Ծանոթություն Էդգար Մորենի հետ

 

Տպագրվել է Ballast ամսագրում, 2016/1 (N° 4), էջ 34- 45

 

«Ոչ ոք երբևէ չգիտի՝ արդյոք և երբ է արդեն ուշ»

 

Մայրաքաղաքի տասներկուերորդ թաղամաս: Փոքրիկ սալիկապատ փողոց, քառահարկ շենք: Հանդիպում ենք իր աշխատասենյակում. քսանութ լեզվով թարգմանված և քառասուներկու երկրում տարածված բոլոր աշխատանքներն իր գրադարանում են: 94-ամյա փիլիսոփա և սոցիոլոգ Էդգար Մորենը, մոխրագույն կապույտ շարֆը բաց ժիլետի վրա գցած, խնդրում է իր օգնականին ինչ-որ նշումներ անել: Ձայնագրիչը տեղավորում ենք մեր միջև:   

Մեր ամսագիրը՝ այնտեղ ներկայացված շարքը, ուրվագծերը և ձևավորումները, մասամբ պարտական ​​է Մորենի քաղաքական և փիլիսոփայական առաջադրումներից մեկին՝ միավորել այն երեք ուղղությունները, որոնք ամենաարդյունավետն են ազատագրման շարժումներում, և որոնց ժամանակը չափազանց հաճախ է հակադրվել անարխիստական, սոցիալիստական ​​և կոմունիստական ​​ավանդույթներին: 2008 թվականին հրատարակված «Իմ ուղին» գրքում Էդգար Մորենը գրեց, որ ինքն է իրագործել «19-րդ դարի հեղափոխական երեք մեծ ձգտումները». այս համակցումը հնարավորություն է տալիս «պայքարել բարբարոսությունների դեմ՝ ոչ միայն մարդու շահագործման, այլև տղամարդու կողմից (և կնոջ) մեկ այլ տղամարդու նվաստացման դեպքերի [1]: Անարխիստական ​(կամ ազատական) հոսանքն աշխատում է հանուն անձի ազատագրման` իր փոքրագույն մանրամասնությունների մակարդակում և բծախնդրորեն հետևում, որպեսզի նրա ինքնավարությունը չխաթարի ինչ-որ ավտորիտար գերհամակարգ. սոցիալիստական ​​հոսանք՝ հիշենք, որ մենք պարտական ​​ենք փիլիսոփա և տպագրիչ Պիեռ Լեռուին[2], որ եթե նույնիսկ նրա հորինածը չէ, ապա, համենայն դեպս, հենց նա գործածության մեջ դրեց «սոցիալիզմ» տերմինը, որը հակադրում էր անհատականությանը և առաջխաղացնում միայն այն պայմանով, որպեսզի այն «բացարձակ» չլինի, այսինքն ապահովել ճիշտ հավասարակշռություն սոցիալիզմի ձևով, իր խոսքերով՝ «Ազատության, Եղբայրության, Հավասարության, Միասնության»[3] միջև, որն աշխատում է սոցիալական և տնտեսական անհավասարությունների վերացման և բոլորի համար արժանի կյանքի հնարավորության ապահովման նպատակով. կոմունիստական ​​հոսանքը, հիշենք, հայեցակարգը, նախորդել է Մարքսին և մասսայականացվել 1840 թվականին Բելվիլում անցկացված «կոմունիստական ​​բանկետի» շնորհիվ, մտադիր է վերակազմակերպել հասարակությունը «վերից վար»[4] և իրեն ներկայացնել միջազգային մասշտաբով ՝ վերջնականապես վերջ տալու փողի կայսրությանը: Դա ասվում է շատ արագ՝  ոչ ոք չգիտի անվերջանալի վեճերի ու անթիվ հոսանքների մասին՝ բարեփոխումներից սկսած մինչև իրար հաջորդող հեղափոխություններ:

Էդգար Մորենը կոմունիստ էր. անգամ՝ կուսակցության անդամ, 1941 թվականից տասը տարի շարունակ՝ մինչ կուսակցությունից հեռացումը: Հենց այս փորձառությամբ է կիսվում հեղինակը «Ինքնաքննադատություն» գրքում: Կոմունիզմը, ինչպես նշում է իր նախաբաններից մեկում, որը գրվել է 2012-ին, «հեքիաթային, հոյակապ, կեղտոտ, վայրագ ու ծաղրական էպոս էր»[5]: Մորենը հավատում էր Պրոլետարիատի «պատմական առաքելությանը» և կուսակցության անխուսափելի բնույթին ՝ զանգվածների հույսն արդյունավետ իրականության վերածելուն: Նա ինքն իրեն համոզեց, որ բարոյականությունը հիմնականում արդյունավետության խնդիր է. «Կոմունիզմից դուրս, մարդկության ապագայից դուրս, ես ոչ ոքի չէի հավատում»[6]:

Պատմությունն ուներ իմաստ, նպատակ. մնում էր հետևել Առաջընթացի կետագծերին:Ապագան խորհրդավոր էր, իսկ կուսակցությունը՝ ամենատիրական ընտանիք: Կիրքը, կուրացուցիչ հավատի նրա բախտը կարճ կյանք ունեցան. դիմադրության նախկին մարտիկը (Մորեն նրա ընդհատակյա գործունեություն ծավալողի ազգանունն է. իրականը՝  Նահում, ֆրանսիական մարտական ​​ուժերի լեյտենանտ էր) աստիճանաբար միության կողմից հայտնվել է երկրորդ պլանում ՝ նախքան «մաքրվելը», ինչպես մյուսները՝ նախկինում և նրանից հետո: Ցավ, որից հետո աչքերը բացվեցին. Մորենը հասկացավ, որ «կորցրել է հավատը Ավետարանի հանդեպ ըստ Սուրբ Մարքսի»[7]:

Շատ չանցած, նա մտածեց, որ մարքսիզմը, իր հնարամիտ սխեմաներով և տեսական ամենազորությամբ, կորցրել է կապը հողի և իրական մարդու հետ: Այսինքն՝ ազատագրման բոլոր հույսերի վե՞րջ: Իհարկե ոչ:

Նա, ում լրագրող Էդվի Պլենելը ներկայացնում է որպես «ձախերի անկառավարելի զինակից»[8], հոգին դուրս է գալիս բարդացնելու (complexifier) (մի պարզ տերմին, որը կարմիր թելի պես կանցնի իր բոլոր աշխատանքներում) Homo sapiens- ի միտքն ու վերլուծությունը, այն արտահայտելու և ընկալելու համար: Կապել՝ չփորձելով եզրագծել, ճնշելով փակ համակարգում մի ամբողջություն: Նա հատեց սոցիալիստական ​​ժառանգությունը, հաստատեց, սնուցեց այն՝ հնագույն աղբյուրներից (Հերակլիտոսից) մինչև հումանիզմ (Մոնտեն), որոշակի բուդդիզմից (կարեկցանք) Քրիստոսի խոսքի բուն էությանը (մեղքերի քավում, ներում), հոգեվերլուծությունից (Օտտո Ռանկ, Յունգ, Ֆրեյդ) մինչև «կոշտ» գիտությունների կողմնակից ներկայացուցիչներ (Բերգսոն, Բաչելարդ, Ֆոն Նեյման, Պիաժե, Նիլս Բոր), պոեզիայից (Կայուա, Բրետոն, Բատայ) էկոլոգիա (Իլյիչ)[9]:

Նրա մոտեցման հիմքում սեփական մեթոդն էր՝ հետ- առաջ գնալ-գալն է, ակնհայտ պարադոքս: Ինտեգրվել՝ անցնելով ամեն սահման: Այն, ինչը, Բախտինից հետո, անվանում է երկխոսություն՝ ստիպել իրականության ջրին ու կրակին մերձենալ՝ լարվածության բաժինն իրենց վրա վերցնելու համար՝  այնտեղ չմնալով: Մի խոսքով, գաղափարը հակված է որոշակի ճշմարտության, երբ այն ընդգրկում է ամեն ինչ և դրա հակառակը: Երբ սևում հայտնաբերում է սպիտակից մի մաս, իսկ վերջինումս՝ սևից մի մաս: Երբ նա միասին դիտարկում է Ա- ն և Ֆ- ն` չափելու նրանց բաժանող քսանչորս շերտերը: Ողջունելի դաս, որը նա կիրառում է, և սա հենց այն է, ինչը մեզ հետաքրքրեց քաղաքական տեսանկյունից այս հանդիպման համատեքստում: Մորենը ցանկանում է և՛ հեղափոխել, և՛  պահպանել, վրդովեցնել և պահել՝ չվարանելով, հրահրմամբ որակել իրեն որպես «ձախ աջակողմյան»: Ոմանք նախատում են նրան դրա համար. փչոց, ճարպիկ հնարք, աճպարարություն՝ ամենախելացին ձևանալու կամ «գերիշխանության խոսքը կտուրը գցել»[10]. «իմաստունին» երբեմն ծաղրում են, ծաղրում նրա «հրաշալի բառերի» համար, որոնք ոչինչ չէին անի ու ոչ ոքի չէին ապակայունացնի:

Թիկունք դարձնել հիպերմասնագիտացմանը, ինչպես և մտքի ձևերին (իր «Հանդես» -ի հատորներից մեկում նա հարձակվեց «ժամանակի ամենակույր քաղաքական մտածողների վրա»[11], ասել է թե, ըստ նրա, Սարտրի և Ալտյուսերի). չնայած բազմաթիվ առիթներով աշխարհի չորս անկյուններում մեծարում էր և ողջունվում քիչ թե շատ հարգարժան «պաշտոնական» գործիչների կողմից (2008 թ. Սարկոզին հրապարակավ դարձրեց իր հիմնական հասկացություններից մեկը՝ «քաղաքակրթության քաղաքականություն»), նա երդվում է, որ ինքնուրույն, անգամ՝ մարգինալ ձևով առաջ է շարժվում: Տեսնել այն բուռն բանավեճերը, որոնք նրա տեքստերից մեկի հետևանքն էին[12]՝ նվիրված իսրաելա- պաղեստինյան հարցին, 2000-ականների սկզբին (չորս տարվա դատավարություն և փաստաբան, UMP[13] ակտիվիստ Ժիլ-Ուիլյամ Գոլդնադելը գոռում էր «նրա գրությունների վտանգավորության դեմ»[14]), և երկխոսություն, որը նա համաձայնեց վարել 2014[15] թվականին Ֆրանսիայի գրեթե ողջ լրատվական, մտավոր և քաղաքական դաշտի կողմից վստահություն չներշնչող և թունավոր համարվող մարդու հետ, խոսքը Թարիք Ռամադանի[16] մասին է, և կարող էր թվալ, որ CNRS[17]- ի պատվո տնօրենը պակաս երկկողմանի համաձայնեցրած լինի, քան այն կերպարը, որը նա ստեղծում է կամ իրեն վերագրում են: Պակաս համաձայնեցված և ավելի հստակ`կարդալ La Voie[18]- ն տող առ տող՝ ջրօգտագործուման, բանտային համակարգի բարեփոխումները, առողջապահությանը տրամադրվող բյուջեները, հիվանդանոցների ներսում առաջացած հիվանդությունների դեմ պայքարը, լրացուցիչ ապահովագրությունը, քաղաքի կենտրոնի հետիոտնային գոտու հասանելիությունը, ծառերի էտումը, սննդի թափոնները, օրգանական պիտակավորումը, դեպրեսիայի մակարդակը ... Առաջարկները բազմաթիվ են, և մենք մտադիր ենք դրանք առաջին պլան մղել՝ ազգային և միջազգային մասշտաբով ապահովել արմատական ​​բարեփոխում (կամ «փոխակերպում»), ինչի կոչը նա անում է: 

«Ի դեպ, ինչո՞ւ «Բալաստ» վերնագիրը», հարցնում ենք մեկին, ով խոստովանում է՝ սիրում է «պարել, խաղալ, վայելել[19]», երբ պատրաստվում ենք լքել նրա աշխատասենյակը: Քանի որ խոսքն այստեղ գնում է տարատեսակ, ցրված, հոժարակամ աններդաշնակ խճանկարից կազմված ուղու մասին, որը ձգտում է պահպանել միևնույն ընթացքը:

Կառլ Մարքսի մասին Ձեր աշխատությունում Դուք նշում եք, որ քաղաքականությունը «մեծ արվեստ» է: Ինչո՞ւ նման սահմանում:

Մտաբերում եմ Սեն-Ժյուստի[20] խոսքը. «Բոլոր արվեստները հրաշքների արդյունք են. կառավարման արվեստը տվել է միայն հրեշներ»: Ակնհայտ է՝ քաղաքականությունը պատմություն է, որը պահանջում է ընտրություն, մշակում, և արվեստի էությունն է հաջողել ստեղծել հաջող գործեր, եթե ոչ անպայմանորեն կատարված: Եվ դա դժվար է: Արվեստին միշտ չէ հաջողվում գլուխգործոցներ ստեղծել. դա մեծ ինտուիցիայի արդյունք է, խելքով և այդ «je- ne- sais- quoi»[21], որը, հավանաբար, անվանվում է ներշնչանք: Քաղաքականությունը, այսինքն՝ հասարակությունում մարդկանց ճակատագիրը, իր մասշտաբներով գերազանցում է արվեստի մյուս տեսակներին, ինչպես օրինակ գրականությունը կամ գեղանկարչությունը: Սա չի նշանակում, որ այն դրանցից գերագույն է, այլ ավելի անմիջականորեն է շոշափում մեր կյանքն ու գոյությունը: Այդ առումով, այո, այն մեծ արվեստ է:

Հարցազրույցների գրքում նշում եք, որ հրաժարվել եք «հեղափոխություն» եզրույթից՝ հօգուտ «մետամորֆոզի»: Ինչպե՞ս է այս մուտացիան, այսինքն՝ երկրորդ բառը, մուտք գործում Ձեր կյանք:

Դժվար կլիներ Ձեզ տրամադրել չափազանց ճշգրիտ ժամանակագրական կողմնորոշիչներ, բայց  կարող եմ ասել, որ հենց ստալինյան կոմունիզմի ձախողումը, Հոկտեմբերյան հեղափոխության միջոցով, ինձ հանգեցրեց նման մտքի: Այս կոմունիզմը ոչ միայն հաջողության չհասավ, այլև նախընտրեց այն, ինչը ցանկանում էր կործանել: ԽՍՀՄ-ը հանգեցրեց կապիտալիզմի էլ ավելի հզոր դրսևորման, քան այն, որը ցանկանում էին ճնշել ցարի օրոք. էլ ավելի հզոր կրոնի դրսևորման, քան այն, ինչը ենթադրաբար արմատախիլ էր արվել: Բացարձակ ձախողում: Նույնը Մաոիզմի համար. Չինաստանն այժմ մեկ կուսակցության կողմից կառավարվող կապիտալիստական ​​պետություն է՝ զերծ կոմունիստական ​ողջ էությունից: Էլ չենք ասում Հյուսիսային Կորեայի և նրանց ստեղծած ժառանգական կոմունիզմի մասին՝ ամենածիծաղելի ընկալումը վաղ սոցիալիստների և կոմունիստների կողմից մշակված հայեցակարգի համեմատ: Երևի 1980-ականներին ես հրաժարվեցի այդ բառից: Ընդ որում ո՛չ  ազգայինի շրջանակներում՝ տապալել բռնապետությունը, և ո՛չ էլ իրավական առումով՝ «քաղաքացիների հեղափոխությունը» Էկվադորում. ես հրաժարվեցի մեծատառ «Հ»-ով Հեղափոխության գաղափարից:

Դիցաբանական Հեղափոխություն՝ հիմնված բացարձակ խզման, ենթադրյալ բռնության  պտղաբերության և «բռնապետության» կարծեցյալ դրսևորման անհրաժեշտության վրա: Լենինյան հեղափոխություն: Բռնությունը վերաճեց համակենտրոնացման համակարգի, և անցյալը մաքրելու գաղափարը, ինչպես երգում էր «Ինտերնացիոնալը», պարզվեց՝ շատ սահմանափակ է. աշխարհը փոխելու համար անհրաժեշտ են անցյալի բոլոր մշակույթները: Մոնտեն, Մոնտեսքյո, Ռուսո, Մարքս, նրանք բոլորը օգտակար են մեզ համար, ինչպես և հումանիստական ​​ավանդույթը (պայմանով, ինչպես միշտ պնդել եմ, տարբերակել հումանիզմը մարդու աստվածացումից և Ուրիշի ճանաչումը՝ իր ողջ մարդկային որակով):

Ինչո՞ւ «մետամորֆոզ»: Ինձ միշտ զարմացրել է այն փաստը, որ մարդկությունը անցել է մի քանի հարյուր անդամից քիչ բաղկացած որսորդ-հավաքչությամբ զբաղվող հասարակություններից, ողջ աշխարհում կարող էր հանդիպել հինգ վայրում միայն, դեպի պատմական հասարակություններ՝ քաղաքներով, գյուղատնտեսությամբ, պետություններով և դավանանքով՝ անտիկ շրջանից մինչ մեր օրերը: Տեղի է ունեցել մետամորֆոզ՝ քիչ թե շատ անհայտ միջոցներով (գուցե քոչվորների գերիշխանություն նստակյացների նկատմամբ), և երբ դիտարկում եմ Եվրոպան միջնադարից մինչև արդիականություն, նաև փոխակերպման գործընթացներ եմ տեսնում. այս բառը միայն ճպուռների և թիթեռների համար չէ: Այն վերաբերում է կյանքին: Մենք ինքներս, մեր մայրերի արգանդում, փոխակերպվում ենք: Այժմ մեր մոտ ապագայի հեռանկարները բավական բացասական են, բայց հուսով եմ, որ ստեղծագործական գործընթացների բազմազանությունը կարող է միավորվել և ստեղծել ուղի՝ տարբեր գլոբալիզացիայի ուղուց, որում ներքաշված ենք:

Մետամորֆոզի (փոխակերպման) գաղափարը հետաքրքիր է, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսի հասարակություն ի հայտ կգա. վերջինս գուցե կլինի համաշխարհային հասարակություն՝ առանց ընդլայնված ազգային պետություն լինելու. դա, հավանաբար, կունենա դաշնային և համադաշնային կողմեր: Մեզ այս փոխակերպումը պետք է, որովհետև ներկա մարդկությունը մեզ տանում է դեպի բազմաթիվ աղետներ:

«Հեղափոխական պահպանողական», այսպես եք Դուք ժամանակին Ձեզ նկարագրել: Ինչպես նաև՝ «Ձախ աջակողմյան»: Կատակից զատ, ի՞նչ են իրականում նշանակում այդ ակնհայտ օքսիմորոնները[22]:

Կոմունիստական ​​և բոլշևիկյան կուսակցություններում ավանդական էր նշանակել «աջերի» (որոնց բավարար չէր արմատականությունը կառուցվածքային փոփոխություններում և ովքեր պնդում էր պաշտպանել որոշակի «ազատություններ») և «ձախերի» (ովքեր նախընտրում էին արմատական ​​և անհապաղ վերափոխումը): Ստալինը ոչնչացրեց և՛ մեկը, և՛ մյուսը:  Ֆրանսիական Հեղափոխության ներքո մենք ունեցանք նույն երևույթները. Հանրային փրկության երկրորդ կոմիտեն՝ Ռոբեսպիեռի և Սեն-Ժյուստի գլխավորությամբ, նախ ջախջախեց աջերին (Ժիրոնդիստներին), ապա ձախերին («Կատաղածներին»[23] և Էբերտիստներին[24]): Ես ինձ խոստովանում եմ, հատկապես հաշվի առնելով անցյալի փորձը, որ մտահոգ էի հիմնարար ազատությունների (կարծիքների արտահայտման, տեղաշարժման և այլնի) պահպանմամբ, իսկ Պորտուգալիայում, Մեխակների հեղափոխության ժամանակ, հանդես էի գալիս ընդդեմ «աջ» գերիշխող կոմունիստական ճակատի ներկայացուցիչ համարվող պարբերականի ճնշման: Փարիզում, այդ թվում ընկերներիցս ոմանք, ասում էին՝  կարևորը մարդկանց կերակրելն է, և ոչ թե նրանց ազատություն տալը: Այս նշանակալի փաստարկի դեմ գրեցի, որ երբ ազատությունը խլում ես, փոխարենը հաց չես տալիս. այդ պահից սկսած ես հրաժարվում եմ նմանատիպ հակադրություններից: 

Այս իմաստով ես «աջլիկ» եմ: Եվ միաժամանակ «ձախլիկ», քանի որ առաջվա պես համոզված եմ՝ արմատապես ամեն ինչ պետք է փոխվի, բայց այդ փոփոխությունը չի կարող միանգամից տեղի ունենալ: Հարուստների հարկահանումը՝ ահա թե ինչն է ակնհայտ, բայց ինչպե՞ս դա անել համաշխարհայնացման համատեքստում: Մարդիկ լույսն անջատում ու գնում են: Նրանք իրենց միջոցները տեղավորում են հարկային դրախտներում, և մենք չենք կարող ոչինչ անել այդ ֆինանսավորման գերիշխող ուժի դեմ: Կարող էինք վերացնել այդ դրախտ կոչված վայրերը, բայց հստակ տեսնում ենք, թե որքան հետ են մնում պետություններն այդ առումով…: Ի՞նչ անել: Այս հեգեմոնիան պետք է աստիճանաբար կրճատվի, և դա հատկապես կարևոր է սննդի և գյուղատնտեսության ոլորտում:

Խոշոր ֆերմերային տնտեսությունները, արդյունաբերական անասնապահությամբ զբաղվելը և մոնոկուլտուրաները ոչնչացնում են հողը, առաջացնում բազմաթիվ խելագարություններ (ստանդարտացում, համի կորուստ): Պատկերացնենք սպառողների մեծ շարժ, որովհետև բոլորս սպառող ենք դարձել, ովքեր բոյկոտելու են անառողջ մթերքը և ստիպելու սուպերմարկետներին հետընթաց ապրել՝ այդպես օգնելով ֆերմերային և օրգանական գյուղատնտեսությանը: Բազում ճանապարհներով կարող ենք սկսել բարելավել հասարակությունը: Ես խոսում եմ օազիսների մասին՝ համերաշխության, էկոլոգիայի և եղբայրության օազիսներ (ֆերմերային տնտեսություններ, կոոպերատիվներ և այլն): Պետք է ընդլայնել և բազմացնել այդ օազիսները, ապրել դրանց մեջ և դրանք դարձնել ավելի մեծ փոփոխությունների ելակետ: Մենք պետք է վերակողմնորոշենք քաղաքական միտքը. այլևս չունենք ծրագիր, չունենք հասարակության մոդել: Ստեղծելուց առաջ չգիտենք, թե ինչ կլինի: Ես պահպանում եմ ձախ արմատականությունը և աջակողմյան ազատությունը, հրաժարվում երկբաղադրիչ մտածողության այլընտրանքներից:

Կարդալով Ձեր ողջ քաղաքական աշխատությունը («Ինքնաքննադատություն»-ից սկսած, ասենք), տպավորություն է, թե Դուք ակոս եք փորում ՝ թաղելով այս հին բանավեճը, բարեփոխումների և հեղափոխության այս ավանդական հակադրությունը...

Իրոք: Եթե ​​դիտարկենք ինչպես ռեֆորմիզմի պատմությունը, այնպես էլ հեղափոխականությանը, ապա կարելի է ասել՝ երկուսն էլ ձախողվել են: Սոցիալ-դեմոկրատական ​​ռեֆորմիզմը, որը, այնուհանդերձ, որոշակի չափով իր ներդրումն է ունեցել սոցիալական պաշտպանության գործում (սկսած «համընդհանուր բարեկեցության պետությունից»), ներկա իրավիճակում թաղված, քանդում է հին բարեփոխումները և այլևս ոչինչ չի առաջարկում. ռեֆորմիստական միտքը իմաստազուրկ է: Հեղափոխական մտածողությունը նույնպես: Պետք է այնպիսի մտածողություն, որը կհենվի միաժամանակ անարխիստական, սոցիալիստական ​​և կոմունիստական ​​ձգտումների վրա, բայց և բնապահպանության վրա. մենք պետք է հաշվի առնենք այն ամենը, ինչ Մարքսը չի տեսել կամ չէր կարող տեսնել:

Դուք հայրենիքը նշում եք որպես կույր կետ Մարքսի գաղափարում:

Դա նրա թերություններից մեկն է: Տեսնելով դասերի վճռական նշանակությունը և հավաստիացնելով, որ մենք գիտենք՝ «պրոլետարները հայրենիք չունեն», նա թերագնահատեց ազգի իրողությունը: Քաղաքացիների փորձառությամբ: Պետության շուրջ Մարքսի գաղափարում նույնիսկ թուլություն կա՝  նրա աչքում պետությունն ընդամենը իշխող դասի գործիքն էր, ինչը նրան դրդեց թերագնահատել իր իսկ իշխանությունը: Մենք դա տեսանք 1914 թվականին: Մենք ունեինք երկու հսկայական ինտերնացիոնալիստական ​​սոցիալիստական ​​կուսակցություններ՝ գերմանական և ֆրանսիական, ու ընդամենը մի քանի ժամում ինտերնացիոնալիզմը լուծարվեց հօգուտ հայրենասիրության և ազգայնականության: Ստալինը ամրապնդեց այդ համակարգը «խորհրդային հայրենիք» հասկացությամբ: Դա այն սև անցքն է, որը պետք է լրացվի Մարքսի գաղափարներով:

Երեք հոսանքները (անարխիստներին, սոցիալիստներին և կոմունիստներին) միավորելու Ձեր գաղափարը մեր ամսագրի հիմնադիր տարրերից մեկն է: Եկեք կենտրոնանանք անարխիզմի վրա: Ինչպե՞ս դա ոգեշնչեց և սնուցեց Ձեր մտածողությունը, անգամ երբ սերում եք կոմունիզմից:

Դեռհասության տարիքում ես որոնում ու թափառում էի գաղափարախոսությունների միջով: Իմ առաջին քաղաքական գործողությունն էր գնալ «Միջազգային հակաֆաշիստական ​​համերաշխություն» կոչվող ազատական ​​կազմակերպություն՝ հօգուտ իսպանացի անարխիստների: Չափազանց զգայուն էի այդ մեծ ոգեշնչման նկատմամբ, բայց ավելի ուշ այդ ամենը քողարկվեց կուսակցությանն իմ անդամակցությամբ: Այնուամենայնիվ, ես միշտ պահել եմ կապս այդ ավանդույթի հետ․ Օկուպացիայի ժամանակ, որպես կոմունիստ, շատ մոտ էի մի հրաշալի անարխիստ կնոջ՝ Մեյ Պիքերեյի[25] հետ: Որպես Մարքսի և Լենինի ընթերցող, ես հավատում էի՝ պրոլետարիատի բռնապետությունը տանում է դեպի ազատություն, այսինքն՝ առանց դասակարգի պետության (ընդ որում, հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, մարքսիզմի և նույնիսկ Լենինի գործերում, ազատականության ​​աղբյուր կա): Հետո, երբ դուրս եկա կուսակցությունից, տեսա ազատականության արգասաբերությունը, հատկապես անհատական ​​զարգացման ոլորտում: Եթե ​​դա ավելացնեք սոցիալիստական ​​(բարելավել հասարակությունը) և կոմունիստական ​​(եղբայրացնել) պտղաբերությանը, ապա կգտնեք մի գաղափար, որը, խառնված ձևով, դեռ գոյություն ուներ 19-րդ դարում. ես դրանց արհեստականորեն չեմ հավաքում: Բայց պատմությունը տարանջատել և հակադրել է այս հոսանքները: Այնպես որ ինձ համար դա միանգամայն բնական է: Էլ չասած միջանձնային հոյակապ հարաբերությունների մասին. իսպանական արկածախնդրությունը և դրա նվաճումները պետք է հայտնի լինեն և իսկապես ինտեգրվեն:

Կա՞ տարբերություն «անարխիստ» և «ազատական» տերմինների միջև:

Ինձ համար դա նույնն է:

«Իմ ուղին» գրքում պնդում եք, որ մարդուն չի կարելի սահմանափակել ու հասցնել սոցիալական և տնտեսական դետերմինանտների: Կարո՞ղ եք զարգացնել այս գաղափարը:

Դոստոևսկին ցույց տվեց, որ մարդու մեջ կան ասպեկտներ, որոնք դուրս են սոցիալականից և տնտեսականից: «Ոճիր և պատիժ» գրքում փոքրիկ մարմնավաճառ Սոնիան, որը հնարավորություն է տալիս փրկել Ռասկոլնիկովին, մեկ միլիոն լուսային տարով առաջ է անցնում Կառլ Մարքսից, քանզի նա գիտի՝ սերն ու կարեկցանքը փրկության և պաշտպանության տարրեր են: Տոլստոյի  «Հարություն» և մյուս նմանատիպ ստեղծագործություններն ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին: Երբ դիտարկում էի սոցիոլոգիական կամ պատմական գիտության խնդիրը, տեսա, որ բոլոր փակ դետերմինիզմները, որոնք արգելափակում են մարդկանց իրենց կատեգորիաներում և նրանց սովորություններում, ունեն վիճակագրական արժեք, բայց դրանք բոլորի համար իրական չեն. կան շատ բացառություններ: Մենք ամբողջովին դետերմինացված ​​չենք մեր դասի, կարգավիճակի և ծագման համաձայն. հասարակությունը մեխանիկական չէ:

«Որպեսզի Մարքսը և Շեքսպիրը միաձուլվեն»-ը Ձեր գաղափարներից մեկն էր: Ինչպիսի՞ արդյունք եք տեսնում:

Միգուցե դեռ նորածին եմ (ծիծաղում է): Շեքսպիրի մոտ գոյության ողբերգական կոնցեպցիա կա, որը, ի վերջո, գոյություն չունի Մարքսի լավատեսական տեսլականում: Երբ Մարքսը խոսում է կապիտալիզմի դիալեկտիկորեն առաջադեմ բնույթի մասին, նա բաց է թողնում այս «առաջադեմի» ողբերգության մի մասը. ինչ է կապիտալիզմն անում աշխատողի հետ շահագործելով նրան, գյուղացիներին արտաքսելով գործարաններ: Ողբերգությունը հոռետեսություն չէ. ես ճանաչում եմ կյանքի ողբերգությունը և նրա գեղեցկությունները: Շեքսպիրի թատրոնում ուշագրավը վերջնական Փրկության և Աստծո բացակայությունն է. այսքան կոտորածի արդյունքում ոչ մի «ավելի լավ» բան չի լինի:

Ձեր աշխատություններում սիրում եք մատնանշել, որ թշնամիները տիրապետում են  «խելագարություն դարձած ճշմարտության» մի մասին: Սա բավական համարձակ հայտարարություն է...

Ինչպե՞ս ենք մարդկային մտքերի հանրույթից ստեղծում աստվածներ: Ամեն ինչ սկսվում է բարձրագույն գիտակցությունից, անկախ դրա անվանումից: Ինչպե՞ս են այդ աստվածներն իրենց վրա վերցնում անհավատալի ուժ, զորություն, ինքնավարություն և գոյություն ունենում այն ​​աստիճան, որ երկրպագեն նրանց, առավոտից երեկո աղոթեն նրանց և մեռնեն նրանց համար: Սա առավելևս ընդունելի է մոնոթեիստական ​​կրոնների համար: Եվ այն, ինչ վերաբերում է աստվածներին, վերաբերում է և գաղափարներին.  կարելի է ապրել, տառապել, սպանել և մեռնել կոմունիզմի համար: Գլխավոր միտքը՝ իմանալ ինչպե՞ս վաճառել մեր գաղափարները: Ինչպե՞ս կարող ենք չճնշվել դրանցով: Ինձ ապշեցրեց Մարսել Պրուստի հետևյալ միտքը՝ հակասեմականությունը գաղափար էր, որը խելագարվեց: Ես ինձ հարց տվեցի՝ իսկ ո՞րը խելագարություն չէր: Փաստն այն է, որ կա հրեաների ճակատագիր՝ ճակատագիր, որը կապված է պատմական հալածանքների, այն մասնագիտությունների հետ, որոնցում նրանք սահմանափակված էին. հակահերականություն, որը եկավ փոխարինելու քրիստոնեական հակահուդաիզմին: Լինելով մարդ (ես ինքս ծագմամբ հրեա եմ, ինչպես գիտեք), այնուհանդերձ հրեաները պատմության հետ կապված տարբերություն ունեն. հերքել այդ տարբերությունը նշանակում է ժխտել փաստը, որ կարող է խնդիր լինել, անգամ եթե այն ֆունդամենտալ չէ: Խնդիրն այդ տարբերությունը չէ, այլ որպեսզի այն դարձնել անլիարժեքություն. և այդտեղ գաղափարը դառնում է խելագարություն:

Բայց երբ հոդվածում գրում եք, որ նույնիսկ լըպենիզմը[26] պարունակում է խելագարված ճշմարտության մի մաս, ի՞նչ նկատի ունեք:

Ազգի իրողությունը, ինչի մասին մենք ավելի վաղ խոսեցինք: Բայց դա իրողություն է, որը կարող է հաղթահարվել՝ Եվրոպայի և, համընդհանուր շահերի դեպքում, վերազգային ատյանների կողմից: Իմաստ չունի ժխտել այդ իրողությունը, բայց այն դառնում է խելագարություն, երբ վերափոխվում է ուրիշների նկատմամբ վախի: Մենք բավարար չափով չենք հասկացել և ուսանել, որ Ֆրանսիան իր ծագմամբ բազմամշակութային է. դարերի ընթացքում և տարբեր ձևերով այն միավորեց իրենց սեփական լեզուն ունեցող ժողովուրդներին՝ բասկեր, բրետոններ, էլզասցիներ, ովերացիներ, ֆլամանդացիներ: Այս Ֆրանսիան բազմամշակութային է, միաժամանակ միասնական՝ համախմբված Ֆրանսիական հեղափոխությամբ: 20-րդ դարի սկզբի մշակները (իսպանացիներն ու իտալացիները) միայն երկարացրին այս գործընթացը: Իսկ  հյուսիսաֆրիկացիներն ու ասիացիները շարունակեցին այն: Ֆրանսիան իր բնույթով մեկ է և բազմամշակութային: Դա ուսուցանելով՝ կարող էինք հետ մղել «իսկական» ազգի գաղափարը: Հյուսիսային Ֆրանսիայում բնակվում են ծագմամբ լեհեր: Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց առաջ, ես հանդիպեցի նրան և առաջարկեցի ներառել Սահմանադրությունում հետևյալ բանաձևը՝ մեկ և բազմամշակութային. նա չհասկացավ և կարծում էր դա կխթանի կոմունիտարիզմը[27]. նա բինարային մտածողության տեր մարդ է: 

1993 թ.-ին, «Երկիր-Հայրենիք»-ում, Դուք արդեն հիշատակել էիք «էթնիկ և կրոնական արմատավորման» մասին: Թվում է, դա մեր ժամանակի գլխավոր խնդիրներից մեկն է: Ինչպե՞ս դուրս գալ դրանից:

Տեխնո-տնտեսական գլոբալիզացիան հրահրեց էթնիկ խմբերին և ազգերին բնորոշ մշակույթների ոչնչացնելու երկյուղ: Հետևաբար` երբեմն հանդիպող վերափակման գործընթացներ. առաջին դեպքը Իրանն էր: Արևմուտքն իր հավատն ու առաջընթացը տարածեց աշխարհի բոլոր անկյուններում. ապագան ավելի լավը կլիներ: Այս հավատը մասնատվեց գրեթե ամենուր, այդ թվում մեզ մոտ: Երբ այլևս ապագա չկա, իսկ ներկան էլ՝ անբախտ է, մենք ապաստանում ենք անցյալում: Գլոբալիզացիան չէր զուգորդվում այն գիտակցմամբ, որ մարդկությունը ընդհանուր ճակատագրի ունի. վերջինս ձևավորվում է գլոբալիզացիայի արդյունքում ու միաժամանակ սպառնում դրանով, որը մշակում է միջուկային զենք և քայքայում կենսոլորտը:

Իմ ուղերձը «Երկրի-Հայրենիք»-ի ձևով, ընդհանրապես չհասկացվեց. եթե կա ընդհանուր ճակատագիր, ընդհանուր Հայրենիք, որն ընդգրկում է մյուս հայրենիքները, և Երկրի վրա մեր կենսաբանական իրականության գիտակցումը: Սա մեր ժամանակի ողբերգությունն է: Ամենավտանգավորը: Երբ ես խոսում եմ այդ մասին, մարդիկ ասում են «Այո, այո», բայց այդ գաղափարը չի արմատավորվում:

XX դարի մի մասի ընթացքում Ֆրանսիայում հաճախ էին հանդիպում սոցիալիստական ​​պատմության հետ կապված տղամարդիկ և կանայք՝ բառիս լայն իմաստով: Մեր օրերում շատ են խոսում մի «ֆենոմենի», «ուղղվածության» մասին՝ ձախերի մտավոր գերակայության ավարտը և աջակողմյան, նույնիսկ շատ աջակողմյան մտածողության վերելքը (Ֆինկելկրաուտ, Ռենո Կամյու, Զեմմոր և այլք): Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Ի՞նչ ասել է մտավորական: Նա պարզապես փիլիսոփա կամ գրող չէ, այլ հեղինակ, ով մասնակցում է   հասարակական տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Զոլան արձակագիր է, բայց դարձավ մտավորական «J' accuse»[28] հոդվածով: Դրեյֆուսի գործից ի վեր երկու կողմում էլ ունեինք մտավորականներ՝ հիշեք Բարրեսին և Մաուրային: Այդ ժամանակ կար շատ ուժեղ աջակողմյան մտավորական շարժում: Միայն Ազատագրումից հետո մենք տեսանք Ձեր ասած գերակայությունը: Միշտ եղել է երկու Ֆրանսիա՝ արիստոկրատ, հակահրեական և միապետական, բայց Վիշիի օրոք այն նշանակալի չափով վարկաբեկվեց։ Այսօր մենք ձախակողմյան մտավորականության անկման ականատես ենք. ինչո՞ւ:

Քանզի մենք բախվում ենք ընդհանրացված հետընթացի համակարգին: Եվ այդ անկումն ուղեկցվում է աստիճանաբար զարգացող վիշիիզմով[29]. դա երկրորդ Ֆրանսիան է, որն ապաքինվում է, քանի որ առաջինն այլևս չի սնվում: Ուստի նորմալ է, որ գերակայությունը պետք է աստիճանաբար իր տեղը զիջի, իսկ խոսնակները պիտի հայտնվեն. սա ցավալի, բայց հասկանալի երևույթ է: Բացի այդ, ձախերի գերակայությունը հիմնված էր մեծ կուրության վրա՝ ԽՍՀՄ կամ Մաոիզմ: Նույնիսկ Ֆուկոն սխալվեց  Իրանի հարցում: Ձախ մտավորականությունը իր վրա տեղեկատվության ու լրջություն պակասի, մեծ սխալների բեռն է վերցնում. մեզանից քչերն էին «ինքնաքննադատ»… Ես ինձ մի քիչ մենակ եմ զգում: Ապրում ենք մի դարաշրջանում, երբ իշխում են փորձագետներն ու մասնագետները, որոնք գնահատվում են որպես միակ «իրավասու» մարմին: Ապրում ենք այնպիսի ժամանակ, երբ միայն հաշվարկներն ու թվերն են գնահատվում «համապատասխան». կա այնպիսի մտավորականության կարիք, որի շնորհիվ հնարավոր կլինի առաջադրել հիմնարար և գլոբալ խնդիրներ, բայց նրանք պակասում են: Հազիվ թե առկա է այնպիսի արձագանք իրավիճակներին, որոնց դեռ երեսուն տարի առաջ ոչ մի դեպքում չէինք հանդուրժի:

Եվ վերջին հարցը՝  Ձեր կյանքում, մեղմ ասած, դաժան պատմական դրվագներ եք ապրել, բայց հույսը Ձեր մեջ չի մարել: Կա հավատը մարդու հանդեպ: Ինչպե՞ս դա հասկանալ:

Ես պահպանեցի պատանեկան տարիներիս ձգտումները՝ պատրանքներին չտրվելով: Մայրս մահացավ, երբ 10 տարեկան էի… Ես հավատարիմ եղա «մանկական» ոգուն, զվարճանում էի, հետաքրքրվում ամենով: Ես սիրում եմ կյանքը և պահպանել եմ սարսափների արձագանքելու  ունակությունս: Ապրածս իրադարձությունները, անկասկած, կրկին խթանեցին ինձ դեպի նորը, վերամոբիլիզացրին... Միգուցե ուզում էի թոշակի անցնել, բայց չէի կարող (ծիծաղում է): Այսօր կենտրոնանում եմ այն ​​գաղափարի վրա, որ բնակչության և երիտասարդության մի մասի մոտ կա ձգտում առ այն, ինչը շահույթ և շահ չի ենթադրում. զգում ենք ձգտում առ եղբայրություն, համերաշխություն և ընկերական շփում, որոնք օազիսներ են: Եվ ես ուզում եմ դրանց նվիրվել: Դա իմ մեղքը չէ, չեմ կարող դրանից խուսափել (ծիծաղում է):

 

[1] Է. Մորեն, Իմ ուղին, Fayard, 2008, էջ 265

[2] Պիեռ Լեռու (1797-1871), ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքատնտեսագետ (թարգմ.)

[3] Պ. Լեռու, Աշխատություններ (1825-1850), Lesourd, 1850, էջ 376

[4] 1890 թվականին Մարքսի և Էնգելսի հեղինակած, գերմաներենով հրատարակված Կոմունիստական կուսակցության մանիֆեստի առաջաբանը

[5] Է. Մորեն, Ինքնաքննադատություն, Seuil, 2012, էջ 14

[6] Նույն տեղում, էջ 142

[7] Նույն տեղում, էջ 267

[8] Է. Պլենել, «Էդգար Մորենի ահազանգը», Mediapart, 25 օգոստոսի, 2003

[9] Տե՛ս Է. Մորեն, Իմ համոզմունքները, Germania, 2011

[10] Ժ-Պ. Գարնիե, «Հետազոտողներն ի աջակցություն հաստատված կարգերի», Le Monde diplomatique, հոկտեմբեր, 2007

[11] Էդգար Մորեն, Լրագիր, (1962-1987), Seuil, 2012

[12] Տե՛ս Է. Մորեն, Մոդեռն աշխարհն ու հրեական հարցը, Seuil, 2006

[13] UMP (Union pour un movement populaire), Ժողովրդական շարժման միություն- կենտրոնամետ կուսակցություն Ֆրանսիայում (թարգմ.)

[14] «Էդգար Մորենը ռասիստական մեղադրանք չի հնչեցրել», LDH, 17 հուլիսի, 2006

[15] Տե՛ս Էդգար Մորեն և Թարիք Ռամադան, Գաղափարների վտանգավորության ներքո, Presses du Châtelet, 2014

[16] Թարիք Ռամադան, (ծնվել է 1962 թվին, Ժնևում), ծագմամբ եգիպտացի, ֆրանսախոս շվեյցարացի աստվածաբան: Ժնևի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր և Ֆրիբուրի համալսարանի (Շվեյցարիա) իսլամի պրոֆեսոր, Press TV արբանյակային հեռուստատեսության հեռուստահաղորդավար: Time ամսագիրը նրան անվանել է 2000 թվականի, 21-րդ դարի 100 ամենահայտնի նորարարներից մեկը: Նա կարծում է, որ իսլամի որոշ անփոփոխ սկզբունքներ կան, բայց դրա ավանդույթները կարող են տարբեր լինել՝ հաշվի առնելով մարդկանց պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև բնակության երկրի օրենքները: Աշխարհը արևմտյանի ու մահմեդականի բաժանելու հակառակորդ (թարգմ)

[17] CNRS (Centre national de la recherche scientifique), Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն (թարգմ.)

[18] Կոտ դ’իվուարյան ամենօրյա նորությունների ինտերներտ- թերթ (թարգմ.)

[19] Էդգար Մորեն, Լրագիր, (1962-1987), Seuil, 2012

[20] Լուի Անտուան Լեոն դե Սեն- Ժյուստ (1767-1794), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից։ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի զինակիցը։ Կարևոր դեր է խաղացել յակոբինյան դիկտատուրայի քաղաքականության իրականացման գործում։ Եղել է Ժիրոնդիստների և էբերականների (ձախ յակոբինյաններ) գլխավոր մեղադրողներից։ Տերմիդորյան հեղաշրջումից հետո ենթարկվել է մահապատժի (գլխատում) (թարգմ.)

[21] Չգիտեմ ինչով (թարգմ.)

[22] Օքսիմորոն- հակասական հասկացությունների փոխաբերական համադրություն, հակասական հասկացությունների սրամիտ զուգադրություն, պարադոքս, հակառակ իմաստով բառերի համադրություն (այսինքն ՝ անհամապատասխանների համադրություն) (թարգմ.)

[23]«Կատաղածներ» (Les Enragés), 1789-1794 թվականների Ֆրանսիական Մեծ հեղափոխության ամենաարմատական ​​խմբավորումներից մեկը: Շարժումը ներկայացնում էր քաղաքային աղքատների շահերը:«Կատաղածների» պահանջները հետևյալն էին` մահապատժի ենթարկել սպեկուլյացիաների համար, հեղափոխության բոլոր թշնամիների դեմ օգտագործել զանգվածային հեղափոխական ահաբեկչություն, նախկին արտոնյալներին հեռացնել բոլոր պաշտոններից, ռազմական և քաղաքացիական վարչակազմում պատանդ վերցնել արտագաղթողների ընտանիքի անդամներին և այլն: 1793 թվականի սեպտեմբերի 4-5-ը, զանգվածային անկարգությունների ազդեցության տակ, յակոբինները ստիպված էին մասամբ զիջել և ընդունել պլեբեյական զանգվածների պահանջներից շատերը, որոնք իրենց անունից ձևակերպել էին «կատաղածները»: Հետագայում յակոբիններին հաջողվեց մեկուսացնել «կատաղած» առաջնորդներին ու հաշվերհարդար տեսնել նրանց հետ (թարգմ)

[24]  Էբերտիստները Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ծայրահեղ ձախակողմյան հասարակական-քաղաքական շարժման անդամներ էին, որոնց ճակատագիրը սերտորեն կապված է Jacobin հանրապետության կազմավորման, գործունեության և անկման հետ, որն արտահայտում էր քաղաքային ցածր խավերի և մանր բուրժուազիայի շահերը: Այս շարժման անդամները Ռենե Էբերտի հետևորդներն էին: Հիմնական պայքարը մղում էին ընդդեմ, այսպես կոչված, «Բարձր գներ»-ի, այդ թվում ՝ ահաբեկչության օգնությամբ, որը տարածվեց նաև կրոնի դեմ պայքարի ձևով («ապաքրիստոնեացման» քաղաքականություն) և հակահեղափոխության: 1794 թ. մարտի 24-ին հեղափոխականների առաջնորդները, այդ թվում `ինքը` Ռենե Էբերտը, հեղափոխական տրիբունալի որոշմամբ գլխատվեցին շինծու գործի մեղադրանքով (թարգմ.)

[25] Մեյ Փիքըրեյ (1898-1983), անարխիստ ակտիվիստ, արհմիութենական գործիչ և հայտնի պացիֆիստ: 1974-ի ապրիլից մինչև 1983-ի նոյեմբեր եղել է Le Réfractaire-ի՝ պացիֆիստական և հակառազմականական պարբերականի առաջատար հրատարակիչը: 1968-ի մայիսի ըմբոստության, հակամիջուկային արշավների ակտիվ մասնակից, աջակցում էր զինծառայությունից հրաժարվողներին և ովքեր ընդդիմանում էին զինվորական ծառայությանը (թարգմ.)

[26] Հեղինակը նկատի ունի կամ Ժան- Մարի Լը Պենի կամ Մարի Լը Պենի քաղաքականություն/ դոկտրինը (թարգմ.)

[27] Կոմունիտարիզմը 20-րդ դարի քաղաքական և սոցիալական գաղափարախոսություն է, որն ընդգծում է համայնքի շահերը անհատի նկատմամբ: Կոմունիտարիզմը հաճախ համարվում է լիբերալիզմի հակառակ ՝ տեսություն, որը անհատի շահերը վեր է դասում համայնքի շահերից (թարգմ.)

[28] «Ես մեղադրում եմ», ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի հոդվածը, որը տպագրվել է L'Aurore օրաթերթում 1898 թվականի հունվարի 13-ին:Այն գրված է Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորին ուղղված բաց նամակի տեսքով, որտեղ հեղինակը մեղադրում է Ֆրանսիայի կառավարությանը հակասեմականության և Ալֆրեդ Դրեյֆուսի ապօրինի բանտարկության մեջ: Զոլան մատնանշեց ռազմական դատարանի կողմնակալությունը և լուրջ ապացույցների բացակայությունը: Նամակը տպագրվել է թերթի առաջին էջում և մեծ աղմուկ բարձրացրել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հեղինակին մեղադրանք է առաջադրվել զրպարտության համար։ Բանտից խուսափելու համար գրողը փախավ Անգլիա: Նա կարողացավ վերադառնալ Ֆրանսիա միայն Դրեյֆուսի գործի երկու գլխավոր դեմքեր՝ գնդապետ Անրիի ինքնասպանությունից ու մայոր Էստերհազիի փախուստից հետո, 1899 թվականի հունիսին (թարգմ.)

[29] Վիշիի ռեժիմին (1940-1944/45) հատուկ վարք, մտածողություն, հոգեբանություն (թարգմ.)

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

  • Created on .
  • Hits: 1801

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: