Անօգուտ հարցազրույց Քիքիի հետ
Քիքին (Գրիգոր Միքայելյան) ծնվել է 1956թ. նոյեմբերի 3-ին Երևանում: Դեռ խորհրդային տարիներին ստեղծել է տաշիստական գործեր: Երկրի փլուզումից հետո մեկնել է ԱՄՆ, իսկ եվրոպական արժեքների վերջնական փլուզումից հետո մինչ օրս շարունակում է ստեղծել տաշիստական «Բոբո»-ներ:
-Քիքի՛, նկարելը սովորական դառնո՞ւմ է:
-Ո՛չ: Սովորական դառնում է, երբ դա քեզ համար վերածվում է արհեստի, երբ անում ես որպես աշխատանք: Անունը դնում են արվեստ և զբաղվում մի ուրիշ գործունեությամբ: Իմ դեպքում, ինչպես որ եղել է առաջին անգամ՝ հրաշքի նման, այդպես էլ մնում է:
-Այսօր ի՞նչ ես նկարել:
-Անօգուտ, դատարկ էկրաններ: Դա ազատ, գեղեցիկ վիճակ է, մաքուր կտավի նման: Դա է անօգուտի իմաստը:«От интенсивности, сверхчувственности отсутствия, и причина возникновения мира», այս միտքն ինձ հուշեց նկարներ, որոնք հասունացել էին ինտիմ, փոքր և գերզգայուն լինելու համար:
-Իսկ որ ասում եմ դու, մտածում ես նկարի՞չ, թե՞ մարդ:
-Նկարիչ իհարկե, ինձնից ի՞նչ մարդ, անօգուտ մարդ եմ ես: Հազար անգամ ասեն իրենց ուզածները` կանեմ իմ ձևով:
-Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հնարավորություն տվեց քեզ…
-Մտածել բոլորովին մի ուրիշ կողմից, ազատվել շատ ու շատ նախապաշարմունքներից՝ սուտ գաղափարախոսություններից դուրս, ներշնչանքից դուրս:
-Ստից դուրս եկար, ի՞նչ ճշմարտություն գտար:
-Գտա «Բոբո»-ին՝ իմ հարազատ ընկերոջը, նա իմ դեռ չծնված ես-ն է:Մալևիչը նկարեց «Սև քառակուսին» և ասաց` վերջ արվեստին ձեր պատկերացրած, Քիքին նկարեց «Բոբո»` ասելով, որ մեծ քառակուսին չունի անկյուններ՝ դա արդեն բոբո է: Ո՛չ շարժում կա, հետևաբար ո՛չ դադար, ո՛չ էլ որևէ առանձին երևույթ, ուրեմն մեկն է միայն՝ ամբողջական սիրո մեջ ազատ ապրող էակ: «Чистая субстанция¦:
-Քիքի՛, ազատություն ես ընտրել, այլ ընտրություն կարո՞ղ էր լինել:
-Չէր կարող, որովհետև ընտրություն չկա: Ով որ դա գիտի, հանգիստ ընտրվում է որպես ազատ հոգի: Ազատությունն ինքն է ինձ ընտրել:
-Արվեստի շարունակությունը որտե՞ղ ես տեսնում:
-Արվեստը հենց ինքն իր շարունակությունն է, ինչպես որ ցանկացած այլ բան: Շարունակությունը ո՞րն է, երբ սկիզբ էլ չկա իրականում:
-Հետաքրքիր է՝ երբ ես փորձում եմ գտնել պատասխանները, դու հերքում ես հարցերը:
-Հավատում եմ, որ իրականությունը մեզ ոչ մի պահանջ չի ներկայացնում լինելու կամ չլինելու, անելու կամ չանելու:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես նկարում, երբ կյանքը ոչ մի պահանջ չի ներկայացնում:
-Ես չեմ նկարում, դա նման է բաց պատուհանի, երբ քամին ներս է մտնում:
-Վերջում ավելացնենք, որ դու պատվերով գիծ էլ չես գծի:
-«Դրախտի տոմսը ետ եմ տալիս աստծուն»,-ասում է Դոստոևսկին: Ես իմը չեմ էլ վերցրել: Այնպես որ, չունեմ պատճառ արժանանալու համընդհանուր դրախտին:
(ժպտում է (ենթադրում եմ)):
Զրուցեց նէն
- Created on .
- Hits: 5241