«Այն ամենն, ինչ տեղի ունեցավ, պետք է դարձնել ուժ»․ Հարցազրույց Նարինե Գրիգորյանի հետ

 

Տիկի՛ն Գրիգորյան, ցանկանում եմ մեր զրույցը սկսել Ձեր՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումից։ Այստեղ խոսում եք թերևս ամենաանձնականի, ամենաընտանեկանի մասին, կարծես հանդիսատեսի առաջ բացում եք Ձեր հոգու ողջ թաքնարանը։ Դժվար չէ՞ մինչև վերջ լինել անկեղծ։

Շատ կարևոր է իմանալ նպատակը։ Այսինքն՝ երբ անկեղծանում ես, դա ինչ-որ մեկին ինչ-որ բան տալի՞ս է։ Երբ կա հանունը, նպատակը՝ արթնացնելու հանդիսատեսին, այդ ժամանակ, ինչքան էլ ցավոտ է բացել թաքնարանը, միևնույն է, բացում ես, որ հաղորդագրություն, ուղերձ ունենաս։ Բայց, իհարկե, առաջին անգամ երբ պիտի պատմեի, շատ բան էի զգում․․․ ինձ անմաշկ էի զգում, առավել ևս, երբ ինքս ինձ եմ խաղում՝ Նարինե․․․ ու չեմ խաղում, այլ պատմում եմ․ իսկապես այնպիսի զգացողություն էր, կարծես մաշկ չլիներ վրաս, ու երբեք այդքան խոցելի չէի եղել։ Բայց, միևնույն է, նպատակն արդարացնում է անկեղծությունը։

Ինչպե՞ս որոշեցիք բացել այդ ճամպրուկն հանդիսատեսի առաջ։

Դրդապատճառը Ապրիլյան պատերազմն էր․ հասկացա՝ այն սերնդին, որն այդ պահին պիտի պայքարեր այդ անկախությունը պահելու, Արցախի ու ամեն ինչի համար, իմանար, թե ինչքան մեծ գնով էինք ձեռք բերել այդ ամեն ինչը, ինչքան կարևոր էր մեզ համար անկախությունը։ Դրա համար էլ պատմում եմ, երբ սովետական շրջանում հայ լինելով ընդհանրապես հայերեն չէի խոսում․․․ ինչ կարող էր լինել, եթե չանկախանայինք․․․ դա էլ շատ հարցական էր։ Հետո նաև՝ թե ինչքան թանկ է մեզ համար այդ հաղթանակը, որն ունեինք, Արցախը․․․ պատճառն այն էր, որ այդ սերունդն արդեն անկախությունը ստացել էր որպես ժառանգություն, բայց գուցե չգիտեին կամ չէին գիտակցում, թե դա ինչքան կարևոր էր։ Հետո նաև դա պատմություն էր, թե ինչպես է մեծ հաղթանակը ծնվում փոքր հաղթանակներից, յուրաքանչյուրի հաղթանակներից, թեկուզ որ ուղղակի մի երեխա էր, ով երազում էր թատերական խմբակի մասին ու անցնելով էդ ամեն-ամեն ինչի միջով՝ տեսնում ես, որ նա բեմից է հիմա պատմում, ու հասկանում ես, որ նա հաղթել է այդ պատերազմում։ Ու էդպես լի՜քը հաղթանկներից ծնվել էր մեծ հաղթանակը։ Չգիտեմ․․․ էն ժամանակ ուզում էի էդ մասին պատմել։

10 1 1 300x270

Ներկայացման հիմքում Արցախյան առաջին պատերազմն է։ Բուն ռազմական գործողություններին նախորդած դեպքերից մինչև պատերազմ։ Եվ այս ամենի կենտրոնում՝ մարդը, այն էլ՝ մի աղջնակ։ Ինչպիսի՞ զգացողություն էր խաղալ նույն ներկայացումը նախքան վերջին պատերազմը, և՝ այսօր։

Օրինակ՝ վերջին անգամ պատմելիս ինձ համար ամենակարևորն այն էր, որ մենք միասին էինք․ ցուրտ էր, բայց միասին էինք, հայերը միասին էին գնում ցույցերի, միասին էին «միացում» գոռում։ Տեքստը նույնն էր մնացել, բայց ինձ համար այն իր շեշտադրումը այդտեղ էր ստացել։ Ու նույնիսկ վերջում, երբ հերոսուհին պառկած է, միևնույն է, դասարանը միասին էր սենյակ եկել, ու դա շատ կարևոր էր․․․ ինչը հիմա չունենք, որովհետև էն ժամանակ շատ բան միասնականության շնորհիվ էր, որ հաղթել էինք, որ հասել էինք դրան, որ շատ ավելի ծանր էր, քան հիմա։ Այդ իսկ պատճառով հիմա պատմելիս ինձ համար շեշտը հատկապես միասնականության վրա էր։

Խոսելով մեր օրերի մասին՝ ի՞նչ փոխեց Ձեր մեջ 2020-ը։

Ինձ թվում է՝ 2020-ը փոխեց ամբողջ մարդկությանը՝ թե՛ համաճարակի հետ կապված, որ շատ անսպասելի էր և մեզ հատկապես փոխեց պատերազմը, այսքան կորուստներից հետո, այս պարտությունից հետո, որը շատերին հանկարծ գցեց քաոսի մեջ․ սկսեցինք ինքներս մեզ ուտել, կողքիններին մեղադրել․․․ հիմա իրականում խոր հիասթափություն է։ Բայց, ի վերջո, ամեն իրավիճակ մարդու համար է ու մարդու զարգացման համար է։ Այսինքն՝ եթե դա տեղի է ունեցել, ապա պետք է պատճառ դառնա զարգանալու ու տեսնելու սխալը, որ գործել ենք։ Կարելի է նորից, նոր կետից սկսել։ Երևի իմ դեպքում ես հասկացել եմ, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, պետք է դարձնել ուժ՝ նոր ուղիներ փնտրելու և ամեն ինչ ավելի իմաստուն ստեղծելու համար։

Որքանով նկատելի է՝ Ձեր կերտած կերպարներից, գործունեությունից՝ ասես մի ամուր թելով Ձեր էությանն է հյուսված լռությունը։ Եվ այն բնավ պապանձված չէ, խոսուն է, երգեցիկ․․․ Ո՞րն է լռության Ձեր գեղագիտության պատկերը։

Այս հարցն այնքան անսպասելի ու այնքան հաճելի էր, որովհետև միշտ մտածել եմ, և մանկուց էլ են անընդհատ ասել, որ շատախոս եմ։ Շատ-շատ էի հարցեր տալիս, ու պապիկս ասում էր․ «Կարո՞ղ է մեկ ուրիշը պատասխանել էս երեխու հարցերին։ Ես էլ չեմ կարողանում» (ծիծաղում է, հեղ․)։ Այսինքն՝ որ ոգևորվում եմ, շատ եմ պատմում, հարցեր եմ ունենում, շատ եմ տալիս․․․ մի խոսքով՝ ես միշտ իմ մասին ադպես եմ մտածել, և անկեղծ ասած, անչափ շոյված եմ այս հարցից։ Իհարկե, սա գալիս է «Կյանք ու կռվից», բայց ասեմ, որ էն, ինչ կադրում չէի խոսում, գոնե այն ժամանակ, երբ ասում էին՝ «Стоп! снято», դրանից հետո մի լավ խոսում էի, որ հանգստանամ։

Եկեք պատկերացնենք, որ ներկայացման եք, մնացել է ընդամենը 10-15 րոպե, և հանկարծ կորչում է Ձեր ձայնը։ Ի՞նչ կանեք այդ ժամանակ։ 

Պատկերացնել պետք չէ, որովհետև նման բան ինձ հետ եղել է, և վերջերս էլ շատ է պատահում, որ ձայնս կորցնում եմ։ Նույնիսկ ունեի «Ճամպրուկը» դրած, որ ձայնս կորցրել էի։ Ներկայացումը դրված էր, տոմսերը վաճառված էին, ու գնացել եմ բժշկի մոտ, որ սրսկել է դեղ և ասել՝ մեկ էլ Շառլ Ազնավուրին եմ սա արել։ Կոկորդն ընդամենը երկու ժամով բացվում է, որ կարողանաս խոսել, բայց հետո ավելի է փակվում։ Ուզում եմ ասել, որ շատ-շատ դաժան է, բայց դա էլ երևի նրանից է, որ շատ եմ խոսում (ծիծաղում է, հեղ․)։ Չէ՜, ավելի շատ ապրումների հետ է կապված, երբ շատ ապրումներ եմ ունենում։ «Կյանք ու կռվի» դերի նման՝ շատ ապրումից ձայնս կտրվում է։

Թատրոն, կինո․․․ կշեռքի երկու նժարներ, որոնք հավասարաչա՞փ են գործում, թե՞ կան տատանումներ։

Թատրոն, թե կինո՞։ Ասեմ, որ թատրոնում շատ-շատ բաներ, ինչ երազել եմ, իրականացրել եմ, և միշտ բավարարվածություն կա, ինչ էքսպերիմենտալություն, ինչ մտքի թիչք, ինչ հնարավոր է եղել, միշտ իրականացրել եմ։ Եվ միշտ կա բավարարվածությունը։ Կինոյում․․․ քանի որ այնտեղ շատ-շատ բան է կապված մեծ գումարներից, ռեժիսորից, սցենարից, որոնց պատասխանատուն ես չեմ, միշտ գտնում եմ, որ չեմ արել այն լավագույնը, որը կարելի էր անել, ու անընդհատ այդ կիսատության զգացողությունը կա և երևի հենց այն պատճառով, որ չիրականացած երազանքներ կան․ կինոն ավելի է ձգում։

Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ կա բեմից այս կողմ։ Իսկ ի՞նչ է կուլիսը․․․ չէ որ, ասում են՝ կուլիսն էլ ունի իր հոգեբանությունը, կյանքը, գուցե մի ամբողջ թատրոն էլ այն է։

Հետաքրքիր է, ընդամենը վարագույրի մի կտոր է առանձնացնում կուլիսը և հանդիսատեսին, բայց մեծ աշխարհների տարբերություն է։ Սկզբում՝ մինչ ներկայացումը սկսելը, ինձ թվում է՝ դերասանի համար, հատկապես պրեմիերային, կուլիսում գտնվելը ահավոր է, շատ-շատ ծանր է, և անկեղծ ասած, երևի առաջին հանդիպումը դեռ կուլիսից է տեղի ունենում, երբ զգում ես հանդիսատեսի շնչառությունը ու հասկանում, որ պիտի դուրս գաս ու այդ օրը հմայես, գրավես նոր, ուրիշ աշխարհ։ Բայց, մյուս կողմից էլ, այն իսկապես ուրիշ աշխարհ է, որովհետև բեմում դու կտրվում ես իրականությունից, հայտնվում բոլորովին այլ տարածությունում, այլ կյանքում ու ապրում ես այդտեղ, և կուլիսն է, որ քեզ նորից հիշեցնում է, որ դա խաղ է, և այն մեկ-երկու ժամից ավարտվելու է։ Այսինքն՝ հոգիդ ինչքան էլ թռիչքի մեջ է, ու կարող ես ամբողջությամբ տրվել, կուլիսը անընդհատ սթափեցնում է քեզ։ 

244938698 233455042094064 454348102075577203 n

Վերջերս Ձեր խաղացած մի քանի տասնյակ դերերին ավելացավ ևս մեկը, որը, թվում է, շատ սիրեցիք։ Խոսքը «Եվա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Եվայի կերպարի մասին է։ Ի՞նչ տվեց Ձեզ այս ֆիլմն ու Եվան։ Էլի Ձեր մանկության հետ զուգորդվող պատկերնե՞րն էին, որ սիրելի դարձրին այդ կերպարը, թե՞․․․

Ընդհանրապես, երբ մտնում ես մի գործի մեջ, պիտի շատ սիրես։ Ուզում եմ ասել, որ դա երևի դերասանի առանձնահատկությունն է․ պետք է կարողանա սիրել ամեն ինչը՝ էն, ինչ տրվում է իրեն, էն, ինչ պիտի խաղա ինքը, և այդ առումով, իհարկե, շատ եմ սիրել տրված այդ դերը, այդ հնարավորությունը, «Եվա» ֆիլմը, ռեժիսոր Անահիտ Աբադին։ Իսկ հիմա երբ նայում եմ, որ նկարահանումներ էին Շուշիում ու Քարինտակում, որոնք այս պահն մերը չեն, համարում եմ շատ թանկարժեք մի փաստ՝ որ մենք արվեստ ենք ստեղծել այդ տարածքներում։

Վերջին շրջանում Ձեր գործունեության մի կարևոր մասն էլ դարձավ տարբեր հեղինակների (դասական թե ժամանակակից) բանաստեղծությունների ընթերցումը, որը, որ շատ սիրվեց։ Ինչպե՞ս եք ընտրում, թե ինչ ընթերցել, որ հեղինակին ընթերցել։ 

Էլի վերադառնանք անկեղծությանը․ եթե նույնիսկ դիմացինին չի հետաքրքրում թեման, որից դու խոսում ես, բայց շատ անկեղծ ես խոսում, մարդը չի կարող անմասն մնալ, չի կարող ապրումակից չդառնալ։ Այդ առումով, բանաստեղծությունն ընտրելիս պիտի հոգուդ դիպչի, պիտի քեզ ցավեցնի, կամ, հակառակը, պիտի քեզ շատ ուրախացնի, պիտի զգաս, որ այն խաղաց հոգուդ հետ։ Երբ խաղում է հոգուդ հետ, դու էլ ես հետո կարողանում նույնը փոխանցել։ Ի վերջո, դերասանը էդ բառերը զգացմունքի վերածողն է։ Ու պետք է կարողանալ զգացածը, տեքստից ելածը փոխանցել։

Վերադառնալով մեր զրույցի սկզբին ու «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»-ին՝ ի՞նչ եք կարծում՝ մի օր Խաղաղության օվկիանոս կլինի։

Տարօրինակ է․ իրականում բոլոր մարդիկ հասկանում են, թե ինչքան կարևոր է խաղաղությունը, ինչքան թանկ է, բայց միաժամանակ, միևնույն է, անընդհատ կռիվներ են ու օրեցօր, տարեցտարի՝ ավելի ու ավելի շատ։ Չգիտեմ․․․ ես իրականում հույս չունեմ, որ քանի ղեկավարում է մարդը, ղեկավարը մարդիկ են, որոնք, մեկ է, կոնֆլիկտի են գնում, միշտ էլ լինելու են պատերազմներ։ Ուրիշ բան, որ ուղղակի մարդկությունն իսկապես աստվածավախ դառնա, իսկապես ունենա մի չափանիշ ու պատերազմի կարիքը չունենա։

Եվ վերջում՝ եթե մի օր հանդիպեք այն փոքրիկ աղջնակին՝ Նարինկային, ի՞նչ կասեք։

Կասեմ՝ միշտ կողքիս եղիր, երբեք չթողնես ինձ։ Միշտ թող քեզ նման ամեն ինչը նորից բացահայտեմ ու նորից զարմանամ ու նորից սիրեմ, ու․․․ չգա մի պահ, որ մտածեմ՝ կյանքն արդեն հետաքրքիր չէ։ Միշտ կարողանամ իր աչքերի պես, իր նման սիրել անկեղծ, հավատալ անկեղծ։ Ինձ թվում է՝ ինչպես նայում ես կյանքին, նա քեզ այդպես էլ պատասխան է տալիս, դրա համար չպետք է կորցնենք մեր միջի երեխային։

 

 

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 2226

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: