«Վերածնվածը»  ֆիլմով մենք ցանկանում ենք ցույց տալ` ով ենք մենք և ինչ ենք կորցրել. կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյան

Արցախին նվիրված ևս մեկ ֆիլմ կստեղծի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Իր նոր «Վերածնվածը» ֆիլմի մասին է զրուցել «Cultural․am»-ը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ` խոսելով ֆիլմի նպատակների, ռեժիսորի և Արցախի կապի,  ու այլ հետաքրքիր մանրամասների մասին:

 

- Արցախի մասին մի քանի ֆիլմ ունեք, որոնցից մեկն էլ` «Դրախտի դարպասը», «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին է ցուցադրվել: Արցախի և Ձեր կապի մասին խոսենք:

- Արցախը մեր Երուսաղեմն է: Ինչպես բոլոր քրիստոնյաները պետք է գնան ուխտի` Երուսաղեմ, ու մեկ անգամ այցելելուց հետո գնում են անընդհատ, Արցախն էլ այդպես է. մեկ անգամ գնում են ու միշտ վերադառնում են այնտեղ: Իմ կապը շատ ավելի պարզ է ու շոշափելի. իմ տունն Արցախում է, ես Արցախից եմ, ու իմ մայրը հիմա Արցախում` իմ հայրական տանն է: Իմ պապական տունը, որ երբեք չի եղել սահմանին, այսօր սահմանին է: Կապս Արցախի հետ ոչ միայն նյութական է, այլև, շատ ավելի, հոգևոր: Ես ճամփորդում եմ աշխարհի տարբեր մասերում, ու Արցախի տան բանալիները միշտ ինձ մոտ եմ պահում: Գիտեմ` ուր էլ լինեմ, ես ունեմ տուն, և դա Արցախում է, ու անկախ ամեն ինչից` ես կհաջողեմ, թե կձախողեմ որևիցե տեղ, ես գիտեմ, որ ունեմ տուն, որի հարցում չեմ կարող ձախողել:  Ձախողումներն էլ, կարծում եմ, ժամանակավոր են: Այսպես չի մնա, դրա համար ես գիշեր-ցերեկ աշատում եմ, որ իմ լուման ու ներդրումն ունենամ, իմ մասնաբաժինն ունենամ, ես հավատում եմ` փոխվելու է ամեն ինչ, քայլ առ քայլ:

 

- Նոր «Վերածնվածը» ֆիլմով նորից վերադառնում եք Արցախի թեմային: Ինչո՞ւ:

- Ո՞ւր վերադառնամ, եթե իմ տունն Արցախն է: Պետք է վարադառնալ, որովհետև պատը քանդված է, պետք է սարքել: Պետք է վերադառնալ, շտկել ցանկապատը, դարպասը ուղղել, լույս վառել, ծառ տնկել: Մեր հայկական կինեմատոգրաֆը պետք է շատ խոսի Արցախի մասին: Պետք է որոշվի` մեր ապագա տասը տարիների հերոսն ով է: Ես կարծում եմ, որ բոլորը փոխկապակցված պետք է լինի, շաղախված Արցախի հետ: Մեր հերոսը մի տղա է, որ անձեռոցիկ է վաճառում, գոյացած հասույթը հանձնում զինվորին: Հերոսը երիտասարդ է, որ կորցրել է ոտքը և վերադարձել է տուն: Հարցը նա չէ, որ ոտքն է կորցրել, այլ հավատը, բայց պետք է վերագտնի այդ հավատը, որովհետև տանը սպասող ունի: Մեր հերոսը մարդ է, որ ամբողջ կյանքում սպասելու է իր հորը, պատերազմը չի ավարտվելու իր համար: Շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կարևորն այն է, որ բոլորը մեկ ընդհանրական կետ ունեն. այնպես անել, որ Արցախը հետ բերեն:

 

- Ի՞նչ եք ցանկանում ասել դիտողին Ձեր ֆիլմով: Ո՞րն է ֆիլմի նպատակը:

- Մենք պետք է նայենք ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Հասկանանք` ով ենք մենք և ինչ ենք կորցրել: Պետք է առավելագույնը անել: Մեր ձայնը պետք է լսելի դարձնենք բոլոր միջոցներով, և դրա լավագույն ձևը կինոմատոգրաֆն է: Գոնե ես՝ որպես կինոռեժիսոր, հավատում եմ դրան: Մենք պետք է կարողանանք շատ զորեղ ֆիլմեր ստեղծել Արցախի մասին և պատմել աշխարհին: «Վերածնվածը»  Ֆիլմը պատմում է մեր մասին, բայց համամադրկային կոնտեքստում` ասելիքի, ձևի մեջ` ընկալելի օտարին: Ի վերջո, սա ընկալեք որպես կինեմատոգրաֆի քայլ: Ես կարծում եմ, որ հայկական կինեմատոգրաֆը շատ անելիք ունի: Քայլ առ քայլ, բոլորս միասին պետք է մոտենանք բաղձալի իրականությանը, որ հայկական կինոն աշխարհում իր ուրույն ասելիքն ունենա, իր ծանր խոսքն ունենա: Մենք հետապնդում ենք երկու կարևոր կետ. հայկական կինոն և Արցախի հարցը: Որևէ մեկն առանց մյուսի չի կարող լինել: Ֆիլմն ինքնանպատակ չէ: Պետք է ունենալ ուժեղ ֆիլմ, որ քո ձայնը լսելի լինի: Եվ պետք է ասելիքը ծանր կշիռ ունենա,  որ կարողանաս լավ ֆիլմ նկարել: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

 

- 2018 թվականից է առաջացել ֆիլմը ստեղծելու գաղափարը: Ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին էր լինելու: Այս նոր պատերազմն ինչպե՞ս փոխեց դեպքերի ընթացքը:

- Ֆիլմի պատմությունը նույնն է: Դեպքերը, որ տեղի են ունենում, և հերոսը հայտնվում է պատերազմի մեջ, ոչ թե ապրիլյան պատերազմն է, այլ ողբերգականությամբ, ցավով, կորստով ավելի մեծ` 2020 թվականի պատերազմը: Սա մի քանի մարդկանց զուգահեռ պատմություն է, իսկ հերոսները իրական կյանքից վերցրած հավաքական կերպարներ են:  Տարբեր երկրներում են դեպքերը տեղի ունենում: Բոլորի պատմության հիմքում հերոսի ինքնության փնտրտուքն է, որը տանում է Արցախ: Այնտեղ կատարված դեպքերը հիմնովին քանդում, փոխում են մարդկանց ճակատագրերը: Աշխարհը թույլ է տալիս, որ պատերազմն անընդհատ շարունակվի, կարծես խաղ է: Եվ դու ապահովագրված չես այս ամենից, և որքան մոտ կամ հեռու լինես կոնֆլիկտից, քեզ հեղեղի պես գալու է տանի: Այս մարդիկ փոխկապակցված են իրար հետ: Այս ֆիլմն այն մասին է, որ մենք գիտակցելով գալու ենք վերածննդի: Ես հավատում եմ վերածննդին: Մեր հերոսն էլ այդպիսին է, և վերնագիրն էլ այդ պատճառով է կոչվում «Վերածնվածը»:

 

- Որքանո՞վ էր դժվար անդրադառնալ պատերազմի թեմային:

- Այնքան թարմ է այդ ամենը: Ես ամեն օր արթնանում եմ, ու ինձ թվում է՝ այսօր էլ դա ընթանում է: Պատերազմը երբեք չի ավարտվում, որովհետև դեռ երեխաները սպասում են իրենց հորը, ես այնքան մոտ եմ կանգնած այդ ամենին, որ գրեթե անձնապես եմ տեսնում այդ ցավը, բայց պետք է խոսել, պետք է պատմել այդ մասին ֆիլմի միջոցով: Եվ մի ֆիլմով չէ, այլ մի քանի զորեղ ֆիլմերով պատմել: Այն, ինչ կատարվել է մեզ հետ, դատապարտելի է: Պետք է դատապարտվի անընդհատ շատերի կողմից: Անընդմեջ, պետք է իր դրսևորումը կինեմատոգրաֆում ունենա: Ֆիլմերը ոչ միայն պետք են օտարներին, այլ մեզ են պետք, որ դիտենք և հասկանանք` ինչու այսպես եղավ: Փորձենք գնահատական տալ:

 

- Իսկ մարդիկ պատրա՞ստ են այսօր լսել, դիտել պատերազմի մասին ֆիլմ, երբ վերքերը դեռ թարմ են ու չսպիացած:

- Մարդկանց պետք է պատրաստել: Պետք է ընկերանալ ցավի հետ, կիսել վիշտը: Ես կարծում եմ, որ պետք է կինոյով, հեռուսատատեսությամբ խոսել մեծ արվեստի մասին: Արվեստով պետք է կարևոր հարցեր բարձրաձայնել: Եվ ոչ թե սպասել, տեսնել, թե ժողովուրդը ինչ անեկդոտ է պատմում, և այդ անեկդոտը էկրանավորել:

 

- Ֆիլմի նկարահանումների, ընտրված տեղանքի մասին խոսենք:

- Եթե հաջողվի, կնկարենք հաջորդ տարի: Արտերկրում նույնպես կունենաք նկարահանումներ: Քննարկման մեջ ենք տարբեր կինոընկերությունների հետ: Արդեն կա հետաքրքություն տարբեր երկրների և ռեժիսորների կողմից: Հիմա շուտ է հստակ ասելու համար, թե որ երկրում կլինեն նկարահանումներ, բայց նախատեսվում են նաև Եվրոպայում: Արցախում էլ կլինեն նկարահանանումներ: Ես կարծում եմ, որ այս ֆիլմը պետք է յուրաքանչյուրինս դառնա: Այս ֆիլմը չի հետապնդում հարստանալու, որևէ մեկին հաճոյանալու կամ նզովելու խնդիր: Այս ֆիլմը քայլ է` մեր կորցրածը հետ բերելու ուղղությամբ: Հազարմղոնանոց ճանապարհի մի քայլն է: Պետք է գործենք քայլ առ քայլ. մեկը ես, մեկը դուք: Այդպես են փոքր ազգերը քարտեզի վրա վառ նշմարելի դառնում:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 1843

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: