«Երբ տանիքները կամուրջներ են»․ Հարցազրույց Մահբոդ Սերաջիի հետ

 

Զրուցել ենք իրանական սփյուռքի արձակագիր, համաշխարհային բեսթսելլեր դարձած «Թեհրանի տանիքները» վեպի հեղինակ Մահբոդ Սերաջիի հետ, որը մեզ պատմել է գրքի, այն գրելու ընթացքի, ներքին ապրումների, իր կյանքի ու վեպի՝ վերջերս լույս տեսած հայերեն թարգմանության մասին։ 

 

 

Պարոն Սերաջի, Ձեր «Թեհրանի տանիքները» վեպը համաշխարհային բեսթսելլեր է, թարգմանվել և տպագրվել է մի քանի լեզուներով։ Ի՞նչ տվեց Ձեզ այս գիրքը։

Նախ, շնորհակալություն գիրքը մեր հայ ընթերցողների դատին հանձնելու գործում կատարած հրաշալի աշխատանքի համար: Անկեղծ ասած,  գրքի հաջողությունն ինձ համար անակնկալ էր: Երբ սկսեցի գրել այն, գաղափար չունեի, որ այն նույնիսկ կհրապարակվեր, էլ ուր մնաց, այսքան լեզուներով թարգմանվեր և գրաքննադատների ու ընթերցողների կողմից ստանար այդքան մեծ դրական արձագանք: Այդ հաջողությունն ինձ համար պատիվ է և խոնարհում։

Կա այնպիսի մի կարծիք, որ մեծ սեր ու ճանաչում վայելած գրքից հետո գրողի համար մի քանի անգամ ավելի դժվար է նոր գործ գրել։ Սա՞ է պատճառը, որ արդեն տարիներ են, ինչ «Թեհրանի տանիքները» հրատարակել եք, սակայն նոր վեպ չեք գրում։

Դա, հավանաբար, ճիշտ չէ իմ դեպքում: Այժմ աշխատում եմ միաժամանակ երկու վեպի վրա: Սխալ, որն այլևս երբեք չեմ կրկնի: Անհրաժեշտ է կենտրոնանալ միայն մեկ գիրք գրելու վրա: Իմ դեպքում ես նաև չափազանց զբաղված մասնագիտական ​​կյանք եմ վարում։ Ղեկավարում եմ կառավարման խորհրդատվական իմ ընկերությունը, որն օրական 9 -ից 12 ժամ խլում է ինձնից: Մինչև Քովիդը նույնիսկ ավելի վատ էր, քանի որ անընդհատ ճանապարհորդում էի: Այսպիսով՝ մասնագիտական շեղումը մեծ ազդեցություն է թողել որպես գրող իմ արտադրողականության և արդյունքի վրա: Նպատակադրված եմ հաջորդ մեկ-երկու տարում անցնել թոշակի և դառնալ «ամբողջ դրույքով» հեղինակ: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է գալու այդ օրը, քանի որ գրելն այն կիրքն է, որն ինձ ամենից մեծ հաճույքն է պատճառում։ Գրում եմ ժամերով և երբեք չեմ հոգնում: Չեմ զգում, թե ժամանակն ինչպես է անցնում: Երբեմն նայում եմ աշխատասենյակիս պատի ժամացույցին և նկատում, որ առավոտյան երեքը կամ չորսն է, իսկ ես գրում եմ երեկոյան վեցից-յոթից: Այնպես որ, հուսով եմ՝ երբ աշխատանքային ծանրաբեռնվածությունս թեթևանա, ավելի արդյունավետ կդառնամ իմ իսկական կրքով՝ գրելով:

Գիրքը պատմում է շահական վերջին շրջանի մասին։ Եթե չեմ սխալվում, հենց այն վերջին տարիների, երբ դեռ Իրանում էիք։ Կարելի՞ է տեսնել կենսագրական ընդհանրություններ Ձեր ու գլխավոր հերոսի՝ Փաշայի միջև։

Կարճ պատասխանն է՝ այո։ Իրանից հեռացել եմ 1976 թվականին՝ շահի գահընկեցությունից և հեղափոխությունից երեք տարի առաջ: Այդ ժամանակ ես 19 տարեկան էի: Այսպիսով՝ ես և Փաշան շատ առումներով նման ենք: Մենք երկուսս էլ հետաքրքրված ենք կյանքով և մարդկային էությամբ: Մենք եռանդուն ընթերցողներ ենք: Մենք լուռ ենք և ոչ այնքան աշխույժ, որքան՝ Ահմեդը: Մենք անկատար արարածներ ենք, չնայած ամեն ինչ անում ենք լավ մարդ լինելու համար: Մեր սրտերում և՛ իդեալիստ ենք, և՛ ռոմանտիկ: Մենք անձայն հետևում ենք մարդկանց ու նրանց գործողություններին, ընդունում նրանց։ Նաև դիմացկուն ենք, քանի որ երկուսս էլ ապրել ենք դժվար ժամանակներ: Հավատարիմ ենք մեր ընկերներին և խորապես գնահատում ենք մեր հարաբերությունները: Կբերեմ մի օրինակ իմ իսկ կյանքից․․․ համացանցի և սոցիալական կայքերի ի հայտ գալուց ի վեր,  ես փնտրում էի տարրական ու ավագ դպրոցների իմ հին ընկերներին: Նրանցից շատերին գտել եմ: Մարդիկ, որոնց չէի տեսել ու նրանց մասին չէի լսել քառասուն-հիսուն տարի: Նրանցից ոմանք չէին հավատում, որ ես դեռ հիշում եմ իրենց եղբայրների կամ քույրերի կամ մեր ուսուցիչների անունները: Նրանց հավատը չէր գալիս, որ հիշում էի որոշ աննշան իրադարձություններ, օրինակ՝ զբոսանք այգում, կամ լարված ֆուտբոլային հանդիպում, որ տասներկու տարեկանում խաղում էինք բակում։ Ես շատ հավատարիմ մարդ եմ և պահում եմ այն, ինչ թանկ է իմ անցյալում: Փաշան ևս այդպիսին է:

Կա՞ այնպիսի մի կերպար այս գրքում, որ անչափ հարազատ է դարձել Ձեզ։ Այնպիսի մեկը, որ գուցե դառնար երկրորդ Գալատեան, իսկ Դուք՝ նորօրյա Պիգմալիոնը։

Պիգմալիոն և Գալատեա՝ Ժան Լեոն Ժերոմի ձեռամբ։ Բավական հետաքրքիր է մտածել այդ մասին։ Իրականում «Տանիքները» սկսել եմ որպես պատմվածքների շարք, որ կոչելու էի «Իմ կյանքի աստղերը»։ Յուրաքանչյուր պատկեր կամ դրվագ նպատակ ուներ պատմելու իմ կյանքի վրա հետք թողած մեկի կյանքի մասին։ Գրեցի առաջին գլուխն ու սիրահարվեցի Ահմեդին և շարունակեցի գրել նրա ու Ֆահիմեի մասին։ Բայց երբ Զարին մտավ բակ, նստեց փոքրիկ ավազանի մոտ, մազերը թաթախեց ջրի մեջ, ոլորեց ու ամրացրեց այն գլխին, և երբ ջրի կաթիլները թափվեցին նրա պարանոցով ու մեջքով վար, ես ամբողջովին հրաժարվեցի գրել կարճ պատմվածքներ: Այդ ժամանակ այնքան սիրահարված էի այս երեխաներին, որ չէի կարող բաց թողել նրանց: Կարծում եմ՝ ես ծածուկ սիրահարվել եմ Զարիին նրա կերպարը գրելիս (ծիծաղում է, հեղ․)։ Խնդրում եմ՝ կնոջս չասեք: Շատ զվարճալի էր գրել Ահմեդի կատակների մասին։ Ֆահիմեն Փաշայի համար դարձավ մի քույր, որը նա չուներ։ Պատումի տարեց կերպարներն ինձ համար նույնպես առանձնահատուկ էին: Նրանք բոլորը գերի էին իրենց անցյալին, հուշերին ու երազանքներին, որոնք հետապնդում էին իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Տատիկն, օրինակ, անհավանական պատմություններ է հորինում իր մահացած ամուսնու և իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին, որոնք երբեք գոյություն չեն ունեցել: Փաշայի պապիկն ամեն օր կարդում է երեսուն տարի առաջվա նույն թերթի հոդվածները: Հոգեբուժարանում գտնվող ծերունին կրկնում է իր մանտրան, որ եթե ձի ունենար, կքշեր, եթե երգ իմանար, կերգեր, պարել իմանար, ապա կպարեր... Նա կուզենար նորից ապրել իր կյանքը, որպեսզի կարողանա անել այն բոլոր պարզ բաները, որոնք երբեք չի արել: Նա ինչ-որ առումով հաստատում է Բժշկի այն համոզմունքը, որ «ժամանակը» մեր ամենաթանկարժեք ունեցվածքն է և երբեք չպետք է վատնել այն: Իսկ գրքի ավագ կերպարները ճանաչել են այն՝ կառչելով իրենց անցյալից։ Ես սիրեցի գրքի բոլոր հերոսներին։ Երբ գիրք ես գրում, չես կարող չսիրել բոլոր հերոսներին, հակառակ դեպքում արդար չես լինի նրանց հանդեպ։ Հերոսներդ նման են հարազատ երեխաներին։ Սիրում ես նրանց՝ անկախ իրենց թերություններից։

Գրքում նկատելի են մի շարք հուզիչ, սրտին դիպչող տեսարաններ։ Վեպը գրելիս հուզվե՞լ եք։

Այո՛։ Առանց պատումի մանրամասների մեջ մտնելու՝ նշեմ։ Շահի ծննդյան օրը Զարիի հետ կատարվածն ինձ վշտից ծնկի էր բերել։ Շատ լավ եմ հիշում այն գիշերը, երբ գրեցի այդ դրվագը։ Դուրս եկա իմ գրասենյակից՝ խմելու, ու կինս հարցրեց՝ լացե՞լ եմ։ Գրքի երեք այլ տեսարաններ ևս մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա. 1) երբ Իրաջը հայտնվեց գերեզմանատանը՝ ուս ուսի կանգնելով Փաշայի ու Ահմեդի կողքին, 2) երբ Խնձորերեսը Փաշային պատմեց, թե ինչ է պատահել նրա ընկերների հետ, 3) երբ Փաշան լվանում էր գերեզմանաքարը, և բոլոր հարևանները հայտնվեցին ու վարդեր դրեցին Բժշկի գերեզմանին։ Մի հատված էլ կար՝ թաղամասում կարմիր վարդ տնկելու տեսարանը։ Ես փորձում եմ նկարագրել այս տեսարանները՝ առանց պատմությունը բացելու:

Արդյոք կարելի՞ է ասել, որ վեպում կարմիր թելի նման անցնող աստղերի կերպարը վերցված է սուֆիական հայտնի երևույթից, երբ չկար «ես», չկար անհատ, այլ՝ մեկ ամբողջություն։ Եվ աստղերն էլ կարծես մեկ ամբողջություն լինեն։ Հիշենք հենց գրքի վերջին դրվագը։

Այո՛։ Էրֆանի[1] այդ ճյուղը պարսկերենում հայտնի է որպես «Վահդաթ-է վոջուդ»՝ կեցության եզակիություն։ Երեխա ժամանակ լսում էի, թե ինչպես էր հայրս իր ընկերների հետ բանավիճում էրֆանի շուրջ։ Երբ քոլեջում էի, մեծապես հետաքրքրված էի քվանտային ֆիզիկայով, ոչ թե որպես ֆիզիկոս, այլ որպես աշխարհիկ մեկը՝ հետաքրքրված տիեզերքի ներքին գործառույթով։ 1994-ին ես ու հայրս արձակուրդի մեկնեցինք Անկարա, հետո այցելելեցինք Ստամբուլ և Կոնիա, որտեղ թաղված է Ռումին։ Այնուհետև ճանապարհորդեցինք Սինգապուր, Մալայզիա և Ճապոնիա։ Սա առաջին անգամն էր, որ մենք միասին լավ ժամանակ անցկացրինք, քանի որ ես 18 տարի առաջ լքել էի Իրանը: Բազմաթիվ հրաշալի երեկոներ ունեցանք՝ քննարկելով տիեզերքը, կյանքը, իրերի ծագումը: Այդ քննարկումների շնորհիվ ես շատ բան սովորեցի սուֆիզմի մասին, իսկ նա նա տարվեց քվանտային ֆիզիկայում ժամանակ հասկացությամբ և հետագայում դրա մասին բանաստեղծություն գրեց: Հետաքրքիր է, որ կան ընդհանրություններ էրֆանի և քվանտային ֆիզիկայի միջև: Չնայած մեկը ներշնչված է առեղծվածային սիրուց, իսկ մյուսը՝ խիստ գիտական փորձերից: 2017-ին՝ հորս մահից հետո, պարսկերեն մի հոդված գրեցի՝ «Հիշողություն հայրիկից» (Khaterei az Baba), որը պատմում էր այդ ոգևորված քննարկումներից մի քանիսի մասին:  

Վեպում մեծ տեղ է հատկացված 1970-ականներին Իրանում շահական բռնաճնշումներին, ՍԱՎԱՔ-ի կողմից իրականացված խոշտանգումներին։ Դրանք որքանո՞վ են գեղարվեստական և որքանո՞վ իրական ու փաստավավերագրական։

ՍԱՎԱՔ կազմակերպությունը իրական էր, սարսափելի և ատելի շատերի կողմից թե՛ Իրանում, թե՛ դրսում։ Մարդիկ հույս ունեին, որ ՍԱՎԱՔ -ի գործակալները կձերբակալվեն, կդատապարտվեն և կպատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար։ Նրանցից մի քանիսը հանդիպեցին արդարության, շատերը փախան երկրից, բայց շատերն անգամ միացան իսլամական վարչակարգին՝ անելու այն, ինչ անում էին նախքան հեղափոխությունը… ճնշել գրողներին, լրագրողներին և ցանկացած մարդու, որ պայքարում էր մարդու հիմնարար իրավունքների համար: Մենք շահի վատից անցում կատարեցինք դեպի վատթարին՝ Այաթոլլահներին: Այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, շեքսպիրյան ողբերգություն է: Հեղափոխությունը կոչված էր վերացնելու աշխարհիկ բռնապետությունը․ փոխարենը այն փոխարինվեց աստվածապետականով, որը շատ ավելի վատն էր, քան՝ իր նախորդը: Նույնքան հիասթափեցնող են որոշ մարդկանց ջանքերը՝ վերաշարադրելու այդ դարաշրջանի պատմությունը՝ անտեսելով այն դաժանությունը, որով Մոհամմադ Ռեզա շահը ղեկավարում էր երկիրը: Չեմ կարող ասել, թե որքան հիասթափված եմ այդ ամենից: Հեղափոխությունը ոչ միայն ձախողվեց բոլոր տրամաբանական մակարդակներում, այլև մոռացվում է և սխալ ներկայացվում այն պատճառը, թե ինչու ենք մենք առաջին հերթին ըմբոստացել։ Իրանի հոգևորականությունը սարսափելի է, բայց շահն էլ բարի պտուղ չէր:

Վեպում մի գլուխ կա, որ կոչվում է «Փամփուշտի գինը»։ Չեմ ուզում մանրամասները պատմել, որպեսզի ապագա ընթերցողների համար կարևոր գաղտնիքներ չբացենք։ Բայց երբ խոսք է գնում փամփուշտի գնի մասին, հիշում ենք նաև վրաց գրող Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը» վեպը, որտեղ բառացի կարելի է հանդեպ նույն դրվագը։ Հետաքրքիր է, որ ժամանակներն էլ են համընկնում։ Երբևէ մտածե՞լ եք այս մասին։ Մի՞թե սա Խորհրդային և Շահական վարչակարգերի նմանության ապացույցներից կարող է դառնալ։

Չեմ լսել Դաթո Տուրաշվիլիի կամ «Ջինսի սերունդը» գրքի մասին։ Իհարկե, հիմա շատ հետաքրքրված եմ և հուսով եմ, որ կգտնեմ դրա անգլերեն թարգմանությունը և կկարդամ: Ձեր նշած գործելակերպը միայն Իրանին կամ ԽՍՀՄ-ին չէր բնորոշ: Շատ ավտորիտար ռեժիմներ դեռ օգտագործում են այն որպես իրենց զոհերի ընտանիքներին ահաբեկելու և հետապնդելու միջոց: Դա անհոգի, անմարդկային և իսկապես սադիստական քայլ է:

«Թեհրանի տանիքներ»-ում Ձեր հերոսներից մեկի շուրթերով խոսում եք հոգևորականների մոտալուտ իշխանության գալու մասին և նշում Ձեր կարծիքը։ Այդ ժամանակ իրո՞ք այդպես էիք կարծում, թե՞ տարիների հեռվից եք միայն եկել նման եզրահանգման։

Կրոնը միշտ էլ վճռորոշ դեր է խաղացել Իրանի քաղաքականության մեջ: Նույնիսկ վերադառնանք Սասանյան կայսրության նախաիսլամական օրերին, երբ զրադաշտական մոգը ծանր հարկեր էր սահմանում այդ ժամանակաշրջանի խիստ շերտավորված հասարակությունների վրա, ուստի իսլամը դարձավ ողջունելի գաղափար մարդկանց սրտերում և մտքերում: Ժամանակն առաջ տանելով՝ հիշենք, որ կրոնականները կարևոր դեր ունեին Իրանի Սահմանադրական հեղափոխության մեջ: Հետագայում Այաթոլլահ Քաշանին դավաճանեց Մոսադեղին, ինչը հանգեցրեց Իրանում 1953 -ի հեղաշրջման անհաջողությանը։          
Շահը հոգնել էր «Իսլամական մարքսիստներ» կոչվող խմբից, որն այժմ հայտնի է որպես Մոջահեդներ: Վախենալով Իրանի հոգևորականներից՝ նա Այաթոլլահ Խոմեյնիին աքսորեց Իրաք: Զավեշտալին այն է, որ շահն ինքը կրոնասեր մարդ էր: Նրա գրքերը լի են պատմություններով այն մասին, որ նա մահվանից կամ վնասվածքներից փրկվել է նշանավոր կրոնական գործիչների միջոցով: Ինչպես մի անգամ նա ենթադրաբար ընկել է ձիուց և փրկվել է վիզը կոտրելուց երկար ժամանակ մահացած իսլամական սրբի ձեռքերի շնորհիվ: Պարզապես տարօրինակ է։ Արդյունքում, շատ մտավորականներ կարծում էին, թե հեղափոխությունը կմշակվի ձախերի կողմից՝ իսլամիստական երանգ ունեցող գաղափարախոսությամբ: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր կանխատեսել, այն, ինչ տեղի ունեցավ իրականում: Միգուցե ոմանք գիտեին, որ մոլլաները Իրանի ցանկացած փոփոխության մեջ կունենան իրենց դերը: Բայց ես կարծում եմ, որ նրանցից շատերը հույս ունեին, որ դա ժամանակավոր բնույթ կկրի: Ցավոք, ամեն ինչ այդպես չեղավ:

Գիտեմ, որ ուշի ուշով հետևում եք Ձեր հայրենիքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսին կլինի Իրանը նոր կառավարության օրոք, ի՞նչ է սպասվում իրանցիներին։

Իսլամական հեղափոխությունը աղետ էր Իրանի և Իրանի ժողովրդի համար: Կառավարության նորընտիր ղեկավարը՝ նախագահ Ռաիսին, հանցագործ է: Ամոթալի է նրան որպես մեր ազգի առաջնորդ ունենալը: Մոլլաներից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Ես սկզբունքորեն դեմ եմ նրանց: Եվ կարծում եմ, որ մեր ժողովրդին ավելի թշվառություն, կոռուպցիա ու վատ կառավարում է սպասում: Բայց միևնույն ժամանակ, պետք է մնամ լիահույս և լավատես, որ մի օր ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Ասել է թե՝ այդ փոփոխությունը պետք է գա երկրի ներսից և առանց արտաքին ուժերի, հատկապես՝ Արևմուտքի, սաուդցիների և իսրայելցիների միջամտության:

Մի առիթով ասել եք, որ դեռ մանկուց եք եղել լավ ընթերցող ու գրքի հրաշքը բացահայտել հենց Թեհրանի տանիքներում ընթերցելով։ Իսկ ի՞նչ եք կարդում այսօր Ամերիկայում։ Ստեղծե՞լ եք մանկության այն «տանիքները», որ կամուրջ էին Ձեր ու օրինակ Ջեք Լոնդոնի միջև։

Երբ 1999-ին Չիկագոյից տեղափոխվեցի Սան Ֆրանցիսկո, առաջին բանը, որ արեցի, Ջեք Լոնդոնի կալվածք այցելելն էր, որն այժմ թանգարան է Գլեն Էլլեն Կալիֆորնիայում։ Հրաշալի էր շրջել այն դաշտերում, որտեղով քայլել էր նա, տեսնել նրա հյուրասենյակը, քայլել դեպի այն վայրը, որտեղ նա կառուցում էր մի առանձնատուն, որը ցավալիորեն ավերվել էր հրդեհից: Իմ վաղ տարիքում Ջեք Լոնդոնը և Մաքսիմ Գորկին գրական առումով ամենամեծ ազդեցությունն են ունեցել ինձ վրա, թերևս նրանց հաջորդեցին Ջոն Սթայնբեքը և Էմիլ Զոլան։ Դոստոևսկին էլ է միշտ այնտեղ եղել Տոլստոյի, Գոգոլի, Չեխովի, Վիկտոր Հյուգոյի և Գյուստավ Ֆլոբերի, իսկ ավելի ուշ՝ Ֆրանք Մքոթի հետ։ Ես դեռ կարդում եմ շատ դասականների։ Նոր եմ ավարտել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»՝ նրա լավագույն գործը երբևէ, և այնուհետև կարդացել «Կիլիմանջարոյի ձյուները»։ Նաև պարսկալեզու հեղինակների եմ կարդում, ինչպիսիք են Սադեղ Հեդայաթը, Իրաջ Փեզեշքզադը, Սամադ Բեհրանգին, Ջալալ Ալ Ահմադը, Ալի Շարիաթին, Սիմին Դանեշվարը, Ֆիրուզե Դուման, Անիտա Ամիրռեզվանին։ Աշխատանքի համար նաև բազմաթիվ մասնագիտական  գրքեր եմ կարդում։  

Ինչպիսի՞ն է հայրենիքը Ձեր մտքում և հուշերում։

Այն վայրն է, ուր ծնվել եմ, այն իմ ժառանգությունն է.․․ ես շատ հպարտ եմ, որ իրանցի եմ: Ուզում եք՝ հավատացեք, թե ոչ, ես դեռ չեմ կարողանում լսել ամերիկյան երաժշտություն: Ամերիկյան միայն մեկ խումբ գիտեմ՝ «Bee Gees»։ Լավ, դա կատակ է, բայց, այնուամենայնիվ, ես շատերին չեմ ճանաչում, քանի որ իմ կյանքի մեծ մասը լսել եմ միայն պարսկական երաժշտություն։ Ես կարոտում եմ Իրանում ապրելը, կարոտում եմ մարդկանց, քաղաքները, մշակույթը... Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր չի գալիս այն պատմական ռեվիզիոնիզմը, որ կար Իրանում շահի օրոք: Սփյուռքի մի մեծ հատված գնալով ավելի ու ավելի է ապատեղեկատվության զոհ դառնում՝ ինտերնետի և Լոս Անջելեսի հեռուստաալիքների պատճառով: Սփյուռքում հանդիպածս շատ մարդիկ պետք է զարգացնեն քննադատական մտածողության հմտություններ՝ աղբյուրները ճշտելու համար: Տխուր է։ Ողբերգական է: Որպես ազգ՝ մենք հակված ենք մեր դժբախտությունների համար մեղադրել ուրիշներին: Միշտ «ՆՐԱՆՔ» են, որ մեզ թույլ չեն տալիս խաղաղ ապրել: «ՆՐԱՆՔ»՝ այդ անձև, աներևույթ, գաղտնի, ամենազոր ժողովուրդն է, որ կառավարում է աշխարհը: Դե, «ՆՐԱՆՔ» որևէ կապ չունեն, որ մենք հիմարություններ ենք անում։ Այն մեր ուսերի վրա է։ Ամոթալի է։ Բավական ամոթալի։

Վերջերս Ձեր գիրքը թարգմանվեց նաև հայերեն։ Ի՞նչ գիտեիք այս երկրի ու ժողովրդի մասին նախքան գրքի թարգմանությունը և դրանից հետո։ Քանի որ, կարծում եմ՝ նախքան հեղինակային իրավունքը տրամադրելը պետք է որ ուսումնասիրած լինեք, թե ինչպիսի երկիր եք «գործուղում» Ձեր գրքին։

Ես Հայաստանի հարցերով փորձագետ չեմ: Չիկագոյի արվարձաններից մեկում հայկական մի ռեստորան կար, որը կոչվում էր «Սայաթ-Նովա»: Կարծեմ Սայաթ-Նովան հայ նշանավոր բանաստեղծ էր: Ես անընդհատ այնտեղ էի գնում, քանի որ շատ լավ էի ճանաչում այդ ընտանիքին: Այդպես սկսվեց իմ կապն ու իմացությունը Հայաստանի մասին: Հիշում եմ՝ ընկերս՝ սեփականատեր Լևոնը, ասում էր, որ հայերը քրիստոնեություն ընդունած առաջին ազգն են։ Նա խոսում էր Երևանի մասին, թե որքան գեղեցիկ է այն: Արարատ լեռան մասին սովորել եմ ավագ դպրոցի աշխարհագրության դասերին։ Մի փոքր գիտեմ Յալթայի կոնֆերանսի մասին՝ Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի հետ միասին։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ պարսկական և հայկական մշակույթները կարող են շատ նմանություններ ունենալ ընտանեկան արժեքների, ավանդույթների և մեր հնագույն պատմական ժառանգության առումով: Ես միանշանակ գիտեմ, որ մեր խոհանոցները որոշակի առումով  նման են, ուտեսները՝ համեղ: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց մի անգամ լսել եմ, որ ավելի շատ հայեր են ապրում դրսում, քան՝ բուն Հայաստանում: Եթե դա ճշմարիտ է, թերևս դրա մեջ կան քաղաքական և պատմական արմատներ, որոնց մասին ես կցանկանայի կարդալ և իմանալ: Նաև հիշեցի, որ երկու գիրք եմ կարդացել Վիլյամ Սարոյանից՝ «Իմ անունը Արամ է», որը շատ եմ հավանում, և «Մարդկային կատակերգությունը», որն իմ կարծիքով՝ անչափ հուզիչ է։ Ես սիրում եմ նրա պատմությունների և կերպարների պարզությունը: Նրա պարզ արձակը հիանալիորեն ներկայացնում է Ամերիկայում ապրող հայերի փորձառությունները: Այս գրքերը մոտ 20 տարի առաջ եմ ընթերցել, և միայն միտքս եկան այն ժամանակ, երբ այսօր նայում էի գրքերիս՝ կարդալու մի նոր գիրք գտնելու համար։ 

Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք Ձեր հայ ընթերցողներին։

Հուսով եմ, որ նրանք կսիրեն գիրքը և նմանություններ կհայտնաբերեն մեր վաղեմի մշակույթների, ավանդույթների ու արժեքների միջև: Հուսով եմ, որ այս ճանապարհորդությունը կխթանի՝ ավելին իմանալու Իրանի, նրա պատմության, գրականության և արվեստի մասին: Կարծում եմ, որ Հայաստանում շատ Փաշաներ, շատ Զարիներ, շատ Ահմեդներ ու Բժիշկներ կլինեն: Հուսով եմ, որ երբևէ  կայցելելեմ ձեր գեղեցիկ երկիր և կխմեմ հայկական գինի ու կոնյակ՝ ձեր և ձեր ազգի առողջության համար: Բայց ամենակարևորը՝ մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում Հայաստանի ժողովրդին: Թող կյանքը լավը հատուցի ձեզ: Թող որ միշտ ապրեք խաղաղ:

 

[1] Էրֆան – իսլամական միստիցիզմ։

 

Հարցազրույցը վարեց և անգլերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 1373

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: