Ե՛վ նվագելը, և՛ երաժշտական գործիք պատրաստելը հաճույք են. Ալբերտ Զաքարյան

Վերջին ամիսների ընթացքում հայ երաժշտասերներին ներկայացվեցին նոր` բաս-քանոն և բաս-սանթուր գործիքները: Բաս-սանթուրն ու բաս-քանոնը ազգային նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանի ձեռքի աշխատանքն են: Cultural.am-ը զրուցել է վարպետի հետ իր անցած ճանապարհի, աշխատանքի դժվարությունների, ազգային նվագարանների այսօրվա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:
- Պարոն Զաքարյան, երբվանի՞ց եք զբաղվում ազգային նվագարաններով:
- Շատ վաղուց `սկսած 1962 թվականից: Բոլոր լարային ժողովրդական գործիքները պատրաստում եմ` թառ, քամանչա, սազ, քանոն, քամանի և այլն:
- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում աշխատելիս:
- Բոլորը ձեռքի աշխատանք են, շատ քիչ հաստոցային աշխատանք է տարվում: Դժվարությունը միայն ճիշտ նյութ ճարելն է, օրինակ՝ համապատասխան փայտանյութ:
- Ազգային նվագարաններ պատրաստող շա՞տ գործընկերներ ունեք:
- Թառ, սանթուր պատրաստողներ չունենք, միայն ես եմ մնացել: Ուրիշ գործիքներ պատրաստողներ կան, բայց էլի հատուկենտ են, օրինակ` քամանչա 1-2 հոգի են պատրաստում, քամանի` 2-3 հոգի: Կան նաև մասսայական դարձած գործիքներ, ինչպես դուդուկը: Տեղից վեր կացողը դուդուկ է սարքում:
- Ազգային նվագարան պատրաստողները ունե՞ն արդյոք հետնորդներ:
- Դա դժվար գործ է, քանի որ երիտասարդները իրենց կյանքի հարցերը կապում են համակարգչի հետ, իրենց ժամանակի մեծ մասը դրան են տրամադրում: Ես փորձել եմ, մարդկանց եմ բերել, որ նայեն, սովորեն, մյուս օրը չեն եկել: Հետաքրքրություն չկա, բացի այդ պետք է որոշ տվյալներ ունենալ, օրինակ` որոշ չափով նկարել իմանալ, մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից գաղափար ունենալ, որ կարողանան խնդիրներ լուծել` լարերի հաշվարկը մի ամբողջ բանաձև է, պետք է կարողանան փայտի հետ աշխատել (ինձ շատ է փրկում այն հանգամանքը, որ ես ժամանակին հորս օգնել եմ կահույք պատրաստելու գործում): Պատրաստողը անպայման պիտի երաժիշտ լինի, որևէ գործիքի վրա լավ նվագող, գաղափար ունենա երաժշտությունից:
- Իսկ Դուք աշակերտներ ունե՞ք:
- Հիմա չունեմ: Մի աշակերտ ունեի, սովորեց քամանչա պատրաստել, նայեց, թե ինչպես եմ սանթուր պատրաստում, սանթուր չկարողացավ, բայց քամանչա պատրաստեց, սկզբի համար լավ էր, բայց հետո ինչպես կլինի` չգիտեմ:
- Ալբերտ Զաքարյանը ինչ-որ մեկին աշակերտե՞լ է:
- Ես ինքնուս եմ այս գործում: Ավարտել եմ Պոլիտեխնիկը, աշխատել եմ Հայէլեկտրոգործարանում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ` ինժեներ-տեխնոլոգ, ինժեներ-կոնստրուկտոր, ինժեներ-մեխանիկ, այդ բոլորը կապված էր արտադրության հետ: Այդ ժամանակ արտադրությունում կային լավ մասնագետներ, որոնց եթե ճանապարհին հարցնեիր` սա ոնց սարքենք, անմիջապես կասեին: Այդպիսի մարդկանց հետ եմ առնչվել, նրանցից շատ բան եմ սովորել` փականագործական աշխատանք, խառատային աշխատանք, այս ամբողջն արդեն պաշար է, որը կարող ես օգտագործել:
- Ո՞րն է եղել Ձեր պատրաստած առաջին գործիքը:
- 1952-58 թթ.-ին թառ եմ նվագել, դրանից հետո կյանքը շեղեց` ինստիտուտ սովորիր, գործարանում աշխատիր: Առաջինը հենց թառ եմ պատրաստել շատ հասարակ գործիքներով` ուրագ, սղոց, ռանդա, թուր և խարտոց. գործիք էի սարքել, որը հնչեց, բայց անպետք բան էր: Նվագելը թողնելուց հետո անընդհատ զբաղվել եմ արտադրական աշխատանքով. եթե սիրում ես, անպայման արդյունքի կհասնես:
- Երբևէ ցանկություն չի՞ եղել նորից նվագելու:
- Ե՛վ նվագելը, և՛ պատրաստելը հաճույք են ինձ համար: Պատրաստածս գործիքների փորձարկումներն ինքս եմ անում: Ամբողջ օրը նվագում եմ, որ լարերի լարվածությունն անցնի: Հիմա էլ կցանկանայի նվագել, բայց արդեն ֆիզիկականս չի ներում:
Զրուցեց Աննա Կարապետյանը
- Created on .
- Hits: 3867