Անուշ Նիկողոսյան. Մեր ունեցած երաժշտական կրթության որակը մտահոգիչ է

 

Մոտ մեկ տարի առաջ մեկնարկեց «Դասականը բոլորի համար» նախագիծը, որի հեղինակը և գեղարվեստական ղեկավարն է ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը։ Նա սովորել է Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, ջութակահար Պետրոս Հայկազյանի դասարանում, այնուհետև մի քանի տարի ուսանել է Հայաստանի Ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ: Այնուհետև ուսումը շարունակել է Մյունխենում՝  պրոֆ. Քրիստոֆ Պոպպենի դասարանում, իսկ 2013-ից նրա ղեկավարը եղել է պրոֆ. Ջուլիա Ֆիշերը: 2001-2005 թվականներին ստացել է Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակ: Մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Կարինթիայի սիմֆոնիկ, Մանհայմի Կուրպֆալց կամերային, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Կաունասի կամերային և այլ հայտնի նվագախմբերի հետ։ Որպես կամերային երաժիշտ՝  նա պարբերաբար մասնակցում է տարբեր փառատոնների և ներկայացնում կամերային երաժշտացանկ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիա Ֆիշերը, Քիմ Քաշքաշյանը, Նիլս Մոնկեմեյերը, Սերգեյ Կրիլովը, Պավել Վերնիկովը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիո Բրունելոն։ 2013 թվականից Անուշ Նիկողոսյանը նվագում է Գվադանինի ջութակով (Միլան, 1753)։ Անուշի հետ զրուցել ենք իր նախագծից, համագործակցություններից  և անցած երաժշտական ուղուց։

 

Ջութակ սկսել եք նվագել հինգ տարեկանից, այդ տարիքում միանգամից սիրեցի՞ք գործիքը, թե՞ Ձեզանից երկար ժամանակ պահանջվեց այն սիրելու համար։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ քույրս դարձավ յոթ տարեկան և սկսեց հաճախել դաշնամուրի։ Նրա հետ երգեցողություն պարապող ուսուցչուհին առաջարկեց ծնողներիս, որ տան փոքրին էլ՝ այսինքն ինձ, տանեն ջութակի։ Երբ այդ միտքը մտավ գլուխս, ես սկսեցի ծնողներիս հանգիստ չթողնել, անընդհատ համոզում էի, հարցնում էի՝ երբ են ինձ տանելու ջութակի։ Անգամ քանոն ու մատիտ էի վերցնում ու անվերջ փորձարկումներ անում։ Այդպես տարվա կեսից սկսեցի հաճախել ջութակի դասերի։ Սկզբում դեռ իմ սեփական ջութակն էլ չունեի, գնում էի դասի և մյուս երեխաների ջութակով էի նվագում, այդ պատճառով ավելի դժվար էր։ Որոշ ժամանակ անց ծնողներիս համոզեցի, որ ինձ համար գործիք գնեն։ Ես պետք է խոստանայի, որ տիկնիկ չեմ ուզում, այլ ջութակ եմ ուզում և լուրջ եմ պարապելու։ Այսինքն՝ ես ջութակ չեմ սկսել նվագել ուղղակի հաճույքի համար, ամեն օր պետք էր պարապել երեք ժամ։

Արդյո՞ք ջութակը խանգարել է Ձեզ վայելել մանկությունը, որովեհտև, սովորաբար, երբ երեխաները սկսում են ինչ-որ երաժշտական գործիք նվագել, ստիպված են լինում գրեթե մոռանալ բակային խաղերը։

Կարող եմ ասել, որ այդ առումով ես շատ նորմալ երեխա չեմ եղել և բակ ընդհանրապես չեմ իջել, մանկապարտեզ էլ շատ քիչ եմ հաճախել։ Ասեմ ավելին՝ բակում խաղացող երեխաների աղմուկն ինձ խանգարում էր, և ես խնդրում էի փակել պատուհանը։ Ես դրան հիմա նորմալ չեմ վերաբերվում և իմ երեխաներին երբեք չեմ ասի՝ նստեք տանը և միայն ջութակ պարապեք, ուրիշ հետաքրքրություններ մի ունեցեք։ Ուղղակի այդ ամենն ինձ չէր հետաքրքրում, և դրանց փոխարեն ջութակը լրացրեց հետաքրքրություններիս շրջանակը։ Ես մեծ հաճույք էի ստանում, երբ նվագում էի, իսկ մայրս  ինձ հետ պարապում էր։ Նա երաժիշտ չէր, բայց ամբողջությամբ ընկալում էր այն, ինչ ասում էր ուսուցիչը, և գալիս էր տուն ու հետևում, որ ամեն ինչ անեմ։ Ու այդպես շարունակվել է երկար տարիներ։ Այնպես որ ես իմ մանկությունից չեմ դժգոհում, որովետև ամեն ինչ արել եմ հաճույքով։

Երևանում Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվեցիք Մյունխեն՝ այնտեղ ուսումը շարունակելու։ Կպատմեք մի փոքր եվրոպական կրթական համակարգի մասին՝ զուգահեռներ անցկացնելով հայաստանյան կրթական համակարգի հետ։

Ինձ թվում է՝ իմ բախտը բերել է այնքանով, որ  ես այն ժամանակ եմ Հայաստանում սովորել, երբ, չեմ ուզում՝ վիրավորական հնչի, բայց այստեղ երաժշտական դպրոցը որակյալ կրթություն էր տալիս։ Ես սովորել եմ Սայաթ-Նովայի և Չայկովսկու անվան դպրոցներում։ Այն ժամանակ լավ իմաստով մրցակցություն կար։ Ինձ համար օրինակ էր նաև մեզանից մեծ աշակերտների սերունդը։ Այդ սերնդի ներկայացուցիչները շատ վառ դեմքեր էին, որոնցից կարելի էր շատ բան սովորել։ Մենք գնում էինք նրանց հաշվետու համերգներին։ Այդ հաշվետու համերգներին նրանց լսելն ինձ շատ էր մոտիվացնում։ Մինչև Մյունխեն գնալս սովորել եմ Էդուարդ Թոփչյանի մոտ, ում հետ սովորեցի շատ ավելի մանրամասն և հանգամանալից աշխատել յուրաքանչյուր նոտայի ու ֆրազի վրա։ Մենք ծախսում էինք շատ դասաժամեր՝  ստեղծագործության թեկուզև մեկ-երկու էջի  վրա աշխատելու համար, և դա շատ կարևոր շրջան էր ինձ համար։ Ես հասկացա, որ ստեղծագործության ամեն նոտան, ֆրազը չափազանց կարևոր է և կարիք ունի այնպիսի մանրամասն աշխատանքի, որ հասցվի անթերի մակարդակի։ Այդ չափանիշների ձեռքբերումը շատ կարևոր էր իմ ստեղծագործական ճանապարհին։ Մյունխեն տեղափոխվելս էլ ինքնանպատակ չէր, ես գնացի այնտեղ՝ սովորելու Քրիստոֆ Պոպենի դասարանում, ով փայլուն երաժիշտ և բարոկկո երաժշտության մասնագետ է։ Ես սխալ եմ համարում գնալ արտասահման ուղղակի սովորելու, որովհետև մեր մասնագիտության մեջ ամենակարևորը այն է, թե ում մոտ ես գնում սովորելու, այլ ոչ թե՝ որ երկիր ես գնում։ Իհարկե երկիրն էլ, մթնոլորտն էլ, հնարավորություններն էլ կապ ունեն երաժշտի ապագայի ձևավորման հարցում, բայց ավելի կարևոր է, թե կոնկրետ որ մասնագետի մոտ ես գնում սովորելու, որովհետև ես գիտեմ դեպքեր, երբ արտասահմանում սովորելը ոչ թե օգուտ է տվել երաժիշտ-կատարողին, այլ վնաս, որովհետև երաժիշտ-կատարողը սխալ ուսուցչի մոտ էր սովորել։

Իսկ Գերմանիայի տված հնարավորություններն ինչպիսի՞ն էին։

Պետք է ասեմ, որ Երևանի կոնսերվատորիա շատ չեմ հաճախել, այդ տարիներին ես միշտ կենտրոնացած եմ եղել միայն առավոտից երեկո պարապելու վրա։ Ես սովորել եմ արդեն Մյունխենում՝ այն էլ համատեղելով։ Այդ պատճառով մթնոլորտի մասին մեծ դատողություններ չեմ կարող անել։ Ամեն դեպքում Գերմանիայում կա հաղորդակցվելու, իրար հետ երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն։ Մենք հաճախ նույն դասարանում աշակերտներով միմյանց լսում էինք, խորհուրդներ էինք տալիս, իրար համար կատարում էինք, ինչը շատ կարևոր է։ Այստեղի համեմատ՝ կարևոր է նաև այն, որ Գերմանիայում այնքան շատ դասախոսություններ չկային, ինչքան այստեղ։ Երբ ես Հայաստանում ընդունվեցի առաջին կուրս, ժամը տասից մինչև հինգը զբաղվածություն ունեի, և դա հնարավոր չէր այն դեպքում, երբ ես ուզում էի ամեն օր հինգից վեց ժամ և նույնիսկ ավելի ջութակ պարապել, այդ դեպքում լրիվ անհնար էր դառնում ժամանակը վատնել այնպիսի դասերի վրա, որոնք ինքս էլ կյանքի ընթացքում չեմ կիրառել, որովհետև դա այն ժամանակն է, երբ երաժիշտը, կատարողը իրեն ամբողջությամբ պետք է նվիրի պարապելուն և իր տեխնիկական վիճակը զարգացնելուն։ Մենք Կոնսերվատորիայում անցնում էինք, օրինակ, անգլերեն, հայոց լեզու կամ հայոց պատմություն, որոնց պարտադիր ուսուցումը ավելի ճիշտ կլիներ փոխարինել կամընտրական ուսուցմամբ։ Մյունխենում այդքան դասախոսություններ, օրինակ, չկային, ինչը հնարավորություն էր տալիս օրն ավելի ազատ կազմակեպել և  ավելի շատ ժամանակ տրամադրել  պարապելուն։

Ձեր ամենահետաքրքիր համագործակցությունը կարո՞ղ եք հիշել։

Ճիշտն ասած, շատ կան՝ սկսած իմ ուսուցչուհուց՝ Ջուլիա Ֆիշերից, ում մոտ ես չորս տարի սովորել եմ Գերմանիայում, և իր հետ այլևս ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները չեն եղել, որովեհտև նրա մոտ ես գնացել եմ արդեն հասուն տարիքում։ Դա նույնպես շատ հետաքրքիր շփում էր, որովեհտև ես արդեն պատրաստի գործեր էի տանում նրա մոտ և մեր դասերն անցնում էին հարցուպատասխանի միջոցով։ Նա նվագում էր, ես հարցնում էի՝ ինչու այնպես կամ ինչու՝ ոչ։ Դրանից առաջ հետաքրքիր համագործակցություն էր Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցությունը, որովեհտև այդ շփումով ինձ համար բացվեցին երաժշտության լրիվ նոր գաղտնիքներ, որոնց մասին մինչ այդ պատկերացում չունեի։ Լրիվ ուրիշ է, երբ կատարող երաժշտի հետ ես շփում ունենում, ով ոչ միայն գործիք նվագող երաժիշտ է, այլև դիրիժոր, ով ավելի լայնամասշտաբ պատկերացում ունի դասական երաժշտության մասին։

Եկեք մի փոքր խոսենք «Դասականը բոլորի համար» նախագծից, որի գեղարվեստական ղեկավարն եք։ Կպատմե՞ք նախագծի մասին, ինչպե՞ս ծնվեց այն ստեղծելու գաղափարը և ինչո՞վ է այն առանձնահատուկ։

«Դասականը բոլորի համար» նախագծի գաղափարը ծնվեց Գերմանիայում տեղի ունեցող իմ հերթական հյուրախաղերից հետո։ Այնտեղ փոքր կազմով Վիվալդիի «Տարվա եղանակներն» էինք նվագում, և այդ ժամանակ ես իսկապես շատ ափսոսացի, որ այդ երաժշտությունը Հայաստանում այնքան հաճախ չի հնչում։ Մտածեցի, որ կարելի է մի քանի երաժիշտների հետ Հայաստանի մի քանի մարզերում այդ երաժշտությունը հասանելի դարձնել, որովեհտև շատ պատճառներով այդ երաժշտությունը մարզերում չի հնչում։ Ցավոք, մեր երկրում ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում և բոլոր միջոցառումները արվում են Երևանում, ու մարզերում այդքան հնարավորություն չկա մարդկանց կյանքը լցնելու երաժշտությամբ։ Հիմա ավելի շատ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, քան առաջ, իհարկե, բայց եթե մենք էլ մեր լուման ներդնենք այդ հարցում, մեծ գործ կլինի։ Ինչու՞ որոշեցինք Վիվալդի նվագել։ Որովհետև կարծում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքում թեկուզ մեկ անգամ լսել է Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը, և մենք հատուկ մոտեցում ունենք այդ երաժշտության հանդեպ, մենք չենք կատարում այնպես, ինչպես ընդունված է, մենք կատարում ենք փոքրիկ կազմով և օրիգինալին ավելի մոտ։ Այսինքն՝ կատարում ենք՝ փորձելով պահպանել բարոկկո երաժշտության օրենքները, և ստեղծագործությունները նվագել այնպես, ինչպես Վիվալդին գրել է, որովհետև տարիների ընթացքում գուցե այն ծանրացել է, տեմպերը դանդաղել են և այլն։ Աուտենտիկ նվագի օրենքներին համապատասխանում է նաև այն, որ փոքրիկ խմբով (10 հոգի) ենք նվագում և մեզ մեծ սրահ կամ բեմ հարկավոր չի լինի, ինչը կհեշտացնի մեր ելույթները մարզերում, որովհետև ոչ բոլոր տեղերում կան դահլիճներ։

Միայն Վիվալդի՞ եք նվագելու։

Վիվալդիի  «Տարվա եղանակներ»-ը և Բախի երկու Բրանդենբուրգյան կոնցերտներն ենք նվագելու, որպեսզի շատ ծանր չլինի։ Մենք պատրաստվում ենք նաև  փոքրիկ վարպետության դասեր անցկացնել մարզերում, ծանոթացնել հանդիսատեսին այն գործիքներին, որոնք մենք նվագում ենք։ Պատրաստ ենք նաև համերգից առաջ պատասխանել հանդիսատեսի բոլոր հարցերին։ Կարծում եմ՝ դա մեծ հնարավորություն կտա մարզերում երեխաների մեջ դասական երաժշտության հանդեպ սեր ներշնչել, մոտիվացնել և հասկացնել, որ դասական երաժշտությունը ծանր ընկալելի չէ։

Իսկ ո՞ր տարիքային խմբերի համար են նախատեսված վարպետության դասերը։

Համոզված եմ, որ այնտեղ շատ մեծ ընտրություն չի լինելու։ Կարծում եմ՝ ամեն երաժշտական դպրոցի տնօրեն կներկայացնի լավ աշակերտներին, և նրանց հետ էլ մենք կանցկացնենք վարպետության դասերը։ Բայց դա էլ հստակ չէ, որովհետև ամեն ինչ կախված է կոնկրետ այդ մարզից և քաղաքից։

Այս նախագծի շրջանակներում սկսեցիք համագործակցել «Ասոնանս» անսամբլի հետ։ Կպատմե՞ք այդ մասին։

Այո, իրականում շատ պատահական ստացվեց մեր համագործակցությունը։ Երբ մտածում էի, թե ում հետ համագործակցեմ երաժիշտներից, հասկացա, որ կարող եմ համագործակցել «Ասոնանս» անսամբլի հետ, որտեղ նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները։ «Ասոնանս»-ի երաժիշտները շատ լավ երաժիշտներ լինելուց բացի, նաև շատ էնտուզիաստիկ են, ինչը պակաս կարևոր չէ։ Այսինքն՝ իրենք սահմանափակ մտածելակերպ չունեն և պատրաստ են երաժշտությունը նորովի մեկնաբանել։ Ես շատ եմ սիրում, երբ երաժիշտները պատրաստ են համագործակցել, նոր շունչ տալ ստեղծագործությանը, որը հազար անգամ լսվել և տարբեր մեկնաբանություններ է արդեն ստացել։ Ինքս աշխատանքի ընթաքցքում մեծ հաճույք եմ ստացել նման մարդկանց հետ համագործակցությունից։  Հաճախ աշխատանքի ընթացքը գուցե ավելի կարևոր է, քան բուն համերգը։ Համերգն ընդամենը մեկ կամ մեկուկես ժամ է տևում, բայց այդ աշխատանքի ընթացքը թևեր է տալիս։ Ինձ համար շատ կարևոր է, թե ում հետ եմ անցկացնում փորձերը, քանի որ կան երաժիշտներ, ովքեր ինձ համար բացում են նոր հնարավորություններ։

Խոսեցիք այն մասին, որ մարզերում մարդիկ ունեն դասական երաժշտության մասին սխալ ընկալումներ, իսկ արդյո՞ք Երևանում մարդիկ չունեն դասական երաժշտության մասին սխալ ընկալումներ, որ այն ծանր է, դժվար է ընկալվում և այլն։

Անկասկած։ Ես կարծում եմ, որ դասական երաժշտության հետ շփումը պետք է սկսվի շատ վաղ տարիքից՝ երեխաներին դաստիարակելու համար։ Մենք տանը, որպես այդպիսին, անընդհատ դասական երաժշտություն չենք լսում։ Ես պարապում եմ, բայց այդ պարապմունքներից դուրս նախընտրում եմ լռություն, որովհետև պարապելիս անընդհատ երաժշտության մեջ եմ լինում։ Սակայն, գիտակցելով դասական երաժշտության անհրաժեշտությունը, երեխային քնեցնելիս միացնում եմ լավ ձայնագրություններ, որպեսզի իր մոտ այն նստվածք թողնի, որովեհտև ամեն դեպքում՝ դասականի համար ականջը պետք է վարժված լինի, լրիվ անպատրաստ ականջի համար այն հեշտ չի ընկալվում։ Ցանկացած ծնող կարող է այնպես անել, որ իր երեխայի ճաշակը զարգանա, և նա շփում ունենա դասական երաժշտության հետ։ Դասական երաժշտության հետ շփման բացակայությունը մեծ բացթողում է։ Ցավոք, մեր ժամանակակից սերունդը դասական երաժշտությունն ընկալելու հետ կապված խնդիր ունի։ Բայց բավական է ցանկացած ստեղծագործություն դնել, որ այն ուղղակի հնչի ինչ-որ սենյակում, համոզված ասում եմ, որ հաջորդ օրն այդ մարդը այդ երաժշտությունը հաճույքով է լսելու։ Բայց դա անելու համար նախ մարդիկ պետք է մի փոքր իրենց նեղություն տան և այդ երաժշտությունը նախ լսեն։

Այսինքն՝ խնդիրն ավելի արմատական է, ծնողը չի տալիս, երեխան էլ չի վերցնում։

Այո, եթե տանը հաճախ հնչի դասական երաժշտություն, երեխան էլ կլսի և կսովորի այն սիրել։ Իհարկե շատ ավելի հեշտ է ընկալել երգը, որովհետև այն ունի բառեր, և երեխան հասկանում է, թե երգն ինչի մասին է, իսկ դասական երաժշտության դեպքում այդպես չէ։ Երբեմն պատահում է, երբ տաքսու վարորդը դասական երաժշտություն է միացնում։ Ես շատ եմ ուրախանում և անպայման հարցնում եմ, թե ինչն է եղել պատճառը, որ վարորդը եկել է դեպի դասական երաժշտությունը։

Իսկ ի՞նչ պատասխաններ եք ստացել։

Մեկն ասաց, օրինակ, որ այդ երաժշտության տակ ինքը հանգստանում է, և այն իր մոտ էմոցիոնալ հանգստություն էր առաջացնում։ Այդ մարդը ժամանակին, կարծեմ, օդաչու էր եղել, Արցախյան պատերազմի մասնակից էր։ Ինձ համար դա իսկապես շատ ուրախալի էր և հուսադրող։

Ի՞նչ եք կարծում, պետական մակարդակով ինչպիսի՞ մոտեցում է անհրաժեշտ, որպեսզի դասական երաժշտության հանդեպ ներկայիս ընկալումները փոխվեն։

Կարծում եմ՝ մի քանի տարի առաջ հեռուստատեսության կարևոր ալիքներով ցածրորակ երաժշտություն էր պրոպագանդվում, ինչը վերջին տարիներին շատ է պակասել։ Հիմա դասականին ավելի շատ է ուշադրություն դարձվում, պետական մակարդակով շատ կոլեկտիվներ են ֆինանսավորվում, ինչը շատ ողջունելի է։ Այսինքն՝ այս պահին պահին շատ մեծ աշխատանք տարվում է, որպեսզի դասական երաժշտությունը առավելություն ստանա։ Իսկապես շատ ակնհայտ զգում եմ դա, բայց ինչ վերաբերում է դպրոցին և ուսման համակարգին, ապա սա մեկ օրվա հարց չէ։ Դպրոցներում եղած որակը տարիների ընթացքում անկում է ապրել, և մենք հիմա շատ լավ ուսուցիչների ու մասնագետների կարիք ունենք։ Հաճախ, երբ ինձ հարցնում են, թե իրենց երեխային ո՞ր ուսուցչի մոտ խորհուրդ կտամ տանել, ես դժվարությամբ եմ պատասխան գտնում, և դա շատ լուրջ հարց է: Ընդհանրապես այսօրվա որակը չենք կարող համեմատել 20-30 տարի առաջվա հետ։

Իսկ ուսուցիչների սակավության պատճառը ո՞րն է։

Երևի շատ լավ երաժիշտները գնացել են այն վատ տարիներին, և քանի որ վարձատրությունը Կոնսերվատորիայում ցավալիորեն քիչ է, ոչ ոք իր կյանքը չի կարողանում պատկերացնել Կոնսերվատորիայում դասավանդելիս։ Այդ պատճառով շատերը ստիպված լքում են հայրենիքը՝ սկսելով դասավանդել աշխարհի առաջատար համալսարաններում։

Այստեղ դեռ ապրելու խնդիրը շարունակվում է։

Միանշանակ։ Որպես նվագախմբի երաժիշտ կամ մենակատար՝ կարելի է ավելի շատ գումար վաստակել, բայց երբ խոսքը  վերաբերում է դասավանդելուն, դա խնդիր է, որովհետև խոսքը գնում է շատ չնչին գումարների մասին այն պարագայում, երբ յուրաքաչյուր լավ երաժիշտ իր կյանքում մեծ գումար է ծախսում իր ուսման վրա։

Տուժում է երաժշտությունը։

Տուժում է ապագա սերունդը։ Մենք իսկապես շատ լուրջ պետք է վերաբերվենք ուսման հարցին, այլապես 5-10 տարի հետո շատ վատ կլինի վիճակը։ Ինձ համար շատ դժվար է, օրինակ, պատկերացնել որևէ աշակերտից կամ ուսանողից ամեն դասից հետո մի կլորիկ գումար պահանջելը, որովեհտև կարծում եմ, որ դա լիովին փչացնում է մարդկային հարաբերությունները աշակերտի հետ, և մտածում եմ, որ ֆինանսական հարցերը չպետք է մտնեն դասարան, բայց չեմ էլ մեղադրում իհարկե, որովհետև ապրելու խնդիրը առկա է։ Կարծում եմ՝ այդ հարցը պետք է վերանայվի, և դա շատ կարևոր է ապագա սերունդ ունենալու համար։ Մենք ունենք շատ փայլուն երաժիշտներ՝ աշխարհի տարբեր անկյուններում սփռված, բայց Հայաստանում շատ կարևոր է ունենալ լավ երաժշտական դպրոց, որը կար 40-50 տարի առաջ, և որը մենք չունենք այսօր։ Այն ժամանակ, եթե նույնիսկ երեխան ինչ-որ արտասովոր տաղանդով աչքի չէր ընկնում, միևնույնն է, ուսուցիչն այնպես էր տիրապետում իր գործին և այնպիսի հետևողականությամբ և նվիրումով էր աշխատում երեխայի հետ, որ շատ երեխաներ հաջողություններ էին գրանցում։

Ձեր առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։

Այս պահին մի քիչ դժվար է ծրագրերից խոսել, որովեհտև 2020 թվականի բոլոր համերգները կորոնավիրուսի պատճառով անընդհատ չեղարկվում են։ Հոկտեմբերի երեքին Ֆրանկֆուրտում պետք է ելույթ ունենայի նվագախմբի հետ, բայց չգնացի, որովեհտև այնտեղ  կորոնավիրուսով վարակվածների թիվն աճեց, այնուհետև պատերազմի պատճառով թռիչքը չեղյալ համարվեց: Դեկտեմբերի 8-ին, սակայն, պատրաստվում ենք ձայնագրել Շումանի դաշնամուրի և ջութակի համար գրված ստեղծագործությունները դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ։ Այս ձայնագրությունն իրականում պետք է լիներ համերգ, բայց կորոնավիրուսի պատճառով այդպես էլ չկարողացանք համերգը ի կատար ածել։ Երեք անգամ հետաձգեցինք այն և վերջապես որոշեցինք, որ տարեվերջին արդեն իրականացնենք այդ նախագիծը արդեն ձայնագրման տեսքով։ Իրավիճակի բարելավումից հետո կմտածենք նաև «Դասականը բոլորի համար» նախագծի վերջնական փուլի մասին։

Մինչ մենք պատրաստում էինք հարցազրույցը, տեղեկացանք, որ մեկ այլ նախագիծ էլ Արցախի համար էիք իրականացնում: Կպատմե՞ք այս մասին ևս:

Ես և դաշնակահար Հայկ Մելիքյանը նկարահանված համերգ ունեինք դեռ հուլիսին և մենք ուղղակի դրա հեռարձակումն իրականացրինք հոկտեմբերին, երբ պատերազմ էր։ Առիթից օգտվելով՝ կոչ արեցինք, որ մարդիկ գումար փոխանցեն Հայաստան համահայկական հիմնադրամին՝ այդպիսով ունենալով նաև մեր փոքրիկ լուման մեր հայրենակիցներին օգնելու գործում։

 

 Հարցազրույցը՝ Անի Մարտիրոսյանի

  • Created on .
  • Hits: 1739

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: