«ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԻՐՈ ՉԱՓԸ ՆՈՒՅՆԸ ՉԷ»․ ՄԵՐԻ ԴՈԼՄԱԶՅԱՆ
Cultural.am-ի զրուցակիցն է ալտահար Մերի Դոլմազյանը։
Ծնողներս շատ էին ուզում, որ երաժշտության ուղին ընտրեմ
Ծնողներս շատ էին ուզում, որ երաժշտության ուղին ընտրեմ
Հայրս` Սիմոն Դոլմազյանը, ջազ երաժիշտ է: Կոնտրաբաս է նվագում, Վահագն Հայրապետյան տրիոյի անդամ է։ Մանկությունս երաժշտության մեջ է անցել: Ներկայիս ջազային կյանքի մասնակիցներից շատերն այն ժամանակ մեր տանն էին փորձ անում։
Ծնողներս շատ էին ուզում, որ երաժշտության ուղին ընտրեմ: Չգիտեմ՝ ինչու ջութակն ընտրեցին, երևի ինձ հարցրել են, չեմ հիշում: Ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, ու սկսվեց իմ «դաժան» կյանքը։ Ճիշտ է՝ ծնողներս ինձ չէին փակում որևէ տեղ, որ պարապեի, բայց բոլոր դեպքերում լաց լինում էր։ Ինձ թվում է՝ նման ճանապարհ բոլորն են անցնում:
Հիմա էլ իմ ու հորս զրույցները երաժշտության մասին են: Շատ բաներ ես եմ նրա համար բացահայտում, շատ բաներ նա ինձ համար, խորհուրդներ եմ հարցնում, համեմատություններ ենք անում ջազի ու դասականի միջև։
Լարային գործիքով ջազն ինձ ոչ մի կերպ չհամոզեց
Երկար ժամանակ մտածում էի՝ միգուցե ջազը իմն է։ Փորձեցի շեփոր նվագել, հետո ծուլացա, բայց ինձ ոչ մի կերպ չհամոզեց լարային գործիքով ջազը, այդպես էլ այդ տեսակը չսիրեցի:
Մի առիթով ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանին ասացի, որ Գրափելլիի ոճը շատ չեմ սիրում, ասաց՝ լավ, դու գնա, Մարկ Ֆելդման լսիր։ Լսեցի։ Այդ տեսակ ջազը շատ նման է ժամանակակից դասականին: Ջազն ու դասականը առանձին զարգացում ունեն, բայց մտածում եմ՝ հնարավոր է՝ ինչ-որ մի օր միաձուլվեն:
Ինքս ընտրեցի ալտը և շատ երջանիկ եմ
Միշտ սիրել եմ ջութակը։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ութ-իններորդ դասարանում որոշեցի ալտահար դառնալ։ Ասում են, թե թույլ ջութակահարներն են փոխում ալտի, որ մի կերպ մի բան նվագեն: Հիմա ալտահարները շատացել են, կարծրատիպերը զիջել են իրենց դիրքերը։
Ինքս ընտրեցի ալտը և շատ երջանիկ եմ։ Ոչ հաճախ, բայց երբեմն վերադառնում եմ ջութակին։
Գործիքն ինձ համար արտահայտչամիջոց է
Երբ կա երաժշտություն, երբ դու զգում ես երաժշտությունը և հասկանում՝ ինչ պիտի նվագես, նոր սկսվում է ֆիզիկականը՝ ինչ պիտի արվի, ինչպես պիտի արվի:
Գործիքն ինձ համար արտահայտչամիջոց է։ Շատ սիրում եմ գործիքս, բայց ինձ թվում է՝ եթե ես լավ դաշնամուր նվագեի կամ ցանկացած այլ երաժշտական գործիք, էլի շատ լավ կլիներ իմ կյանքում։
Միշտ ցանկություն եմ ունեցել մեկ այլ գործիքի տիրապետելու: Սկզբում հորս կոնտրաբասն էի վերցնում, հետո փորձեցի շեփոր նվագել, ծուլացա ու չնվագեցի: Լարային բաժնում սովորելու տարիներին ավելի մեծ ակտիվությամբ սկսեցի դաշնամուր պարապել և վերջնականապես հասկացա՝ այդ գործիքն ինձ համար չէ:
Սիրում եմ բեմի վրա լինել
Տասնմեկ տարի է, ինչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում եմ։ Սիմֆոնիկ երաժշտություն շատ եմ սիրում։
Առաջին ելույթս չեմ հիշում: Միգուցե հաշվետու համերգ է եղել դպրոցում:
Սիրում եմ բեմի վրա լինել․ դա ինձ մեծ հաճույք է պատճառում։ Կարևոր է նվագելիս ունկնդրի հետ տեսողական կապի մեջ լինելը։ Որևէ համերգ առանձնացնել չեմ կարող․ և՛ անսամբլային, և՛ անհատական ելույթներս շատ կարևոր են եղել ինձ համար։
Ստեղծագործություն հնչեցնելու համար ֆինանսական աջակցություն է պետք
Դժվար է գրածդ ստեղծագործությունը հնչեցնելը, որքան էլ մեծ լինի ընկերական շրջապատը։ Իմ դեպքում մի փոքր ավելի հեշտ է, քանի որ կատարող եմ ու շատ կատարող ընկերներ ունեմ, բայց միայն ծայրահեղ դեպքում թույլ կտամ, որ այդ ամենը ընկերական լինի: Գործ հնչեցնելու համար ֆինանսական աջակցություն է պետք:
Լավ հնարավորություն են երաժշտական փառատոները, երբ ստեղծագործությունդ կատարվում է, և դու կարիք չունես այդ ծախսերը հոգալու: Եվ հետո փառատոների ժամանակ ավելի շատ մարդիկ են ներկա լինում, լսում քեզ, քան այլ համերգների:
«Վարդանյան» լարային քառյակը
Ժամանակին ունեինք «Վարդանյան» լարային քառյակ: Քառյակի առաջին ջութակը Աստղիկ Վարդանյանն էր: Ընդունված բան է առաջին ջութակի ազգանվամբ քառյակը կոչելը:
Երկար չգոյատևեցինք, բայց ես շատ բան սովորեցի քառյակի կազմում։ Աստղիկ Վարդանյանը ֆանտաստիկ ջութակահարուհի է, այժմ Ազգային կամերային նվագախմբի կոնցերտմայստերն է: Նրանից ու մյուս գործընկերներիցս շատ բան եմ սովորել։ Քառյակի գործունեության երկու-երեք տարիների ընթացքում լարային քառյակի հսկայական երգացանկ ենք ներկայացրել։ 2011թ․-ին մեր «Վարդանյան» քառյակը վարպետության դասեր անցավ Անգլիայում հայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրյանի, «Չիլինգիրյան» քառյակի և անվանի երաժիշտների ղեկավարությամբ:
«Չիլինգիրյան» լարային քառյակի երաժիշտներն էլ մեկը մյուսից ֆանտաստիկ են։ Ոչ միայն լավ կատարողներ են, այլև լավ մանկավարժներ։ Հագեցած ծրագիր էր։ Անվերջ պարապում էինք, եղանակային պայմաններն էլ մյուս կողմից՝ ամառ էր, բայց անընդհատ անձրևներ էին։ Պարապելուց հետո միայն քնելու մասին էինք երազում։
Ճիշտ է՝ կազմն այժմ չի գործում, բայց երբ կարոտած ենք լինում, հավաքվում ենք ու նվագում միասին։
Երաժիշտների նպատակը, սիրո չափը նույնը չէ
Գործընկերներ ունեմ, ովքեր վատ են արձագանքում, երբ ժամանակակից երաժշտության անուն եմ տալիս, կատարելու ցանկություն չունեն: Կան մարդիկ, ովքեր շատ չեն սիրում, բայց կարող են հնչեցնել: Երաժիշտների նպատակը, սիրո չափը նույնը չէ: Հնարավոր է՝ խնդիրն այն է, որ ժամանակակիցը դասականից շատ տարբեր է և՛ կատարման, և՛ ունկնդրման առումով, պետք է պատրաստված լինես։
Այնպես չէ, որ արտասահմանում բոլորի ուշքը գնում է ժամանակակից երաժշտություն նվագելու համար, բայց ուսման ընթացքում պարտադիր ընդգրկված են ժամանակակից ստեղծագործություններ, այդ թվում՝ ուսանող կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կան բազմաթիվ գործող անսամբլներ, որոնք կատարում են հիմնականում ժամանակակից երաժշտություն:
Ինքս ժամանակակից երաժշտություն ներկայացնելու շատ քիչ առիթներ եմ ունեցել: Սոլո նվագեցիր, բա մնացա՞ծը. հիմնականում կամերային կազմերի համար գործեր են։
Երազում եմ ժամանակակից երաժշտության անսամբլ ունենալու մասին
Ալտի համար գրված լեգենդար գործեր կան, որոնք անպայման պետք է նվագեմ։ Դրանք տեխնիկապես բավականին բարդ են, բայց հուսամ՝ կհաղթահարեմ:
Չեմ դադարում մտածել՝ ինչպես կարելի է ժամանակակից երաժշտության անսամբլ ստեղծել, հարցուփորձ եմ անում գործընկերներիս: Որքան էլ մեծ լինի ցանկությունս, չեմ կարողանա աշխատել մարդկանց հետ, ովքեր չեն ուզում անել դա: Համագործակցելու համար պիտի նույն երաժշտական մտածողությունն ունենաս:
Կամերային երաժշտության երեկոն
Վաղուց ուզում էինք նվագել Բրամսի «Երկու երգը», որը կատարեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հենց Բրամսից էլ ծնվեց փետրվարի 21-ի համերգի գաղափարը: Սկսեցինք փնտրել՝ էլ ինչ ստեղծագործություններ կան մեր կազմի համար, քանի որ ոչ ավանդական կազմ է՝ դաշնամուր, ալտ և ձայն:
Գտանք մի գործ, որն առաջին անգամ էր Հայաստանում հնչում: Կոմպոզիտորը մինչ այդ անծանոթ էր ինձ: Անգլիացի կոմպոզիտոր Ֆրանկ Բրիջն էր, ով նման կազմի համար գործեր ունի։ «Երեք երգը» մեզ դուր եկավ, հաճույքով նվագեցինք։
Քանի որ Բրամս էինք նվագում, չէինք կարող չընդգրկել Սոնատը ալտի և դաշնամուրի համար։ Հնչեց նաև Շումանի «Ֆանտաստիկ պիեսները»։ Վերջին գործերը կլարնետի համար են գրված։ Մենք կատարեցինք փոխադրումները։ Ի դեպ, Սոնատը Բրամսն ինքն է փոխադրել։
Կամերային երաժշտության երեկոյի կազմով բազմաթիվ ելույթներ ենք ունեցել։ Կարինե Հովհաննիսյանն (դաշնամուր) ու Տաթևիկ Մովսեսյանն (սոպրանո) ինձ պես բարոկկո երաժշտության սիրահարներ են։ «Արվեստը մարզերում» ծրագրի շրջանակներում մեր սիրելի երաժշտությունը ներկայացրել ենք մի քանի մարզերում։ Մեզ հետ էինք տանում նաև կլավիսին։ Համերգից հետո մարդիկ կարող էին մոտենալ, տեսնել այն, մեզ ուղղել իրենց հարցերը։
Երևանից դուրս մարդիկ մշակութային միջոցառումների կարոտ են։ Երբ իմանում են, որ համերգ է լինելու, մրջյունների պես հավաքվում են այդ տարածքում, ուզում են գալ, տեսնել, լսել։
Ալտահարն ու կոմպոզիտորը
Երբ շատ ես երաժշտություն լսում և նվագում, կուտակումներն էլ շատ են լինում, ուզում ես ստեղծագործել։ Իմ դեպքում այդպես էր: Մինչ կոմպոզիցիայի բաժին ընդունվելը, ժամանակակից երաժշտությանը թեթևակի էի ծանոթ։ Ինչ-որ բաներ նվագել էի՝ Քշիշտոֆ Պենդերեցկի, Գրաժինա Բացևիչ։ Զգայական մակարդակում ժամանակակիցն ինձ դուր էր գալիս։
Երբ ընդունվեցի, սկսեցի ուրիշ տեսանկյունից ուսումնասիրել, ուրիշ ստեղծագործություններ լսել, հասկանալ՝ ուր է աշխարհը։ Չէի պատկերացնում, որ այդքան հեռու է գնացել։
Օրեր անց Սանկտ Պետերբուրգում կհնչի իմ «Տրիո-Սոնատ» ստեղծագործությունը։ Այն հեղինակել եմ «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնած «Արվեստի եռօրյա ակադեմիայի» շրջանակներում։ Շատ կուզեի, որ ակադեմիան շարունակվեր ու ընդլայներ իր գործունեության մասշտաբները․ մեծ օգուտ կտար երիտասարդ ստեղծագործողներին։
Զրուցեց Աննա Կարապետյանը
Լուսանկարը՝ Գևորգ Պերկուպերկյանի
- Created on .
- Hits: 3121