգվածը գցում էր մետաղադրամը ավտոմատի մեջ՝ ընտրելով ցանկից սուրճի տեսակը, որ իջնում էր ստամոքս, կոկորդում թողնում դառնահամը: Վերադարձ ցանկին, ընտրել ճիշտ ու սխալի ձևաբովանդակությունները: Երկընտրանքի հարց չկար. ամեն մեկը մի այլասերում էր ձգելու, ուղղակի համային նախընտրությունը խլացվել էր դրսի ձայներից, ավտոմատի դուրս գցածը սուրճ էր ուղղակի, որում չկայիր, իրականում ոչ մի տեղ չկայիր, բայց եթե հասկանայիր, թե ով ես, ինչ տիպի սուրճ ես ուզում բերանում լմլմացնես, մետաղադրամը միջոց կլիներ, կհանեիր ավտոմատից բաժակը: Բարձրացնելով ձեռքդ` բացել մատները, շարժել դեպի աջ, խմել պարզ գործողությունների արդյունքում, որոնց մասին պետք էլ չէ մտածել. ամեն ինչ կստացվի ինքնաբերաբար: Ինքնաբերաբար միանում են լույսերը, ինքնաբերաբար վրայից քաշում է հագուստը.
- Քնո՞ւմ ես:
- Ըհն, փորձում եմ:
Փոխում եմ վարդակի ուղղությունը, նստում անկողնուս վրա, հետո կանգնում: Քայլ: Ձախ: Սենյակի անկյունագիծը հատելիս նկատում եմ մակագրությունը:
Ժամանակավոր ցավազրկողը քնած էր երկրորդ մահճակալին, իսկ մաղձը շարունակում էր լինել, ջարդելու ցանկությունը շարունակում էր մղել հաջորդ քայլին, որն անելիս մտածում ես՝ ի՞նչ եղավ այնտեղ ատելությունից հետո:
Բաստիլը դատվեց, զանգվածն իրականացրեց իր դատավճիռը, մինչդեռ ինքը ոչ պակաս մասնակից էր ատելության ակտին, ինքը չդատվեց, երևի ավելի լավն էր: Հետո թուլացավ կործանելու տենչը, թշնամին պատմական փաստի վերածվեց:
Համաչափ շնչառության տակ բացում եմ պայուսակը, ինչ-որ բան փնտրում, փոխարենը գտնում էջերը, լույս չկա, դժվար կլինի գրելը, բայց արտահայտություններն արդեն լցվում են թղթի վրա. ամբոխը կար, քանի դեռ չէր քանդվել ամրոցի վերջին քարը, քանի դեռ չէր գլխատվել վերջին սպան, դրանից հետո դատարկությունն էր: Հիմա կային միայն ուրիշներ: Ուրիշներից մեկը հայտարարեց. այստեղ բոլորը պարում են և երջանիկ են: Երևի մահախոսականն էր: Բաստիլի գոյության միակ ապացույցը հիշողությունն էր, որ, միաձուլվելով սեփական ընկալմանը, արյունոտ շարժապատկերին էր հակադրում գաղափարական պատերազմը: Զանգվածը կատարել էր իր ընտրությունը, այնուհետև իրականացրել այն: Հաջորդող դատարկության պահին յուրաքանչյուրը կարող էր հարցնել իրեն «Ի՞նչ կատարվեց և հանուն ինչի՞», գիտակցության մեջ ի մի բերել կադրերը, ստանալ ամբողջական, հղկված տարբերակ, որ պարտավոր էր որոշակիացնել գործողությունը, ամրապնդել հաղթանակի զգացումը: Այլևս կարելի էր գրել. «Ժողովուրդը կործանեց բռնապետությունը», ինչն ամենագործող ինքնապաշտպանությունը կլիներ:
Մերի Շարոյան
Մերի Շարոյան
- Created on .
- Hits: 75944